Ռաբինդրանաթ Թագոր

ravindranath-tagor-mitul-vyasԷ՛յ, խելա՛ռ, թունդ հարբած կոնծաբան…

Է՛յ, խելա՛ռ, թունդ հարբած կոնծաբան,
Եթե դռներդ բաց ես անում քացով ու հիմար ես ձևացնում քեզ ամենքի առաջ,
Եթե մի գիշերվա մեջ դատարկում ես քսակդ ու ծաղրում խոհեմությունը,
Եթե դու թափառում ես տարօրինակ կածաններով ու զվարճանում ցանցառ, անմիտ բաներով,
Գործ չունիս երգի և խելքի հետ,
Եթե փոթորկի ժամին առագաստդ պարզելով մրրիկի հանդեպ ջարդում ես ղեկդ երկու մասի,
Ապա ես կհետևեմ քեզ, ընկեր, կգամ հարբելու քեզ հետ ու ջհանդամը կկորչեմ- հերն անիծած:

Իմ օրերն ու գիշերները ես կորցրել եմ իմ գիտուն և իմաստուն հարևանների շրջանում:
Շատ բան գիտենալուց մազերս ճերմակել են ու շատ դիտելուց՝ աչքերս մթնել:
Տարիներով ես հավաքել եմ ու դիզել բաների փշրանքներ ու մանրուքներ:
Ջարդի՛, տրորի՛, պա՛ր եկ նրանց վրա ու բոլորը տուր քամուն:
Որովհետև ես գիտեմ՝ ամենախոր իմաստությունն է — լինել հարբած ու ջհանդամը կորչել — հերն անիծած:

Թող կորչեն խղճի բոլոր սուտ խայթոցները, թող ես անդարձ կորցնեմ իմ ճամփան:
Թող ամեհի խելագարման ցասումն ինձ դուրս շպրտի խարիսխից:
Աշխարհը լիքն է օգտակար և ընդունակ, բանվոր ու գործավոր մարդկանցով:
Նրանցից ոմանք հեշտությամբ գնում են առաջին շարքերում, մյուսները համեստորեն շարժվում են նրանց հետևից:
Թող երջանիկ լինեն նրանք ու հաջողակ, իսկ ես թող լինեմ փուչ ու անպիտան:
Որովհետև ես գիտեմ, բոլոր գործերին մի վերջ կա — լինել հարբած ու ջհանդամը կորչել — հերն անիծած:

Երդվում եմ հրաժարվել այս վայրկյանից իսկ արժանավոր մարդկանց շարքը դասվելուց:
Դեն եմ շպրտում հպարտությունս իմ գիտությամբ ու կարողությամբ դատելու –ո՞րն է լավը, ո՞րը՝ վատ:
Ես կփշրեմ իմ հուշերի արտոսրալի անոթը՝ շաղ տալով արցունքներիս վերջին կաթիլը:
Ես կլողանամ մասուրի պես կարմրին տվող գինու փրփուրի մեջ ու նրանով կլուսավորեմ իմ ծիծաղը:
Ես պատառ-պատառ կանեմ քաղաքացու իմ ցուցանակը:
Ես սուրբ երդում եմ տալիս՝ լինել անպիտան, լինել հարբած ու ջհանդամը
կորչել — հերն անիծած:

Թարգմանությունը՝ Համլիկ Թումանյան

***

Թույլ տուր ոչ թե աղոթել    վտանգներից խուսափելու համար,

այլ անվախ լինել դրանց դիմակայելու համար:

Թույլ տուր ոչ թե խնդրել ամոքել իմ ցավը,

այլ սիրտ` այն հաղթահարելու համար:

Թույլ տուր ոչ թե կյանքի ռազմաճակատում դաշնակիցներ փնտրել,

այլ սեփական ուժին ապավինել:

Թույլ տուր ոչ թե տագնապալի վախով փրկություն խնդրել,

այլ հույս` համբերությամբ իմ ազատությանը սպասելու համար:

Երաշխավորիր, որ չեմ երկնչելու,

Քո ողորմածությունը միայն իմ հաջողության վրա եմ զգալու,

Բայց թույլ տուր զգալ Քո ձեռքը իմ սխալը կանխելիս:

Պարտիզպանը

Սիրո և կյանքի պոեմներ

***

Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։

Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։

-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։

-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։

-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։

-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։

-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։

-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։

-Ախ, ոչ, ոչ, երբեք չի կարելի սովորելով երգել,-ճչում է անտառի թռչունը։

-Վայ, ինձ ես անտառի երգերը չգիտեմ,-ծվում է գերին։

Անհամբեր կրքից բոցավառվում է նրանց սերը, բայց թև-թևի նրանք երբեք չեն թռչելու։

Ու նայում են միմյանց թռչունները վանդակի ձողերի արանքից, բայց իզուր են աշխատում հասկանալ իրար։

Տագնապալի, կրքոտ տենչով թրթռում են նրանք, թևերը թպրտալով հառաչում են՝ <<ավելի մոտ եկ, սիրելիս, մոտ եկ>>։

-Անհնար է, վախենում եմ քո վանդակի փակ դռներից,-ախ է քաշում թռչունն անտառի։

Ու ցավով ծվում է վանդակի գերին.

-Ավա՜ղ, թևերս ուժասպառ են ու մեռած։

***

Եկ ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Թող լինես հերարձակ-թափված վարսերով. Թող սանրվածքդ լինի անկարգ ու կորսաժիդ ժապավենները քանդած, ի՜նչ փույթ։

Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։

Եկ կանաչներով, փութկոտ քայլերով շտապիր։

Թող սեզերի ցողը քո երանգանկար ոտքերիդ ներկը լվանա,  թեկուզ ոտքերիդ բոժոժիկների օղակները բացվեն ու մանյակներիդ մարգարիտները թափվեն, ուշ մի դարձնի։

Եկ կանաչներով, փութկոտ քայլերով շտապիր։

Տեսնո՞ւմ ես ամպերը՝ ինչպես են ծածկում երկինքը։

Հեռավոր ծովի ծանծաղուտից կռունկների երամն իջել է գետափին ու քմահաճ քամին բարկ ուժգնությամբ սլանում է դաշտի վրայով։

Տագնապահար նախիրը դեպի գյուղի ախոռներն է վազում։

Տեսնո՞ւմ ես ամպերը՝ ինչպես են ծածկում երկինքը։

Դու իզուր ես վառում սեղանիդ ճրագը, բոցը կերերա, ու քամին կմարի։

Եվ ո՞վ կնկատի, որ քո արտևանունքները չեն մրոտվել ճրագի մարած պատրույգից։ Չէ՞ որ ծավի աչքերդ ավելի թուխ են, քան ամպերը փոթորկի։

Իզուր ես վառում սեղանիդ փոէրիկ ճրագը՝ բոցը կերերա, ու քամին կմարի։

Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի հագնվելուդ վրա։

Հոգ չէ, որ պսակը չի հյուսված, կամ ապարանջանի շղթան չի կապվում, թող այդպես մնա։

Երկինքը բոլորովին ծածկվել է ամպերով, ուշ է արդեն։

Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։

***

<<Պաշտիր սերը, եթե մինչև իսկ նա քեզ վիշտ բերի։

Քո սիրտը մի ծածկիր>>։

<<Ա՜խ, ոչ, ընկեր իմ, մութն են խոսքերդ , քեզ չեմ հասկանում>>։

<<Սիրտը, սիրելիս, միայն նրա համար է, որ ձուլենք երգին և արցունքին>>։

<<Ա՜խ, ոչ, ընկեր իմ, մութն են խոսքերդ , քեզ չեմ հասկանում>>։

<<Հարատև չէ ուրախությունը, ցողի կայլակի պես նա մեռնում է ժպտալով։ Իսկ վիշտն ուժեղ է և անդրդվելի

Թող քո աչքերում ապրի սերը թախծալի>>։

<<Ա՜խ, ոչ, ընկեր իմ, մութն են խոսքերդ , քեզ չեմ հասկանում>>։

<<Արևի ճառագայթներից լոտոսը փթթում է ու կորցնում բոլորը՝ ինչ որ ունի։ Նա չի ուզում մնալ չբացված հավերժ մշուշում>>։

<<Ա՜խ, ոչ, ընկեր իմ, մութն են խոսքերդ , քեզ չեմ հասկանում>>։

***

Ես այնքան եմ քեզ մնաս բարով ասելու՝ կասկածի ժպիտն է օձանում քո աչքերում։

Ես այնքան հաճախ եմ այդպես արել, որ դու կարծում ես, թե շուտով կդառնամ։

Ճիշտն ասած, ես էլ եմ կասկածում քեզ վրա։

Որովհետև նորից ու նորից վերադառնում են օրերը գարնան, լիալուսինը հրաժեշտ է տալիս ու կրկին գալիս է մեզ մոտ, վերստին փթթում են ծաղկունքը և տարեցտարի շիկնում են իրենց ճյուղերի վրա, թերևս ես էլ բաժանվում եմ քեզնից միայն նրա համար, որ նորից ետ դառնամ։

Բայց մի պահ զսպիր այդ պատրանքը, մի վրդովվիր այն բիրտ շտապով։

Երբ ես ասում եմ ընդմիշտ բաժանվում եմ քեզնից, ընդունիր սա որպես ճշմարտություն, ու թող արցունքի մլար մշուշը մի պահ խորացնի աչքերիդ մութ շրջանակը։

Իսկ հետո, երբ ես նորից ետ դառնամ, ժպտամեղուշ հրճվանքով, ինչպես միայն դու ես ժպտում։

***

Ձգեցիր ինձ ու գնացիր քո ճամփով։

Ես մտածեցի՝ թե պետք է ողբալ քեզ համար ու պահել հոգուս մեջ միայն քո դեմքը ընտելացած՝ երգերի ոսկե հյուսկենով;

Բայց, ավա՜ղ, դու խեղկատակ բախտ, չէ՞ որ ժամանակն այնքան կարճ է։

Տարեցտարի թոշնում է ջահելությունը, սլանում են օրերը գարնան, ծաղիկներն էլ այնքան են քնքուշ  ու նուրբ, որ մեռնում են առանց պատճառի, իսկ կյանքը- ինձ մի իմաստում է ասել-կյանքը լոտոսի ցողի կաթիլ է միայն։

Եվ այս ամենը մոռանում ու թիկունքն ինձ դարձնող կնո՞ջ հետևից մտիկ տամ։

Դա կլիներ և անմիտ, և կոպիտ, չէ՞ որ ժամանակն այնքան կարճ է։

Դե, եկեք, իմ անձրևոտ գիշերներ, ձեր հարվածող ոտքերով։ Ժպտա, դու իմ ոսկի աշուն։

Եկ, անհոգ ու կամշոտ ապրիլ՝ շռայլիր համբույրներդ։

Եկ և դու, դու էլ, եկ նույնպես և դու։

Դուք գիտեք, սիրելիք, որ մենք մահկանացու ենք։ Մի՞թե խելացի է սիրտը կոտրել՝ կնոջ պատճառով, որ մեզ չի սիրում։

Չէ՞ որ ժամանակն այնքան կարճ է։

Քաղցր է նստել անկյունում, խորհել ու երգել հանգերով, որ քո մեջ է իմ ամբողջ աշխարհը։

Հերոսություն է՝ գրկախառնվել վշտի հետ, փայփայել նրան ու սփոփանքը մերժել։

Բայց ահա կրկին մի մատաղ դեմք երևում է իմ դռան մոտ և իր ակնապարար հայացքը հառում է աչքերիս։

Էլ ինձ անելու բան ոչինչ չի մնում. Միայն թե սրբեմ արցունքս ու երգեմ նոր եղանակով…

Չէ՞ որ ժամանակն այնքան կարճ է։

***

Ինչու ճրագը հանգավ։

Ես ծածկեցի նրան իմ ծածկոցով, որ քամուց պաշտպանեմ, դրա համար էլ ճրագը հանգավ։

Ծաղիկն ինչու՞ թառամեց։

Ես անհագ սիրով նրան կրծքիս սեղմեցի, դրա համար էլ ծաղիկը թառամեց։

Ինչու՞ լռեց առուն։

Ես պատվար շինեցի նրա վրա, որ նա ինձ ծառայի, ուստի և լռեց առուն։

Ինչու՞ կտրվեց քնարի լարը։

Ես ուզեցի, որ նա իր ուժից վեր ձայն հանի, դրա համար էլ կտրվեց լարը։

***

Մի առավոտ մի կույր աղջիկ լոտոսի տերևով պարուրած մի ծաղկյա հյուսկեն տվեց ինձ ծածկոցի մեջ։

Ես այն փաթաթեցի պարանոցի շուրջը, ու փայլեցին արցունքներն իմ աչքերում։

Ես համբուրեցի աղջկան ու ասացի.

<<Կույր ես դու, ինչպես իրենք ծաղիկները։ Դու ինքդ էլ չգիտես, թե որքան սիրուն է քո նվերը>>։

***

Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կես-գիշերին աաց.

<<Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ Աստծուն։ Ա՜խ, ո՞վ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ>>։

<<Ես>>-շշնջաց Աստված, բայց մարդու ականջները փակ էին։ ԱՆկողնի մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը ծոցին։

<<Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր>>- ասաց մարդը։

Ձայնը նորից ասաց. <<Ես Աստվածն եմ>>, — բայց մարդը չլսեց;

Հանկարծ երեխան լաց եղավ քնի մեջ ու ավելի հպվեց մորը։

Եվ հրամայեց Աստված. <<Սպասիր, մի լքիր քո տունը>>, — նա կրկին չլսեց։

Ու Աստված դառնորեն հառաչեց.

<<Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ>>։

Մտքեր

1. Յուրաքանչյուր ծնված երեխան լուր է այն մասին, որ Աստված դեռ չի հիասթափվել մարդկանցից:

2. Ոչ թե մուրճի հարվածները, այլ ջրի պարն է քարախիճը հասցնում կատարելության:

3. Քո արևի լույսը ժպտում է իմ սրտի ձմեռային օրերին՝ ոչ մի վայրկյան չկասկածելով իր գարնանային ծաղիկների վերադարձին:

4. Սուտը երբեք չի կարող դառնալ ճշմարտություն, որքան էլ որ ուժեղանա:

5. Մենք քայլում ենք աղմկոտ ամբոխի միջով, որպեսզի խլացնենք սեփական խղճի ճիչը:

6. Անկեղծ լինելը հեշտ է, երբ չես պատրաստվում ասել ողջ ճշմարտությունը:

7. Երբեք մի՛ վախեցիր ակնթարթներից, այդպես է երգում հավերժության ձայնը:

8. Մեռած խոսքերի փոշին կպել է քեզ. լռությամբ լվա՛ հոգիդ:

9. Ճշմարտության գետը հոսում է մոլորումների ջրանցքներով:

10. Մահը լամպի լույսի մարումն է՝ արևածագի շողերից, այլ ոչ արևի մարումը:

11. Խոտը հողի վրա փնտրում է իր նմաններին, ծառը երկնքում իր միայնությունն է փնտրում:

12. Գլխավորը, ինչ կյանքը սովորեցնում է մարդուն, այն չէ, որ աշխարհում կան տառապանքներ, այլ այն, որ հենց իրենից է կախված, թե կուղղի՞ արդյոք այդ տառապանքներն հօգուտ իրեն, կվերածի՞ դրանք ուրախության:

13. Ես խնդրեցի ծառին. «Պատմի՛ր ինձ Աստծո մասին»: Եվ այն ծաղկեց:

14. Ջուրն անոթում թափանցիկ է: Ջուրը ծովում խավար է: Մանր ճշմարտություններն ունեն հստակ բառեր, մեծ ճշմարտությունը մեծ լռություն է:

15. Թաղվելով վայելքներում՝ դադարում ենք նկատել ցանկացած հաճույք:

16. Մենք ապրում ենք այս աշխարհում միայն այն ժամանակ, երբ այն սիրում ենք:

17. Ամուսնությունն արվեստ է, և այն պետք է ամեն օր թարմացնել:

18. Կպչելով կարող ենք սպանել, հեռանալով կարող ենք տիրանալ:

19. Թու՛յլ տուր, որ փշերը տեսնի նա, ով աչքեր ունի՝ վարդը տեսնելու:

20. Մենք մարդուն ճանաչում ենք ոչ թե նրանով, թե նա ինչ գիտի, այլ նրանով, թե ինչն է նրան ուրախացնում:

21. Շատ մարդիկ կարող են լավ բաներ ասել, բայց շատ քչերն են կարող լսել, քանզի դա խելքի ուժ է պահանջում:

22. Աղեղը, բաց թողնելով նետին, շշնջում է նրան. «Քո ազատության մեջ իմ ազատությունն է»:

23. Կյանքն իր հարստությունը ստանում է աշխարհից, այն արժևորում է սերը:

24. Երիտասարդների գլխավոր հարստությունն անսահաման հույսը և էնտուզիազմն են:

25. Մութ ամպերը վերածվում են երկնային ծաղիկների, երբ դրանց համբուրում է լույսը:

26. — Լուսնի շողերով ինձ քո սիրային նամակներն ես ուղարկում,- ասաց Գիշերն Արևին, — ես պատասխանները թողնում են խոտի վրա՝ արցունքներով:

27. Վատատեսությունը հոգևոր հարբեցողության ձև է:

28. Սխալների առջև փակում ենք դուռը, ճշմարտությունը շփոթված հարցնում է. «Հիմա ես ինչպե՞ս ներս մտնեմ»:

29. «Ես կորցրել եմ իմ ցողիկը»,- ծաղիկը բողոքում է առավոտյան երկնքին, որը կորցրել է իր բոլոր աստղերը…

30. Գիշերն, արևի համար լացելիս, չես նկատում աստղերը:

31. Աստղերը չեն վախենում, որ իրենց լուսատտիկների հետ կշփոթեն:

32. Ծովը չեք կարող հատել՝ ուղղակի ջրին նայելով: Ժամանակ մի՛ ծախսեք իզուր ցանկությունների վրա:

33. Տղամարդը գաղտնիք է կնոջ համար, իսկ կինը գաղտնիք է տղամարդու համար: Եթե այդպես չլիներ, կնշանակեր, որ բնությունն անիմաստ է վատնել ուժերը՝ նրանց իրարից բաժանելով:

34. Պոկելով ծաղկի թերթերը՝ դրա գեղեցկությունը դու ձեռք չես բերում:

35. Ես ունեմ աստղեր երկնքում… բայց այնքա~ն եմ կարոտում փոքրիկ լամպին՝ չվառված իմ սենյակում:

36. Եթե ինչ-որ կրոն ցանկանում է համայն մարդկությանը պարտադրել իր վարդապետությունը, դառնում է բռնապետություն:

37. Երբ սրտերը լի են սիրով և բաբախում են միայն հանդիպումից բաժանում, բավական է լոկ թեթև ակնարկը, որպեսզի իրար հասկանան:

38. Մարդը գազանից վատ է, երբ գազան է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s