Քնից առաջ: Էռնեստ Հեմինգուեյ

download

Այդ գիշեր մենք պառկած էինք սենյակի հատակին, ու ես լսում էի շերամի որդերի խշխշոցի ձայնը: Որդերը թթի տերևներ էին ուտում, ու ամբողջ գիշեր լսելի էր նրանց շրշյունը, նաև՝ այնպիսի մի ձայն, ասես ինչ֊-որ բան էր ընկնում տերևներին: Քնել չէի ուզում, քանզի վաղուց այնպիսի միտք կար ուղեղիս մեջ, որ եթե խավարի մեջ աչքերս փակեմ ու հանկարծ դանթեմ, հոգիս մարմնիցս դուրս կլողա: Դա վաղուց էր սկսվել, այն գիշերից ի վեր, երբ ցնցում ստացա ու զգացի, թե ինչպես հոգիս դուրս թռավ, հեռացավ ինձնից ու կրկին ետ դարձավ: Փորձում էի չմտածել այդ մասին, սակայն այդ պահից սկսած, գիշերները, հենց որ նիրհում էի, այդ ամենը կրկին սկսվում էր, ու շատ մեծ ճիգ թափելուց հետո էր միայն դա ինձ հաջողվում: Հիմա արդեն գրեթե համոզված եմ, որ նման բան կարող էր և չլինել, բայց այն ժամանակ՝ ամռանը, մեջս ցանկություն էլ չկար ռիսկի դիմելու:

Ես զանազան միջոցներ ունեի միտքս զբաղեցնելու, երբ անքուն պառկած էի լինում: Պատկերացնում էի կարմրախայտով լի մի գետակ, ուր տղայությանս օրերին որս էի անում, ու ձկներն այդ շատ խնամքով պառկած էին ուղեղիս մեջ. գերանների տակի ձկնիկների զգույշ որսալն էի հիշում, ափի բոլոր գալարները, խոր փոսիկներն ու թափանցիկ ծանծաղուտները, կարմրախայտ բռնելն ու երբեմն էլ՝ կեռից դրա պլստալը: Կեսօրին ես դադար էի առնում նախաճաշիկս ուտելու՝ երբեմն վտակի վրայի գերանին թառած, երբեմն էլ ծառի տակ՝ ափի բարձրադիր մասում, ու միշտ ծամում էի շատ դանդաղ և ուտելիս հայացքս հառում ներքև՝ հոսանքին: Հաճախ մոտիս խայծը չէր հերիքում, քանի որ որսի դուրս գալիս հետս միայն մի տասը որդ էի վերցնում՝ քթախոտի տուփի մեջ դրած: Երբ այդ բոլորը վերջանում էր, ստիպուած էլի որդ էի փնտրում, ու երբեմն բավական դժվար էր լինում գետակի ափին փորելը, այնտեղ, ուր մայրիները քողարկում էին արևը, և ուր խոտ էլ չկար, այլ միայն լերկ ու տամուկ հողն էր փռված, ու հաճախ ոչ մի որդ էլ չէր ճարվում: Թեև միշտ էլ խայծ գտնում էի, բայց մի անգամ մորուտի մեջ ոչինչ չգտա ու ստիպվեցի բռնածս կարմրախայտերից մեկը կտրտել ու խայծ դարձնել:

Պատահում էր, որ ճահճուտ֊ մարգագետիններում, խոտերի մեջ կամ թե ձարխոտերի տակ ես միջատներ էի գտնում ու խայծ սարքում: Ձեռքիս տակ բզեզներ ու ինչ-֊որ միջատներ էին ընկնում՝ ասես խոտի ցողուն լինեին, նաև թրթուրներ՝ հին փտած գերանների տակ, ճերմակ թրթուրներ՝ դարչնագոյն կպչուն գլխիկներով, որ չէին մնում կեռիկի ծայրին ու սահում֊կորչում էին պաղ ջրերի մեջ: Փայտի տիզեր կարելի էր գտնել գերանների տակ, իսկ երբեմն էլ՝ անկյունաորդեր, որ պլստում֊ընկնում էին գետնին՝ գերանը բարձրացնելիս: Մի անգամ կեռիկին սալամանդր կպցրի, որին հանեցի մի հին գերանի տակից: Դա մի շատ պստիկ, ողորկ ու ճարպիկ արարած էր, հաճելի երանգով: Պստլիկ թաթիկներ ուներ, որոնցով փորձ էր անում կառչել կեռիկից, իսկ դրանից հետոյ այլևս ոչ մի անգամ սալամանդրով խայծ չսարքեցի, չնայած շատ հաճախ էին դրանք ձեռքս ընկնում: Ծղրիդ էլ չէի բռնում, քանի որ դրանք լավ չէին կպչում կեռիկից:

Երբեմն գետակը հոսում֊ անցնում էր բաց մարգագետնի միջով, և չոր խոտերին ես մորեխներ էի բռնում ու որպես խայծ գործածում, իսկ երբեմն էլ դրանք բռնում էի, նետում ջուրն ու նայում, թե ինչպես են լողում հոսանքով, հետո՝ օղակում ջրի երեսին, երբ հոսանքը քշում էր նրանց, հետո՝ կորչում, հենց որ կարմրախայտ էր հայտնվում: Պատահում էր, որ մի գիշերվա մեջ չորս կամ հինգ ձկնով լի վտակ էի անցնում՝ սկսելով ամենավերևից ու հոսանքի երկայնքով իջնելով վար: Երբ գործս շատ արագ էի անում, իսկ մինչ լուսաբաց դեռ ժամանակ էր մնում, ես կրկին ետ էի դառնում՝ հոսանքն ի վեր, այնտեղ, ուր գետակը լիճն էր թափւում, և փորձում էի բռնել եղած ամբողջ կարմրախայտը, որ հոսանքով ցած իջնելիս ձեռքից բաց էի թողել: Գիշերներ էին լինում, երբ ես գետակներ էի հորինում ինձ համար, ու դրանք երբեմն շատ հետաքրքիր էին, ճիշտ ու ճիշտ՝ հարթմնի երազներ: Մի քանի գետակ հիշում եմ մինչ այժմ, ու ինձ թւում է, թե ես իրոք դրանց մեջ ձուկ եմ բռնել, և հուշերիս մեջ նրանք խառնվում են այն մյուսներին, որոնք իսկապես եղել են: Ես բոլորին անուն էի դնում ու երբեմն մտքումս մոտենում նրանց գնացքով, իսկ երբեմն էլ մղոններով քայլում էի՝ տեսնելու նրանց:

Սակայն գիշերներ էին լինում, երբ չէի կարող մտածել կարմրախայտի մասին, ու այդպիսի գիշերներին պառկում էի բաց աչքերով, շարունակ աղոթում՝ փորձելով դա անել նրանց համար, որոնց հանդիպել եմ կյանքիս ճանապարհին: Դա ինձնից բավական ժամանակ էր խլում, քանի որ եթե փորձես հիշել բոլորին, ում երբևէ իմացել ես՝ սկսած կյանքումդ ամենահիշվող բանից, իսկ ինձ համար դա ձեղնահարկն է այն տան, ուր ծնվել եմ ես, և ծնողներիս հարսանյաց կարկանդակը անագե ամանի մեջ՝ պատի վրայի լաստից կախ, և այդ ձեղնահարկում օձերով լի տարաներն ու այլ սողուններ, որ հայրս հավաքել էր իր պատանության օրերին ու սպիրտի մեջ պահել, բայց սպիրտը չորացել էր, այնպսս, որ որոշ օձերի և սողունների մեջքի մասերը բացվել ու գունաթափվել էին, ու եթե սկսես նման վաղ հուշերից, ուրեմն շատ ու շատ մարդկանց պիտի մտաբերես: Եթե աղոթել սկսես բոլոր նրանց համար՝ ամեն մեկի համար «Կույս Մարիամ» ու «Հայր մեր» ասելով, երկար ժամանակ կխլի քեզնից, իսկ վերջում էլ լույսը կբացվի, ու այդժամ կարող ես ննջել, եթե միայն այնպիսի մի տեղ ես պառկած, ուր կարելի է քնել ցերեկով:

Այդպիսի գիշերների ես փորձում էի մտաբերել այն ամենը, ինչ կյանքիս ճամփին է եղել՝ ռազմի դաշտ մեկնելու վերջին որերից սկսած՝ ետ տալով հիշողությանս քողը՝ ծալք առ ծալք: Պարզվեց, որ պապիկիս տան այդ նույն ձեղնահարկից զատ՝ ուրիշ այլ բան հիշել չեմ կարող: Հետո ես սկսեցի այդ կետից ու հիշեցի ամեն բան հակառակ կարգով, մինչև որ հասա պատերազմին:

Ես հիշում էի, թե ինչպես պապիկիս մահից հետո մեր հին տնից տեղափոխվեցինք մի ուրիշ տուն՝ կառուցված մորս ցուցումներով: Տան շատ իրեր, որոնք որոշված էր չտեղափոխել, ետնաբակում խարույկի վերածվեցին, ու հիշում եմ, թե ինչպես էին ձեղնահարկից բոլոր տարաները գցում կրակը, ու թե ինչպես էին դրանք տաքից պայթում, իսկ հրե լեզուները դուրս էին լողում սպիրտի միջից: Հիշում եմ ետնաբակի խարույկի մեջ այրվող օձերին: Բացի այդ, թե ով էր այրում դրանք, և հուշերիս ճամփան ես պիտի անցնեի, մինչև հասնեի մարդկանց ու աղոթք անեի նրանց համար:

Նոր տան մասին խորհելիս՝ հիշեցի, թե ինչպես մայրս մշտապես մաքրություն էր հաստատում այնտեղ: Մի անգամ, երբ հայրս որսի էր գնացել, նա սկսեց ներքնահարկը մի լավ մաքրել ու այրեց այն ամենը, ինչ ավելորդ էր համարում: Երբ հայրս տուն դարձավ, իջավ երկանիվ կառքից ու կապեց ձին տան մոտի ճամփին. դեռ կրակը վառվում էր: Ես հորս ընդառաջ վազեցի: Նա հրացանն ինձ տվեց ու նայեց կրակին:

— Էս ի՞նչ բան է,— հարցրեց:

— Ներքնահարկն եմ հավաքում, սիրելի՛ս,— ձայնեց մայրս շեմից: Նա դուրս էր եկել դիմավորելու հորս՝ ժպտալով: Հայրս նայեց կրակին ու ոտքի ծայրով մի բանի խփեց: Հետոյ կռացավ ու մոխրի միջից ինչ֊որ բան հանեց:

— Փոցխը բեր, հա՞, Նի՛ք,— ասաց նա ինձ: Ես գնացի ներքնահարկ, բերեցի այն, ու հայրս սկսեց դրանով զգոյշ փորփրել մոխիրը: Այնտեղից նա հանեց քարե կացիններ ու կաշեհան դանակներ, նետի ծայրապանակ սարքելու գործիքներ, խեցու կտորտանք ու բազում ծայրապանակներ: Այդ ամենը սևացել էր մրից ու կրակից ճաքճքել: Հայրս դրանք բոլորը շատ զգույշ դուրս հանեց ու փռեց ճամփեզրի խոտերին: Նրա կաշվե պատյանով հրացանը, նաև որսորդական երկու պարկերը հենց այդտեղ էին՝ խոտերի վրայ, ուր որ ինքը շպրտել էր՝ կառքից դուրս գալիս:

— Հրացանն ու պարկերը տո՛ւն տար, Նի՛ք, ու մի թուղթ բեր,— ասաց նա: Մայրս արդեն տուն էր մտել: Ես վերցրի երկու պարկերն ու հրացանը, որ շատ ծանր էր ու խփվում էր ոտքերիս, և քայլերս ուղղեցի տուն:

— Մեկ֊մե՛կ տար,— ասաց հայրս:— Միանգամից էդքանը մի՛ տար:— Ես պարկերը գետնին դրեցի, իսկ հրացանը տարա տուն և հորս սենյակում դարսած թերթերից մեկը բերեցի նրան: Հայրս թղթի վրայ փռեց այդ բոլոր սևացած, ճաք տված քարե գործիքներն ու փաթաթեց:

— Ամենալավ ծայրապանակները բոլորն էլ կոտրվել են,— ասաց: Նա մտավ տուն՝ փաթեթը ձեռքին, իսկ ես կանգնած մնացի բակում՝ երկու պարկը ձեռքիս բռնած: Որոշ ժամանակ անց դրանք տուն տարա: Հուշերիս այս պատառիկի մեջ երկու մարդ կար միայն, ու ես աղոթեցի նրանց համար:

Բայց գիշերներ էլ էին լինում, երբ ես չէի կարողանում նոյնիսկ աղոթք հիշել: Ես հասա մինչև «Հայր մեր, որ յերկինս ես» ու հետո ստիպված եղա սկսել այդ ամենը նորից, բայց կրկին կանգ առա նույն տեղում: Այդժամ ստիպված էի ընդունել, որ դրանից յետո էլ չէի հիշում ու այդ գիշեր աղոթքից պիտի հրաժարվեի ու փորձեի մի ուրիշ բան հնարել: Երբեմն փորձում էի հիշել աշխարհում եղած բոլոր կենդանիների անունները, հետո էլ՝ թռչունների, հետո՝ ձկների, այնուհետև՝ բոլոր երկրների ու քաղաքների, հետո՝ ինձ հայտնի բոլոր տեսակի ուտեստների, հետո՝ Չիկագոյի բոլոր փողոցների անունները, իսկ երբ արդեն ոչ մի բան այլևս չէի կարողանում մտաբերել, պարզապես պառկում էի ու լսում: Այնպիսի մի գիշեր չէի հիշում, որ բացարձակ ոչինչ չլսեի: Եթե հնարավոր էր լինում լույսի տակ քնել, չէի վախենում աչքս կպցնել, քանզի գիտեի, որ միայն մթան մեջ կարող է հոգիս դուրս թռչել մարմնիցս: Անշուշտ, հաճախ է ինձ վիճակվել գիշերներ անց կացնել այնպիսի տեղերում, ուր կարող էի և լույսը չմարել, ու այդ ժամանակ քնում էի, քանի որ գրեթե միշտ հոգնած էի լինում ու հաճախ էլ՝ շատ քնատ: Եվ համոզուած եմ, որ մեկ անգամ չէ, որ ինձ համար իսկ աննկատ քունս տարել է, բայց գիտակցաբար երբեք ես սիրտ չէի անի խավարի մեջ քնել: և ահա այդ գիշեր ես պառկած ունկնդիր էի շերամի որդերին: Գիշերը հստակ լսւվում էր նրանց շրշյունն, ու ես՝ բաց աչքերով պառկած, ունկնդիր էի նրանց ձայնին:

Սենյակում, ինձնից բացի, մի մարդ էլ կար, ու նրա քունն էլ չէր տանում: Երկար ժամանակ զգում էի, որ քնած չէ: Նա չէր կարող ինձ պես հանգիստ պառկել, քանզի արթուն մնալու իմ փորձը չուներ թերևս: Մենք պառկած էինք ծղոտին փռած ծածկոցներին, ու երբ շարժվում էր նա, ծղոտը խշրտում էր, բայց շերամի որդերի հոգն էլ չէր, նրանք շարունակում էին ծամել: Շենքի պատերից դուրս գիշերը լի էր յոթ կիլոմետր այն կողմ ձգված ճակատային գծի սովորական դարձած աղմուկներով, սակայն մեր մութ սենյակում բոլորովին այլ, «յուրային» պստիկ աղմուկներ էին լցված: Սենյակակիցս որոշ ժամանակ փորձում էր հանգիստ պառկած մնալ: Հետո կրկին սկսեց շարժվել: Ես էլ շուռ եկա, որ զգալ տամ, թե քնած չեմ: Նա տասը տարի ապրել էր Չիկագոյում: Զինվոր էին տարել հազար ինը հարյուր տասնչորսին, երբ եկել էր ընտանիքին տեսության, և քանի որ անգլերեն գիտեր, նրան ինձ մոտ լրատար նշանակեցին: Ես զգում էի, որ նա ականջ է դնում, ու այդ ժամանակ կրկին շարժվեցի ծածկոցին:

— Քունդ չի՞ տանում, պարո՛ն լեյտենանտ[1],— հարցրեց նա:

— Չէ:

— Իմն էլ:

— Իսկ ինչո՞ւ:

— Չգիտե՛մ: Էդպես, չի տանում, էլի:

— Միգուցե վա՞տ եք զգում:

— Չէ՜, հա՛: Առողջ եմ: Մենակ թե քունս չի տանում:

— Եկե՛ք ինչ֊որ բանից խոսենք,— առաջարկեցի ես

— Եկե՛ք: Մենակ թե ինչի՞ց խոսենք էս անիծյալ ծակուռում:

— Էստեղ էնքան էլ վատ չի,— ասացի ես:

— Իրոք որ,— համաձայնեց նա,— էստեղ՝ ոչինչ:

— Պատմե՛ք, թե ոնց էք ամուսնացել:

— Էդ մասին է՛լ եմ պատմել:

— Երկուշաբթի օրվա նամակը նրանի՞ց էր:

— Հա՛, բա ո՜նց: Նա ինձ անընդհատ գրում է: Նրա մոտ առևտուրն էլ լավ է գնում:

— Գործերդ լավ կգնան, երբ տուն դառնաք:

— Հա՛, բա ո՜նց: Կինս դրանից լավ գլուխ է հանում: Շահոյւթն էլ վատ չի:

— Իսկ մյուսներին մեր խոսելով չե՞նք արթնացնի,— հարցրի ես:

— Չէ՛: Չե՛ն լսում: Հետո էլ՝ քնած են խոզի պես: Իսկ ես հրես՝ չեմ կարող,— ասաց նա:— Ես շատ ջղային եմ:

— Կամաց խոսեք,— ասացի ես:— Ծխել կուզե՞ք: Մենք զգույշ ծխեցինք խավարի մեջ:

— Դուք քիչ եք ծխում, պարո՛ն լեյտենանտ:

— Այո՛, համարյա թողել եմ:

— Դէ, ի՞նչ,— ասաց նա,— էդ միայն օգուտ է, ու երևի թե երբ թողնում ես, արդեն չես էլ ուզում: Ճի՞շտ է, որ կույրերը չեն ծխում, քանի որ ծուխը չեն տեսնում:

— Հազիվ թե:

— Կարծում եմ՝ էդ ամենը փչոց է,— ասաց նա:— Չնայած որ էդպէս են ասում: Դե գիտեք, էլի, էնքա՜ն բան են ասում:

Մենք երկուսս էլ լռեցինք, և ես կրկին ունկնդիր եղա շերամի որդերի խշրտոցին:

— Լսո՞ւմ եք էդ անիծյալ որդերի ձայնը,— հարցրեց նա:— Լսում էք,, չէ՞, ո՜նց են ծամում:

— Հա՛, ծիծաղելի է,— ասացի ես:

— Ասացե՛ք, պարո՛ն լեյտենանտ, ձեզ ի՞նչ է եղել, որ գիշերները չեք քնում: Տեսած չկամ ձեզ քնած: Ինչքան ժամանակ ձեզ մոտ եմ՝ ոչ մի գիշեր քնած չկաք:

— Չգիտե՛մ, Ջո՛ն,— ասացի ես:— Անցած գարնան սկզբին փորձանքի եկա, ու էդ ժամանակվանից գիշերը տեղս չեմ գտնում:

— Հե՛նց ոնց որ ե՛ս, էլի,— ասաց նա:— Պիտի պատերազմ չգնայի: Չափից դուրս ջղային եմ:

— Միգուցե անցնի:

— Ասացե՛ք, պարո՛ն լեյտենանտ, բա դուք ինչի՞ պատերազմ գնացիք:

— Չգիտե՛մ, Ջո՛ն: Ուզեցի գնալ՝ գնացի:

— Ուզեցի՞ք,— ասաց նա:— Բա՛ն չունեմ ասելու, լա՜ւ պատճառ է:

— Պէտք չի էդքան բարձր խոսել,— ասացի ես:

— Դէ՜ դրանք խոզի պես քնած են,— ասաց նա:— Հետո դրանք անգլերեն չեն էլ հասկանում: Ոչ մի բառ էլ չգիտեն: Ի՞նչ պիտի անեք, երբ էս ամենը վերջանա, ու բոլորս Նահանգներ գնանք:

— Թերթում գործ կճարեմ:

— Չիկագոյո՞ւմ:

— Միգուցե:

— Էդ Բրիսբեյնի գրածներից կարդում է՞ք: Կինս միշտ դրանք կտրում֊ուղարկում է ինձ:

— Իհա՛րկէ, կարդում եմ:

— Նրա հետ ծանոթ չե՞ք:

— Չէ՛, բայց դեմքով գիտեմ:

— Կուզենայի հետը ծանոթանալ: Լա՛վ է գրում: Կինս չնայած կարդալ չգիտի, բայց թերթ է առնում, ոնց որ առաջ, երբ էնտեղ էի, ու կարևոր լուրերը, սպորտի էջը կտրում֊ուղարկում է ինձ:

— Երեխաներդ ինչպես են:

— Շա՛տ լավ: Աղջիկներիցս մեկը չորրորդ դասարանում է արդեն: Գիտեք, պարո՛ն լեյտենանտ, եթե երեխեքի հարցը չլիներ, երևի թե ձեր լրատարը չլինեի հիմի: Երևի թե էդ ամբողջ ընթացքում ճակատում կպահեին ինձ:

— Ուրախ եմ, որ երեխաներ ունեք:

— Ես էլ եմ ուրախ: Աղջիկներս լավն են, բայց ես տղա՛ կուզեի: Երեք աղջիկ ու՝ ոչ մի տղա: Էդ արդեն նշանակում է՝ բախտս չի բերում:

— Դե՛, հիմի, հանգիստ պառկէք, միգուցե քունդ տանի:

— Չէ՛, չի՛ տանի: Քունս լրիվ փախավ, պարո՛ն լեյտենանտ: Բայց չէ որ դուք չեք քնում․ Դա ինձ տխրեցնում է:

— Ոչի՛նչ, Ջո՛ն, կանցնի:

— Տե՜ս, է, էդքան ջահել ու՝ գիշերները չեք քնում:

— Ամեն ինչ կանցնի: Միայն թե՝ ոչ միանգամից:

— Պիտի որ անցնի: Էդպէս ո՞նց կարելի է ապրել, եթե բոլորովին չես քնում: Կարո՞ղ է ձեզ ինչ֊որ բան է անհանգստացնում: Մտքներիդ բան չկա՞:

— Չէ՛, Ջո՛ն, ոնց որ՝ չէ:

— Ամուսնանալ է ձեզ պէտք, պարո՛ն լեյտենանտ: Էդ դէպքում ոչ մի բան ձեզ չի մտահոգի:

— Հազյիվ թե:

— Ձեզ ամուսնանալ է պէտք: Ինչի՞ չեք մի սիրուն իտալուհի ընտրում՝ լավ փող ունեցող: Ձեզ հետ ցանկացած աղջիկ կամուսնանա: Ջահել եք, տեսքով, լավ էլ մեդալներ ունեք: Մի քանի անգամ էլ վիրավորվել եք:

— Իտալերեն լավ չեմ խոսում:

— Լա՜ւ էլ խոսում եք: Գրողի ծոցը էդ խոսելը: Ոչ մի խոսելու կարիք էլ չկա՛: Ամուսնացե՛ք ու՝ վե՛րջ:

—Կմտածեմ էդ մասին:

— Մի քանիսին գիտե՞ք, չէ՞:

— Բա ո՞նց:

— Դե ուրեմն ամուսնացեք հենց նրա հետ, ով ավելի շատ փող ունի: Էստեղ նրանք էնպես են դաստիարակված, որ ցանկացածից էլ լավ տանտիկին դուրս կգա:

— Կմտածեմ էդ մասին:

— Իսկ դուք մի՛ մտածէք, պարո՛ն լեյտենանտ: Գործի՛ անցեք:

— Լա՛վ:

— Տղամարդուն կին է պէտք: Դուք դրա համար չեք փոշմանի: Ամեն տղամարդու էլ կի՛ն է պէտք:

— Եղա՛վ,— ասացի ես:— Հիմա փորձենք մի քիչ քնել:

— Լա՛վ, պարո՛ն լեյտենանտ, կփորձեմ: Միայն թե չմոռանա՛ք, ինչ որ ասացի:

— Չե՛մ մոռանա,— ասացի:— Իսկ հիմի մի քիչ քնեք, Ջո՛ն:

— Լա՛վ,— ասաց նա:— Հուսամ՝ կքնեք, պարո՛ն լեյտենանտ:

Ես լսում էի, թե ոնց է նա շուռումուռ գալիս ծղոտի վրա, հետո լրիվ հանդարտվեց, ու այլևս լսելի էր նրա համաչափ շնչառությունը: Շուտով խռմփացրեց: Երկար ժամանակ լսվում էր նրա խռմփոցը, հետո էլ չէի լսում դա ու սկսեցի ականջ դնել շերամի որդերի շրշյունին: Նրանք շարունակ ծամում ու ծամում էին՝ տերևների վրա թրմփալով: Նոր բան անցավ մտքովս․ բաց աչքերով խավարի մեջ պառկած՝ սկսեցի խորհել այն բոլոր աղջիկների մասին, որոնց ճանաչել եմ երբևէ, ու թե ինչպիսի կին դուրս կգար նրանցից: Շատ հետաքրքիր բան էր. դա մի պահ միջիցս դուրս մղեց ձկներին ու խանգարեց ինձ աղոթել: Բայց ի վերջո ես կրկին դարձա ետ՝ ձուկ բռնելուն, քանի որ ինձ պարզ դարձավ, որ բոլոր գետերն այդ կարող եմ մտաբերել, իսկ դրանցից ամեն մեկի մեջ միշտ էլ ինչ֊որ բան էր լինում, այն դեպքում, երբ աղջիկները, մի քանի անգամ մտքովս անցնելուց հետո, սկսեցին մարել հիշողությանս մեջ և ի վերջո լրիվ չքացան, բոլորը մի դեմք առան, ու ես այլևս դադարեցի մտածել նրանց մասին: Բայց աղոթքը չթողեցի ու հաճախ ժամերով աղոթում էի Ջոնի համար, իսկ նրան ծառայությունից ազատ արձակեցին մինչև հոկտեմբերյան մեծ գրոհը: Ուրախ էի, որ այդպես ստացվեց, այլապես նա ինձ շատ հոգս էր պատճառում : Մի քանի ամիս անց նա ինձ այցի եկավ Միլանի հոսպիտալ ու շատ տխրեց, ուր դեռ չեմ ամուսնացել, և պատկերացնում եմ, թե ինչքան դեռ կվշտանա՝ իմանալով, որ մինչ որս էլ չեմ ամուսնացել: Նա մտածում էր Ամերիկա վերադառնալ և բնավ կասկած չունէր ամուսնության շահեկան լինելու հարցում ու համոզուած էր, որ ամուսնությունը կյանքում ամեն ինչ կարգի կգցի:

Անգլերենից թարգմանեց Նինա. Ա. Ջաղինյանը:
Աղբյուրը՝ Գրապահարան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s