Շնորհավոր ծնունդդ, Վիլյամ Սարոյան

saroyan62

Մարիետ Սիմոնյան

Պայծառ ծնունդդ շնորհավոր, Ուսուցիչ:

Աշխարհայացքիս ձևավորման վրա ոչ մի գրող այնքան ազդեցություն չի ունեցել, որքան Սարոյանը: Եթե ստիպված լինեի ընդամենը մեկ գրողի ընթերցողը լինել,  հաստատ Վիլյամ Սարոյանին կընտրեի: Նրա հայացքը աշխարհին, մարդկային հարաբերություններին, երևույթներին, շշմելու է: Էքզյուպերին կասեր.«Սրտին էլ է ջուր պետք»:

Այ հենց այդ սրտի ջուրն է ինձ համար  Սարոյան-գրողը: Խելքից, մտքից, տրամաբանությունից դուրս գտնվող ինչ-որ անբացատրելի մի տեղ  արվող ձևակերպումներ են, զգացողություններ են, եզրահանգումներ ու ամբողջացումներ: Հայացք է քո ներսից դեպի քո ավելի ներսը, խորքերը, էլի ու էլի խորը… Մի ժամանակ զարմանում էի, որ մարդն ասում էր՝ Սարոյան չեմ սիրում, հիմա զարմանում եմ, որ զարմանում էի. ուր էր թե սարոյանական կենսափիլիսոփայությունը համատարած լիներ: Եվ ո՞նց պիտի լիներ, իսկ կարո՞ղ էր լինել, և հնարավո՞ր է, որ  երբևէ լինի: Եթե էդպես  լիներ, ինչո՞ւ է սարոյանական հերոսը Մարդ փնտրում` հե~յ, ով կա այդտեղ, ինչո՞ւ Մարկոսը չվերադարձավ ընտանիք, ինչո՞ւ են մարդիկ կորցնում իրենց Վագրին… Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է` ասում է Սարոյանի հերոսը: Բա ո՞րն է այդ սխալը և ինչո՞ւ է սխալ:
Նորից նայեցի Մարդկային կատակերգությունը: Ասում եմ նայեցի, որովհետև կորցրել եմ հաշիվը` քանի անգամ եմ կարդացել: Հիմա արդեն երբեմն-երբեմն  առանձին հատվածներ ուղղակի վերընթերցում եմ: Ահա Թոբիի աղոթքը.

,,Նա մի պահ լռեց, հետո առանց աչքերը փակելու, առանց գլուխը խոնարհելու, առանց ձեռքերը ծալելու սկսեց աղոթել, և ինչ-որ նա ասաց, անկասկած աղոթք էր։

— Ինձ Իթաքա վերադարձրու,— ասաց նա,— եթե կարող ես։ Քո կամքը թող լինի, բայց եթե կարող ես, ինձ Իթաքա հասցրու։ Թույլ տուր տուն հասնեմ։ Պաշտպան դարձիր բոլորին։ Բոլորին վշտից հեռու պահիր։ Անտուններին ապաստան տուր, պանդուխտին տուն հասցրու, իսկ ինձ՝ Իթաքա։— Նա կանգ առավ և սկսեց նորից երգել քիչ առաջվա անառակ երգը։ Հանկարծ դադարեց երգելուց ու բղավեց։

— Ամե՛ն։

— Լավ աղոթք էր,— ասաց Մարկուսը։— Հույս ունեմ, որ ի կատար կածվի,,:

Աղոթք… Անառակ երգ…. Ամեն…. Սա է Սարոյանը: Ո՞րն է բարոյական, ո՞րը՝ անբարոյական… Էս ամենը ձուլվում են սարոյանական տաք գույների մեջ, դառնում մտքի, տրամաբանության, նույնիսկ սիրո, զգացողության սահմաններից դուրս գտնվող Աստվածային շնորհ… Պիտի խոստովանեմ, որ Սարոյանն ինձ նույնքան է խաղաղեցնում, որքան Նոր կտակարանը, և հարազատ է ավելի քան, քանի որ զգացողության ուժին միանում է նաև գեղարվեստի հմայքը, խոսքի, պատկերի հզոր ազդակը:

«Բոլոր մարդիկ էլ սիրո կարիքն ունեն, հատկապես նրանք՝ ովքեր դրան արժանի չեն»։ Վիլյամ Սարոյան

Ավելին էլ ի՞նչ…Սրանից ավելին չարից է:  Ծնունդդ շնորհավոր, վարպետ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s