Հանճարը։ Ռոբերտ Վալզեր

valzerՄի անգամ, ցրտաշունչ գիշերով, Վենցելը` հանճարը, կանգնած էր փողոցում` բարակ, բարալիկ, թրթռիկ հագուստով և ողորմություն էր մուրում անցորդներից: Տիկնայք և պարոնայք մտածում էին, Տեր Աստված, բայց չէ՞ որ նա հանճար է, նա կարող է իրեն նման բան թույլ տալ: Հանճարին այնքան էլ հեշտությամբ չի բռնում հարբուխը, ինչպես սովորական մահկանացուներին: Վենցելը գիշերն անցկացրեց թագավորական պալատի դարպասի մատույցներում, և ահավասիկ, նա կարծես չմրսեց: Հանճարները միանգամից չեն մրսում, նույնիսկ եթե շատ ցուրտ է: Առավոտյան նա դիմում ներկայացրեց պատկան մարմիններին` իր այցի մասին զեկուցելու երիտասարդ և գեղեցկուհի արքայադստերը, ընդսմին՝ այն նույն հանդերձանքով, որ նա կրում էր նախկինի պես: Այդ հագուստի մեջ նա ողորմելի տեսք ուներ, սակայն ծառաները, բոթբոթելով հերթ չէին տալիս միմյանց` շշնջալով իրար ականջի. հանճարը, տղաներ, հանճա՛ր է, և ապա Վենցելի մասին զեկուցեցին տիրուհուն, և ուրախ-զվարթ նրան թույլ տվեցին մուտք գործել ազնվազարմ տիրուհու հարկաբաժինը: Վենցելը նույնիսկ չխոնարհվեց էլ արքայադստերը, քանի որ, դատեցեք ինքներդ, նման վարվեցողությունը բնավ հարիր չէ հանճարին: Մինչդեռ արքայադուստրը, սեփական ոգու վեհությամբ տոգորված, խոնարհվեց հանճարի առաջ, ես նկատի ունեմ պատանի Վենցելի, և նրան մեկնեց ձյունաճերմակ ձեռքը անուշահամ համբույրի համար, և ապա հարցուփորձ արեց նրա գալստյան նպատակի վերաբերյալ: «Կուզեի մի բան ուտել», – պատասխանեց կոպիտ-անտաշը, և այնուամենայնիվ նրա պատասխանը արձագանքի արժանացավ, քանի որ անմիջապես էլ, ազնվազարմ տիրուհու ձեռքի մի շարժումով, հրաշափառ նախաճաշ և գինի մատուցվեց, ընդսմին` այդ ամենը արծաթե պնակներում և բյուրեղապակյա սրվակներում` ոսկե սկուտեղի վրա: Հանճարը լայն ժպտաց՝ աչք շոյող ուտեստների բերումով, և ահա, պարզվում է, որ հանճարները կարող են նաև լայն ժպտալ: Թագուհին միանգամայն բարեհաճ էր տրամադրված, կերակուրն էր ճաշակում Վենցելի հետ միասին, որը իր հանճարեղ էությանն համապատասխանող նույնիսկ դույզն-ինչ բարեպատշաճ փողկապ չուներ կապած, հարցուփորձ արեց նրա արարմունքների մասին և նույնիսկ խմեց նրա առողջության համար. այդ ամենը բարեհոգի ու անմեղ նրբավարությամբ, իրեն հույժ հատկական: Հանճարն իր ողջ ճղճիմ ու ճղճղված կյանքում առաջին անգամ իրեն լիովին երջանիկ զգաց, և ահա, պարզվում է, որ նույնիսկ հանճարներին խորթ չէ երջանիկ լինելու այդ հույժ մարդկային հատկությունը: Հերթական բաժակաճառն արտաբերելիս, ի թիվս այլոց, Վենցելը հայտարարեց, որ ինքը վճռականորեն է տրամադրված վաղը կամ մյուս օրը կործանելու աշխարհը: Արքայադուստրը, որին հասկանալի պատճառներով այդ ընթացքում սարսափը համակեց, իրեն գլխապատառ դուրս գցեց սրահից, վախվորած և բարեհունչ ճչալով` լեղաճաք եղած սոխակի պես, հանճարին միայնակ թողնելով իր հանճարեղության հետ, և այդ ամենի մասին պատմեց իր հորը, երկրի տիրակալ արքայազն-կուսակալին: Վերջինս այնուհետև հորդորեց Վենցելին հնարավորինս շուտափույթ և անհապաղ գրողի ծոցը կորչել, ինչն էլ կատարվեց անմիջապես: Եվ հիմա մեր հանճարը վերստին փողոցում է, ուտելու ոչինչ չունի, ինչի համար, սակայն, բոլորը ներողամտորեն են վերաբերվում նրան, քանի որ նա մեծազոր հանճար է. սակայն նա չգիտի, թե ուր գլուխը կորցնի հոգսերից: Այս վիճակում հապշտապ նրան օգնության է գալիս հանճարեղ մի միտք (բոլոր խելացի մտքերը խիստ ճոճ են ու ճապուկ): Նա կարգադրում ու կազմակերպում է ձյունառատ տեղումներ, ընդսմին` այնքան երկարատև և ուժգին, որ շատ կարճ ժամանակում ամբողջ աշխարհը թաղվում է ձյան հաստաբեստ շերտի տակ: Նա, հանճարը, ընկողմանած է սառցանիստ երկրակեղևի ամենաբարձր գագաթին, և ծամծմում է այն ոչ հոռի զգացողությունը, որ ամբողջ աշխարհը թաղված է իր ոտքերի տակ: Նա ինքն իրեն ասում է, որ սա ծանրաբեռ հիշողությունների աշխարհ է: Նա կրկնում է դա այնքան ժամանակ, մինչև որ հանկարծ նկատում է, որ նորից քաղցած է՝ ինչպես բարեբանյալ երկրային սնունդի (զորօրինակ Կոնտինենտալ հյուրանոցում մատուցվող), այնպես էլ մարդկային դաժան վերաբերմունքի առումներով: Արևն այնտեղ` վերևներում, շատ էլ հաճելի չէ, քանի որ այդպես՝ կատարյալ միայնության մեջ արևի տակ նստելուց – ավա՜ղ – նրան սառը դող է պաշարում: Կարճ ասած՝ այդ ամբողջ ձյունը նա վերստին հալչել է տալիս: Այս ընթացքում աշխարհում ինչ-որ բան, թեկուզ քիչ, բայց հասցրել է փոխվել. ձևավորվել է նոր, թարմ լվացված մարդկանց մի սերունդ, որ մեծագույն պատկառանքով է լցված ամենայն գերմարդկայինի հանդեպ: Դա սփոփում է Վենցելին այնքան ժամանակ, քանի դեռ դրա դեմ նա դեռ չի ըմբոստացել: Նա տառապում է և հեծկլտոցները, որ իր հոգու խորքերից են բխում, համընդհանուր ճանաչման են արժանանում: Նրան ուզում են օգնել, նրան համոզում են, որ ինքը մարդկության այսպես կոչված հանճարն է կամ նրա մարմնավորումն ու անձնավորումը: Բայց այդ ամենն այլևս ապարդյուն է, քանի որ հանճարին օգնել բնավ հնարավոր չէ:

Թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Ալեքսանյանի

Աղբյուրը՝ Գրանիշ

Ռոբերտ Վալզեր՝ Վարդան ֆերեշեթյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s