Կոնֆուցիոս: Զրույցներ և ասույթներ

Confucius---2010-007

Կոնֆուցիոսն ասում է.

  • Երտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:
  • Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

  • Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:
  • Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:
  • Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:
  • Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն  ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:
  • Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:
  • Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:
  • Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:
  • Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:
  • Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
  • Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:
  • Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:
  • Մարդը ինքը կարող է  ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:
  • Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:
  • Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:
  • Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:

Երբ Ցզայ Վոն քնեց կեսօրին, Կոնֆուցիոս ասաց. «Փտած ծառի վրա չես փորագրի, կեղտոտ պատն էլ ճերմակ չես դարձնի: Իմաստ ունի՞ Վոյին նախատել»:  Ուսուցիչը շարունակեց.«Առաջ ես լսում էի մարդկանց և հավատում էի նրանց արած գործին: Իսկ հիմա ես լսում եմ մարդկանց և նայում եմ նրանց արած գործին»: Վոյի պատճառով ես մոտեցում փոխեցի:

Կոնֆուցիոսն ասաց. «Ես չեմ հանդիպել ուժեղ կամքով մարդու»: Ինչ-որ մեկը հարցրեց.«Իսկ Շեն Չե՞ն»: Ուսուցիչն ասաց. «Շեն Չենն տուրք է տալիս իր կրքերին, մի՞թե նա կարող է ուժեղ կամք ունեցող համարվել»:

Ցզի-Հուն ասաց.«Ես չեմ վարվում ուրիշների հետ այնպես, ինչպես որ չեմ ցանկանում, որ վարվեն ինձ հետ»: Կոնֆուցիոսն ասաց.«Դրան հասնել հնարավոր չէ»:

Կոնֆուցիոսը հետևողականորեն խուսափում էր չորս բանից. չէր տրվում դատարկ մտորումների, կատեգորիկ չէր իր կարծիքներում, չէր համառում և միայն իր մասին չէ, որ մտածում էր:

Կոնֆուցիոսը ցանկացավ բնակություն հաստատել բարբարոսների մեջ: Մեկն ասաց.«Այնտեղ կոպիտ բարքեր են, դուք ինչպե՞ս կարող եք այդպես վարվել»: Ուսուցիչն ասաց.«Եթե Մարդը բնակություն հաստատի այնտեղ, ինչպե՞ս կարող են բարքերն այնտեղ կոպիտ լինել»:

Ցզի-դուն հարցնում է, թե ինչպե՞ս ինքը կարող է ծառայել հոգիներին: Կոնֆուցիոսը պատասխանում է. «Եթե դու չես սովորել մարդկանց ծառայել, հնարավո՞ր է, որ կարողանաս ծառայել հոգիներին»: Ցվի-դուն շարունակեց.«Ես համարձակվել եմ հասկանալ՝ ինչ բան է Մահը»: Ուսուցիչը պատասխանեց.« Չիմանալով՝ ինչ բան է կյանքը, հնարավո՞ր է հասկանալ՝ ինչ է Մահը»:

Ցզի-Գունը հարցրեց Կոնֆուցիոսին.«Ո՞վ է ավելի լավը՝ Ցզի-Չժանը, թե՞ Ցզի-Սյան»: Ուսուցիչը պատասխանեց. «Ցզի-Չժանն ընկնում է ծայրահեղությունների մեջ, իսկ Ցզի-Սյան չի հասցնում իրականացնել»: «Այսինքն՝ Ցզի-Չժանն  ավելի լավն է»,- ասաց Ցզի-Գունը: Ուսուցիչն ասաց. «Ծայրահեղությունների մեջ ընկնելը նույնքան վատ է, որքան իրականացման չհասցնելը»:

Սիմա Նյուն հարցրեց Կոնֆուցիոսին, թե ով կարող է համարվել իսկապես Մարդ: Ուսուցիչը պատասխանեց. «Իսկական Մարդը չի տխրում և չի վախենում»: Սիմա Նյուն հարցրեց. «Այսինքն նա, ով չի տխրում ու չի վախենում, իսկական Մա՞րդ է»: Ուսուցիչը պատասխանեց. «Եթե նայելով քո արարքներին, տեսնում ես, որ ամաչելու ոչինչ չունես, էլ ինչո՞ւ պիտի տխրես կամ վախենաս»:

Ցզի-Գուն Կոնֆուցիոսին հարցրեց պետական կառավարման մասին: Ուսուցիչը պատասխանեց. «Պետության մեջ պետք է բավարար ուտելիք լինի, բավականաչափ զենք, և ժողովուրդը պետք է վստահի ղեկավարին»: Ցզի-Գուն հարցրեց. «Խիստ անհրաժեշտության դեպքում այս երեք բաներից ո՞րը կարելի է զոհաբերել»: «Կարելի է հրաժարվել զենքից»,- պատասխանեց Ուսուցիչը: «Իսկ մյուս երկուսից ո՞րը կարելի է զոհաբերել, եթե նորից խիստ անհրաժեշտություն լինի»,-հարցրեց Ցզի-Գուն: Ուսուցիչը պատասխանեց. «Կարելի է ուտելիքից հրաժարվել: Դեռ հնուց ոչ ոք չի կարողացել խուսափել մահից: Բայց առանց ժողովրդի վստահության ոչ մի պետություն չի կարող կանգուն մնալ»:

Փան Չին հարցրեց մարդասիրության մասին: Ուսուցիչն ասաց. «Միշտ հարգալից եղիր: Աշխատելիս միշտ հարգալից եղիր: Մարդկանց հետ հարաբերվելիս հավատարիմ եղիր: Անարժան մադկանց մեջ հայտնվելիս էլ հետևիր այս կանոններին»:

Ցզի-Գուն սիրում էր մարդկանց գնահատական տալ: Ուսուցիչն ասաց.«Քո արարքը իմաստո՞ւն մարդու արարք է: Ես, օրինակ, դրա համար ժամանակ չունեմ»:

Ցզի-Գուն հարցրեց Ուսուցչին.
— Կա՞ մարդ, ում նկատմամբ կարող է խորշանք զգալ իսկական Մարդը:
Ուսուցիչը պատասխանեց.
— Իհարկե կա: Նրա համար ընդունելի չեն նրանք, ովքեր կարող են վատ խոսել մարդկանց մասին: Նա մերժում է նրանց, ովքեր լինելով ներքևում, բամբասում են վերևում կանգնածին: Նրա համար անընդունելի են նրանք, ովքեր լինելով համարձակ, չեն պահպանում ծիսակարգը: նա չի ընդունում այն մարդկանց, ովքեր վճռական լինելով հանդերձ, գործում են առանց մտածելու: Իսկ քեզ համա՞ր, Ցզի Գուն, ո՞վ է անընդունելի:
Ցզի-Գուն պատասխանեց.
— Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր իրենց իմաստուն են համարում՝ կրկնելով ուրիշի մտքերը, ովքեր անհնազանդությունը համարում են համարձակություն, իսկ ուրիշի գաղտնիքները մերկացնելը՝ արդարամտություն:

Ռուսերենից թարգմանեց Մարիետ Սիմոնյանը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s