Պատահարներ: Դանիել Խարմս

desktop8

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ, ՈՐ ԶԱՐՄԱՑՐԵՑ ՊԱՀԱԿԻՆ

— Այ թե ինչ,— ասաց պահակը` զննելով ճանճին, ախր սրան որ ատաղձագործական սոսինձ քսենք, հավանաբար, սրա վերջը կգա: Այ թե պատմություն կլինի: Մի սովորական սոսնձից:
— Է՜յ, դու, անտառապահ,— ձայն տվեց պահակին երիտասարդը` դեղին ձեռնոցներով: Պահակն անմիջապես հասկացավ, որ այդ իրեն են դիմում, բայց շարունակեց ճանճին դիտել:
— Քեզ հետ չե՞նք, ի՛նչ է,— նորից բղավեց երիտասարդը:
— Անասո՛ւն:
Պահակը մատով ճզմեց ճանճին և, գլուխը երիտասարդի կողմը չշրջելով, ասաց.
— Դու ի՛նչ ես, անամոթ, ղժղժոցդ դրել, լսում եմ, էլի: Գոռգոռալու կարիք չկա:
Դեղին ձեոնոցներով երիտասարդը թափ տվեց անդրավարտիքը և քաղաքավարի ասաց.
— Ասացեք, պապիկ, այստեղից ինչպես գնամ երկինք:
Պահակը նայեց երիտասարդին, կկոցեց մի աչքը, հետո կկոցեց մյուս աչքը, հետո քորեց մորուքը, մի անգամ ևս նայեց երիտասարդին ու ասաց.
— Դե, այստեղ հապաղելու բան չկա, անցիր գնա՛:
— Ներեցեք,— ասաց երիտասարդը,— ախր ես շտապ գործով եմ:
— Այնտեղ ինձ համար սենյակ են առանձնացրել:
— Լավ,— ասաց պահակը,— տոմսդ ցույց տուր:
— Տոմսն ինձ մոտ չէ. նրանք ասացին, որ ինձ առանց դրա էլ կթողնեն,— ասաց երիտասարդը փորձելով պահակի դեմքից գուշակել պատասխանը:
— Այ թե ինչ,— ասաց պահակը:
— Դե ի՞նչ,— հարցրեց երիտասարդը,— թույլ կտա՞ք անցնեմ:
— Լա՛վ, լա՛վ,— ասաց պահակը,— անցեք:
— Ինչպե՞ս անցնեմ: Ո՞ր կողմը,— հարցրեց երիտասարդը:
— Ախր ես հենց ճանապարհը չգիտեմ:
— Ձեզ ո՞ւր է պետք,— խստադեմ հարցրեց պահակը:
Երիտասարդը ափով փակեց բերանը և շատ կամաց ասաց.
— Երկինք:
Պահակը, ավելի ամուր կանգնելու համար, աջ ոտքը մեկնեց առաջ, ուշադիր նայեց երիտասարդին ու խիստ ասաց.
— Դու, ինչ է, հիմար ես ձևանում:
Երիտասարդը ժպտաց, բարձրացրեց դեղին ձեռնոցով ձեռքը, թափահարեց գլխավերևում ու հանկարծ անհետացավ:
Պահակը հոտոտեց օդը: Օդից խանձված փետուրի հոտ էր գալիս:
— Այ թե ինչ,— ասաց պահակը, արձակեց բաճկոնի կոճակները, քորեց փորը, թքեց այնտեղ, որտեղ քիչ առաջ կանգնած էր երիտասարդը և դանդաղ գնաց իր պահակատունը:

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Անդրեյ Անդրեևիչ Մյասովը շուկայից գնում է պատրույգ ու տուն տանում: Ճանապարհին Անդրեյ Անդրեևիչը կորցնում է պատրույգը և մտնում խանութ` գնելու հարյուր հիսուն գրամ պոլտավական երշիկ: Հետո Անդրեյ Անդրեևիչը մտնում է կաթմիություն և գնում մեկ շիշ կեֆիր, ապա կրպակում խմում է մեկ գավաթ հացի կվաս և կանգնում թերթի հերթ: Հերթը բավական երկար է լինում, և Անդրեյ Անդրեևիչը հերթում մոտ քսան րոպե կանգնած է մնում, բայց երբ հասնում է թերթավաճառին, հենց նրա քթի տակ վերջանում են թերթերը:
Անդրեյ Անդրեևիչը մի որոշ ժամանակ դոփում է տեղում և գնում տուն, բայց ճանապարհին կորցնում է կեֆիրը և դառնում դեպի բուլկեղենի խանութ, գնում է ֆրանսիական բուլկի, բայց կորցնում է պոլտավական երշիկը:
Այնժամ Անդրեյ Անդրեևիչը գնում է տուն, բայց ճանապարհին ընկնում և կորցնում է ֆրանսիական բուլկին ու կոտրում քթակնոցը: Անդրեյ Անդրեևիչը տուն է վերադառնում խիստ զայրացած և անմիջապես պառկում քնելու, բայց երկար ժամանակ չի կարողանում քնել, իսկ երբ քնում է, երազ է տեսնում, իբր կորցրել է ատամի խոզանակը և ատամները մաքրում է ինչ-որ մոմակալով:

ՔՈՒՆԸ ԿԱՏԱՂԵՑՆՈՒՄ է ՄԱՐԴՈՒՆ

Մակարովը հանեց սապոգները և հորանջելով պառկեց բազմոցին: Նա ցանկանում էր քնել, բայց երբ փակեց աչքերը, քնելու ցանկությունն անմիջապես անցավ: Մակարովը բացեց աչքերը և ձեռքը երկարեց դեպի գիրքը, բայց քունը նորից վրա տվեց, և, դեռ գրքին չհասած, Մակարովը պառկեց ու նորից փակեց աչքերը: Բայց հենց աչքերը փակվեցին, քունը նորից փախավ, և նրա միտքն այնքան պարզ դարձավ, որ Մակարովը մտովի կարող էր երկու անհայտով հանրահաշվական հավասարում լուծել: Երկար տառապեց Մակարովը` չիմանալով ինչ անել. քնե՞լ, թե՞ չքնել: Վերջապես տանջված և իր ու սենյակի նկատմամբ ատելությամբ լցված, Մակարովը հագավ վերարկուն ու գլխարկը, վերցրեց ցուպը և փողոց դուրս եկավ: Զով քամին հանգստացրեց Մակարովին, նրա հոգին լցրեց բերկրանքով, և նա ցանկացավ տուն վերադառնալ:
Մտնելով սենյակ, նա մարմնում հաճելի հոգնածություն զգաց և ցանկացավ քնել:
Բայց հենց պառկեց բազմոցին ու փակեց աչքերը, քունն իսկույն չքացավ:
Մակարովը բազմոցից կատաղությամբ վեր թռավ և, առանց գլխարկի ու վերարկուի, սլացավ Տավրիչյան այգու ուղղությամբ:

ԱՆԿՈՒՄ

Երկու մարդ ընկան տանիքից: Երկուսն էլ ընկան հինգհարկանի նորակառույց շենքի տանիքից: Կարծեմ` դպրոցի: Նրանք նստած դիրքով սահեցին մինչև տանիքի եզրը, որտեղից և սկսվեց անկումը: Նրանց անկումը ամենից առաջ նկատեց Իդա Մարկովնան: Նա կանգնած էր հանդիպակաց շենքի պատուհանի մոտ և խնչում էր բաժակի մեջ: Եվ նա հանկարծ նկատեց, որ ինչ-որ մեկը դիմացի շենքի տանիքից ընկնում է: Ուշադիր դիտելով, Իդա Մարկովնան տեսավ, որ ընկնում են միանգամից երկուսը, իրեն լրիվ կորցնելով` Իդա Մարկովնան վրայից պոկեց վերնաշապիկը և սկսեց դրանով արագ-արագ մաքրել պատուհանի քրտնած ապակին, որպեսզի լավ տեսնի, թե ովքեր են ընկնում: Սակայն, գիտակցելով, որ, հավանաբար, ընկնողները կարող են իրենց կողմից իրեն մերկ տեսնել և իր մասին չգիտես թե ինչ մտածել, Իդա Մարկովնան ետ ցատկեց պատուհանի մոտից և թաքնվեց հյուսածո եռոտանու ետևում, որի վրա ինչ-որ ժամանակ ծաղկաման էր դրվել:
Այդ ընթացքում տանիքից ընկնողներին նկատեց մեկ այլ անձնավորություն, որն ապրում էր այն նույն շենքում, ուր և Իդա Մ արկովնան էր, բայց միայն երկու հարկ ներքև: Այդ անձնավորությանը նույնպես Իդա Մարկովնա էին կոչում: Հենց այդ ժամանակ նա ոտքերը կախ նստած էր լուսամուտագոգին և կոշիկին կոճակ էր կարում: Նայելով պատուհանից, նա տեսավ տանիքից ընկնողներին: Իդա Մարկովնան վնգստաց և, վեր թռչելով լուսամուտագոգից, սկսեց շտապով բացել պատուհանը, որպեսզի լավ տեսնի, թե ինչպես են տանիքից ընկնողները բախվում գետնին: Սակայն պատուհանը չէր բացվում: Իդա Մարկովնան անմիջապես հիշեց, որ ինքը պատուհանը ներքևից մեխել էր, և նետվեց դեպի վառարանը, ուր պահում էր գործիքները’ չորս մուրճ, դուր և աքցան:
Ճանկելով աքցանը, Իդա Մարկովնան նորից վազեց դեպի պատուհանը և իսկույն դուրս քաշեց մեխը: Հիմա արդեն պատուհանի փեղկերը հեշտությամբ ու լայնորեն բացվեցին: Իդա Մարկովնան դուրս ցցվեց պատուհանից և տեսավ, թե ինչպես էին տանիքից ընկնողները սուլոցով սուրում դեպի ներքև: Փողոցում արդեն փոքրիկ ամբոխ էր հավաքվել: Արդեն սուլոց-ներ էին լսվում, և սպասվելիք դեպքի վայրին էր մոտենում կարճահասակ միլիցիոները: Քթեղ դռնապանը մարդկանց հրմշտելով այս ու այն կողմ էր վազվզում` հասկացնելով նրանց, որ տանիքից ընկնողները կարող են բախվել հավաքվածների գլխներին:
Այդ ընթացքում արդեն երկու Իդա Մարկովնաներն էլ, մեկը` հագուստով, մյուսը` մերկ, պատուհանից դուրս ցցված ճղճղում էին ու ոտքերով դոփում:
Եվ ահա, վերջապես, ձեռքերը լայն բացած և աչքերը չռած` տանիքից ընկնողները բախվեցին գետնին:
Այդպես էլ մենք ենք, երբեմն, ընկնելով նվաճումների բարձունքներից, բախվում մեր ապագայի մռայլ վանդակին:

ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ

Սեմյոն Սեմյոնովիչը, դնելով ակնոցը, նայում է սոճուն ու տեսնում, որ սոճու վրա նստած է մի մարդ ու բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը, հանելով ակնոցը, նայում է սոճուն ու տեսնում, որ սոճու վրա ոչ ոք նստած չէ:
Սեմյոն Սեմյոնովիչը, դնելով ակնոցը, նայում է սոճուն ու տեսնում, որ սոճու վրա նստած է մի մարդ ու բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը, հանելով ակնոցը, նորից է տեսնում, որ սոճու վրա ոչ ոք նստած չէ:
Սեմյոն Սեմյոնովիչը, նորից դնելով ակնոցը, նայում է սոճուն ու նորից տեսնում, որ սոճու վրա նստած է մի մարդ ու բռունցք է ցույց տալիս:
Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երևույթին և երևույթը համարում է տեսողական խաբկանք:

Ռուսերենից թարգմանեց Արմեն Գևորգյանը

Գոյություն ունի լեգենդ, ըստ որի մի անգամ Դանիիլ Խարմսը դուրս է եկել տնից, գնացել, ինքն էլ չիմանալով, թե ուր, և կորել է: Լեգենդը թույլ է տալիս ենթադրել, որ հիմա Ռուսիայի տարածքում շրջում է մի սպիտակահեր ծերունի` 1920-30-ական թվականների ռուսական գրականության ամենաանսովոր պոետներից, արձակագիրներից և ամենահանրահայտ մանկագիրներից մեկը:
Դ. Խարմսը հարում է ОБЭРИУТ-ների խմբին, ուր ընդգրկված էին Ա. Վվեդենսկին, Ն. Զաբոլոցկին, նաև` Ն. Օլեյնիկովը, Կ. Վագինովը, որոնք աբսուրդի գրողներ էին:
«Ինձ միայն «անհեթեթությունն» է հետաքրքրում,— ասում է Խարմսը,— միայն այն, ինչը ոչ մի գործնական իմաստ չունի: Ինձ կյանքը հետաքրքրում է միայն իր անիմաստ դրսևորումներով»:
30-ական թվականներին Դ. Խարմսը ստեղծում է պատումների ու տեսիլների «Պատահարներ» շարքը, որոնցից մի քանիսը թարգմանաբար ներկայացնում ենք:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s