Ռուբեն Ֆիլյան

ruben-filyan

Հաճելի տհաճություն

Իմ ողջ կշիռը փոխանցվեց անկողնուս, և անկողինս փախավ։ Բիբերս սկսեցին երերալ փակ աչքերիս մեջ ու ես պտտվելով բարձրացա վերև, սակայն տանիքի մոտ ինձ սթափեցրեց առավոտվա եղյամը։ Այդ րոպեներին կարծես ոչնչությունից էլ թեթև էի։ Տանիքի մոտ ես մի քիչ զրուցեցի էլեկտրական լարերի հետ, ապա վերադարձա՝ շալակած մի բուռ տհաճություն։ Այդ տհաճությունը մի կերպ տեղավորեցի գլխումս եւ քնեցի․․․

Առավոտյան գլուխս անտանելի ցավում էր։ Սուրճ էի խմում, չզգալով, որ այն աղի է։ Մոտեցա աղամանին, որտեղ սովորաբար շաքարավազ էր լինում, և համտես արի։ Սակայն չզգացի՝ այն աղի՞ է, թե՞ քաղցր։ Միայն հասկացա, որ զգայարան եմ կորցրել, փոխադարձը գտնելով մի նորը, ավելի լավը։ Դա կանգազգացում էր․․․

Ամեն մի քայլ անելիս ինձ թվում էր, թե ես այն կանխազգացել եմ։

Սակայն ամենակարեւորը, այս նոր զգայարանով ես զգում էի, որ երկար եմ ապրելու, շատ երկար․․․

Եվ ես ապրում եմ․․․

Ծ․․․ Ծ․․․ Ծերություն

Ամեն ինչից զարմացած դուրս եկա փողոց։ Աշնանային /ադեն ցուրտ/ քամին ինձ հիշեցրեց, որ օձիքս չի կոճկված։ Զբոսայգում երկար թափառելուց հետո ես նստեցի։ Ուզում էի զրուցել իմ կողքին նստած մարդու հետ, որը մինչեւ այդ մի երգ էր մռմռում։

Ասում են, թե հարբեցողները երբ «խելոք» են լինում, խելացի են լինում։

―Ինչու՞ ես խմում,֊ երկար սպասելուց հետո հարցրի ես։

Նա ցուցամատը բարձրացրեց գլխից քիչ վեր /այդ դիրքով նա նման էր մի սատանայի, որը կորցրել էր իր պոզերից մեկը/։

―Ովքեր հարբած չեն, նրանք մարդ չեն,֊բանաստեղծության ձևով արտասանեց նա ու հետո տասը րոպե անընդհատ մրմնջում էր «ծ»֊ով սկսվող ինչ֊որ մի բառ։

Ես մի պահ մտովի տեղափոխվեցի մեր նստարանի տակ ու այնտեղից սկսեցի դիտել աշխարհի այն մասը, որը երևում էր հարբեցողի ոտքերի արանքից։ Այդ աշխարհը շատ փոքր էր։

Հանկարծ նա փնտրող աչքերով սկսեց դիտել շրջապատը ու արդեն վեր տնկած ցուցամատը ավելի ևս վեր բարձրացրեց։

―Կյա՞նքը․․․ Թեկուզ այս տերեւներն են, որոնց ամբողջ նպատակն է ավելի շատ, քան հնարավոր է, օգուտ տալ ծառին։ Այդ տերևները տարվա եղանակների հետ ծ․․․ծ․․․ծ․․․

Նա կարծես ուզում էր քնել։

Երբ տեսնում ես հարբած մարդու բաց ու հետո փակ աչքերը, մի պահ քեզ սկսում է թվալ, թե այդ արյունակալված աչքերը երբեք այլեւս չեն բացվելու։ Այդ պահին «հարբեցող» ու «մահացող» բառերը հոմանիշներ են թվում։

Ես կոճկեցի նորից բացված օձիքս ու հեռացա /մի քիչ էլ վախեցած/, որովհետեւ վերջապես հասկացել էի, թե որն է այդ «ծ»֊ով սկսվող բառը․․․

Իսկ հարբեցողը նստած էր իր անբնական դիրքով՝ գլուխը առած ծնկների մեջ։ Նրա ալեխառն մազերի վրա հազիվ էր նշմարվում ծառից նոր ընկած մի դեղին տերև․․․

Վերելակը

Նա թևի տակ ավելի պինդ սեղմեց փաթեթը ու նորից կրկնեց․

―Երկրորդ մուտք, յոթերորդ հարկ, երկու հարյուր մեկ բնակարան։

Ներս մտավ մուտքից ու մի պահ կանգ առավ, վերելակո՞վ, թե՞ աստիճաններով։ Մինչև յոթերորդ հարկ։

Նրա մոտ վաղուց ինչ֊որ բնազդական մի վախ կար այդ վերելակների հանդեպ։

Համենայն դեպս նա հրեց դուռը և սեղմեց յոթ համարի կոճակը։ Նա չափազանց անհանգստացած էր ինչ֊որ բանից և որպեսզի ինքն իր մեջ թաքցնի այդ՝ սկսեց մտածել օրվա մասին։

―Այսօր նոր տարի է, եւ ես հիմա կշնորհավորեմ ընկերոջս։ Վաղուց արդեն նրան չեմ տեսել․․․

Հանկարծ վերելակը դանդաղեցրեց ընթացքն ու կանգ առավ։ Այն կանգ էր առել վեց ու յոթերորդ հարկերի մեջտեղում։

Գիշեր էր, իսկ վերելակը ուներ երեք պատ եւ մի դուռ, որը հիմա նույնպես պատ էր․․․

Նա մնացել էր մեն֊մենակ իր վախի հետ։ Կարելի էր բղավել, օգնություն գոռալ, և մարդիկ ընդհատելով ամեն ինչ, կնորոգեին վերելակը։ Բայց ոչ, թող նրանք տոնեն հանգիստ, իսկ ես կսպասեմ, մինչև որ․․․ Այո, ինչպես չէի հիշում, չէ՞ որ այս շենքի տակ խանութ կա, իսկ այդ խանութի պահակը սիրում է զբոսնել շենքի շուրջը ու երբեմն էլ ներս է մտնում։ Այո, կմտնի ու կտեսնի, որ վերելակը տեղում չէ և․․․ Սպասել, սպասել․․․

Բայց այս ի՞նչ է, պահակը ուշանում է։ Երևի տուն է գնացել, որպեսզի նոր տարին ընտանիքի հետ տոնի։ Շուտով նա կհիշի իր խանութի մասին․․․

Հետո նա մի պահ մոռացավ պահակին ու ակամայից սկսեց հիշել իր ծանոթներին։ Տխուր ժպտաց, որովհետև կարողացել էր հիշել բոլորին։

Նորից պահակին հիշեց․․․

Հանկարծ փաթեթը ընկավ թևի տակից ու նա սկսեց բղավել․

―Ոչ, ոչ․․․ Չեմ ուզում հավատալ, որ աշխարհում ոչ ոք չի հիշում ինձ, չեմ ուզում հավատալ, չեմ ուզում հավատալ․․․

Իմ կետերը

Առաստաղի վրա կա երեք կետ։ Նրանցից երկուսը մոտիկ են իրար, իսկ մյուսը ավելի հեռու։ Անթարթ նայում եմ այդ կետերին և մտածում, թե ինչպես են մարդիկ կարողանում ոչ մի բանի մասին չմտածել։

Չնայած սենյակում քամի չկա, սակայն ծխախոտիս ծուխը գնում է այդ կետերի կողմը և քողարկում նրանց։ Վեր կացա տեղիցս և նստեցի մի ուրիշ աթոռի։ Ծուխն էլ թեքեց իր ուղղությունը, ու նորից կետերը ապաստանվեցին նրա մեջ։

Որոշեցի հայացքովս այդ կետերը տեղափոխել սենյակի մի ուրիշ անկյուն։ Առաջին իսկ փորձից հաջողվեց ինձ այդ, բայց ծուխը կետերից չէր բաժանվում։ Այդպես մի քանի ժամ շարունակ ես տեղափոխեցի կետերը սենյակի մի անկյունից մյուսը եւ չզգացի, թե ինչպես փակվեցին աչքերս։ Իսկ կետերը չհասցրին դուրս պրծնել աչքերիցս և հավիտյան դրոշմվեցին իմ հայացքում։

Առավոտյան ինձ արթնացրեց փոտատարը։ Ես ստորագրեցի հեռագրի համար և ցույց տվեցի նրան առաստաղը։ Սակայն փոստատարը պնդում էր, որ առաստաղի վրա ոչ մի կետ էլ չկա․․․

Փողոցում քայլելիս ում էլ որ հանդիպում էի, անմիջապես տեղադրում էի երեք կետերը նրա դեմքին։ Եվ այդ մարդկանց աչքերի ու բերանի փոխարեն ես տեսնում էի ծխով պատված երեք կետ։

Այդպես ամեն օր ես առատորեն բաժանում էի երեք կետերը բոլորին, սակայն այդ կետերը մնում էին իմը, միայն իմը․․․

Միայնակ տատս

― Ռուբի՛կ, ժամը քանի՞սն է,- ամեն օր մի քանի անգամ հարցնում էր ինձ տատս:

Նա ժամացույց ուներ, բայց այն իր ասելով մի քանի րոպե ետ էր մնում:

Հայրս գրեթե ամեն օր որոշում էր նրա համար մի նոր ժամացույց գնել, սակայն միշտ էլ կամ մոռանում էր, կամ էլ ինչ-որ բան էր խանգարում:

Իսկ տատս ամբողջովին մենակ էր, ու օրական մի քանի անգամ հրելով դուռը՝ հարցնում էր.

― Ռուբիկ, ժամը քանի՞սն է…

Եվ մի օր էլ, երբ ես մեծ էի, իսկ տատս դեռ հրում էր դուռը, որոշեցի մի նոր ժամացույց գնել:

Առավոտյան տատս սովորականի պես հրեց դուռն ու հարցրեց.

― Ռուբիկ, ժամը քանի՞սն է…

Ես վերցրի մեծ ժամացույցը ու կախեցի նրա պատից:

Հաջորդ օրը տատս մեռավ…

Ուրախություն

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։ Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

Հաշմանդամը

Սրճարանին մոտենալիս նրան դարձյալ սկսեց թվալ, թե իր շալվարի աջ մասը կարճ է ու նեղ է կարված։ Նրա գիտակցությունը տեղափոխվում էր դեպի աջ ոտքը (թերեւս նա այդպես էր կարծում):

Նա շատ էր սիրում փիլիսոփայել, ու բոլոր նրա ծանոթները անգիր գիտեին նրա այն միտքը, թե գիտակցությունը ամենից շատ հետաքրքրվում է մարդու այն անդամով, որի մեջ գտնվում է։ Հենց այս պատճառով էլ նրան թվում էր, թե իր գիտակցությունը այժմ գտնվում է աջ ոտքի մեջ։ Այս մտքերով նա մտավ սրճարան։ Այստեղ այնպիսի սուրճ էին պատրաստել, որ նրա մոտ ավելի շուտ տպավորություն ստեղծվեց թեյելու, քան՝ սրճելու։ Նրա գիտակցությունը հիմա ոչնչի մեջ էր, ու նա չզգաց, թե ինչպես սահեց իր ձեռքից սուրճի բաժակը եւ վայր ընկավ։ Բաժակի ընկնելու ձայնը մի թնդանոթային համազարկ թվաց բոլորին, սրճարանային լռության ֆոնի դիմաց։

Նա կանգնեց ու սկսեց վազել՝ ինքն էլ չգիտակցելով թե ուր։ Եւ ինչ֊որ հրաշքով, որին հետագայում անվանեց բնազդ, նա ընկավ իրենց տուն։ Նրա կոշիկների մեջ կարծես ջուր էր լցված, ու նա ենթադրեց, որ այդ ջուրը իր քրտինքն էր։ Նա սրճարանից շալակած բերել էր ամբոխի զարմացած հայացքները եւ այդ ձայնը, այդ ձայնը․․․

Նա չբարեւեց հյուրերին ու անցավ մյուս սենյակը՝ ավելացնելով իր բեռը եւս յոթ զարմացած հայացքներով։

Նա արագորեն մոտեցավ դաշնամուրին եւ հանկարծ շատ ուզեց իմանալ, թե ինչ ձայն արձակեց բաժակը կոտրվելիս։ Հաստատ համոզվելով, որ դա լյա էր, նա մի քիչ փող վերցրեց ու դուրս եկավ տնից։
xxx

Նա պարզ հիշում էր, որ ընկերոջ ծննդյան օրն է, ու պիտի մի հետաքրքիր նվեր գտնել։

Ամանեղենի խանութի կողքով անցնելիս, նա ներս մտավ ու դուրս եկավ հազիվ քարշ տալով մի մեծ տաշտակ։

Նա ներս մտավ, հանվեց ու դռան ճեղքից սկսեց դիտել ներկաներին։

Սենյակից տարօրինակ երաժշտություն էր լսվում ու նրա գիտակցությունը, մի պահ միայն անցնելոով աջ ոտքին, պատսպարվեց այդ տարօրինակության մեջ։

Դռան արանքից նա ձեռքը դանդաղ սահեցրեց անջատիչի վրայով, ու սենյակը մթնեց։ Ներկաներից միայն մեկին հաջողվեց երկար որոնումներից հետո գտնել անջատիչը, ու սենյակը դարձյալ լուսավորվեց։ Իսկ նա արդեն նստած էր կարճ, տղայական մազերով, մեծ֊կանաչ աչքերով ու լայն շրթունքներով մի աղջկա կողքին։

Երեկոն այդպես տաղտկալի էլ կանցներ, եթե նա չփայլեր իր տարօրինակություններով։

Վերջում նա խմեց իր օրվա հերոսի՝ իր ընկերոջ աջ ոտքի կենացը, ու բոլորը դուրս եկան։

Այն կարճ մազերով աղջկան նա տուն ճանապարհեց ու վերադառնում էր, երբ․․․

Նա ետ եկավ։ Աղջիկը դեռ կանգնած էր այն տեղում, որտեղից նրանք բաժանվել էին։ Նա մոտեցավ, գրպանից հանեց մի փոքրիկ դանակ, կտրեց աղջկա մազերից մեկը ու սկսեց չափչփել իր ձեռքում գտնվող մազի հետ։ Հետո ինչ֊որ բանում համոզված շուռ եկավ ու դանդաղ քայլերով հեռանում էր, երբ․․․

Նրա գիտակցությունը վերադարձավ իր հին տեղը՝ աջ ոտքը, ու նա դարձյալ սկսեց չզգալ իր ձախ ոտքի ներկայությունը։ Նա տասը, քսան քայլ էր հեռացել աղջկա մոտից, երբ ինչ֊որ մի հիմար վախ սկսեց չափազանց վախեցնել նրան․

―Չնկատի՞ հանկարծ աղջիկը, որ ինքը․․․

Իսկ աղջիկը նայում էր նրա ետեւից ու մտածում էր, որ նույնիսկ նրա քայլվածքը դարձյալ տարօրինակ է․․․
xxx

Նա դանդաղ քայլերով տուն էր վերադառնում, երբ հանկարծ որոշեց վերջ տալ ծխելուն։ Նա գրպանից հանեց ծխախոտատուփը, որի նվիրողին վաղուց արդեն ատում էր։ Նա մի պահ կանգ առավ ու հիշեց այն խոսքերը, թե՝ չգիտեմ երբ տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն չորրորդը կլինի նետուաղեղով։ Նա սկսեց տարակուսել․

―Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հենց այս նույն տեղը իր քարե բրիչով կփորի մի բրդոտ մարդ։ Եւ եթե ես դեն շպրտեմ այս, այդ բրդոտ մարդը ուտելու համար մի որեւէ հատիկ գտնելու փոխարեն, կգտնի այս արծաթյա ծխախոտատուփը․․․

Հետո, կարծես չուզենալով, որ այդպես լինի, նա սկսեց առարկել ինքն իրեն․

―Արծաթը այդքան չի կարող դիմանալ։

Նա չնետեց ծխախոտատուփը ու մտածեց, որ այս առիթով արժե մի հատ էլ ծխել․․․
xxx

Հաջորդ օրը նա քայլում էր փողոցով, երբ դիմացի տներից մեկը առանձնապես հարազատ թվաց։ Այդ տան պատուհանից իրեն ձեռքով էր անում երեկվա այն սեւ, կարճ մազերով աղջիկը։ Նա ներս մտավ ու աղջկա հետ միասին սկսեց սենյակը ծխով լցնել։ Հետո նրանք հիշեցին, թե ինչպես նախորդ օրը մի քանի անգամ համոզվել էին, որ պարելը հիանալի բան է։ Այժմ պարում էին իրար գրկած։ Երաժշտությունը այլեւս չէր լսվում, սակայն նրանք չէին ուզում բաժանվել, ու չզգացին, թե ինչպես փոխեցին իրենց դիրքերը․․․
xxx

Այսօր նա ոչ ոքի չէր ցանկանում տեսնել, նույնիսկ նրան։ Հիմա նա անորոշ վիճակում էր։ Կարծես կորել էր գիտակցությունը։ Հետո, պարզվեց, որ նրա գիտակցությունը թափանցել է հենց իրեն՝ գիտակցության մեջ։ Եւ այնտեղից դուրս եկող բոլոր հայտնությունները նա սկսեց արտահայտել գրելով։

Հին, տարօրինակ օրերը իհարկե որոշ հետք թողել էին նրա մեջ, որովհետեւ այն բոլորը նա գրում էր շատ հետաքրքիր, տարօրինակ ոճով։ Հիմա քայլում էր փողոցով առանց «կարդալու» եւ նա վստահ էր, որ մեծ գրող պիտի դառնա․․․

16/9-1969թ․

Ծնունդ

Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը եւ գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․

Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլեւս չի ծնվի․․․

Ոչ ոք չէր ուզում ուտել եզան անպաշտպան միսը։ «Քելեխ․․․» Ոչ ոք չէր ուզում մեռնել․․․

Եւ իհարկե այս բոլորը ոչ մի կապ չունի այն կնոջ հետ, որը չէր ուզում ունենալ երրորդ երեխան ու գնաց բժշկի մոտ։ Վերջապես ինչու պիտի կապ չունենար, կամ թեկուզ ունենար․․․

Երեխան չծնվեց, բայց կարող էր ծնվել․․․

Նա կծնվեր ու կունենար չարաճճի մանկություն, պատանեկության տարիներին կաներ այնպիսի բաներ, որոնք կարելի էր անել ու հակառակը՝ կգրեր արձակ կամ բանաստեղծություններ, սովորականի պես չէր սիրահարվի, կամ կսիրահարվեր եւ հետո կդառնար հաշվապահ, կամ փոխգնդապետ, անկեղծորեն կմասնակցեր հոր թաղմանը եւ կապրեր մարդկային ճակատագրի բոլոր կանոններով․․․

Նա չծնվեց, քանի որ պիտի մեռներ եւ եթե վերջը վաղուց քեզ է փնտրում, միեւնույնը չէ, թե ինչպես ես գտնում այն։

Կարելի է հանգամանորեն պատմել, թե ինչպես ապրեց այն մարդը, որը չէր ծնվել։ Ամեն ինչ հետաքրքիր կլինի, քանի որ վերջում եզը պիտի բառաչի եւ բոլորս ուրախ կլինենք, որովհետեւ եզը չկա․․

Եւ միեւնույն ժամանակ կարելի է գրել մի երիտասարդի մասին, որը ամեն գիշեր քնում է եւ որը երբեք նամակ չի գրել Սանչոյին․․․

Կարելի է պատմել այն մարդու մասին, որը պատի վրա դուռ էր նկարել ու լաց էր լինում՝ հեռվից դիտելով, թե ինչպես մի երեխա ողջ ուժով հրում է այդ դուռը․․․

Գուցե ժամերով ծիծաղենք այն բանի վրա, որ վաղուց մահացած մի մարդ թեյը խմում էր ոչ թե երեք, այլ երկու կտոր շաքարով․․․

Սակայն կա մի մարդ, որն այս բոլորը ունի իր մեջ եւ նա հիմա սիգարետը ձեռքին հետապնդում էր հատակի վրայից վազող փոքրիկ սարդին։ Նա չգիտեր՝ սարդի թեւե՞րն էին վառվում, թե՞ ոտքերը, միայն գիտեր, որ սարդը այրվում է, չնայած չի ուզում այրվել։ Վերջապես միջատը հոգնեց կամ կարծես ձանձրացավ, բայց համենայն դեպս կծկվեց, չգիտենալով, որ քիչ այն կողմ անկողինն է, որի տակ կարելի էր թաքնվել։ Իսկ նա լրիվ այրեց սարդին ու չմտածեց որեւէ նմանություն գտնել միջատի եւ մարդու միջեւ։ Ուղղակի նրա մոտ հանգստացավ մարդ սպանելու կիրքը, ու հիմա կարող էր հանգիստ քնել․․․

Նա մոտեցավ պատուհանին՝ հետաքրքրությամբ դիտելով դիմացի ծառը ու ինքն իրեն ասաց․

―Ծառը ճիշտ է․․․

Ընդհանրապես նա մի մարդ էր, որը խոսում էր ունքերով։ Եւ այս երկու բառը շշնջալու ընթացքում տարբեր ձեւերով շարժեց ունքերը, ու դրա մեջ արվեստ կար․․․

Ծառը չլսեց, բայց տեսավ ու գոհ էր․․․

―Ծովը սխալ է,֊ նորից շշնջաց նա, եւ ունքերը հաստատեցին այդ։ Եւ, իսկապես, որտե՞ղ էր ծովը, ինչու՞ չկար․․․

Շրջակայքում ոչ մի եզ չէր բառաչում, սարդը վաղուց սատկել էր, եւ ժամանակն էր քնելու։

―Եւ նախքան այս ամենը վաղը նորից սկսելու փոխարեն, կարելի է չսկսել՝ այսինքն կարելի է տեսնել, թե ինչպես է ոչնչանում ողջ աշխարհը՝ թե ինչպես է այն սողալով մռնչում մարմնիդ բոլոր մասերի մեջ։ Դրա համար պիտի ունենալ մի ձիգ պարան, իսկ ծառը վաղուց սպասում է։

Այս բոլորը շատ գեղեցիկ կլիներ, եթե նա չմտածեր, թե ինչպես հաջորդ օրը մարդիկ պիտի տեսնեին, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է քամուց։ Բայց չէ՞ որ այլեւս մարդիկ չէին լինի։ ―Ինչպես թե մարդիկ չէին լինի,֊ շշնջաց նա ու հագնելով շորերը՝ շտապեց փողոց։

Նրան մոտեցավ հարբած մի մարդ ու հայտարարեց․

―Հասկացիր, եղբայր, մենք մեղավոր չենք․․․

―Այո,֊նորից ասաց նա։

Հարբածը, որը չափազանց շատ էր նման սովորական մարդու, շարունակեց․

―Բայց դու հասկանու՞մ ես, մենք մեղավոր չենք․․․

―Ոչ,֊վերջապես ամեն ինչ հասկանալով՝ ասաց նա։

Հարբածը, որը նաեւ սովորական մարդ էր, գոհ հառաչելով հեռացավ․․․

Իսկ նա վերադարձավ՝ նույնպես գոհ ամեն ինչից, հանեց շորերը ու քնեց․․․

Առավոտյան ուշ արթնացավ, հավաքեց ու դասավորեց իր թղթերը եւ շտապեց աշխատանքի։ Ներս մտավ գրասենյակ, ասաց՝ բարեւ Ձեզ, եւ նոր միայն նկատեց, որ աշխատողները անծանոթ մարդիկ են։ Բոլորը զարմացած նրան նայեցին, իսկ նա ուզեց գնալ դեպի իր տեղը, բայց սեղանը այնտեղ չէր։

―Ի՞նչ եք ուզում,֊ հարցրեց նրանցից մեկը։

―Ոչինչ, ես այստեղ աշխատում եմ,֊ ասաց նա։

―Երեւի նոր եք ընդունվել։

―Ոչ, ահա քանի տարի է՝ ես աշխատում եմ այստեղ,֊ ասաց նա մի տեսակ խեղճացած ու կարծես որպես ապացույց պայուսակից հանեց իր թղթերը։

Նորից բոլորն իրար նայեցին։ Իսկ նա շրջվեց զինվորականի պես ու դուրս գնաց, մտածելով, որ գուցե շփոթել է շենքը։

Բայց՝ ոչ, ահա այն կրպակը, որտեղից միշտ ծխախոտ եմ գնում, ահա ցայտաղբյուրը եւ, վերջապես, շրջակայքում բոլորը բնակելի շենքեր են։

Եւ նա սկսեց թափառել փողոցներով։ Դրանք բոլորն էլ ծանոթ փողոցներ էին, բայց հետո երեւացին ինչ֊որ նեղ, խուլ, անձայն ու լուսավոր փողոցներ։

Նա կանգ առավ, իրեն էին նայում, սակայն ինքը չէր տեսնում ու չափազանց շփոթված էր դրանից։ Վերջապես նկատեց՝ դա իրենից քիչ հեռու հուսահատված աչքերով, հյուծված, բայց հպարտ մի շուն էր։ Գեղեցիկ էր․․․ Եւ նրանք երկար նայեցին այդպես իրար․․․

Հանկարծ նա պոկվեց տեղից, մոտեցավ ու բռնեց շան կոկորդից, ձգեց ինչքան ուժ ուներ, եւ կոկորդը պոկվեց։ Շան հայացքը չփոխվեց։ Նա վաղուց էր սատկել։ Նրա մատները նորից ձգեցին շան կոկորդը, ու այս անգամ այն լրիվ պոկվեց՝ մնալով ձեռքերի մեջ։ Արյուն չհոսեց։ Իսկ նա բարձրացրեց կոկորդը ու պահեց արեւի դիմաց։ Կրճիկները անդրադարձրին արեւի ճառագայթները։ Դրանք գեղեցիկ կրճիկներ էին, համաչափ դասավորված, խմորված չկաթող արյամբ, ունենալով իրենց մեջ ծիածանի բոլոր անհետացող գույները եւ էլի ունենալով շատ֊շատ լավ բաներ, որոնք հնարավոր են միայն կապույտ երկնքի դեպքում․․․

Իսկ եթե շունը արդեն սատկել էր, երբ ես մոտեցա, իսկ եթե հանկարծ մարդիկ չնկատեն, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է,֊ այդ բանը երբեք չէր անցել նրա մտքով։ Բայց այդ միտքը երկար չզբաղեցրեց նրան, քանի որ նորից մտածեց, թե մարդիկ այդ ժամանակ չեն լինի․․․

Իսկ կոկորդը փայլփլում էր արեւի տակ ու կրճիկները անհոգորեն, ինչպես ծուխ, կլանում էին ճառագայթները։ ինչքան ծուխ էր հարկավոր այդ կոկորդին, դառը ծուխ․․․

Արդեն մայրամուտ էր, ու արեւի դիմացը փակող շենքի մի քանի պատուհաններում լույս էր վառվում։ Դրանք վերեւի հարկի տարբեր ծայրերում գտնվող երկու պատուհաններն էին, մեջտեղի հարկի մեջտեղի պատուհանը եւ առաջին հարկի երեք պատուհանները։ Շենքը նայում էր, եւ դա այն հայացքն էր, որով նայում էին գրասենյակի մարդիկ։ Իսկ շենքը բնակելի էր ու ոչ մի ազատ սենյակ չկար։ Գոնե պահակի այս փոքրիկ տնակը տային իրեն։ Եւ նա ինչպես կհսկեր նվերների խանութը։ Բայց շուտով այդ փոքրիկ տնակում նույնպես լույս վառվեց, ու նա իր ձեռքում ավելի պինդ սեղմեց կոկորդը։ Հետո շպրտեց այն թղթերը, որոնց վրա շատ թվեր կային եւ շարունակեց քայլել։

Նա քայլերն ուղղեց դեպի իր տունը։ Ծառը տեղում էր, ու նա թակեց դուռը։ Բաց արեց մի ծերունի եւ զարմացած նայեց նրան ու կոկորդին։ Այստեղ նույնպես ամեն ինչ գրասենյակ էր, եւ նա, հասկանալով այդ, հեռացավ․․․

Վաղը նրա ծննդյան օրն էր, ու չէին լինելու ծաղիկներ, ու ոչ ոք չգիտեր այդ տոնի մասին, ու չէր բառաչելու ոչ մի եզ․․․

Հաջորդ առավոտյան մարդիկ դուրս եկան բնակելի շենքերից ու տեսան, որ ծառի վրա լվացքի պարանից կախված օրորվում էր մի կոկորդ․․․

9/12-1970թ․

Անքնություն

Սխալմամբ զբոսանքի ելած մի մուկ արագ առուն նետվեց։

Տղան վախեցավ, բայց երբ մտածեց, թե մուկը իրենից ավելի է վախեցել՝ ժպտաց։ Հետո մտածեց բոլոր այն մկների մասին, որոնք այսպիսի դեպքերում «լեղաճաք» են եղել։ Ապա փնթփնթաց․ «ինքնախաբեություն է»։

Նա քայլում էր ու ինքն իրեն փնթփնթում, թե ինչ կկորցներ, եթե չմտածեր ինքնախաբեության մասին։ Բայց չէ՞ որ ճակատագիրն է այն թելադրում։ Իսկ ճակատագրի մասին խոսելն էլ հենց ինքը ճակատագիրն է։ Եւ այս ասելն էլ։ Սա՛ էլ, սա՛ էլ․․․

Նա արագ տարուբերեց գլուխը, եւ դրանից բոլոր մտքերը խառնվեցին։ Ճակատագրի գաղափարի տեղը հիմա զարմանալիորեն գրավեց մի շաբաթով հեռավոր քաղաք մեկնելու մտահղացումը։ Եւ նա տուն շտապեց ու սկսեց դասավորել ճամպրուկը։

Հիմա այդ հեռավոր քաղաքի հյուրանոցի սենյակներից մեկում պառկած նա մտածում էր, թե ինչեր չգիտեն մարդիկ։ Սակայն նրանք չեն էլ փորձում իմանալ։ Դե, ինչ արած, դա էլ մարդկանց ճակատագիրն է․․․

Նա էլ էր մարդ ու չգիտեր, որ կողքի համարում մեկ շաբաթով հանգստանում է մի ուրիշ հեռավոր քաղաքի բնակչուհի։ Եւ գուցե ժամանակին այդ բնակչուհուն էլ մի մուկ չափազանց վախեցրել է։

Մի շաբաթ անցավ ու այդպես էլ նրանք ոչ մի անգամ չտեսան միմյանց։

Նա վերադարձավ իր քաղաքը ու սկսեց ծերանալ․․․ Մի փոքրիկ թզբեհ գնեց ու սկսեց դրանով զբաղվել։ Բայց թզբեհի հատիկները վերջանում էին, ու նա շատ էր դժվարանում այդ ամբողջ արարողությունը նորից սկսել։

Ու նա նորից գնաց խանութ եւ շատ հատիկներով մի մեծ թզբեհ գնեց։ Հիմա սկսեց դրանով զբաղվել։

Վերջապես մի օր էլ նա հասկացավ, որ այլեւս ոչ մի թզբեհ իրեն չի կարող բավարարել։ Դրանից հետո ուրիշ ինչ֊որ բան էլ հասկացավ ու սկսեց օրական քսան ժամ քնել․․․

22/1 – 1970 թ․

Կենսագրություն

Ռուբեն Ֆիլյան։ Քո Երկրի դեսպանը։ Արամ Պաչյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s