Ստեղծագործ ժամանակակից։ Ռոզա Հովհաննիսյան

Ես ազատ սենյակ եմ:

Կենսական քառակուսի լինելուս համար

երբևէ չեմ դիմել գերատեսչությունների,

դիպվածին քսմսված երբևէ չեմ ապրվել,

չեմ բնակեցվել ապօրինի կամ օրինաբար,

չեմ զբաղեցվել հնաիրերով՝

ծակ կճուճներով ու նախաձևերով,

ծոցվոր հնարավորությունների կայծքարով:

Ես ոչ մեկի սենյակն եմ

և ոչ` Ագռավաքար,

իմ կողմերը պարզապես կողմ են եղել,

իրար դեմ` կողմ:

Ես ճոճք ու երասան,

ծեփոններս հալումաշ անող

առաջին երեխա,

ջրարգել հարևանների սիրալիրություն

և բողոքողի թռած պռունկ

չեմ ունեցել:

Իմ ազատ սենյակ հալով,

իմ տորիչելյան պարապ հալով,

դռնբացեքիս ծիսական մուտք եմ երազել

դեպի իմ հատակ-սիրտը,

դեպի իմ պատ-կարծրությունը,

դեպի իմ առաստաղ-երկինքը:

Թեքբախտություն`

կենսական տարածք լինելուս խնդրանքով,

թաշկինակն աչքերիս

(ասել է` պատուհաններիս),

երբևէ չեմ դիմել գերատեսչությունների

և հիմա ազատ ու անվերջ սենյակ եմ`

հեքիաթի գորգի պես բարձրացող…

 

Օ՛, Վարդ կլինեմ

Ես կհաղթեմ փշին`

իմ կարծր սովորույթ,

օտար վարդ չճանաչած փշին,

կհաղթեմ նվաստ վարդությամբ,

առանց զորանշան,

և առաջին անգամ

առաջինը կլինեմ հավասարների մեջ:

Մատնացույց մի՜ արեք,

ինձ դեսպակով չեն տանի,

կամ չեն ամրացնի

լամբակին արքայազնի:

Հենց անփուշ կլինեմ,

նորեկ կդառնամ ծանոթներիս մեջ,

իմ պատկերը կհառնի նրանց համար

իբրև խոտորնակ վարդ,

իբրև մի այլախոհ,

որ կերպից բարձր`

բույրի համար

տարածություն չունի:

Ես աննման կլինեմ.

Մի սերունդ: Երկրորդը: Հաջորդիվ:

Այլևս աննման:

Է՛յ անխոտելիներ,

համահո՜ղ, համաջո՜ւր վարդմեծարներ,

համաթո՜ւփ քույրեր ու եղբայրներ,

եկեք տեսե՜ք արտասովոր չնմանիս,

տեսեք` բոլորի աչքի առաջ

փուշս ինչպես եմ թողնում:

Հայելին պահել է դեմքս, մայրիկ

Հայելին բացվում է քո դեմքով

որպես սկիզբ:

Ես նստում եմ իմ շուրջը`

անձրևներից դուրս,

և ափսոսում եմ մոռանալ քեզ:

Ոսկորներս կակուղ են,

ինչպես նախնական ձյուն:

Ի՞նչ լինեմ, մայրի՜կ,

խաղալիքը տխրում է,

երբ չունի երեխա,

և ցեխը չճանաչված պտուղ է երևի,

թե ուժը պարպվում է,

որ մնում է բարին,

ի՞նչ լինեմ, մայրի՜կ:

Ինձ բաշխի՜ր թիթեռներին,

արև ստորագրիր օրվա տակ.

ես անվերջ դատարկվում եմ

աղավնիներից,

հաստատ ապրելու համար

հենվում եմ օդին.

այսպես եմ, մայրիկ:

Գիշերվա ստինքները

հալածում են ինձ,

հող ու նշան չեմ ափսոսում,

արյունս պարապ է մնում,

եթե չեմ կատաղում,

եթե չեմ ցատկոտում

կորստիս դեմ:

Ուրիշ ինչ.

զբոսնում եմ կրակների վրա,

հայելին պահել է դեմքս,

մայրի՛կ:

Ահա

Ահա բարձրանում է խաղաղիկ սիրո

Հրաշքը՝

Գառնուկ Հայրենիքի անրջադեմով:

Քո աչքաթողը անաղարտի շապիկով է,

քո աչքաթողը լուսնկայի ճիգ է՝

վերևում մի քիչ էլ մնալու:

Սիրուն երկնքի Աստված,

զգայուն լուսնի տակ արյան պարկապզուկ զլելս

մի համարիր հենց այնպես մահկանացուի բախտ:

Իմ որսորդը քրքջաց պատերիս վրա

գնդակով,

լավ սովորույթի ձին

տարավ ինձ ամոքումից ներս,

հարության ծաղկի բիբերում տեսա թափորս,

մեծ զոհերով հաղթանակներս,

ծովից ծով իմ բարեկամ ողջ ցամաքը,

կանաչի հույսի գովական սահմանները:

… Մի ժամանակ

ես շռայլում էի կարոտիս ցայգաթիթեռները,

շռայլում էի աքսորս քո հոգուց,

շռայլում էի կաղությունս՝

պրեզիդենտի կամրջով անցնելիս

և անհանդես աղեղում էի ինձ մինչև մյուս ափը՝

սեթևեթ երակներս լարերի տեղ պարզած:

Հլզված պառավների խորհրդով

հրում էի ինձ պարզած ձեռքերը,

մոտեցող ընտրությունները,

քեզ սազական լինելու ուշացումս

խփում էի գետնին

և հռհռում ինքս ինձ նմանվելու ձգտումից:

Ընկնում էի՝ բարձրացնալով մի ծռություն,

Նռան անձկության քրքիջ,

ծայրահեղ կանացի չտրորված կածաններ,

և ինչքան մեծ էր մեր  միջև եղած երկիրը:

Հմայքիդ հենաձողը պահում էր ինձ

անդունդների վրա,

ոռնոցիս տափաշիշը՝ ջրերին:

Տերերն ընկած չէին հաղթանակների տակ,

և քայքայման ոգին չէր որոշում մեր սահմանը,

վարդի համար զինվոր լինելդ

սեր էր ու հաղթաթուղթ:

Ճախրող կրծքերով աղջիկներն

ընկղմվում էին արբունքի հասած խոտերի մեջ,

ունայնապորտ քամին ծածանում էր նրանց

սպասման տերեփուկներով լաչակները,

ծածանում սահմանադրական թախիծը

եզերքների վրա,

հույսերի ջրհորների գլխավերևում՝

ինքնասուզումներին գերված պտուղների ճիչով:

 

Ահա այս ծածանումները ես եմ,

այս միայնակները ես եմ,

ես եմ,

որ ուղեկցում եմ ինձ

մինչև

իմ ողջն ու մեռյալը,

իմ ջուրն ու ցամաքը

ահա:

Երբ

Երբ մանուշակը թնդեց,

ավելի թնդեց իմ և Ձեր արանքում,

ես հիշեցի արբեցատենդը լքվածների

Անի թաղամասում

և անկումը, որ նման էր ճառագող մեղքի:

Ես հիշեցի ավելի ապահով անկանոնը,

հիշեցի տոնի մասին ճիչերը`

Տերը գալու է,

իմ թիվն հասնելու է անսահմանի:

Հիշեցի` հասկը ինչպես էր դարսվել վրաս

անդաստանի հեշտանքով,

հասկը ինչպես էր բռնել ինձ

անհլու կանաչի ոլորտում

և շոյում էր դալար հիացմունքս.

մի թռչուն կումերով խմում էր ինձնից:

Հիշեցի շնչառությունը թռչնի,

որի հետ ազատություն խաղացի,

հիշեցի բացազատ թևերի վտանգները,

երկիրը,

արոտների եզերքը,

անձ ցույց տվող Գառնուկին:

…Հիշեցի Գառնուկին.

նա եկավ

սիրո՜ դեմքով,

հույսի՜ դեմքով,

հավատի՜:

Հիշեցի` ինչպես ապարդյունի հերոսը

ուլունք-ուլունք կրակեց ինձ թելի վրա,

հիշեցի` մայունը ինչպես էր քսվում ինձ,

ինչպես էր ընկերանում դարավերջի ժանիքին:

Հիշեցի վերելքս.

ձեր կողքին կռիվ տալուց հետո

ինչպես հայտնվեցի Ձեր ներսում:

Ինձ քնքշացան հողից ելնող հևքերը,

ինձ բռնեցին երես առած ջրերը,

ինձ արտասանեցին արևի կենաց խմողները,

ինձ ներսից առան հաղթանակները,

ինձ պոռթկացին,

բաբախեցին

սիրո՜ դեմքով,

հույսի՜ դեմքով,

հավատի՜…

ՃԻՉ

Զի քաղցեայ` եւ ետուք ինձ ուտել, ծարաւեցի

եւ արբուցէ՜ք ինձ, օտար էի` եւ ժողովեցէ՜ք զիս…

Մատթ. ԺԳ. ԻԵ

Աշխարհը վրիպում է ինձ:

Վրիպում են ինձ լույսը,

մանկությանս անհոգ գույները:

Ես նման եմ միլիոնավոր երեխաների

և միայնակ եմ ինչպես ոչ մեկը:

Պարանոցիս կախել են մի տախտակ,

որին գրված է`

սեր և ջերմություն:

Չեմ ուզում կարեկցանք,

չեմ ուզում ծամված վարդ:

Ամեն վայրկյան ես կորցնում եմ

պարտեզով անցումի ճանապարհը:

Փողոցի շները հսկում են իմ աճը:

Փողոցի շները լիզում են իմ ներկան:

Ես սկսվում եմ հետնաբակերից:

Հազարավոր մարդիկ հոսում են իմ կողքով՝

անհոգ, անտարբեր,

ես ապրում եմ նրանց հոսակորուստը:

Ինձ նետում են քնքշանք՝

դաշյունով փաթաթած,

նետում են խաղալիք՝ կիսամաշ, խեղված:

Ծաղկին հրվող ողբը,

ես գիտեմ մինչև ինձ,

ես գիտեմ դառը Սիրո ժամանակը,

երբ ամեն ինչ միևնույնն է,

ես քրքջում եմ…

Սա իմ վերելքն է:


Ծաղկի պալատի մեջ

Մի՜ քշիր ինձ Երուսաղեմ

միայնակի.

հին սիրո նոր կարկատանը թանկ է

տևականացող վայրկյանի պես

(մանրարոպեն աստղ է նետում

դեպի վաղվա հեռապատկերը):

Մի՜ քշիր ինձ

հին սպասման քոքից

դեպի տարտամ մժորանքը

նորահայտ ծաղկի.

ախր բան չմնաց…

ինձ մեկնել է իմաստունի երազը

ինքնագլորի սոսկումը.

մի պտղունց վերցնեմ երկնից –

ի՞նչ արժե արժեզրկումը հույսի,

ես խառնել եմ արևելքը մուտքին,

ինձ խառնել են սեր ու անդաստան,

ի՞նչ արժե ձիու քայլը,

ո՞ւր մնաց արքան,

ի՞նչ արժե թանկը.

ախր բան չմնաց…

Մի՜ քշիր ինձ

սիրո ալքիմիա խաբխբող գիտությունը,

անարծաթ բժիշկներն ու

անիրավ տնտեսները,

հոգեգեշ մթարքը անելանելի,

իշխանական լղրճուկ հովանին:

Օ՛, շքադի՜ր ասպետ՝

հին սիրո նո՜ր կայծկլտուք,

մորուքավո՜ր ցավ

ծաղկի պալատի մեջ,

ինձ հուշել է իմաստունի

երազն ախր…

*****

Ծափահարիր մինչև մահ – իբր թե ինչ է եղել,

Երգող թիրախ եմ հիմա — իբր թե ինչ է եղել:

 

Զուր եկածի տխրությամբ կհեռանամ ես էլի,

Քո հոգին էլ է ամա — իբր թե ինչ է եղել:

 

Խլափեղկը անցյալի ծաղկի պես է բարձրանում,

Անհունորեն ու անահ — իբր թե ինչ է եղել:

 

Մի քրքիջի համար էլ այս կյանքը չի հերիքի,

Կորուստով ենք հոգեհմա — իբր թե ինչ է եղել:

 

Փակ աչքերի զարմանքով՝ անանձնական մի ցավի

Դեռ կարող ենք դիմանալ — իբր թե ինչ է եղել:

 

*****

Կատարիր ինձ իբրև ծես — ես քո թաթը կբռնեմ,

քավարա՞ն է, թե՞ կրկես — ես քո թաթը կբռնեմ:

 

Բայց չեմ դառնա խամաճիկ, որ ինձ ապրել խաղացնես,

թեկուզ նյութը դառնա կես — ես քո թաթը կբռնեմ:

 

Տնազների մի երկինք դեռ խաչված կա իմ հոգում,

բայց չեմ մեռնի այսպես հեզ — ես քո թաթը կբռնեմ:

 

Ինքս ինձնից պարտված՝ էլ չեմ անի մերկություն,

մտերմությամբ թե շրջվես — ես քո թաթը կբռնեմ:

 

Էլ ավելցուկ մխանքով չե՜մ կակազի մայթերին,

թե գինի ու վեճ ունես — ես քո թաթը կբռնեմ:

********

Դու ինձ ծափով դաղեցիր – միջօրեի քաղցր սուտ,

տե՜ս, թևերս են ցանուցիր – միջօրեի քաղցր սուտ:

 

Մանկությունս ափիդ մեջ ցատկապարան է դարձել,

նվիրումի Կաթն ծիր — միջօրեի քաղցր սուտ:

 

Եվ քո ժամին եմ հասել ճառագայթի կումերով,

բայց դու բոբիկ հեգնեցիր — միջօրեի քաղցր սուտ:

 

Այսպես ո՛վ է արթնանում աղոթարար վարդերի,

ի՛նչ ծաղկումներ տարար ծիր — միջօրեի քաղցր սուտ:

*******

Սրտխփոցի մի ժամ կա — հոգուն տրված հիացում:

Քմարարք է սերն ագահ — հոգուն տրված հիացում:

 

Վերվերիկ է մշտակա, որ ես ելնում եմ ոտքի,

ներկա չեղնող մի վկա — հոգուն տրված հիացում:

 

Այծեմարդու քրքիջը ինձ տանում է իմ միջով,

թե՞ մարմինս կսգա — հոգուն տրված հիացում:

 

Աղջիկ — պարոն եմ ահա՝ զառս նետած երկնքին,

գուցե կանչող մի ա՞ջ կա — հոգուն տրված հիացում:

 

Նախորոշող այս ուժը նույն անիվն է գլորում,

ունայնությունը կգա՜ — հոգուն տրված հիացում:

*******

Այսպես լցնում ես ու այսպես գցում –

դու ինչ-որ մեկին պարտք ես երևի,

գավդ խփում ես, զառդ դեն նետում –

դու ինչ-որ մեկին պարտք ես երևի:

 

Խաղողի արյունը՝ կոկորդ քերող տոթ,

վաղորդայնի կողմ ՝ խնկամատույց,

ու թե արբեցար մտերմությամբ հում –

դու ինչ-որ մեկին պարտք ես երևի:

 

Ես քեզ եմ փորձում, հիշատակա՜ց տոն,

անկողնու մայթից հեռու փողոցում,

շոյում եմ բաշդ իբրև տենդի  ծոմ –

դու ինչ-որ մեկին պարտք ես երևի:

 

Ես դեռ այստեղ եմ, սա դեռ փողոց է,

աջս չգիտեմ, ձախս մոռացա,

այսպես ապրելով՝ ո՞վ է ում ծխում –

դու ինչ-որ մեկին պարտք ես երևի:

***********

…Ահա հատումի օրն է արթնանում,

Ահա լցվում եմ հարալեզներով:

Աշոտ Ավդալյան

Լույսն ընդմիջվում է մի ուրիշ լույսով,

հոգեխառն է դեռ մարմինը մեղաց,

այն ո՛ւմ մերժվածն է ամենայնի Տեր,

գոյականության մեր խոսքը սուզված:

Այն ո՛վ է այսպես խարազնազգեստ,

այն ո՛ւմ ցնորքն է հող հանդիսավոր,

կենաց ցորյանով դրասանգում սեր

մշտակայության կեղևի որմին:

Այն ո՛ւմ հատումն է խունկի կաթնաղբյուր,

ոսկեհեղձ աջով ո՛վ է կեցուցիչ,

տեսլական բարի հրահրող Տեր,

ո՛վ է ցպահանջ, ո՛վ սկսնակ ճիշտ:

Այն ո՛վ է պառկում որձաքարի հետ,

որ արիանա ոսկեգեղմ ուժով,

կուսապատնեշը բանականության ո՛վ է չարչրկում,

ի վերա հողի ի՛նչ աղեղնավոր:

Նախաստեղծ մեղքի ծիսականությամբ,

այն ո՛վ է այսպես ծնկաչոք դեմքով,

այն ո՛վ է այսպես հույժ խորհրդակիր,

ի վերա խաչի ո՛վ է ըղձավոր:

Անկողինս նման է բեմի.

ամեն գիշեր

դերասանություն եմ անում,

թե քնած եմ:

*******

Ամենամեծ հռետորը մարմինս է…

******

Կյա՞նքս փոխեմ,

թե՞ կոշիկներս,

երբ հնարավորությունս միայն

կոշկաքուղ փոխողի է…

*******

Գուցե ամեն ինչ պետք է

նորից սկսել`

հրաշալի զրոյից,

մի ուրիշ տեղ

կանգնեցնել թոշնումը,

սարսուռի բույրաչափը,

դողը մանրամասնել

հուշի պայթյունով,

դուրս գալ անձրև մուրալու,

դուրս գալ կերպարանելու

շշնջյուն ճախրը,

մի ուրիշ տեղ`

ապագայի կուլիսներում,

մինչև վերջին թելը

հանդիպել

տևել,

բողբոջել

սերը,

բողբոջել սիրուն,

էլի ինչ-որ բան,

որի անվանումը ոտաբոբիկ է,

որի անվանումը

արթնացնում է

մերկությունը`

նույնը լռելու…


Ինչ նորություն ինծմե

Ես իմ տատիկն եմ

երբեմն կը պզտիկնամ,

երբեմն կը մեծնամ

և իմ թևը կընկնիմ

հեքիաթի թանգարան

կամ ինտերնետ ակումբ այցելելիս:

Այսօրվա պես պայծառ

ես իմ տատիկն եմ`

անտեղյակ բանեն-մանեն`

քաղաքական օրհասեն,

հարդարանքի ծեսեն,

քըսքըս մորքուրներեն հեռու,

մշուշոտ բիձեքու հերն անիծած:

Ու երգս` պարզ ու մորեմերկ,

քիչ մը ասանկ, քիչ մը անանկ

ամեն տեղ պիտի ըսեմ`

մի՜ քրքրեք շապիկս.

ես իմ տատիկն եմ,

ցանկության մեջ անհնազանդ,

տարերքի կառքով ճամփորդող,

պագն անուշ տատիկը:

 

 Հեքիաթ-հեքիաթ տատս

 

Թոշնո՞ւմդ ես դարձրել

ձեռնափայտ,

թե՞ ձեռնափայտդ է

դարձրել քեզ տատիկ,

չեմ ջոկում.

էս ո՛ւմ հանաքն ես.

չմաշվող դրախտի էիր նման,

ճտճտացող

անքուն հատիկի,

իմ ադիբուդի՜ տատ.

հաստուբարակ էիր մանում,

ձեռդ ընկածը,

սրտեր ծփում

մի պտղունց խռովք հալիդ,

հիմա

ՙՎա՛յ գնա` կիգամ, շուտ կիգամ՚

երգդ

ուրիշ հասցեագրում ունի.

նախշուն թամբից ընկած

օրերիդ հետ

խառումառ ես խոսում,

ասում ես`

էս արևն ընձի կը խելըռցնե.

կանաչի հետ քաղված,

ավազի հետ մաղված`

չես ջոկում սև հավի

կարմիր կատարը,

բայց էլի վկայում ես դրանով,

մեկ-մեկ էլ

թոռներիդ ես կուտ տալիս,

որ այսպիսի երգեր

չգրեն…


Բառ — աղջիկ

Երազիս մեջ ես բառ էի: Հիշեցի, որ երբ սովորականի չափ աղջիկ էի, մայրս միշտ ասում էր. «Բառերն անգամ ընտանիք ունեն»: Եվ որոշեցի գտնել իմ բառընտանիքը: Որոնումներս ինձ հեռուն չէին տանի, եթե լինեի զբաղմունքային բառամթերքի մեջ: Բացառված էր նաև եզրաբանական ոլորտը: Պատկերացնու՞մ եք՝ Տերմինուս աստվածը կանխորոշած լիներ իմ բառ-սահմաններն ու տիրույթները:

Բառ-աղջկա իմ բախտով սկզբում բախեցի Արմատական բառարանի դուռը: Գուցե այստե՞ղ գտնեմ իմ արյունամերձներին: Բայց արմատները հեգնեցին ինձ և չթողեցին նույնիսկ ոտքս գցեմ բառարանից ներս: Թեև ուզում էի արմատով մտածվել, շնչառություն պահել արմատականների մեջ:

Հիմա ի՞նչ, վրաս վերցնեմ մի կենսունակ ածանց և շարունակեմ որոնումնե՞րս, իբր թե ես ո՞րն եմ, կամ թե չէ իմ հնչյունների գլխին առոգանական բերե՞տ դնեմ, ասենք` հենց շեշտը կամ հարցական նշանը: Եվ այսպես թարմատար հասնեմ առ քեզ՝ Գրաբարի բառարան՝ սկիզբս, անկողոպտելիս, գրոց լեզվի փայլադարանս, թող տեղավորվեմ քո մեջ, պառկեմ քո փայլի ներսում՝ կողերիս առած նախնական բառերիդ խլիրտը, զսպված անրջե ճոճքը: Քո միավորը լինեմ, ոչ իբրև անթռիչք մեկը, երբևէ բութը գլխին: Իմ բառամագլցումը, նախասահմանյալ իմաստի խրախճանքը, հիմա հո դու՞ ես ընտրելու. հարմա՞ր եմ քեզ, քո արքայական լեզվափայլին: Բայց եթե դու, արքայափայլիդ մեջ մոլորված, չես տեսնում պատշաճ լինելս ի ներս, ես հեռանում եմ, ես հեռանում եմ իբրև փոխհատուցում Բացատրականի կրծքին ննջելու. ապահով լանջ, որ հեռու է նախնիների երկվությունից և թերևս մեկնի իմ նրբիմաստները արդի կամ ժամանակակից ըմռնումով:

Բայց այստեղ էլ հարցը մնում է… Եվ դու՞ք՝ Բացատրականի բրուտոսիկներ, ինձ հանու՞մ եք ձեր  միջից, ես խախտում եմ ձեր տակնուվրայությու՞նը, ձեր անվրդով կա՞րգը, ես թափ եմ տալիս ձեր ննջաճահի՞ճը … Տկար եմ. տկար եմ` ձեր գոհունակության բառկատակը լինելու:

Եվ ահա շեշտե բերետս թափահարելով՝ պարույկ-հարցականը ուղեղիս մեջ դեգերում եմ բառարանից բառարան: Բառմնայի ձևեր չեմ թափում: Տեսնում եմ՝ ներս առնելու, տեր լինելու հնարքը չունեք, թե չէ ես ո՞ր օրվա անտերն եմ: Գուցե վրիպակների մե՞ջ եմ, աներևույթ սպրդումների ցանկու՞մ, գրված եմ այս կերպ, ընթերցվելու եմ այլ կերպ, կամ թե ծնվել եմ որպես տողադարձված բառ. բառ-աղջիկ, որ վազում է  ինքն իր միջից դուրս հրեշտակորեն շնչահատ, հնչյունների ճակատը տված բառընկալ Ոգուն…

Հ.Գ. Երազն ի բարին մեկնողներ, բացե՜ք բառի երակը, թող բառը ճոճվի կարմրին, ճոճվի ցանկության նշաններին:

 

 

Ազատության լեռան քարոզը

 

Ես քարտեզ կհագնեմ, ազատ երկրի քարտեզը…

 

Պատմությունը ազատության և ոչ ազատության պատմություն է:

Ազատությունը չի կարող լինել թզան տերևով:

Ազատությունը չի կարող մեջբերում լինել:

Վտանգավոր է հետաձգել ազատությունը՝

հեքիաթներ պատմելով:

Ազատությունը տակավին բարոյալքման վտանգ ունի:

Արթնացումն է, որ պարում է մեր հոգին դեպի ազատությունը:

Ապահովաբար ենք ազատ ազատության հետ:

Սահմանափակ տարածության մեջ բախվում ենք

ազատությանը և նույնանում նրան:

Ազատությունը հրեշտակ է…

 

Երանի՛ անտերունչ հոգիներին, զի նրանցն է աղավնիների թնդության հետևում թաքնվող երկինքը:

Երանի՛ սեփական ցանկության մեջ պատանդներին, զի նրանցն է նոր ճմլած տարփատունկի արյունը:

Երանի՛ նրան, ով փորձում է ազատության հաշիշը:

Երանի՛ նրան, ով խմում է ազատության կճղակից և դառնում է Երկիր…

 

Մեզ շպրտեցին ազատության ոսկորը և ասացին՝ ցնծացե՜ք Աստծո գառով:

Մեկ ճամփի բազո՜ւմ մոլորյալներ, գառնեղբայրնե՜ր, գառնաքույրե՜ր, գետը դուրս է եկել մեզնից, գետը վարարել է մեզ: Այս հաջող, ավելի հարմար ազատությունը մեր վրայով չէ, մեր հոգու վրայով՝ կեսբուռ հղիության պես զորընդեղ ու տառապյալ, սիրո եզնաքաղցի պես մեր մեջ ընկած, որ վախեցնում է մեզ զոռով բաներից, վրիպողի գրկում առաջ գնալուց:

Գուցե ազատ լինելու փորձությունը հազարամյակի խորքն անցնողի անկման կատարսի՞սն է կամ արեգդեմ գնալու սնափառության արբունք, որ բռնել է շատերիս յոթ շերտ վերևում՝ ազատ ճախրի մոլուցքով զարնված: Իսկ ցածո՞ւմ. ի՛նչ եղկելի է ազատության թզատերևը՝ քրքրված ջղերից հյուսված:Այս տերևաձորձը թաքցնում է մեզ կանաչի ու ծաղկի ցուցիչի տակ, սեփական սահմանների ցատկով մեկուսացնում ուրիշ ծաղկում ունեցողներից, իշխում մեզ՝ մեր նախնական մղումներին ու վերջնական օտարումներին, սուսերով ու անսուսեր պարերին, ընդվզումի վարդ սերերին: Ուրեմն ինչ. շռնդալից ու ճերմակ անառակությամբ նետե՞նք ազատության այս բուսական հանդերձը, նետե՞նք քրքրված ձորձերն անտերունչի ու գնանք ընդդիմություն մրսելու՞…

Բայց սպասե՜ք մի փոքր, և դու, Ազատություն տղա, քեզ այնպես երգեմ, որ բոլորը սիրեն ու չմեռնես: Ելնեմ անսերի չբեր առաջնությունից, քեզ համար շնորհ ու շախ անեմ, սրինգ անեմ, դաղված սրտերին՝ հով ու սյուք: Քեզ ինչքա՛ն եմ սպասել` երեսի ջրով, տոներս մաքուր պահած: Թող լվամ ոտքերդ (տեր եմ, թող լվամ), մանյակ-վզնոցս նետեմ անկախ ամպերին ու բաց թողնեմ ինձ՝ թևերս վրադ փռած: Չկա քեզ նման: Արժանավոր: Խանդակաթ: Բոլորի՛ իմ ընտրած: Քեզ նմանի համար միտինգվար մեկը երեկ ասում էր. ՙԵս դրա անհարկի զովությունը, ապարդյուն տապը…՚: Էլի բաներ էր ասում, բայց չարժե երեսծեծանք դարձնել: Քեֆը լավի ազատությունը ո՞րն է (ճոճվող հայրենասերների՛ս տեսեք, ժողովրդահաճո՛ տղերք): Բայց արի ու տես, որ նրանցից լավը չկա, ըմբռնում եմ ասել, է՛. ՙԵս ազատության շունն եմ, ազատության փասը, Ձեր ճշմարիտ, ճշմարիտ լինելու ազատության պատրանքը՚:

Խաչը գլխներից հաստատ թռել է: Քո հողի վրա  գժոտվել են: Էս ազատությունը քոսի պես բան է, պիտի բարձրանանք: Դեռ ինձնից առաջ հարցրել են. ՙԴո՞ւ էիր, որ պիտի գայիր, թե ուրիշին սպասենք՚:

Ուրիշին սպասելու ազատություն չեմ ուզում:

Մի բոյի եմ թռչունների հետ,

Մի բոյի՝ ազատ ընկնողների՝

Ցամաքի վրա, կանաչ ճյուղերով:

Քեզնով անվերջ փոխակերպվում եմ.

Ելնում եմ թռչուն, իջնում եմ ջուր

Սիրո ծաղկասարերը, սրտի խորատակերը,

Անտերունչ երկրի հնձանները,

Սիրուն կողակից ազատ հնձանները…

Բոլորի՛ իմ ընտրած:

 

Ծո՜ քաղաք

Քեզ պիտի ապրեմ: Հիմա իմն ես, գիտեմ: Առջևիցդ գնացողներ և հետևիցդ եկողներ ունես: Շատերը հրում են քեզ: Շատերը հրվում են քեզնից: Հիմա հրաշալի իմն ես, ինչպես շնորհակալություն հացին, ինչպես եղնիկի մանրամասն: Ինչու՞  ընդդիմությամբ ընկնեմ, նպատակից կես քայլ հեռու, այս պահին ունենամ և, սակայն, չունենամ հետո: Ինչքա՛ն ես զարկում չլինելուս ոտքերին. ես հո գիտեի, որ զարկան ես, զարկեցնող ե՞րբ եղար: Ինչ խոստացել ու չես արել, էդ ես: Ո՞վ կերավ մարմինդ: Մնացածդ սիրեմ ու լա՛վ սիրեմ:

Չխոստացածդ բարձրացնեմ ու տակը հո՞րթ ման գամ: Ինձնից  չէ: Հրապարակ ունե՞ս` գամ-անցնեմ հանդիսանքով: Ճերմակ շորս հանեմ հագնեմ: Քեզ համար մանչ բերող հարս լինեմ:

Էս քաղաքը խոսք չի հասկանում. ինձ գինու է ղրկում, որ իր հետ խմեմ: Գնում ու չեմ վերադառնում, թաքնվում եմ կյանքի հետևում: Մի լավ կանչող լինի՝ դուրս կգամ, դուրս կգամ խրխինջ սանձով: Պահմտոցիս կտամ քարովը, սրտովը ու վերջ կտամ մենակ-մենակ խաղալուս:

Ծ՜ո քաղաք, ես անցել եմ քո գինետնով: Ով որ հարբում է, երկինքը քաշում է վրան, տակից կյանք է անում (էս տեսարանի լավը պահենք մտքում և ասենք՝ թա՜փ տուր մեզ անմաքուրից): Ես արցունքներս եմ խմել որպես թան:

Տարերքն ինձ բանի տեղ դրեց, ցփնեց լույսին, ինքնակորույս սարքեց, վարդով չոռ ասաց, սառը մոխիրներին նստեցրեց:

Վա՛յ թե սեր էր…

Երազիս մեջ փափուկ բարձ էիր դնում գլխիս տակ…


Քաղաքս

 

Սա մի քաղաք է,  որին ի վերուստ տրված է անմեկնելին,

մի քաղաք է, որ հսկում է զարմանալիին.

ինքն իրեն թափ է տվել և տեսել է, որ կենդանի է.

այլևս մոխրի մեջ նստած չէ՝ թևապարը չբացած

կարմիր թիթեռների ներսպարով,

երկնքից թափվող արցունքե մարգարիտներով:

Ցնորումի հևքով ընկած՝ սա մի քաղաք է,

որ նետված է իբրև վիճակ՝

երակները պարզած վաղվան:

Երգող արխիվների քաղաք է,

հրեշտակների հետ փամփաստ խաղացող,

սիրտն էրված քաղաք …

Չաստվածներն այստեղ ահեղ ճոճք են օրորել,

և հաղթել է Աստված …

Քաղաքը հայտնություն է հոգիներում

և թերթում է խոշոր շահում հույսն անվերջ վերև,

ուր տերևորեն ես ապրում անկմանդ գույնը,

ցանկություններիդ ցողը, բարձրացումներիդ ոսկեսափորը …

Քաղաքը նուբար է, սիրո առաջին դառնահամ,

առաջին հրճվանքի խանձարուր,

իր լաց լինող Յոթվերքով

մահվան անունը չիմացող է քաղաքը,

սա մի քաղաք է, որի սիրտն առել է արևը …

 

Կարմրիկ կաթեց

 

Գեղեցիկ լինելու հավես չունեմ: Փռվել եմ գորգին անհավեսի ազատությամբ և փոքրիկ զարմուհուս զվարճացնելու համար ասում եմ.

— Բակում հարսանիքի ձայն է, հլը նայի՜ր՝ հարսը հո ես չե՞մ…

— Չէ՜, հո՜ք, էլի դու չես:

Ինքնագայթակղությանը չեմ դիմանում:

Շապիկս փոխեմ` ցոլանքս վերադառնա նոր անուն-ազգանունով:

Հետո, որ ես չլինեմ, ինձ ո՞վ պիտի երևակայի, և պարզվի, որ էս անգամ էլ… կրակ կտրածը կա՜մ ձի է,

կա՜մ ընթացքի մեջ Վարդ…

Ձանձրացա հավես չունենալուց: Թերթեցի ինքս ինձ: Գարնան հետ համբուրվելիս նկար ունեմ: Աշխարհին ՙողջույն՚ ասելս այս նկարին նայելն է:

Նարոտ կար նրա վզին: Նրա ականջը կտրեցին ուրիշի հետ: Այդ ուրիշի հետ սարը բարձրացավ: Նրա հետ էլ իջավ: Հետո առանձին-առանձին բոլորս իջանք… ու հավասարվեցինք:

Հիմա որտե՞ղ ես, գարու՜ն. եղանակդ չիմացա:

Երբ փռշտում եմ, ինձնից հողակոշտ է թափվում: Ասում եմ` տեսե՜ք` ի՛նչ լի եմ հումուսով:

Մի բուռ հրեշտակից պոկվեցի, որ հասնեմ քեզ վերևից…

Ոսկեծղի հասկերս,

զնգուն ցորեններս,

կաթոտ բրնձահատիկներս

և խելռտուկ գարիներս

ահա ուղարկում եմ քեզ

բուռ առ բուռ.

մորեխի անկողին չտեսնես:

Եվ պատկերը` անջնջելի բարձրացող, մտավ հիշողությանս կենցաղ:

Նա ինձ հրավիրեց մասնակցելու իր ծաղկին, և սարը նրա շուքով էր: Ես խայտում էի շուքի ներսում և շուքից դուրս ձեռքով անում հատիկային ամեն ինչի:

Լսո՞ւմ եք, հատիկայի՜ն ամեն ինչեր` ոսկեծղիից մինչև խելռտուկ, իմ մասնակցությունը ծաղկին արմատով էր, ներծծող հատվածի խինդով: Եվ ցոլանքս արդեն վերադարձավ:

Ուրիշի հետ, երբ նրա ականջը կտրեցին, կարմրիկ կաթեց…

Կաթեց կարմրիկը,

և ցողունե պատրույգով

մի բան ընկավ

տաք կաթոցքից հալած խոտին`

ծաղկաթափ իմ մարմինը:

 

Հեռվից աղոտ ականջիս է հասնում փոքրիկ զարմուհուս ձայնը.

— Չէ՜, հո՜ք, էլի դու չես…

 

Լուսանա՝  կծաղկեմ

Հետդ անրջելիք ունեմ: Արի իջիր տողիս մեջ՝ սրտիս մեջ հասկանամ՝ ինչ ես: Իմաստի լո՞ւծ ես քաշում: Ո՞վ է քեզ վերջից կարդում … Գրված է՝ ի սկզբանե ես: Բավական է արևն ընդերքից ելնի՝ տակը մնալը գիր է, վրա մնալը գիր է:

Հրեշտակի ղողանջն ի՞նչ եղավ:  Ճերմակփետուրն անում է իրենը,  ոսկեհատիկն անում է — արարում է: Բաց թողածս գիր է, շաղ տվածս ոսկեհատ – քեզ հետ, քեզ համար սաստիկ պսակ ու գիր է:

Գիտեմ՝ կգա ժամանակ, իմ մարմինը կվերածվի  գրաողկույզի. իմ մարմնախորշերում լուսատտիկի պես լույս կպեծկլտա, և ոչ մեկի մտքով չի անցնի, որ լուսանում է Գիրս՝ անուշ, հոգի հանող ալևորիկ խելառս:

Եթե սա՜ է տարվելը՝  ո՞րն է ծաղկումը. ծաղկեցնելը – խորոտիկ նշաններով պատմություն լցնելը,  հմայաչափով գիր է … Եղածը դու արիր, ինքնամրրիկ թողնողի շվայտանքով եղածը դու արիր:

Հիմա տոներդ զարկում եմ սրտիս և ասում՝ ի՜նչ տոն է ու սիրտ, ի՜նչ շիկ գրատունկ է՝ կանաչ հրճվանքի փթթումով:

Ինչպե՞ս դուրս գամ քեզնից, ելանեմ իմ գրից և մտանեմ ու՞ր … Ախր եկել թափվել ես վրաս, ու ինձ վրա է գրի զորության ծածկը:

 

ԼՈՒՍԱՆԱ՝ ԿԾԱՂԿԵՄ ՃԱԽՐՈՂ ՆՇԱՆՆԵՐՈՎ — ԳՐԱՏՏԻԿՆԵՐՈՎ … 

 

Զրույց հեչի հետ

Օր կա, որ չի անցնում: Առանց քեզ օր կա՞…

Բարձր միացնում եմ ինձ: Բա՛րձր-բա՛րձր միացնում եմ ինձ հուշերիս…

-Յո՞ երթաս դեպի շապիկի տակ ամրացված սիրտս: Յո՞ երթաս…

Էսօր ի՞նչ օր է: Ի՞նչ օր է որ: Ինչ որ է, օր է, ապրիլյան գեղեցկությանս օր:  Մի բան լինելու է: Ափերը քերծողի ցնծությամբ մի բան լինելու է…

Ոչ մեկը չեկա՞վ: Ոչ մեկը եկա՞վ: Եղե՞լ է, չի՞ եղել, կար-չկար… Առաջ էլի մի բան կար, հիմա հեչը պատրաստ է, կիրակին ինձ հետ է նշում, տոնը ինձ հետ է նշում:

Տո հե՜չ, քեզ ե՞րբ կանչեցի, որ եկար: Հեչ մտածեցի՞ր, որ քեզ նմանի կարիքը չունեմ: Անթա՜մբ, անթիկու՜նք տղա-հեչ, բան-ման հո չի՞ պատահել Նրան: Սուրհանդակ ե՞ս եկել, ինձ հասա՜ծ հեչ, առաջ ընկա՜ծ հեչ, քաջընթացի՜կ… Բերածդ ավետի՞ս է, ավետչե՞ք ես ուզում: Տեղովդ որ մի բան լինեիր, անունդ էլ հեչ չէր լինի: Բայց որ դու ես եկել էսօր, քեզնից մի բան կսարքեմ, քո հեչից էլի՜ մի բան կսարքեմ: Թագվոր դառնալ չերազես, չէ՜, կոսպանդդ ես չեմ կապի, բայց կխոսեմ քեզ հետ մեղրագինու պես քաղցր, մեղրագինու պես շփոթեցնող:

Հա՛, էլի ականջներս աղի են: Չե՜մ խրատվում: Պառկած լաց լինելուց ի՞նչ օգուտ, հեչիդ հետ հեռու գնալուց ի՛նչ օգուտ: Մի՜ նեղացիր, գովքդ ու հետգովքդ իրար հետ եմ անելու: Էս տարի գարունը եկա՞վ որ… Քեզ եմ հարցնում՝ եկա՞վ որ… Ձենդ չի ելնում: Հա՛, հիշեցի՝ եկավ: Եկավ իմ տեղատարափը: Եկան, ասացին՝ տեղատարափի տակ ծնված լինելդ շնորհավոր, արդեն գարուն է: Զատիկը կերանք, հասանք ծնունդիդ:

Չէ՜, ես ուտվող չեմ: Հենց էնպես եմ հիշում կյանքի կանաչ-կարմիրը, Զատկի կանաչ-կարմիրը: Փայլուն հիշողությանս կենացը հեչ պե՞տքդ է, որ խմես, թե դու գիտես քոնը: Հետաքրքիր է՝ ի՞նչ նշանի տակ ես ծնվել: Ծնվե՛լ-չծնվել, դու դենը մի՜ գնա: Մի բան լինելու է, մի արարք՝ փեշիցս կախ, մի արարք՝ երկնքից կախ… Գոնե քո շունչը զգամ, պատկերացնու՞մ ես հեչիդ շունչը: Աղջկա պեծ-կրակի հետ հանա՞ք ես անում. է՜ս է դարի շունչը: Հեչն էլ էսքան բազմաշե՛րտ լինի՝ նորամուտ հազարամյակի շու՛նչ, ժամանակի ուռած-փքված շու՛նչ…

Օ՛, չքոտի՜ ընկեր, թանկագի՜ն հեչ, տեսք եմ տալիս, թե էսօր տարվել եմ քեզնով, և գեղեցկությունս էլ քո աչքում բնավ պարապ բան չէ, բայց հավատա՝ ուզում եմ թռչել պատուհանից դուրս, կանգնել ամենաբարձր տանիքի քիվին, գրկիս մեջ առնել այս անխնա տեղատարափը և քնքշացած հարցնել.

— Ո՞վ ես դու…

Реклама

Ստեղծագործ ժամանակակից։ Ռոզա Հովհաննիսյան: 2 комментария

  1. […] Հունիսի 18-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գրական ակումբը ըստ նախօրոք հրապարակված ծրագրի  Գյումրիում էր: Գյումրիի հրապարակում մեզ դիմավորեց  մեր ստեղծագործ ժամանակակիցը՝  Ռոզա Հովհաննիսյանը: […]

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s