Փեսաս մի բեռ ցախ գողացավ: Վասիլի Շուկշին

1343196806_shukshin_cr11Վենյա Զյաբլիցկին՝ փոքր֊մոքր, նյարդային, պոռթկուն մի տղամարդ, տանը մեծ կռիվ սարքեց կնոջ ու զոքանչի հետ։

Գործից տուն եկավ ու պարզեց, որ իր համար կաշվե վերարկու գնելու նպատակով հավաքած դրամը կինը՝ Սոնյան, լրիվ քամուն է տվել և արհեստական կարակուլից մուշտակ գնել։ Սոնյան այսպես բացատրեց.

— Ասեմ ինչ, հանկարծ ստացան, բոլորն սկսեցին խլխլել․․․ Ես էլ մտածեցի, մտածեցի ու ինքս էլ առա։ Վեն, ոչի՞նչ, հա՞։

— Առա՞ր։– Վենյան չարացած կնճռոտվեց։— Լավ ա, գոնե սկզբից մտածեցիր, հետո առար։— Վենյայի երազանքը՝ կաշվե վերարկուն հագին, կոճակները բաց, հանգստյան օրով գյուղամիջով երբևիցե քայլելը, մնաց հեռու֊հեռվում։– Շնորհակալ եմ։ Մտածել ես մարդուդ մասին․․․ Ես քու մերը․․․

― Ինչ ես ասում։

― Ոչ մի բան, ամեն ինչ կարգին ա։ Ասում եմ՝ շնորհակալ եմ։

― Էլ ինչի՞ ես բերանդ շաղ տալիս։

― Ո՞վ ա շաղ տալիս։ Ասում եմ՝ ամեն ինչ կարգին ա։ Չեմ տեսնո՞ւմ, հագիդ բան չկա, բա մուշտակ չունենա՞ս․․․ Առանց մուշտակ հո չե՞ք կարա դուք։ Էդ ո՞նց կարելի ա ձեզ առանց մուշտակ․․․ Ձրիակեր շան որդիք։

Կլորերես, հաստամարմին Սոնյան վազ ավեց մոր մոտ՝ բողոքելու։

― Մամ, դու մի տես դրա արածը՝ մուշտակի համար բերանն եկածն ասեց։— Սոնյան արդեն երեսուն տարեկան է, բայց ամեն առիթով փոքր երեխայի պես վազում է մոր մոտ՝ բողոքելու։— Ասեց՝ ձրիակեր շան որդիք։

Խորքի սենյակից դուրս եկավ զոքանչը՝ նույնպես կլորերես, վաթսուն տարեկան, առողջությունը՝ տեղը, բնավորությունը՝ տեղը, կյանքի մասին պատկերացումը՝ տեղը, մի խոսքով, ամեն ինչով պինդ ու հաստատ։

― Էդ Ի՞նչ ա եղել, Վենիամին,— ասաց նա կշտամբանքով։― Քո տեղակ մեկ ուրիշը կուրախանար․․․

― Բա չեմ ուրախանո՜ւմ։ Էնքան ուրախ եմ, որ հրես տկլորանամ ու գեղամիջով մի երկու պտույտ տամ ուրախությունից։

― Թե որ չես հասկանում, ուրեմն լսի՝ ինչ են ասում,― ձայնը բարձրացրեց զոքանչը։— Սիրուն, հագած֊կապած կնիկն իրա մարդու զարդն ա։ Էդ մասին որ մտածեիր, վատ չէր լինի առանձնապես մի սֆաթ չունես․․․

Վենյայի արտաքինն իսկապես նախանձելի չէր (հասակը՝ կարճ, լղարիկ, մազերը՝ գորշ․․․ Դեռ ավելին, կաղ էր. պատանի հասակում կցասայլի բանվոր էր, գիշերը ննջել էր, ընկել ակոսի մեջ, խոփն անցել էր ոտքի վրայով), և երբ նրան հիշեցնում էին, որ ինքը տգեղ է, զայրույթից սկսում է ցնցվել։

― Բա ո՜նց, դուք հո լավ գիտեք, թե մարդկանց ոնց են զարդարում։ Երկսին արդեն զարդարել եք․․․— Թե Վենյայի աները, թե Սոնյայի նախկին ամուսինը նստած էին բանտում։ Աները՝ վատնումների համար, Սոնյայի ամուսինը՝ հարբած վիճակում կռիվ անելու։ Գյուղում փսփսում էին․ Լիզավետա Վասիլևնան՝ զոքանչը, նպաստել էր թե ամուսնու, թե փեսայի բանտարկությանը։

― Ձե՛նդ,― խստորեն ասաց Լիզավետա Վասիլևնան։– Թե չէ լեզուդ կտրել կտամ․․․ Կաթնակե՛ր։ Փսլնքո՛տ։

Կատաղությունից Վենյան ասես օդ բարձրացավ․․․ Եվ վերևից, բարձրից, բազեի պես պտույտ տվեց զոքանչի վրա։

— Բա դո՞ւ ինչի ես ձենդ գլուխդ գցել։ Ի՞նչ ես էստեղ ձենդ գլուխդ գցել։ Քավթառ բոզ․․․

Սոնյան դեռ չգիտեր, որ դրա համար կարելի է բանտ նստեցնել։ Միայն շատ վիրավորվեց մոր համար։

— Օ՜յ, ջահելիս տեսեք․․․– բացականչեց նա։— Ախր, քսանութ տարեկան ես, բայց վրիցդ քրտնած էծի հոտ ա գալիս։

Զոքանչն, ընդհակառակն, հասկացավ, որ դրա համար արդեն կարելի է բանտ նստեցնել։

— Լա՜վ․․․ Ինչ ասի՞ր։ Բո՞զ։ Լա՜վ։ Բո՞զ։ Լա՜վ։ Վկաների մոտ։— Վազ տվեց սենյակ՝ միլիցիա դիմում գրելու։— Էդ խոսքիդ համար կստանա՜ս,— բարձրաձայն, խռպոտած խոսում էր այնտեղից։— Կստանա՜ս․․․

— Գրի, գրի, սովոր ձեռ ա, գրի։— Վենյան, ճշմարիտն ասած, մի քիչ վախեցավ։ Սատանան տանի դրան, շրջանի ամբողջ ղեկավարության հետ ծանոթ է։— Քեզ համար մարդ նստեցնելը՝ ոնց որ մի բաժակ ջուր խմես։

— Ես առաջին կոլխոզները ստեղծեմ, դու՝ ինձ բո՜զ ասես,― բարձրաձայն բղավեց զոքանչը, հայտնվելով դռան առաջ։

― Իմ մասին էլ թերթում գրել են, որ կաղ ոտքովս մեքենա եմ քշում,— նույնպես բղավեց Վենյան։ Ու բռունցքով խփեց կրծքին։— Տասնհինգ տարվա ստաժ էլ ե՛ս ունեմ։

― Ոչինչ, էնտեղ քեզ պետք կգա։

Վենյան նորից պայթեց, վախը մոռացավ։

― Էդ որտե՞ղ՝ էնտեղ։ Որտե՞ղ, հը՞, բոզ։ Առաջ նստացրո՜ւ․․․ Հետո կմտածեմ, թե որտեղ պետքս կգա, որտեղ՝ չէ։ Նստացնողի՜ս տեսեք․․․

― Կնստացնե՜նք,― կրկին ձայնը դողացնելով խոստացավ զոքանչը։ Եվ գնաց դիմումը գրելու։ Բայց անմիջապես ետ եկավ ու սկսեց բղավել։— Մի բեռ ցախ բերե՞լ ես։ Որտեղի՞ց ես բերել։ Ցախը որտեղի՞ց բերիր։

— Բերի, որ քե՛զ տաքացնեմ․․․

— Որտեղի՞ց,— ամբողջ ուժով գոռում էր Լիզավետա Վասիլևնան։

— Առա։

— Ո՞ր փողերով։ Ռոճիկդ լրի՜վ տուն բերիր։ Պետական անտառում ձրի կտրեցիր։ Մի բեռ ցախ ես գողացել։

— Լավ, ասենք թե։ Էդ ինչի՞ միանգամից չհայտնեցիր։ Էդ ո՞նց եղավ՝ ցախը վառեցիր ու ձենդ կտրիր։

— Հիմի նոր հասկացա, թե ում հետ ենք ապրում մի հարկի տակ։

— Է՜֊է՜․․․ պոչ չխաղացնես։ Թե որ նստելու հաշիվ կա, երկուսով կնստենք, ես գողացել եմ, դու՝ գողացածը բանացրել։ Ինձ՝ երեք տարի, քեզ՝ ամենաքիչը, տարիուկես։ Այ ըտենց։ Մենք էլ օրենք գիտենք։

— Չէ֊է՛, հլա որ չգիտե՜ս․․․ Կնստես մի քիչ էնտեղ, նոր կիմանաս։

Զոքանչն, իրոք, դիմումն առած, գնաց շրջկենտրոն, միլիցիա։ Բայց մի բեռ ցախի մասին, ըստ երևույթին, չասաց։ Այնտեղ նրան խորհուրդ տվեցին բողոքել սովխոզի դիրեկցիային, քանի որ առայժմ առկա է ընտանեկան վեճուկռիվ, ոչ ավելի։ Իսկապես, հո չի կարելի առաջին իսկ դիմումի համաձայն, քրեական պատասխանատվության կանչել մարդուն։ Եթե դա կրկնվի և եթե նա հարբած լինի․․․ Լիզավետա Վասիլևնան շտապեց դիրեկցիային հանձնել բողոքը։

Վենյային կանչեցին։

Դիրեկտորի տեղակալի առջև դրված էր զոքանչի դիմումը, իսկ դեռևս երիտասարդ այդ ղեկավարին Վենյան հարգում էր երիտասարդ լինելու, նաև խելացիության համար։

— Այդ ի՞նչ է եղել։ Բողոքում են, ահա․․․

— Բողոքո՜ւմ են․․․ Իրանք հագած֊կապած, ոնց որ․․․ ամեն ինչ ունեն,— սկսեց անկեղծորեն պատմել Վենյան։— Իսկ ես, հրե՜ս, ինչ որ հագիս ա, էդ ա։ Կյանքումս գոնե մի անգամ ուզեցի հարյուր վաթսուն ռուբլով կաշի առնեի, հավաքեցի, հավաքեցի, բռնեց իրա համար մուշտակ առավ։ Ձմեռվա լավ վերարկու էլ ունի։

― Հասկացանք, բերանդ եկա՞ծն ինչու էիր ասում։ Ինչո՞ւ էիր հայհոյում։

— Ով էլ լիներ, կատաղությունից մի բան կաներ։ Հավաքեցի, հավաքեցի, անտեր մնա․․․ Բաղնիքից հետո մի բաժակ բան ափսոսացի խմել, բռնեց իրա համար մուշտակ առավ։ Ախր, կարևորն էն է, որ ունի, չէ՞, վերարկու։ Եթե չունենար, բայց, ախր ունի, չէ՞։ Իսկ ի՞նչ ա գրում։

— Գրում է, էլի․․․ շատ է գրում։

Այդտեղ էլ Վենյան հասկացավ, որ մի բեռ ցախի մասին զոքանչը լռել է։

— Գրում ա, որ կոլեկտիվացո՞ւմ ա արել։

— Է՛, գրում է․․․ բայց դու բոլոր դեպքերում․․․ պետք չէ, տարիքն առած կին է։ Լա՜վ, ասել է։ Ինքն էլ է աշխատում, չէ՞, կինդ։

— Վաթսուն ռուբլի՝ բերածը, տաք տեղը նստած, իսկ ես, ամենաքիչը՝ հարյուր քսան, նորմայից բարձր հուպ եմ տալիս։ Ափսոսս չի գալիս։ Բայց գոնե մի անգամ էլ կլինի՞, որ ինձ համար էլ մի բան առնվի։ Գոնե հագնեին։ Թե չէ, առածները՝ սնդուկ։ Ես էլ․․․ ամաչում եմ մարդամեջ երևալ։

Դիրեկտորի տեղակալը չգիտեր, ինչ անել։ Հավատում էր՝ Վենյան արդարացի է, և՝ վերջ։

— Վենյամին, այնուամենայնիվ, պետք չէ։ Չէ՞ որ դրանով ոչինչ չես ապացուցի։ Խոսիր կնոջդ հետ․․․ Կհասկանա, չէ՞, երիտասարդ կին է։

— Նա՝ ի՞նչ․․․ Նա խոսք չունի։ Էնտեղ, այ սրա ասածն ա,— Վենյան գլխով ցույց տվեց դիմումը,— ամեն ինչ իրանով ա արել։

Մի խոսքով, զրուցեցին այս ոգով, և Վենյան գրասենյակից ելավ թեթևացած։ Բայց զոքանչի հանդեպ ունեցած վիրավորանքն ու չարացածությունը չէր պակասել, չէ։

«Համա թե անասունն ա, հա՜,— մտածում էր նա,— կնստացնի ու աչքն էլ չի ճպի։ Էդքան չարություն որտեղի՞ց մի մարդու մեջ։ Ամբողջ կյանքում կարգին ապրել ա, ու ամբողջ կյանքում չարացել։ Լրբի մեկը․․․ էլ ո՞ւմ ա պետք, որ էդպիսի մարդ աշխարհ գա»։

Այստեղ նրան հանդիպեց, չասենք ընկերը, այլ լավ ծանոթներից մեկը՝ Կոլկա Վոլոբուևը։

— Էդ ինչի՞ ես ըտենց,— Կոլկան միշտ մի տեսակ տարօրինակ է խոսում։ Համարյա բերանն առանց բացելու։ Ու բոլորին նայում է ներողամտորեն, աչքերը թեթևակի կկոցած։ Բնավորությունն է այդպիսին։

— Ո՞նց։

— Մի տեսակ․․․ ոնց որ թրջված հավ։ Գլուխդ որտե՞ղ են լվացել։

— Գրասենյակից եմ գալիս։— Եվ Վենյան ամեն ինչ պատմեց՝ ինչպես էր հալումաշ լինում կաշվե վերարկուի համար, ինչպես կռիվ սարքեց տանը և թե զոքանչն ինչպես էր ուզում իրեն բանտ նստեցնել։

― Երկսի գլուխը կերավ, հերիք չի,— ատամների արանքից նետեց Կոլկան։— Գնանք, մի բան խմենք։

Վենյան հաճույքով հետևեց նրան։

Խմելուց հետո Կոլյան, կկոցելով սառը-մոխրագույն աչքերը, սկսեց սովորեցնել Վենյային.

— Սրսկում ա պետք անել։ Մենակ թե հետք֊բան չթողնես։ Թե չէ դրանից կբռնացնեն։ Պառավը որ մեջ ընկավ, մի երկու հատ էլ իրան բաժին հասցրու․․․ Թե չէ լրիվ գլխիդ կնստեն։ Էշի պես աշխատում ես իրանց համար․․․

Վենյայի հոգին թրթռաց վրեժխնդրությունից։ Մեկեն հիշեց Սոնյայի պատճառած բոլոր վիրավորանքները. ինչպես երկար ժամանակ չէր ուզում ամուսնանալ իր հետ։ Ինչպես էր ձևեր թափում ու հոգի հանում տան դռան առաջ, ոչ «հա», ոչ «չէ», ոնց որ․․․ Չէ, ճիշտ որ, պետք է ամեն ինչ իր տեղը դնել։ Տանտերն ի՞նքն է, թե չէ, գրողը տանի։ Էշի մե՛կը, Կոլկան ճիշտ ասեց։

— Գնամ, մի երկուսի կողերը համրելու հաշիվ կա,— ասաց նա։ Եվ շուտով կաղին տալով տուն գնաց։ Կրծքում՝ մի դառը, չար զգացում։

«Ապո՜ւշ են գտել․․․ Սրիկաներ։ Չասե՜ս՝ միլիցատներն ա ընկել։ Բո՛զը»։

Սոնյան տանը չէր։

— Բա որտե՞ղ ա։

— Ես ի՞նչ իմանամ,— թնդաց զոքանչը։ Գրասենյակի հավաքարարուհին հասցրել էր նրան հայտնել, որ Վենյային առանձնապես մի բան չարեցին։ (Տարօրինակ էր. Լիզավետա Վասիլևնան արդեն հինգ տարի չէր աշխատում, բայց ոմանք նրա հետ հաշվի էին նստում, վազում էին մոտը՝ ականջին փսփսալու, նույնիսկ վախենում էին)։– Նա ինձ հաշիվ չի տալիս։

— Չե՜նք խոսում,— բղավեց Վենյան շեմից։– Թե չէ շա՜տ ենք սկսել լեզվին տալ։

Լիզավետա Վասիլևնան զարմացած նայեց փեսային։

— Ի՞նչ, ի՞նչ։ Չլինի՞ խմել ես։

Հետաքրքիր միտք մտավ Վենյայի գլուխը։ Գնաց բակ, մարագում մի մուրճ գտավ, մի տասը հատ խոշոր մեխ․․․ Դրեց գրպանն ու տուն վերադարձավ։

— Էն ի՞նչ բան ա էնտեղ գցած,— հարցրեց նա խաղաղված։

— Ի՞նչ բան։ Որտե՞ղ,— իսկույն հետաքրքրվեց զոքանչը։

— Արտաքնոցում․․․ Վերևի մասն էլ ծալած։ Կարմիր։

Զոքանչը շտապ֊շտապ գնաց զուգարանի կողմը։ Վենյան՝ հետևից։

Զոքանչը զուգարան մտավ թե չէ։ Վենյան դրսից կեռը գցեց։ Հետո սկսեց դուռը մեխել։

Զոքանչն սկսեց բղավել։

— Մի քիչ նստի, միտք արա,– մեխը խփում ու ասում էր Վենյան։— Մարդկանց նստացնել սիրո՞ւմ ես։ Հիմի մի քիչ էլ քու կաշվի վրա զգա։— Բոլոր մեխերը խփեց և նստեց տան շեմին՝ Սոնյայի ճամփան բռնած։

— Օգ֊նե֊ցե՜ք,— ոռնում էր Լիզավետա Վասիլևնան։― Այ, ժողովուրդ, փրկեցե՜ք։ Օգնեցե՜ք։ Ժողովո՜ւրդ․․․ Փեսաս մի բեռ ցախ ա գողացե՜լ։ Փեսաս մի բեռ ցա՜խ ա գողացել։ Փեսաս մի բեռ ցա՜խ ա գողացել,— մի գլուխ բղավում էր զոքանչը։

Վենյան սպառնաց.

— Շատ որ գոռացիր, կրակ կտամ։

Զոանչը սսկվեց։ Միայն ասաց.

-Լա-ա՜վ, Վենկա,

— Ահ ես տալի՞ս։

– Ահ չեմ տալիս, ոչ մի ահ էլ չեմ տալիս, բայց սրա համար քեզ «ապրի արևդ» չեն ասի։

Վենյայի աչքով չայրած կրի մի կտոր ընկավ։ Վերցրեց ու զուգարանի դռան վրա գրեց։

«Կնքված է 1969 թ․ հուլիս 25-ին։ Թափ չտալ»։

— Լա-ա՜վ, Վենկա․․․

— Հիմի էլ կսպասեմ, մինչև Սոնյադ գա․․․ Էս ա, մկան ծակը կսկսի ման գալ։ Կարակուլով-բանով։ Կարծում էիք, անլեզու հայվան եմ, հա՞, ձեզ համար, բանող է՞շ։ Ինչքա՞ն ռոճիկ եմ տուն բերել, գոնե մի քոսոտ կոստյում առե՞լ եք ինձ համար։

— Լիուբոլ տան վրա եկար, ախր։

— Թե որ լրիվ տկլոր գայի, մինչև հիմա տկլոր էլ պիտի մնայի՞։ Մի հատ շապկի փող էլ չեմ աշխատե՞լ ինձ համար։ Մարդկանց կուլակաթափ ես արել․․․ Ախր, առաջին կուլակը ի՛նքդ ես։ Սնդուկներդ ճաքում են։

— Քո քրտինքով չի։

— Չէ՛, քոնով ա։ Մարդդ ո՞ւմ համար էր գողանում, ո՞ւմ։ Հենց տեսար, որ էլ պետքդ չի, նստացրիր։ Հիմի էլ ինքդ կնստես, երեք օր ու գիշեր կնստես։ Հրացանը կառնեմ ու ոչ մեկին մոտ չեմ թողնի։ Հաշվի, որ քեզ կարցեր եմ նստացրել։ Վատ վարքի համար։

— Լա-ա՜վ, Վենկա․․․

— Այ էդպես։ Ու չղժաս, թե չէ վատ կլինի։

— Պառավ կնկանն էս տեսակ խայտառակե՜ն․․․

— Ամբողջ կյանքդ մարդկանց խայտառակել ես՝ ջահել ժամանակդ էլ, պառավ էլ։

Վենյան մի քիչ էլ սպասեց Սոնյային, հետո չդիմացավ, գնաց գյուղում փնտրելու։

— Սուս կնստես, թե չէ․․․— հրամայեց զոքանչին։

Այդ օրը Վենյան, բարեբախտաբար, կնոջը չգտավ։ Զոքանչին «կարցերից» հարևաններն ազատեցին։

Դատը բուռն էր ընթանում։ Ակումբում կայացավ՝ ցուցադրական էր։

Զոքանչը լալիս էր դատարանում, նորից ասաց, որ առաջին կոլտնտեսություններն է ստեղծել, պատմում էր, թե ինչ ապրումներ է ունեցել «կարցերում» եղած ժամանակ՝ շատ էր ուզում Վենյային բանտ նստեցնել։ Բայց գյուղացիները բողոքեցին։ Թե ծերերը, թե երիտասարդներն ասում էին, որ Վենյային փոքրուց ճանաչում են, որ որբ է մեծացել, միշտ լսող է եղել, ոչ մեկին երբեք մատով չի դիպել․․․ Իհարկե, պետք է պատժել, բայց թե բա՜նտս որն է։ Շատ լավ, հուզված խոսեց Միխայլո Կուզնեցովը՝ մի ծեր զինվոր, պատկառելի, հարգված, նույնպես վաղուց արդեն թոշակառու։

— Քաղաքացի դատավորներ,— ասաց նա։— Վենկայի հորը ճանաչում էի, նա խիզախի մահով ընկավ կռվի դաշաում։ Վենկայի մայրը ուժն ու կյանքը տվեց կոլխոզին ու մահացավ։ Ինքը՝ Վենկան, տասը տարեկանից աշխատանքի մտավ․․․ Իսկ քաղաքացի Կիսելյովան․․․ հիմի լաց է լինում․ հասկացանք, էդ տարիքում զուգարանում նստել ոչ ոք էլ չի ուզենա, բայց և այնպես կյանքում դժվար օր չի տեսել։ Ասենք, հիմա էլ չես տեսնում, քո թոշակն՝ իմից բարձր, իսկ ես ոտից գլուխ վիրավոր եմ, երեք պատերազմից եմ հավաքել․․․

— Ես չքավորի ընտանիքից եմ,— մի տեսակ ծղրտոցով բացականչեց Լիզավետա Վասիլևնան։— Առաջին կոլխոզները ես․․․

— Ես էլ եմ չքավորի ընտանիքից,— առարկեց Միխայչոն։— Առաջինը դու ես կոլխոզ կազմակերպել, առաջինը ես եմ մտել կոլխոզ՝ աշխատելու։ Ո՞րն է քո հատուկ ծառայությունը հասարակության առաջ։ Պատերազմի ժամանակ գյուղկոոպի նախազահ էիր, սով չտեսար, էդ էլ գիտենք։ Իսկ մեր տղան ինքն է իրեն պահել, իր աշխատանքով։ Գնահատել է պետք։ Էդպես չի կարելի։ Նստեցնելը հեշտ է, նստելն է դժվար։

— Մենակ մի տասը հատ շնորհակալությո՜ւն ունի։ Ամեն տոն օր նրա անունը նշում են որպես առաջավորի,— բղավեցին դահլիճից։

Բայց այդ ժամանակ սեղանի մոտ նստածներից մեկը՝ պատկառելի, գեր, բաց գույն կոստյումով մի տղամարդ, վեր կացավ։ Հասկացողի հայացքով դահլիճին նայեց։ Ու ինչպե՜ս սկսեց ջարդել, ինչպե՜ս։ Ասաց, որ միշտ, իսկ այս դեպքում պարզապես օգտակար է, հանցանքի համար պատժել փոքրում, քան սպասել մեծին։ Օրինակներ բերեց, թե ինչպես, ահա, այսպիսի, արտաքուստ անմեղ տղաները սկսել են դանակ քաշել․․․

— Որտե՞ղ է այն վստահությունը, ձեզ եմ հարցնում, որ նա, արդեն չարացած վիճակում, վաղը նորից չի հարբի և կացինը ձեռքը չի առնի, կամ հրացանը։ Տան մեջ երկու կին կա։ Ինքներդ պատկերացրեք

— Նա չի՜ խմում։

— Իսկ ինչ է, գազով ջուր խմելուց հետո՞ մուրճն առավ ու զոքանչին զուգարանում փակեց։ Տարեց, վաստակաշատ կնոջը։ Եվ ինչի՞ համար։ Նրա համար, որ կինը մուշտակ էր գնել, իսկ իրեն տեսեք֊տեսեք, կաշվե վերարկու չէին գնել։

Վենյայի տակ աթոռը ճոճվեց։ Եվ դահլիճում նստածներից շատերը վճռեցին՝ Վենկան բանտ պիտի նստի։

— Ոչ, ընկերներ, մեր մարդասիրությունը հենց նրանում կկայանա, որ հիմա մեղադրյալի այս զանցանքը անհետևանք չենք թողնի։ Ավելի լավ է, հիմա։ Մենք նրան ավելի մեծ վտանգից կպաշտպանենք։ Իսկ այդ վտանգը որոշակիորեն հետապնդում է նրան։

Պատկառելի տղամարդն առաջարկեց երեք տարի տալ Վենկային։

Այստեղ նորից վեր կացավ Միխայլո Կուզնեցովը։

— Դուք, հարգելի ընկեր, ամեն ինչ շատ ճիշտ ասացիք։ Բայց ես ձեզ մի փոքր օրինակ բերեմ Հայրենական մեծ պատերազմից։ Մի զինվոր ունեինք, այ, Վենկայի նման ճիշտ էդպես լղարիկ, ջահել, քսան տարեկան կլիներ։ Է՛, գրոհի գնացինք, ու էդ զինվորը վախեցավ։ Հրացանը գցեց, ընկավ, ուրեմն, գլուխն առավ ձեռքերի մեջ․․․ Քաղղեկն ուզեց տեղնուտեղը գնդակահարել, բայց մենք՝ տարիքով զինվորներս, չթողինք։ Վեր կացրինք, հետներս վազեց․․․ Ու ինչ եք կարծո՞ւմ։ Անձամբ ինքը, բոլորիս աչքի առաջ, երկու ֆաշիստ քաշեց սվինի։ Ֆաշիստներն էլ, այ էս առաստաղի բարձրության, բոյով, իսկ մեր էդ զինվորը, հիմի ազգանունն էլ եմ մոռացել, ճիշտ Վենկայի չափ։ Որտեղի՞ց ուժ եկավ վրան։ Նրա համար եմ ասում, որ կպատահի, մարդու գլխին փորձանք էլ կգա, թուլություն էլ կունենա, կկարծես թե կորավ, լրիվ կորավ խեղճ մարդը․․․ Բայց էդտեղ, հակառակը, շտապել պետք չի, մարդը ոտքի կկանգնի։ Դուք ինքներդ, կռվե՞լ եք, հարգելի ընկեր,— վերջում հարցրեց Միխայլոն։

Պատկառելի տղամարդուն ամենևին չշփոթեցրեց նման ապշեցուցիչ օրինակը։ Հասկացողի տեսքով ժպտաց։

— Կռվել եմ, հարգելի ընկեր։ Ձեր հարցի պատասխան։ Իսկ ինչ վերաբերում է օրինակին, ապա․․․ Իհարկե․․․ վառ, ազդեցիկ օրինակ է, բայց բոլորովին տեղին չէ։ Ինչպես ասում են, այստեղ դուք աստծու տվածը շփոթեցիք ձվածեղի հետ։— Պատկառելի տղամարդը մի թեթև ծիծաղեց, մի թեթև ցնցեց տռուզ, գիրուկ փորը։— Այդ օրինակով կարելի է ապացուցել միանգամայն հակառակն այն բանի, ինչ դուք էիք ուզում ասել։ Ի դեպ, այդ զինվորին դատեցի՞ն։

Միխայլոն միանգամից չպատասխանեց։ Բոլորը նույնիսկ շրջվեցին նրա կողմը։

— Դատեցին,— տհաճությամբ պատասխանեց Միխայլոն։― Բայց․․․

— Միանգամայն ճիշտ արեցին։ Բայց․․․

— Բայց թողեցին անհետևա՜նք,— ձայնը բարձրացրեց Միխայլոն։— Մենակ թե տեղափոխեցին ուրիշ գունդ։

— Դա արդեն ուրիշ հարց է։ Այն հանգամանքը, որ նա տեղից բարձրացավ, վազեց ձեզ հետ ու երկու ֆաշիստ էլ սվինի քաշեց, փաստ է, որը խոսում է ինքն իր մասին, դա կարելի է հաշվի առնել և, ինչպես տեսնում ենք, հաշվի առան։ Բայց կան փաստեր, որոնք․․․ այսպես ասած, նյութականորեն հաշվի առնել չի կարելի։ Զինվորը վախեցավ, զենքը գցեց, ընկավ․․․ Նա վախեցավ՝ հասկանալի բան է։ Բայց եթե վախենար մենակ, անտառում, արջ տեսներ ու վախենար, այդ ժամանակ, ինչպես ասում են, էս դու, էս՝ աստծու կամքը, կամ ավելի ճիշտ արջի կամքը՝ կքրքրի, կամ չի քրքրի։ Բայց այստեղ զինվորը գրոհի է գնում ոչ մենակ, վախենում է. ամբողջ վաշտի սրտում վա՜խ է ծնում։

— Էդպիսի բան չկար,— ասաց Միխայլոն։— Ոնց որ վազում էինք, էդպես էլ վազեցինք։

— Դուք վազում էիք ուրիշ տրամադրությամբ։ Ինքներդ չէիք գիտակցում, բայց ձեր մեջ արդեն վախը կար։ Վախեցած զինվորը կարծես թե ձեզ հասկանալ տվեց, թե ինչ վտանգ է ձեզ սպասում առջևում՝ գուցե և մահ․․․

― Թե չէ՝ առանց նրա չէինք իմանում։

— Ինչ վերաբերում է կոնկրետ տվյալ դեպքին․․․

Վենկան նայում էր պատկառելի տղամարդուն, այնքան էլ չհասկանալով, թե ինչ է ասում։ Հասկանում էր միայն, որ տղամարդը նույնպես շատ է ուզում իրեն նստեցնել, թեև բոլորովին էլ չար չէ, զոքանչի նման, ու առաջին անգամ է տեսնում Վենկային։ Մինչ այդ երբեք դատարանում չէր եղել, չգիտեր, որ գոյություն ունեն պետական մեղադրողներ, հասարակական մեղադրողներ․․․ Նրա համար դատարանը դատավորն էր։ Եվ ոչ մի կերպ չէր կարողանում ըմբռնել, թե այդ մարդու ինչի՞ն_ է պետք իրեն՝ Վենկային ինչ գնով ուզում է լինի, երեք տարով բանտ նստեցնել։ Դատավորը չի խոսում, իսկ սա, արդեն քանիերորդ անգամ, վեր է կենում ու խոսում, որ պիտի նստեցնել, ու վերջ: Վենկան քարացել էր զարմանքից։ Երբ նրան հարցրեցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք դատարանին որևիցե բացատրություն տալ, նա թոթվեց ուսերն ու մի տեսակ շտապելով, վախեցած առարկեց․

― Ինչի՞ համար։

Դատավորները գնացին խորհրդակցելու։

Վենկան նստած էր։ Սպասում էր։ Սարսափից անշարժացել էր․․․ Ոչ թե բանտի հանդեպ ունեցած սարսափից․ երբ գալիս էր այստեղ, մտքում գցեց֊բռնեց՝ քսանութին գումարած երեք, լավ, չորս, կլինի երեսունմեկ, երեսուներկու․․․ Դատարկ բան է։ Նրան պաշարել էր այդ մարդու հանդեպ ունեցած սարսափը։ Այնպես ուշադիր էր զննել նրան, որ հիմա էլ, երբ նա սեղանի մոտ նստած չէր՝ տեսնում էր նրան, ասես կենդանի լիներ՝ հանգիստ, խելացի, զվարթ․․․ Եվ ապացուցում է, ապացուցում է, ապացուցում՝ պետք է նստեցնել։ Անըմբռնելի էր։ Իսկ հետո նա ինչպե՞ս պիտի ընթրի, երեխաներին սիրի, կնոջ հետ պառկի․․․ Վենյան առաջ հաճախ էր չարանում մարդկանց վրա, բայց մարդկանցից չէր վախենում, հիմա հանկարծ սարսափահար հասկացավ, որ նրանք ահարկու են լինում։ Կյանքում մի անգամ էին Վենյային ծեծել՝ երկու հարբած մարդ։ Ծեծում էին, հետն էլ տնքում մի տեսակ՝ ասես թափած աշխատանքից։ Վենյան երկար ժամանակ նողկանքով էր հիշում ոչ թե ցավը, այլ հարվածներին հաջորդող հենց այդ ցածրաձայն տնքտնքոցը։ Բայց նրանք հարբած էին, գժված․․․ Սա՝ պատկառելի, կրթված, ամենևին չի զայրանում, հանգիստ համոզում է բոլորին, պետք է նստեցնել։ Օ՜, տեր աստված։ Զոքա՜նչը․․․ Զոքանչն՝ օձ ու տխմար, ոչ թե երեք, այլ պատրաստ է հինգ տարի դասավորել փեսայի համար, և այնուամենայնիվ դա կարելի է հասկանալ։ Ի՜նչ անես՝ լիրբ է։

Բայց սա՛, սա՛․․․ Ախր, ինչպե՞ս․․․

Վճիռ կայացրեցին Վենյայի համար՝ երկու տարի պայմանական։

Մարդիկ ուրախ էին։

Իսկ Վենյան քայլում էր արտակարգ մտազբաղ․․․ Աչքերի առաջ անընդհատ այդ պատկառելի տղամարդն էր, ու Վենկայի զարմանքին վերջ չկար․․․ Մի՞թե նա միշտ այդպես է անում։

Առժամանակ ապրելու գնաց Կոլկա Վոլոբուևի մոտ։

Կոլկան դարձյալ առաջարկեց խմել։ Վենյան հրաժարվեց։ Մութը չընկած, գնաց վերին սենյակ, պառկեց թախտին ու մտածում էր, մտածում։

Վերջիվերջո, ի՜նչ բան է կյանքը․ մի վայրկյանում ամեն բան միանգամից փուլ եկավ։ Գրողի մոր ծոցը կորչեր-գնար կաշվե վերարկուն, հա՜։ Թե ինչի՞ հանկարծ այդքան ուզեց առնել։ Առանց դրա հո ապրում էր․ ոչինչ, էլի կապրեր։ Պետք էր Սոնկային քաշել֊տանել զոքանչի մոտից, առանձին ապրել․․․ Ճիշտն ասած, նա էլ պակաս տխմարը չի, մոր ասածին հակառակ չէր գնա։ Բայց այդ գիշեր ինչի մասին, ինչպես էլ մտածում էր Վենյան, ինչքան էլ մրմռում էր սիրտը, մեկ էլ անընդհատ հիշում էր պատկառելի տղամարդուն, սա Վենյային էր նայում վերևից, բեմի վրայից, առանց չարության, առանց ձայնը բարձրացնելու։ Փողկապին ամրացված մետաղյա մի բան կար՝ փայլփլում էր։ Հոնքերը՝ սև, խիտ, քթարմատի մոտ թեթևակի իրար խառնված։ Մազերը՝ հարթ, ետ սանրած, նույնպես փայլում էին։ Մի բարակ փունջ էլ օղակի պես կախված էր ճակատին ու խոսելիս շարժվում էր, ցնցվում։ Թեև լայն ու կլոր, բայց ձիգ դեմք ուներ, իսկ ժպտալիս այտերի վրա փոսիկներ էին գոյանում։
Առավոտյան Վենյան շրջան գնաց։

Մեքենան շուտ հանեց, արևը նոր֊նոր էր ծագում։ Բայց արդեն տաք էր՝ հողը չէր սառել գիշերվա ընթացքում։

Ճանապարհին Վենյան միշտ հանգստանում էր. մտաձում էր մարդկանց մասին՝ ասես նրանք, ում ճանաչում էր, մնացել են հեռվում ու իր հետ գործ չունեն։ Հիշում էր բոլորին, խմբով․․․ Մտածում էր, իսկ նրանք այնտեղ կարգին խճճվել են. նյարդայնանում են, ինչքան ասես անմիտ֊անհասկացող կա։ Երեկվա դատը միտքն եկավ, ծանր ու գեշ երազի պես։

27-րդ կիլոմետրի վրա Վենյան մի «Վոլգա» տեսավ իր առջևում կանգնած, մոտորը՝ բաց, վարորդը կռացած մեջն էր փորփրում, իսկ կողքը կանգնած էր,— Վենյայի սիրտը ցավով զարկեց,— երեկվա պատկառելի տղամարդը։ Վենյան չգիտես ինչու շփոթվեց, նույնիսկ գազը պակասեցրեց․․․ Եվ երբ պատկառելի մարդը ձեռք բարձրացրեց, Վենյան հնազանդորեն կանգ առավ։

Տղամարդը արագ֊արագ մոտեցավ խցիկին ու ասաց.

— Լսի, տեղ չես հասցնի՞․․․— Եվ ճանաչեց Վենյային։— Օ՜-օ՜,— շարունակեց նա և, ինչպես Վենյային թվաց, նույնպես մի քիչ շփոթված էր։— Հի՜ն ծանոթներ ենք։

— Նստի՜,— ասաց Վենյան։ Այն թեթևակի շփոթմունքը, որը որսաց պատկառելի տղամարդու աչքերում, նրա մեջ ինչ֊որ լկտի զվարթություն սերմանեց։— Փուքսդ թողե՞լ էր։

Պատկառելի տղամարդը հեշտությամբ մտավ խցիկ և ուղիղ ու նույնպես ուրախ Վենյային նայեց։ Եվ շարժվելուց մեկ րոպե անց արդեն Վենյան կասկածեց, արդյո՞ք իրեն թվաց, թե պատկառելի տղամարդը սկզբում ասես շփոթվեց։

— Հը՞, ո՞նց է,— հարցրեց տղամարդը։

— Ի՞նչը։

— Տրամադրությունդ, ի՞նչը․․․ Կարծում էի, թե քեզ խմելու կտաս․․․ մի շաբաթի չափ։ Ճիշտը որ ասեմ, մեր տղա, երեկ բախտավոր տոմս քաշեցիր։

Վենյան լուռ էր։ Չգիտեր, ինչ ասի։ Չգիտեր, ինչպես պահի իրեն։

— Կնոջիցդ, իհարկե, կբաժանվե՞ս,- հասկացող մարդու տոնով հարցրեց նա։ Ու կրկին ուղիղ նայեց Վենյային։

― Իհարկե։— Վենյային դարձյալ, ինչպես երեկ, դատարանում, ապշեցրեց, որ այդ մարդն այդպես․․․ պինդ է, թե ինչ, խելոք է, հաստատակամ, դրա հետ մեկտեղ՝ ուրախ։

— Է՜խ, տղե՛րք, տղե՛րք․․․ Փորձանք եք, փորձանք։ Ասես, թե ճրագուն փորումդ եռ էր գալիս, չի լինի․ ապրուստդ՝ դժվար, բայց բռնեցիր մի զարկով ամեն բան ջնջեցիր, ընտանիքդ էլ քայքայեցիր, վարկդ էլ էն չի էլ․․․ Կնոջդ հո սիրո՞ւմ էիր։

Այստեղ Վենյան հանկարծ ջղայնացավ։

― Քո գործը չի։

— Իհարկե,— բացականչեց տղամարդը։— Քո գործն է։ Քոնն է, ախպերս, քոնը։ Իմը թե լիներ, իմ սիրտն էլ կցավեր։ Մենակ թե մարդ խղճում է ձեր պես տխմարներին, էդքան մի բան։ Հինգ կոպեկի կխմեք, երկուս ու ութանասունյոթի ցավի տակ կմտնեք։— Տղամարդը թեթևակի ցնցռտեց փորը։— Լուրջ ժամանակ որ խոսեիր, չէ՞ր լինի։ Կինդ էլ սիրուն, երեկ նայեցի։ Ապրեիր ու քեֆ քաշեիր․․․

Վենյան մի ակնթարթ ասես կուրացավ՝ մինչև հոգու խորքը, ցավով գիտակցեց հանկարծ․ չէ որ ինքը կորցրեց Սոնկային։ Վերջնական։ Եվ ասես անդունդ գլորվեց, սարսափահար եղավ․․․

— Իսկ էդ ի՞նչ կաշվե վերարկու է, որտեղի՞ց էիր ուզում գնել։

— Է՛, շրջկենտրոնում մեկը կա, ինքն ա կարում․․․— Վենյան դիմացն էր նայում։ Առջևում Ուշայի կամուրջն էր։ Լայնահուն Ուշան գարնանը վարարում է Վոլգայի պես։— Պատվերով։

— Եվ ինչքա՞ն է վերցնում մի վերարկուի համար։ Կաշին իրենի՞ց։

— Իրենից։

— Եվ ինչքա՞ն.

— Նայած։ Ես հարյուր վաթսունանոցն էի ուզում։ Ավելի լավը թանկ կնստի։

– Ավելի լավը ո՞րն է։

― Է, կաշին ուրիշ, մշակածն ուրիշ․․․ Մի քանի ձևի մշակում կա։

— Լավ, ասենք, ամենալավը։ Այսինքն, ամենալավ կաշին, ամենալավ մշակածը։ Ինչքա՞ն կբռնի։

— Մի երեք հարյուրի չափ․․․ Ասում էր, մեկին չորս հարյուրով ա կարել։

— Իսկ էդ որտե՞ղ է։ Հեռու հո չի՞։

— Չէ։— տարօրինակ բան, Վենյան այնպիսի զգացում ուներ, ասես մենակ էր խցիկում ու ինքն իր հետ էր խոսում։

— Հասցեն գիտե՞ս։

— Հասցեն գիտեմ։ Գիտեմ․․․ Է՜խ,― հանկարծ բղավեց Վենյան ասես դատարկության մեջ, շատ բարձր։– Էս կամրջից մի հատ շուռ չգա՞նք։

Նա հուպ տվեց գազն ու ղեկը թողեց․․․ Մեքենան պոկվեց տեղից։ Վենյան դատախազին նայեց․․․ Ու տեսավ նրա աչքերը՝ խոշոր, սարսափից սպիտակած աչքերը։ Ծիծաղն եկավ ու սկսեց ծիծաղել։ Իսկ հետո արդեն դատախազը կողքանց ընկավ Վենյայի վրա ու կառչեց ղեկից։ Այդպես էլ նրանք անցան կամուրջը՝ Վենյան ծիծաղում էր ու գազ տալիս, իսկ դատախազը ղեկն էր բռնել։ Իսկ երբ կամուրջն անցան, Վենյան գազը թողեց ու ղեկը ձեռքն առավ։ Ու կանգնեցրեց մեքենան։

Դատախազը դուրս եկավ խցիկից․․․ Մի անգամ էլ նայեց Վենյային։ Դեռևս գունատ էր։ Ըստ երևույթին, ուզում էր ինչ֊որ բան ասել, բայց չասաց։ Դուռը չրխկացրեց։

Վենյան տեղը դրեց արագության լծակն, ու մեքենան շարժվեց տեղից։ Չգիտես ինչից Վենյան հանկարծ շատ հոգնեց։ Եվ լավ է, որ մենակ մնաց խցիկում, ավեքի հանգիստ էր մի տեսակ։ Ու ավելի լավ։

Աղբյուրը՝ Գրապահարան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s