Արարիչը: Խորխե Լուիս Բորխես

Երբեք ուշադրություն չէր դարձրել հիշողության հաճույքներին: Վառ և ժամանակավոր տպավորությունները հորդում էին առանց հետք թողնելու: Բրուտի կարմիրը, աստղերով լի երկնակամարը, աստղերը, որ նաև աստվածներ էին, լուսինը, որտեղից մի առյուծ էր ընկել, զգայուն մատների տակ մարմարի ողորկությունը, վայրի խոզի մսի համը, որ սիրում է ճերմակ ու կոպիտ կծոցներով վայելել, փյունիկերեն մի բառ, դեղին ավազի վրա նիզակի արտացոլած սև ստվերը, ծովի կամ կանանց մոտիկությունը, մեղրը , մեղմացնող ծանր գինին կարող էին գրավել նրա հոգու ամբողջ ոլորտը: Ճանաչում էր սարսափը, բայց նաև զայրույթն ու քաջությունը, իսկ մի անգամ ինքն էր առաջինը բարձրացել թշնամու պարսպին: Անհագ հետաքրքրասեր և արկածախնդիր, բերկրանքից և անմիջական անտարբերությունից բացի այլ օրենք չէր ճանաչում: Շրջեց բազմասեռ երկիրն ու եղավ ծովի այս և այն եզրում, դիտեց մարդկանց կառուցած քաղաքներն ու պալատները: Բազմամարդ շուկաներում կամ մի սարի լանջին, որի անորոշ գագաթին կարող էին չարքեր բնակվել, բարդ պատմություններ էր լսել և դրանք ընդունել էր այնպես, ինչպես իրականությունն էր ընդունում՝ առանց ինքն իրեն դրանց ճշմարտության կամ կեղծ լինելու մասին հարցնելու:

Աստիճանաբար գեղեցիկ տիեզերքն սկսեց լքել նրան: Համառ մի մշուշ ջնջեց նրա ձեռքի գծերը. գիշերն ամայացավ աստղերից, հողը երերաց նրա ոտքերի տակ: Ամեն ինչ հեռանում ու անէանում էր: Երբ զգաց, որ կուրանում է, գոռաց… այդ ժամանակ դեռ չէր հորինվել ստոիկ ամոթը և Հեկտորը կարող էր փախչել առանց ամաչելու. «Այլևս չեմ տեսնի (զգաց) ո՛չ դիցաբանական սարսափով լի Երկինքը և ո՛չ էլ այս դեմքը, որ տարիները խաթարելու են»: Իր մարմնի այդ հուսահատությունը օր ու գիշերներ տևեց, բայց մի առավոտ արթնացավ և (առանց զարմանքի) դիտեց իրեն շրջապատող անորոշ իրերն ու ծանոթ մի երաժշտություն կամ մի ձայն ճանաչողի պես զգաց, որ այս ամենն արդեն կատարվել է, և որ ինքն այդ ժամանակ էլ է սարսափ զգացել, բայց և միևնույն ժամանակ ցնծություն, հույս ու հետաքրքրություն էլ է ունեցել: Այդ ժամանակ դարձավ դեպի իր հիշողությունը, որն իրեն անվերջանալի թվաց , և այդ գլխապտույտի մեջ կարողացավ ձեռք բերել կորսված հուշը, որ անձրևի տակ փայլատակող մետաղադրամի պես հստակ փայլում էր գուցե և այն պատճառով, որ ինքը երբեք չէր տեսել այդ հուշը, բացի գուցե թե ինչ-որ երազի մեջ:

Հուշն այսպիսին էր: Մի պատանի անպատվել էր իրեն և ինքը դիմել էր հորը ու պատմել դեպքը: Հայրը թույլ էր տվել, որ խոսի. կարծես չէր լսում կամ չէր հասկանում պատմածը և հանկարծ նա վերցրեց պատից կախված իշխանություն ներշնչող դաշույնը. տղան գաղտնաբար տենչացել էր այդ դաշույնը: Այժմ դա նրա ձեռքում էր և տիրանալու անակնկալը չեզոքացրեց կրած անպատվությունը: Սակայն հոր ձայնն ասում էր. «Թող ինչ-որ մեկն իմանա, որ դու տղամարդ ես»: Եվ հրամայողական ինչ-որ շեշտ կար նրա ձայնի մեջ: Գիշերը կուրացնում էր ճանապարհները, դաշույնը սեղմած, որի մեջ մոգական ուժ էր գուշակում, արագորեն կտրեց բլուրը, իջավ ծովեզերք, ինքն իրեն Այաքս և Պերսևս կարծեց և վազեց աղոտ մթությունը վերքերով ու ճակատամարտերով լցնելու: Այդ պահի զգացողությունն էր որոնում հիմա, մնացածը՝ մենամարտի հրավերը, անճարակ մարտը, արյունոտ դաշույններով վերադառնալը այլևս ոչ մի կարևորություն չունեին:

Այդ հուշից նորը ծնվեց: Եվ նորի մեջ էլ էին առկա գիշերն ու արկածի տպավորությունը: Մի կին՝ աստվածների պարգևած առաջին կինը, նրան սպասել էր ինչ-որ գետնադամբանի ստվերում: Իսկ ինքը որոնել էր քարե ցանցերի նմանվող կամարների տակ, ստվերների մեջ խորասուզվող վայրիվերո արահետներում: Ինչո՞ւ էին այդ հուշերն առանց ցավի հայտնվում, կարծես ներկայի նախաձևը լինեին:

Լրջախոհ զարմանքով ամեն ինչ հասկացավ: Իր մահկանացու աչքերի խավարում, այնտեղ, ուր իջնելու էր հիմա, նրան սպասում էին սերն ու արկածը, Արեսն ու Աֆրոդիտեն, քանզի նա արդեն գուշակում էր (քանզի նրան արդեն շրջապատում էին) փառքի և հեքզամետրի շշուկները, շշուկն այն մարդկանց, որ պաշտպանում են մի տաճար, որն աստվածները չեն փրկելու ծովերի մեջ, սիրելի կղզի որոնող նավերի շշուկը, Ոդիսականների և իլիականների շշուկները, շշուկներ, որ ինքը երգելու էր և հնչեցնելու մարդկանց հիշողության մեջ: Այդքանը գիտենք, բայց չգիտենք, թե ինչ զգաց վերջին ստվերն իջնելու ժամանակ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s