Դանդաղ մահ։ Էրսկին Քոլդուել

hqdefaultՀազիվ թե կարիք կա նշելու, որ այս պատմվածքը գրվել է 1932 թվականին։
Ամբողջ օրը մենք նստած էինք եղել դաշնամուրի արկղի մեջ՝ սպասելով անձրևի դադարելուն։ Ներքևում՝ քսան քայլ այն կողմ, հոսում էր պղտոր Սավանան , դեպի ծով տանելով սոճու չորացած կոները և զառիթափի ծառերի փտած մնացորդները։ Հինգերորդ փողոցի վերջերս կառուցված կամուրջը վերևից մեզ պաշտպանում էր անձրևից։ Արկղի անկյունների տակ աղյուսի կտորներ էինք դրել՝ հատակը չոր պահելու համար, և կամրջից ու կարմրակավ ափից առհոսող ջուրը գնում էր դեպի վարարուն գետը։ Ժամանակ առ ժամանակ Դեյվը, չորեքթաթ, շտկում էր ծղոտը։ Բանանի ծղոտ էր՝ խոնավ, գարշահոտ։ Երկուսով հազիվ էինք տեղավորվել արկղի մեջ, և եթե ծղոտը հարթ չէր փռվում, քարե կոշտերի պես անհանգստացնում էր։

Մեր կողքին՝ չոր, հարմարավետ արկղերում, չորս հոգուց բաղկացած մի ընտանիք էր ապրում։ Արկղերը միացված էին կողքերից բացված անցքերով՝ շան բների նման, և ստացվել էին չորս֊հինգ սենյակներ։ Կինը երկու հավ ուներ, որոնց գիշեր֊ցերեկ պահում էր իր մոտ՝ արկղում և շոյում փետուրները, ասես, համոզելով ձու ածել։ Կամրջի տակ՝ Հարավային Կարոլինա մասում, տասնյակից ավելի ուրիշ արկղեր կային. երբ սովահար ու դալկադեմ ծեր տղամարդիկ կամ կանայք մեռնում էին դրանցից մեկում, նրանց դիակները տանում էին ներքև՝ գետի մոտ և հանձնում պղտոր ջրերին. երբ երեխաներ էին ծնվում, մարդիկ հենվում էին ճաղերին, ականջ դնում երկունքի ճիչերին և գետնընկույզի կճեպներ շաղ տալիս շուրջ բոլորը։

Մայրամուտին անձրևը հանդարտվեց։ Թվում էր, մինչև առավոտ երկինքը չի պարզվելու, և մենք համոզված էինք, որ ամբողջ գիշեր մաղելու է։ Դեյվը անհանգիստ էր և այլևս չէր կարող մնալ արկղում։

— Գնանք, Մա՛յք,— ասաց նա։— Դուրս գանք այստեղից և ուտելու որևէ բան գտնենք։

Նրա ետևից զառիթափի կարմիր ցեխի միջով բարձրացա դեպի սալահատակ փողոցը։ Քայլում էինք ջրափոսերի միջով՝ ընթացքում մաքրելով մեր կոշիկների կարմիր, կպչուն կավը։

Դեյվը գրպանում հիսուն սենթ ուներ, բայց ես որոշել էի նրան թույլ չտալ ինձ համար ուտելու որևէ բան գնել։ Տարբեր ընդմիջումներով նա երկու շաբաթ թղթազամբյուրներ էր փաթեթավորել մի նկուղային ֆաբրիկայում, և երբ աշխատանք էր եղել, օրեկան հիսուն սենթ էր վաստակել։ Նախորդ օրը նա աշխատել էր նկուղում, և ամբողջ այդ ժամանակ փողը մնացել էր նրա մոտ։

Երբ Ջորջիայի ուղղությամբ անցանք գետը, ես կտրուկ շրջվեցի և սկսեցի փախչել։ Հիսուն յարդ հազիվ էի անցել, երբ նա բռնեց բաճկոնիցս։ Հետո ձեռքը հանեց գրպանից և ցույց տվեց հիսուն սենթանոց մետաղադրամը։— Ինձ համար մի անհանգստացիր, Դե՛յվ,— ասացի ես՝ բռնելով նրա դաստակը և ձեռքը նորից դեպի գրպանը տանելով։— Մինչև վաղը մի բան կանեմ։ Ինձ կես օրվա աշխատանք են խոստացել, որը, համենայն դեպս, մեկ կամ կես դոլար պետք է որ բերի։ Գնա և կարգին սնվիր, Դե՛յվ։

— Ո՛չ,— ասաց Դեյվը, արագորեն ձեռքը հանելով շալվարի գրպանից։— Մենք սա միասին պիտի ծախսենք։

Նա ինձ իր հետ քարշ տվեց քաղաքի ուղղությամբ։ Մենք անցանք կանաչների միջով և հողաթմբով իջանք սալարկուղի։ Թույլ նարնջագույն կարմրություն կար ցածր երկնքում, իսկ փողոցներում իր կենսապայմանների համար մարտնչող մոլեգնած ամբոխի նման աղմկում էին մեքենաները։

Միասին քայլեցինք քաղաքի ուղղությամբ՝ չրմփացնելով անձրևից գոյացած ծանծաղ ջրափոսերում։ Հանկարծ Դեյվը կանգնեց մի մեծ ջրափոսի ճիշտ կենտրոնում, որի ջուրը դեռ չէր հասցրել հոսել դեպի առուները։— Դու ջահել ես, Մա՛յք,— ասաց նա՝ բռնելով բաճկոնիցս և քաշքշելով, ինչպես շունը կքաշքշեր բարձը։— Ես ծեր եմ, բայց դու ջահել ես։ Դու կարող ես գտնել ելքը, վերադառնալ ու ասել ինձ, և մենք գործի կանցնենք։

— Ի՞նչ է պատահել, Դե՜յվ,— հարցրեցի նրան։— Ինչի՞ մասին ես խոսում։

Ձեռքերի շարժումով նա մի աղեղ գծեց՝ նկատի ունենալով աշխարհը։— Աշխարհում մարդիկ կան, որոնք գիտեն, թե ինչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար։ Եթե կարողանայիր գտնել նրանցից մեկին և վերադառնայիր, մենք գործի կանցնեինք։

— Երկուսով ոչինչ անել չենք կարող, Դե՛յվ։ Նախ՝ մենք պետք է շատ կողմնակիցներ ունենանք։

— Դրա համար մի՛ անհանգստացիր,— ասաց նա։— Հենց որ մարդիկ իմանան, թե ինչ և ինչպես պետք է անել, մենք կարող ենք ոտքի ելնել և գրողի ծոցը ուղարկել այդ ճարպակալած բճերին, որոնք մեզ աշխատանք չեն տալիս։

— Գուցե դեռ ժամանակը չէ, Դե՛յվ։

— Դեռ ժամանակը չէ։ Մի՞թե արդեն երկու տարի ես գործազուրկ չեմ։ Հիմա է ժամանակը, երբ բոլորս սովամահ ենք լինում և գնում դեպի գետի կպչուն ճահիճը։

Մինչ ես որևէ բան կասեի, նա շրջվեց և կրկին սկսեց քայլել փողոցն ի վեր։ Վազեցի և հասա նրան։ Մենք չրմփացնում էինք ջրափոսերի մեջ՝ շրջանցելով նրանք, որ ավելի խորն էին երևում։

Երկու տարի առաջ Հարավային Օգոսթայի պարարտանյութերի գործարաններից մեկում Դեյվը հարմար աշխատանք էր ունեցել։ Բայց մի օր նրան ընդմիշտ դուրս էին նետել։ Նույն այդ ժամանակ ազատել էին ևս յոթանասուն հոգու։ Դեյվն ինձ երբևէ չէր ասել, թե հետագայում ինչ էր պատահել նրանց, բայց թե ինչ էր պատահել Դեյվին, ես գիտեի։ Այն բանից հետո, երբ նա տան վարձը վեց֊յոթ ամիս ուշացրել էր, տանտերը պահանջել էր ազատել սենյակը։ Դեյվը չէր համաձայնել։ Ասել էր, որ պատրաստվում է մնալ այնքան, մինչև որ պարարտանյութերի գործարանում կընդունեն իր նախկին աշխատանքին։ Եվ մնացել էր։

Մնացել էր ևս չորս ամիս, բայց մինչ այդ տանտերը հանել, տարել էր պատուհանների փեղկերը և դռները։ Ձմռանը անձրևները հեղեղել էին տունը, և այն տամկացել էր փտած ծառի պես։ Հետո հունվարյան սառնաշունչ քամիներն էին ներխուժել բազմաթիվ ճեղքերից՝ ատամները սեղմած խելագարի պես սուլելով։ Վառարանի համար փայտ ու քարածուխ չէր գտնվել։ Դեյվի, նրա կնոջ ու երեք երեխաների ունեցվածքը եղել էին երկու մգդակած և մեկ բրդե վերմակները։ Երեխաներից երկուսը մահացել էին նախքան հունվարի ավարտը։ Փետրվարին թաղել էր կնոջը։ Մարտին եկեղեցիներից մեկում հատուկ հանգանակություն էր անցկացվել Դեյվի և նրա տասնմեկամյա դստեր համար, բայց Դեյվն ասում էր, որ այդ հանգանակությունից իրեն ընդամենը խակի գույնի մի շալվար է բաժին հասել՝ նստատեղին ափսեի մեծությամբ անցքերով։

Դեյվը չգիտեր, մահացե՞լ է իր լքված աղջիկը, խնամակալությա՞ն է վերցվել բարեգործական ընկերությունների կողմից, թե՞ հասարակաց տուն է մտել։ Վերջին անգամ նրան տեսել էր այն առավոտ, երբ ոստիկանը եկել ու տարել էր աղջկան՝ Դեյվին թողնելով նստած անպատուհան տան անկյունում՝ բրդե վերմակներով փաթաթված։

Մենք արդեն հասել էինք Յոթերորդ փողոցի անկյունը։ Հրապարակը կորել էր մշուշում, իսկ շուրջ բոլորը հարյուրամյա դամբանաքարերի խոնավ գորշությամբ հառնում էին բարձրահարկ հյուրանոցներն ու կառավարական շենքերը։

— Գնա մի բան կեր, Դե՛յվ,— նորից ասացի նրան։— Ես քեզ այստեղ կսպասեմ, և մենք կվերադառնանք գետափ, որպեսզի ցրտին դրսում չմնանք։

— Առանց քեզ մի քայլ անգամ չեմ անի։

— Բայց ես քաղցած չեմ, Դե՛յվ։ Ճիշտ եմ ասում։ Ես քաղցած չեմ։

— Ուրեմն ես էլ չեմ գնում,— նորից ասաց նա։

Սովորականից ավելի ցուրտ ու խոնավ գիշեր էր։ Առվակների մեջ ջուրը սողում էր օձի պես, և թվում էր, ուր որ է կսառչի։ Քամի բարձրացավ՝ մշուշը քշելով դեպի գետը և դաղելով մեր մեջքը։

— Շտապիր, Դե՛յվ,— խնդրեցի նրան։— Անտեղի սառչում ենք։ Կհանդիպենք կես ժամից։

Դեյվը բռնեց բաճկոնիցս ու քաշեց ետ։ Արագընթաց ավտոմեքենաների հռնդոցը և բեռնատարների դղրդոցը փողոցում այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ միմյանց լսելու համար ստիպված էինք գոռալ։

Ճիշտ այն պահին, երբ կրկին փորձում էի նրան համոզել, որ գնա ճաշելու, շրջվեցի և տեսա սև սեդանը , որն անկյունից ուղիղ մեր կողմն էր գալիս։ Գալիս էր արագ, ժամում քառասուն մղոնից ավելի արագությամբ՝ անկյունը հատելով մայթին շատ մոտ։

Որովհետև Դեյվը մեջքով էր կանգնած և չէր կարող տեսնել մեքենան, քաշեցի նրան, որպեսզի ճանապարհից դուրս բերեմ։

Հավանաբար, նա մտածեց, թե ես փորձում եմ իրեն մենակ ռեստորան ուղարկել, որովհետև մի կողմ քաշվելով՝ մի քայլաչափ հեռացավ ինձնից։ Հետո արդեն շատ էր ուշ նրան ճանկելու և ճանապարհից հեռացնելու համար և մնում էր միայն բարձրաձայն գոռալ փողոցի աղմուկում։ Դեյվը, ամենայն հավանականությամբ, դեռ մտածում էր, թե փորձում եմ իրեն մենակ ռեստորան ուղարկել, և կրկին ընկրկեց։ Երբ երկրորդ անգամ ետ֊ետ գնաց, սեդանի բամպերը և աջ թևը հարվածեցին նրան։ Տապալված խաղափայտի նման նա զարկվեց մայթին։

Վիթխարի սեդանը առնվազն երեք քայլ անցել էր անկյունից, անիվները բարձրացել էին մայթին։

Դեյվի դեմքին տարօրինակ արտահայտություն կար։

Վարորդն անջատեց շարժիչը, մոտեցավ մեզ։ Շատ չանցած բոլոր կողմերից սկսեցին մարդիկ հավաքվել և շրջապատեցին մեզ։

— Դու վիրավո՞ր ես, Դե՛յվ,— հարցրեցի նրան՝ ծնկելով մայթին։

Վարորդն անցավ ամբոխի միջով, և երբ ես շրջվեցի, նա կանգնած էր Դեյվի ոտքերի մոտ ու խոժոռված մեզ էր նայում։

— Մա՛յք,— ասաց Դեյվը՝ դեմքը շրջելով դեպի ինձ,— Մա՛յք, կեսդոլարանոցը շալվարիս աջ գրպանում է։

Նրա մատներն այնպես ամուր էին սեղմում ձեռքս, ասես, նա վախենում էր ընկնել։

— Մոռացիր կեսդոլարանոցը, Դե՛յվ,— խնդրեցի նրան։— Եթե վիրավոր ես, ասա։ Եթե վիրավոր ես, անմիջապես բժիշկ կկանչեմ։

Դեյվը բացեց աչքերը և նայեց ինձ։ Նրա ուսերը թույլ ցնցվեցին, և նա ավելի ամուր բռնեց ինձ։

— Նրան ոչինչ էլ չի եղել,— ասաց սեդանի վարորդը՝ արմունկներով հրելով մարդկանց։— Նրան ոչինչ էլ չի եղել։ Նա ձևացնում է։

Նա կանգնել էր մեր գլխավերևում և նայում էր Դեյվին։ Բերանը կիսաբաց էր, իսկ շուրթերը կլոր էին և ուռած էին թվում։ Երբ խոսում էր, շուրթերը չէին շարժվում, ասես, բերանի անարյուն հավելվածներ էին՝ դեպի դուրս ոլորված։

— Մա՛յք,— ասաց Դեյվը,— երևի թե պետք է հրաժարվեմ նախկին աշխատանքիս վերադառնալու փորձերից։ Հիմա արդեն շատ ուշ է։ Ես այլևս դրա համար ժամանակ չեմ ունենալու։

Մեր գլխավերևում կանգնած վարորդը խոսում էր ամբոխից մի քանիսի հետ։ Թվում էր, նրա շուրթերը չափից ավելի պիրկ են շարժվելու համար. հիմա նրանք նման էին հում խմորի գնդիկների։

— Նա ձևացնում է,— նորից ասաց նա։— Կարծում է, թե կարող է մի քիչ փող պոկել, բայց ինձ ծանոթ են այս թափառաշրջիկների խորամանկությունները։ Նրան ոչինչ էլ չի եղել։ Ինչքան ես եմ վիրավոր, այնքան էլ՝ նա։

Ես լսում էի մեր շուրջը հավաքված մարդկանց խոսակցությունը։ Նրանց մեջ մի երիտասարդ կար, որը բավականին բարձր էր խոսում, որպեսզի բոլորը լսեին։ Ես չէի կարող տեսնել նրա դեմքը, բայց չկար մեկը, որին չհասնեին նրա բառերը։

— Ճիշտ է, նա թափառաշրջիկ է։ Դրա համար էլ նրան հիվանդանոց չեն տանում։ Ո՞ւմ ցավն է կտրվել, որ հոգ տանի թափառաշրջիկի մասին։ Նրան հենց այնպես՝ անվճար, հիվանդանոց չեն հասցնի։ Հանկարծ կարյունոտվի սեդանը։ Չեն ուզում, որ թափառաշրջիկն իր արյամբ կեղտոտի պերճաշուք պաստառը։

Ես արձակեցի Դեյվի բաճկոնը և վերնաշապկի տակից փորձեցի ստուգել՝ արդյոք ուսի ոսկորներից որևէ մեկը չի կոտրվել։ Դեյվը նորից փակել էր աչքերը, բայց մատները դեռևս ամուր սեղմում էին դաստակս։

— Նա ձևացնում է,— ասաց վարորդը։— Այս թափառաշրջիկներն ամեն խորամանկություն կբանեցնեն փող պոկելու համար։ Նրան ոչինչ էլ չի եղել։ Նա վիրավոր չէ։ Ձևացնում է։

Մեր թիկունքում կանգնած երիտասարդը նորից խոսում էր։

— Ինչո՞ւ նրան քո սեդանով հիվանդանոց չես տանում, հաստամռո՛ւթ։

Վարորդը նայեց ամբոխին, բայց ոչինչ չասաց։

Ես ձեռքս հանեցի Դեյվի վերնաշապկի տակից և մատներիս արյուն տեսա։ Ուսից չէր գալիս, այլ կրծքավանդակի ձախ կողմից, որը բախվել էր գետնին, երբ մեքենան վայր էր գցել նրան։ Ես ձեռքս կրկին մտցրի՝ կոտրվածքը շոշափելու։ Դեյվի մարմինն այդ մասում փափուկ էր ու թաց, և ես նրա սրտի բաբախյունը զգացի այնպես, ինչպես կզգայի, եթե այն ափիս մեջ լիներ։

— Ինչպե՞ս տեղափոխենք հիվանդանոց,— ասացի վարորդին, որը մեզ էր նայում։— Նա վիրավոր է։

— Թափառաշրջիկների սիրած խաղերից է,— ասաց վարորդը՝ հերթով նայելով հավաքվածներին։— Նրան ոչինչ չի եղել։ Նա վիրավոր չէ։ Եթե վիրավոր լիներ, կգոռար։ Դուք չեք լսել նրա գոռոցն ու տնքոցը, չէ՞։ Նա պառկել է այստեղ միմիայն ինձանից տասը֊քսան դոլար ստանալու համար։ Եթե փող տայի, վեր կթռչեր և ամբողջ թաղամասը ոտքի կհաներ նախքան իմ հեռանալը։ Լավ եմ ճանաչում այս թափառաշրջիկներին, բոլորը փող են ուզում։ Եվ սա էլ ոչնչով չի տարբերվում նրանցից, ձևացնում է։ Ինչքան ես եմ վիրավոր, այնքան էլ նա։

Փորձեցի վեր կենալ և բարձրացնել Դեյվին։ Կարող էինք նրան հիվանդանոց հասցնել, եթե նույնիսկ վարորդը սեդանով չտաներ։

Վարորդը կրկին շրջվել էր դեպի ամբոխը և փորձում էր մարդկանց համոզել, թե Դեյվը փողի համար փորձում է իրեն ուշացնել։

— Նա ձևացնում է,— ասաց նա՝ իր մեռած շուրթերի արանքից ճչալով։— Այս թափառաշրջիկները կարծում են, թե մեքենայի դեմ թռչելով և ապա վիրավորի պես ոռնալով կարող են փող աշխատել։ Սա լավ դաս է նրանց համար. հիմա արդեն վերջ կտան։ Ճանաչում եմ դրանց, գիտեմ, թե երբ են ձևացնում։

Դեյվը բացեց աչքերը և նայեց ինձ։

— Մի րոպե սպասիր, Մա՛յք,— ասաց նա։— Ցած դիր ինձ։ Ուզում եմ քեզ բան ասել։

Զգուշորեն պառկեցրի մայթին։ Նայում էր ինձ, իսկ ձեռքը սեղմում էր դաստակս։

— Ես միայն ուզում եմ համոզված լինել, որ դու գիտես, թե որտեղ է կես դոլարը։ Շալվարիս աջ գրպանում է այն։

Ես պատրաստվում էի նորից նրան ասել, որ ամեն ինչ կարգին է, որ մոռանա դա, երբ հանկարծ դաստակս սեղմող նրա մատները թուլացան, և աչքերը մթնեցին։ Ամբողջ այն ժամանակ, երբ նրան գրկած ծնկի էի եկել, փորձում էի որևէ բան մտածել Դեյվին ասելու, քանի դեռ ուշ չէր։

Մինչ ես կարող էի որևէ բան մտածել նրան ասելու, սեդանի վարորդը, արմունկներով հրելով հավաքվածներին, կանգնեց մեր գլխավերևում։

— Նա ձևացնում է,— ասաց նա։— Կեղտոտ թափառաշրջիկը ձևացնում է։

Արմունկներով ճանապարհ բացելով ամբոխի միջով՝ նա գնաց դեպի մեքենան։ Երբ մոտեցավ մեքենային, ամբողջ ձայնով գոռաց.

— Նրան ոչինչ էլ չի եղել։ Ոչինչ չի կարող բարդել ինձ վրա։ Լավ եմ ճանաչում այդ կեղտոտ թափառաշրջիկներին։ Նրանք բոլորն էլ փող են ուզում, իսկ հետո իսկույն առողջանում են։ Կեղտոտ թափառաշրջիկը ձևացնում է։

— Իհարկե, նա թափառաշրջիկ է,— ասաց երիտասարդը. նրա ձայնը հնչեց զանգի ղողանջի մաքրությամբ։— Հանկարծ կարյունոտվի մեքենայիդ պերճաշուք պաստառը։

Հենց այդ ժամանակ վազելով մի ոստիկան եկավ, որի ուշադրությունը գրավել էին խմբված մարդիկ։ Ճեղքելով ամբոխը՝ մոտեցավ ինձ և իր գիշերային մահակով խթելով, հարցրեց, թե ինչ է պատահել։ Նախքան ես կբացատրեի, նա մահակով հարվածեց մեջքիս։

— Խրտվիլակնե՛ր, ո՞ր սատանան է ձեզ թույլ տվել փակել փողոցը։

Ես նրան ասացի, որ Դեյվը մեռած է։

Նա կռացավ և նոր միայն տեսավ Դեյվին։

— Դա ուրիշ բան,— ասաց նա։

Ոստիկանը շրջվեց, գնաց փողոցի անկյունը և հեռախոսախցից սանիտարական ավտոմեքենայի համար քաղաքային հիվանդանոց զանգահարեց։ Երբ վերադարձավ, սեդանի վարորդը գնացել էր։

— Ինչո՞ւ նրան հիվանդանոց չտարաք այն մեքենայով, որը հարվածել էր,— հարցրեց ոստիկանը՝ պտտեցնելով մահակը և նայելով քիչ այն կողմ՝ ցուցափեղկի դիմաց կանգնած կնոջը։

— Մի՞թե պարզ չէ, նա թափառաշրջիկ է,— ասաց նույն երիտասարդը։— Չուզեցինք թափառաշրջիկի արյամբ կեղտոտել պերճաշուք պաստառը։

Ոստիկանը կանգ առավ, նայեց երիտասարդին ու ինձ։

— Ձե՛զ նման, թափառաշրջիկնե՛ր,— ասաց նա՝ մահակով խթելով մեզ։— Օդը մաքրեք, քանի դեռ երկուսիդ էլ չեմ ձերբակալել։

Ես վազեցի Դեյվի մոտ և կանգնեցի նրա գլխավերևում՝ մի քայլ հեռու։ Մահակը ճոճելով և հայհոյելով՝ ոստիկանը հարձակվեց ինձ վրա։

Հանկարծ փողոցի բոլոր լույսերը միանգամից խավարեցին, և երբ նորից աչքերս բացեցի, երիտասարդը, որ կանգնած էր եղել կողքիս, ինձ քարշ էր տալիս փողոցն ի վար՝ դեպի պահեստները։ Վերջին լապտերի տակով անցնելիս՝ երախտագիտությամբ նայեցի նրա դեմքին։ Մենք ոչ մի բառ չփոխանակեցինք։

Թարգմանիչ՝ Ա. Փանոսյան

Էրսկին Քոլդուել

(1903 — 1987)
Ամերիկացի արձակագիր Էրսկին Քոլդուելի (1903-1987) պատմվածքները ամերիկյան գրականության ռեալիստական ուղղության լավագույն նմուշներից են։ Ծնվել է Քոուեթում (Ջորջիայի նահանգ), կրոնավորի ընտանիքում։ Սովորել է Վիրջինիայի համալսարանում։ Գրական գործունեությունը սկսել է 1929-1933 թթ. տնտեսական ճգնաժամի շրջանում։ Առաջին վեպը («Ծխախոտի ճանապարհ») լույս է տեսել 1932թ.։ Քոլդուելը ԱՄՆ՝ 20-րդ դարի հինգ նշանավոր գրողներից է (Ֆոլքներ, Հեմինգուեյ, Սթայնբեք, Սարոյան, Քոլդուել)։

Սկզբնաղբյուր՝ Գրապահարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s