Բանաստեղծը: Հերման Հեսսե

1200px-Hermann_Hesse_2(հեքիաթ)

Պատմում են, որ չին բանաստեղծ Հան Ֆոկը երիտասարդ հասակում ամեն ինչ սովորելու և ամեն ինչում կատարելագործվելու մի հրաշալի տենչանքով էր ոգեշնչված այն ամենի հանդեպ, ինչը վերաբերում էր բանաստեղծական արվեստին։ Այն օրերին, երբ Հան Ֆոկը դեռ ապրում էր հայրենիքում՝ Դեղին գետի ափին, նա իր ցանկությամբ և իրեն քնքշորեն սիրող ծնողների հավանությամբ նշանված էր բարեհամբավ ընտանիքից սերած մի օրիորդի հետ և հարսանյաց հանդեսի տոնակատարությունը շատ շուտով, երջանկախոստում մի օր պետք է տեղի ունենար։ Հան Ֆոկը այն ժամանակ մոտ քսանամյա մի հաճելի երիտասարդ էր՝ համեստ ու բարեկիրթ շարժուձևերով, գիտություններին իրազեկ և, չնայած երիտասարդ հասակին, մի քանի գերազանց բանաստեղծություններով արդեն ճանաչված էր իր հայրենիքի ուսումնական շրջաններում։ Հարուստ լինելով՝ նա իր մեջ համբերելու բավականաչափ ուժ էր գտնում, չնայած որ հարսնացուի օժիտը նրա համար բարեկեցիկ կյանք կապահովեր, բացի այդ էլ հարսնացուն շատ գեղեցիկ էր ու առաքինի, և թվում էր երիտասարդի երջանկությանը այլևս ոչինչ չէր պակասում։ Բայց նա իրեն լիովին երջանիկ չէր զգում, քանի որ նրա սիրտը լեցուն էր կատարյալ բանաստեղծ դառնալու փառասիրությամբ։

Այնպես պատահեց, որ մի երեկո, երբ գետափին ջահերի տոնն էին պատրաստվում նշել, Հան Ֆոկը միայնակ թափառում էր գետի հակառակ ափին։ Նա կռնթեց ջրի վրա խոնարհված ծառաբնին և գետի հայելու մեջ տեսավ հազարավոր լողացող ու առկայծող լույսեր, նավակների ու լաստերի վրա նշմարեց տղամարդկանց ու կանանց, որ ողջունում էին միմյանց և սքանչելի ծաղիկների նման շողարձակում տոնականորեն զարդարված կողափայտերին։ Նա լսում էր լուսաճաճանչ ջրերի թույլ շշնջյունը, տաղասացների երգը, կիթառի թրթռոցը և սրինգների արձակած մեղմօրոր հնչյունները։ Այդ ամենից վերև նրա աչքովն ընկավ կապտավուն գիշերը, որի մեջ ասես ճախրելիս լիներ տաճարի գմբեթը։ Պատանու սիրտը ալեկոծվեց, երբ նա, միայնակ հանդիսատեսի պես տրվելով իր հոգեկան ցնորքներին, զննում էր այդ ողջ գեղեցկությունը։ Բայց նա այնքան շատ, այնպիսի մեծ անձկությամբ էր տենչում գետի մյուս կողմն անցնել և իր հարսնացուի ու բարեկամների հետ տոնը վայելել, այնպես էր ուզում այդ ամենը որպես մի ազնվագույն հանդիսատես ընդունել և ողջը մի կատարյալ բանաստեղծության մեջ արտացոլել՝ գիշերվա կապույտն ու ջրերի լուսախաղը, տոնակատարությանը մասնակցող հյուրերի խրախճանքն ու ջրափնյա ծառաբնին կռթնած խաղաղ հանդիսատեսի անսահման կարոտը։ Նա հասկացավ սակայն, որ այս աշխարհի բոլոր տոնահանդեսներին ու խրախճանքներին ինքը երբեք էլ լիովին ուրախ ու ջերմ սրտով չի կարող մասնակից լինել, որ ինքը կատարյալ մենակյաց է և, ըստ երևույթին, միշտ էլ հանդիսատես ու օտարական է մնալու։ Նա զգաց, որ իր հոգին, ի տարբերություն բոլոր֊բոլոր մյուսների, այնպես է արարված, որ ինքը հավասարապես իր մեջ զգալու է երկրի գեղեցկությունը և օտարականի ծածուկ տենչանքը։ Այդ պատճառով էլ նա տխուր էր ու մտածկոտ և շարունակ խորհում էր, թե գուցե իրեն էլ մի իսկական երջանկություն ու խորին հագեցում է վիճակվելու, որ մի օր աշխարհը կատարյալ բանաստեղծությունների մեջ արտացոլելու հաճույքը ինքը կվայելի և իր այդ արտացոլվածք֊պատկերների մեջ աշխարհին կտիրանա լիովին ու հավերժ։

Դեռ նոր էր Հան Ֆոկը սկսել մտածել իր քուն թե արթուն լինելու մասին, երբ թույլ աղմուկ լսեց և ծառաբնի մոտ նկատեց մի անծանոթի՝ մանուշակագույն հանդերձանքի մեջ ամփոփված, պատկառազդու արտաքինով մի ծերունու։ Ֆոկը ուղղվեց ու ողջունեց նրան այնպես, ինչպես միայն ալևորներին ու նշանավոր մարդկանց են մեծարում։ Օտարականը, սակայն, ժպտում էր և իրար ետևից մի քանի բանաստեղծություն արտասանեց, որոնց մեջ կար այն ամենը, ինչը երիտասարդը հենց նոր էր զգացել, այնքան կատարյալ, գեղեցիկ ու մեծ բանաստեղծների արվեստով չափաբերված, որ պատանու սիրտը զարմանքից ասես կանգ առավ։

— Ո՞վ ես դու,— ճչած նա ու խոնարհվեց,— դո՛ւ, որ կարողանում ես տեսնել իմ հոգին և հրաշալի բանաստեղծություններ ես արտասանում, որպիսիք ես միայն իմ ուսուցիչներից եմ երբևէ լսել։ Օտարականը ժպտաց դարձյալ իր հրաշագործ ժպիտով և ասաց․
— Եթե դու բանաստեղծ ես ուզում դառնալ, ուրեմն եկ ինձ հետ։ Իմ հյուղակը գտնվում է Մեծ գետի ակունքների մոտ, հյուսիս֊արևմտյան լեռներում։ Իմ անունն է ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻ ՎԱՐՊԵՏ։

Այնուհետև ծերունին մտավ ծառերի ծանծաղ ստվերների մեջ և շուտով անհետացավ, իսկ Հան Ֆոկը, որ անօգուտ փնտրում էր նրան և վերջիվերջո հետքը կորցրեց, այժմ արդեն հաստատ հավատացած էր, որ այդ ամենը հոգնածության մղձավանջ էր եղել։ Նա շտապեց նավակների կողմը, որոնք լողում էին դեպի մյուս ափը և ընկավ տոնահանդեսի ճիշտ մեջտեղը, սակայն խոսակցությունների ու սրնգահնչյունների մեջ անգամ նա մշտապես լսում էր օտարականի խորհրդավոր ձայնը, և իր հոգին ասես անհետացած֊հեռացած լիներ նրա հետ։ Իր օտարոտի ու երազկոտ աչքերը լույսերին հառած՝ նա տեղ զբաղեցրեց խրախճացողների շրջանում, որոնք իրենց սիրահարված հայացքներով նյարդայնացնում ու բարկացնում էին պատանուն։

Քիչ օրեր անց Հան Ֆոկի հայրը ուզում էր հրավիրել հարազատներին ու բարեկամներին ամուսնության օրը որոշելու համար։ Հանկարծ փեսացուն հակառակվեց ու ասաց․
— Ների՛ր ինձ, եթե հնազանդության դեմ եմ մեղանչում, ըստ որի որդին պարտ է հլու֊հնազանդ լինել հոր կամքին։ Աակայն դու գիտես, թե որքան շատ եմ տենչում բանաստեղծական արվեստի մեջ աչքի ընկնել։ Իմ ընկերներից ոմանք երբեմն նույնիսկ գովում են իմ բանաստեղծությունները, բայց ես հո լավ գիտեմ, որ դեռևս սկսնակ եմ այդ գործում և ճանապարհի ամենասկզբնական աստիճանին եմ գտնվում։ Այդ պատճառով էլ, խնդրում եմ, թո՛ւյլ տուր ինձ մի որոշ ժամանակ էլ դեռ միայնության մեջ ապրեմ և անձնատուր լինեմ իմ ուսումին, որովհետև ինձ թվում է, որ եթե ես հենց միայն կին և տուն կառավարելու լինեմ, չեմ կարողանա զբաղվել իմ նախասիրած գործով։ Այժմ ես դեռևս երիտասարդ եմ և ուրիշ պարտականություններ չունեմ և կուզեի դեռ միառժամանակ սոսկ իմ բանաստեղծական արվեստին ապավինել, որից ինձ համար մեծ երջանկություն ու հռչակ եմ ակնկալում։

Այս խոսքերը զարմացրին հորը, և նա ասաց․
— Այդ արվեստը պետք է որ քեզ համար ամեն ինչից սիրելի լինի, եթե նրա պատճառով նույնիսկ քո հարսանիքն ես ուզում հետաձգել։ Կամ գուցե ինչ֊որ բան է տեղի ունեցել քո և հարսնացուիդ միջև, այդ դեպքում ասա՛ ինձ, որպեսզի կարողանամ ձեզ օգնել, իրար հետ հաշտեցնել, կամ էլ գուցե մեկ ուրիշին գտնել քեզ համար։

Որդին սակայն երդվեց, որ ինքը իր հարսնացուին առաջվա պես սիրում է, սիրելու է և որ վեճի ստվերները իրենց միջև չեն ընկել։ Ապա հորը պատմեց, թե ինչպես ջահերի տոնահանդեսի օրը տեսիլքի միջոցով մի վարպետ է իրեն հայտնվել, որին ինքն այժմ անձկությամբ, աշխարհային բոլոր բարիքներից առավել աշակերտել է ցանկանում։

— Շատ լավ,— ասաց հայրը,— ես քեզ տալիս եմ մեկ տարի ժամանակ։ Այդ ընթացքում դու կարող ես գնալ քո երազանքի ետևից, որն, ո՞վ գիտե, գուցե Աստծո կողմից է քեզ համար նախասահմանված։

— Գուցե նույնիսկ երկու տարի պահանջվի,— ասաց Հան Ֆոկը վարանելով,— ո՞վ իմանա։

Այնուհետև հայրը ճանապարհ դրեց որդուն ու տրտմեց, իսկ երիտասարդը մի նամակ գրեց իր հարսնացուին, հրաժեշտ տվեց նրան և հեռացավ։

Բավական երկար թափառելուց հետո նա հասավ գետի ակունքին և խորին միայնության մատնված մի բամբուկե հյուղակ գտավ, իսկ հյուղակի առջև՝ հյուսած խսիրի վրա, նստած էր այն ծերունին, որին ինքը տեսել էր գետափին՝ ծառաբնի մոտ։ Նա նստել ու վին էր նվագում ու երբ նկատեց ակնածանքով իրեն մոտեցող հյուրին, տեղից չշարժվեց և մինչ եկվորը կողջուներ իրեն, ծերունին ժպտաց, ու նուրբ մատները վազեցին լարերի վրայով։ Կախարդիչ երաժշտությունը հալվեց֊անէացավ, ինչպես արծաթե ամպը հովտի մեջ։ Իսկ երիտասարդը կանգնել ու հմայված լսում էր՝ այդ քաղցր զմայլանքի մեջ մոռանալով ամեն֊ամեն ինչ, մինչև որ ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ իր փոքրիկ վինը մի կողմ դրեց և հյուղակը մտավ։ Պատկառանքի արտահայտությունը դեմքին՝ Հան Ֆոկը հետևեց ծերունուն և մեկընդմիշտ մնաց նրա մոտ՝ որպես սպասավոր ու աշակերտ։

Անցավ մեկ շաբաթ. նա բոլորովին մոռացության մատնեց այն բանաստեղծությունները, որ մի ժամանակ ինքն էր հորինել, դրանք առհասարակ ջնջեց իր մտածությունների ոլորտից։ Իսկ ամիսներ անց նրա հիշողությունից ջնջվեցին նաև այն երգերը, որ իր ծննդավայրի ուսուցիչներից էր սովորել։ Վարպետը նրա հետ դեռ ոչ մի բառ չէր փոխանակել և լռելյայն ուսուցանում էր վին նվագելու արվեստը այնքան ժամանակ, մինչև որ աշակերտի միտքն ամբողջովին համակվեց երաժշտությամբ։

Մի անգամ Հան Ֆոկը մի փոքրիկ բանաստեղծություն հորինեց, որի մեջ նկարագրում էր երկու թռչունների թռիչքը աշնանային երկնքում։ Այն իրեն շատ էր դուր գալիս, բայց չհամարձակվեց բանաստեղծությունը Վարպետին ցույց տալ։ Սակայն մի երեկո, երբ խրճիթի առաջ նստած երգում էր իր ստեղծագործությունը, Վարպետը լսեց այն։ Բայց ոչինչ չասաց։ Ֆոկը շարունակում էր ցածրաձայն երգել վինի նվագակցությամբ, երբ հանկարծ օդը մի պահ սառեց, և մթնշաղը փութով իջավ, սաստիկ քամի բարձրացավ՝ չնայած դեռ ամսվա կեսն էր, մոխրագույն դարձած երկնքում ծածանվեցին զույգ ձկնկուլների թևերը՝ թափառաշրջիկների վիթխարահսկա կարոտախտով վարակված։ Այդ ամենը այնքան հրաշալի էր ու կատարյալ, իսկ և իսկ պատանու բանաստեղծությունների պես, որ նա տխրամած լռեց՝ զգալով իր արվեստի անարժեքությունը։ Այդպես էր ուսուցանում ծերունին։ Երբ մի տարին անցավ՝ Հան Ֆոկն արդեն կատարելապես տիրապետում էր վին նվագելուն, իսկ, այ, բանաստեղծելու արվեստը նա շատ ավելի դժվար, ավելի վսեմ ու բարձր էր համարում։ Երբ անցավ երկու տարի՝ պատանի Ֆոկը մի անդիմադրելի կարոտ զգաց յուրայինների, իր հայրենիքի ու հարսնացուի հանդեպ։ Նա Վարպետին խնդրեց թույլ տալ իրեն ճանապարհ ընկնել։

Վարպետը ժպտաց և գլխով հավանության նշան արեց։
— Դու ազատ ես,— ասաց նա,— և կարող ես գնալ ուր ուզում ես։ Դու կարող ես վերադառնալ կամ ոչ, ինչպես կուզես, դու ես այսուհետ քո ճակատագրի տերը։

Այնժամ աշակերտը ճանապարհ ընկավ։ Առանց դադար առնելու նա թափառում էր, մինչև որ մի առավոտ, մթնշաղի դեմ կանգ առավ հայրենի եզերքում և կորնթարդ կամրջի վրայից նայեց հարազատ քաղաքի կողմը։ Գողունի սողոսկեց հորենական այգուց ներս և պատուհանի միջից լսեց ննջասենյակից եկող հոր շնչառության ձայնը՝ նա դեռ քնած էր: Ապա գաղտագողի խորացավ ծառաշատ այգու մեջ, մոտեցավ իր հարսնացուի տանը և տանձենու կատարից տեսավ նրան, որ սենյակում կանգնած մազերն էր սանրում։ Երբ աչքի տեսածը համեմատեց այն պատկերների հետ, որ ինքն էր գեղագրել իր հայրենաբաղձության ապրումներում, նրա համար պարզ դարձավ, որ ինքն արդեն իսկական բանաստեղծ է, հասկացավ, որ բանաստեղծի անուրջներում մի այնպիսի գեղեցկություն ու թովչանք է ապրում, որպիսին մարդ զուր է փնտրում իրականության մեջ։ Ցած իջավ ծառից, այգուց դուրս փախավ և հայրենի քաղաքի կամրջի վրայով կրկին վերադարձավ լեռներում տարածված բարձրադիր հովիտը։ Այնտեղ, իր հյուղակի առջև, հյուսածո խսիրի վրա առաջվա պես նստած էր ծերունին ու մատներով վինի լարերին էր հարվածում։ Ողջույնի փոխարեն նա արվեստի երջանկություն պարգևող էության վերաբերյալ երկու բանաստեղծություն արտասանեց, որոնց խորը, բարեհունչ ու ներդաշնակ ելևէջումներից ու իմաստներից պատանու աչքերը արցունքներ կալվեցին։

Հան Ֆոկը կրկին մնաց ԿԱՏԱՐՅԱԼ ԽՈՍՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԻ մոտ, որը նրան այժմ, քանի որ ինքն արդեն տիրապետում էր վինին, կիթառ նվազելու արվեստն էր դասավանդում։ Ամիսները հալվեցին֊կորան, ինչպես ձյունը արևմտյան քամու շնչից։ Այս էլ արդեն երկրորդ անգամն էր, որ նա իր մեջ հաղթահարեց հայրենաբաղձության զգացումը։ Առաջին անգամ նա գիշերով թաքուն դուրս վազեց, բայց դեռ հազիվ էր հասել հովտի վերջին թեքվածքին, երբ գիշերային քամին անցավ հյուղակի դռնից կախ ընկած կիթառի լարերի վրայով, հնչյունները սահեցին նրա ետևից և ետ կանչեցին նրան․ նա անկարող էր դիմադրել։ Մյուս անգամ, սակայն, նրա անուրջներում պատկերացավ, թե իբր ինքը մի մատղաշ ծառ է տնկում իր այգում, կինը կանգնած է կողքին, իսկ երեխաները ջրում են այդ ծառը գինով ու կաթով։ Երբ սթափվեց, թվաց, թե լուսինը շրջում է իր սենյակում։ Վրդովված վեր կացավ ու իր կողքին տեսավ Վարպետին՝ պառկած նիրհելիս։ Նրա մոխրագույն մորուքը հանդարտ ալեկոծվում էր։ Հանկարծ Հան Ֆոկը ամենադառն ատելություն զգաց դեպի այդ մարդը, որը, ինչպես ինքն էր կարծում, փշրել էր իր կյանքը և իր առջև բացել անմխիթար ապագայի դռները։ Հան Ֆոկի մտքովն անցավ ընկնել նրա վրա և սպանել, սակայն ալևորը բաց արեց աչքերը և սկսեց մի շատ նրբին ու տխուր հեզությամբ ժպտալ, և դա աշակերտին զինաթափ արեց։

— Հիշի՛ր, Հան Ֆոկ,— ասաց ծերունին ծուլորեն,— դու ազատ ես անելու այն, ինչ քեզ հաճելի է թվում։ Դու կարող ես գնալ քո հայրենիքը և ծառեր աճեցնել, դու կարող ես ինձ ատել և սպանել, բայց դրանից ոչինչ չի փոխվի։

— Ա՜խ, ինչպես կարող եմ ես քեզ ատել,— բղավեց բանաստեղծը՝ մի դյուրագրգիռ շարժում անելով։— Դա նույնն է, թե ես ցանկանայի ատել հենց իրեն՝ երկնքին։

Նա մնաց ու սովորեց կիթառ նվազել, ապա և՝ սրինգ, իսկ ավելի ուշ, Վարպետի հրահանգով, սկսեց բանաստեղծություններ հորինել և կամաց֊կամաց տիրապետեց այդ գողտրիկ արվեստին, այն է՝ ողջը միայն պարզ ու անպաճույճ ձևի մեջ մատուցել, դրանով իսկ գրգռել ունկնդրի հոգին, ինչպես որ ջրի հայելին է ալեկոծվում քամուց։ Նա նկարագրում էր արևածագը, թե ինչպես է լեռների ստորոտից արևը դանդաղ վեր բարձրանում, ձկների համր ու փութկոտ շարժումները, երբ նրանք ստվերների պես շուռումուռ են գալիս ջրի մեջ, կամ էլ երիտասարդ ուռենու օրորվելը գարնանային քամուց։ Դա ոչ միայն արևն էր ու ձկների խաղը և կամ միայն ուռենու շշնջոցը, այլ, թվում էր, թե երկինքն ու երկիրն էին մշտապես, պահի հավերժությամբ արբած, մի կատարյալ երաժշտության մեջ դաշնաձայնում։ Յուրաքանչյուր ունկնդիր դրա միջոցով խորհում էր, ուրախության ու ցավի փոփոխական զգացումներով, թե ինչն էր ինքը սիրում կամ ատում, երեխան խաղի մասին էր մտածում, երիտասարդը՝ սիրուհու, ծերունին՝ մահվան։

Հան Ֆոկը այլևս չիմացավ, թե որքան տարիներ ինքը մնաց Վարպետի մոտ՝ Մեծ գետի ակունքներում։ Հաճախ նրան թվում էր, թե դեռ երեկ երեկոյան էր, որ ոտք դրեց այս հովիտը և հափշտակվեց ծերունու նվագով։ Սակայն ավելի հաճախ նրան պատկերանում էր, թե իր թիկունքում մնացած բոլոր մարդկային հասակները և բոլոր ժամանակները թոթափվել են իր ուսերից ու անէացել։

Մի օր էլ առավոտյան կողմ արթնանալով՝ նա իրեն միայնակ գտավ հյուղակում և ուր էլ որ փնտրեց ու կանչեց, պատասխան չեղավ, Վարպետն անհետացել էր։ Գիշերը հանկարծ թվաց, թե աշուն է եկել, մի սաստիկ քամի ցնցեց հին հյուղակը, լեռնաշղթայի գագաթներից վեր խոյացան չվող թռչունների մեծաքանակ երամները, թեև դեռ նրանց չվելու ժամանակն էլ չէր։

Մի օր էլ Հան Ֆոկը առավ փոքրիկ վինը ու ցած իջավ դեպի իր հայրենի երկիրը։ Ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ նրան ողջունում էին այնպես, ինչպես միայն ալևորներին ու նշանավոր մարդկանց են մեծարում։ Երբ նա եկավ իր հայրենի քաղաքը, հայրը, հարսնացուն և ողջ տոհմակիցներն արդեն մահացել էին, օտար մարդիկ էին բնակվում նրանց տներում։ Երեկոյան, սակայն, գետի վրա պետք է շահերի տոնահանդեսը կատարվեր։ Բանաստեղծ Հան Ֆոկը կանգնած էր գետի մյուս ափին, մի հինավուրց ծառի բնին կռթնած, և երբ սկսեց նվագել իր փոքրիկ վինը՝ կանայք հառաչեցին, զմայլված և քիչ երկյուղած հայացքներ նետեցին գիշերվա մեջ, երիտասարդները ձայնեցին վինահարի կողմը, որին այդպես էլ ոչ մի տեղ չկարողացան գտնել։ Բարձրաձայն կանչեցին նրան, որովհետև նրանցից դեռևս ոչ ոք երբեք չէր լսել վինի այդպիսի դյութիչ հնչյուններ։ Իսկ Հան Ֆոկը ժպտում էր։ Նա հայացքն ուղղեց դեպի գետը, ուր հազարավոր ջահերի արտացոլանքներ էին շողարձակում. նա այլևս չէր կարողանում արտացոլանքները իրական ջահերից զանազանել։ Իր հոգում նա այդպես էլ չկարողացավ որևէ տարբերություն գտնել այս տոնակատարության և այն առաջինի միջև, երբ ինքը, իր պատանության օրերին, նույն այս տեղում կանգնած, լուռ ունկնդրում էր օտարոտի ու անծանոթ Վարպետի խոսքերը։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s