Գաստոնը: Վիլյամ Սարոյան

william_saroyan_2Ինչպես որոշել էին, դեղձ էին ուտելու աղջնակի ցերեկային նինջից հետո։ Եվ հիմա նա նստած է այն տղամարդու դիմաց, որ միանգամայն օտար կլիներ իրեն, եթե իր հայրը չլիներ։ Նրանք արդեն մի հարյուր տարի ի վեր, թե՞ անցյալ օրվանից նորից միասին էին (չնայած աղջնակը չէր հիշում՝ առաջ երբ են միասին եղել)։ Ինչևէ, նրանք նորից միասին էին, և տղամարդը մի տեսակ զվարճալի տեսք ուներ։ Նախ՝ ուներ աղջնակի՝ երբևէ որևէ մեկի դեմքին տեսած ամենամեծ բեղերը։ Ըստ նրա՝ դա նույնիսկ բեղ էլ չէր, այլ գորշ ու կարմիր մազերի մի փունջ՝ քթի տակ ու բերանի անկյունների շուրջը։ Հետո՝ կապույտ-սպիտակ շերտերով բլուզ էր հագել վերնաշապիկի ու փողկապի փոխարեն ու վերարկու չուներ։ Թևերը ծածկված էին նույն մազերով, բայց մի քիչ բարակ ու ավելի բաց գույնի։ Կապույտ, լայն տաբատով էր ու առանց գուլպա-կոշիկների։ Ոտաբոբիկ էր։
Իհարկե, ինքն էլ էր ոտաբոբիկ։ Տղամարդը տանն էր, ինքն էլ նրա հետ նրա Փարիզի տանն էր, եթե իհարկե դա կարելի էր տուն համարել։ Նա շատ ծեր էր, մանավանդ երիտասարդ մեկի համար. ինչպես ասաց, երեսունվեց։ Իսկ ինքը՝ վեց տարեկան մի աղջնակ, որը օգոստոսյան շատ շոգ մի կեսօրի հենց նոր արթնացել էր քնից։ Առավոտյան՝ շրջակայքում կարճ զբոսանքի ժամանակ ինքը փոքր խանութի դռան առաջ՝ արկղի մեջ դեղձեր էր տեսել ու կանգնել, նայել էր դրանց։ Տղամարդն էլ մի կիլոգրամ գնել էր։

Հիմա դեղձերը մեծ ափսեով դրված էին խաղասեղանի վրա, որի շուրջը իրենք նստած էին։ Յոթ հատ կար, բայց մեկը ճաքած էր։ Նույնքան լավն էր, որքան մյուսները՝ մարող կարմիրից մինչև բաց կանաչ գույնի, համարյա թենիսի գնդակի չափ, բայց ցողունի տեղը ճեղք կար, որ հասնում էր ուղիղ մինչև կորիզի սիրտը։ Читать далее