Ինչ-որ բան վերջացավ։ Էռնեստ Հեմինգուեյ

1_zrn56LG3goX8FvPOFbo5Lg

Այն հին, բարի ժամանակներում Հորթընս Բեյը անտառահատների քաղաք էր։ Չկար այնտեղ մեկը, որին լսելի չլիներ լճի մոտակայքում գտնվող գործարանի հզոր սղոցների ձայնը։ Ու եղավ մի տարի, երբ հատելու գերան այլևս չկար։ Անտառանյութ փոխադրող նավերը եկան, մտան ծովախորշ ու բեռնվեցին սղոցարանի տարածքում դարսված փայտով։ Փայտի բոլոր դարսուկները տեղափոխեցին, տարան։ Հսկա սղոցարանի եղած-չեղած բոլոր շարժական սարքավորումները մի ժամանակ գործարանում աշխատած մարդիկ տարել-բարձրացրել էին բեռնանավերի վրա։

Բեռնված նավը դուրս եկավ ծովախորշից ուղղություն վերցնելով բաց լիճ՝ իր հետ տանելով երկու հսկա սղոցները, շարժական փոխադրիչը, որ թափով նետում էր գերանները պտտվող կլոր սղոցների վրա, ինչպես նաև՝ խիտ դարսված բոլոր սղոցներն ու անիվները, կաշեփոկերն ու մետաղական մասերը։ Նավի բաց ամբարը ծածկված էր պինդ կապկպված առագաստարձակներով, առագաստները փքվել էին քամուց, ու այսպես շարժվում էր նավը լայնահուն լճով՝ իր հետ տանելով այն ամենը, ինչը մի ժամանակ սղոցարանը սղոցարան էր դարձրել, իսկ Հորթընս Բեյը՝ քաղաք։

Միհարկանի խղճուկ տները, ճաշարանը, սղոցընկերության պահեստը, գրասենյակներն ու հենց ահռելի սղոցարանը լքված-կանգնած էին ծովախորշի ափամերձ, սղոցափոշով պատված ճահճուտ մարգագետնի տարածքում։

Տասը տարի անց սղոցարանից այլևս ոչինչ չէր մնացել՝ բացի հիմքի փշրտված ճերմակ կրաքարից, որը երևաց մատաղահաս անտառի արանքից, երբ Նիքն ու Մարջըրին թիավարելով անցնում էին ափի երկայնքով։ Նրանք ձուկ էին որսում ջրանցքի ափեզրով, ուր խորքի ավազը, յանկարծ փլվելով, տասներկու ոտնաչափ պղտոր ջրի վերածվեց։ Ու շարունակ առաջ էին մղվում նրանք հրվանդանի ուղղությամբ՝ ծիածանափայլ կարմրախայտի գիշերային թոկեր դնելու։

— Այ, հրես մեր հին փլատակը, Նի՛ք,— ասաց Մարջըրին։ Թիավարելով՝ Նիքը նայեց կանաչ ծառերի արանքից երևացող քարին։

— Ա՜յ քեզ բան,— ասաց նա։

— Կարո՞ղ ես հիշել դրա սղոցարան եղած ժամանակը,— հարցրեց Մարջըրին։

— Հենց նոր հիշեցի,— ասաց Նիքը։

— Ավելի շուտ ոնց որ դղյակ լինի,— ասաց Մարջըրին։

Նիքը պատասխան չտվեց։ Նրանք շարունակեցին թիավարել՝ սղոցարանն այլևս կորցնելով տեսադաշտից, հետևելով ափագծին։ Հետո Նիքը կտրեց-անցավ ծովախորշը։

— Ձուկը չի՞ կպչում,— հարցրեց նա։

— Չէ՛,— պատասխանեց Մարջըրին։ Որսալու ողջ ընթացքում նա հակվել էր կարթաձողին, անգամ՝ խոսելիս։ Նրան դուր էր գալիս ձուկ բռնելը։ Նրան դուր էր գալիս Նիքի հետ որսալը։

Հենց նավակի մոտ մի հսկա կարմրախայտ դուրս պրծավ ջրից։ Նիքը պինդ բռնեց մի թիակից՝ այնպես, որ նավակը թեքվեր, ու ետևում պտտվող խայծն անցներ այն կտցող ձկան կողմը։ Երբ կարմրախայտի մեջքը ջրից վեր բարձրացավ, խարակաձկները հախուռն դուրս հորդացին։ Նրանք շաղ եկան՝ ասես մի բուռ շպրտված մանրագնդակ ջրի երեսին։ Մի ուրիշ կարմրախայտ ճեղքեց ջուրը նավակի մյուս կողմից՝ ինչ-որ բան ուտելով։

— Կտցում են,— ասաց Մարջըրին։

— Բայց չեն խփում,— պատասխանեց Նիքը։

Նա թիավարում էր՝ փորձելով բռնել կողքով անցնող խայծը կուլ տված երկու ձկներն էլ, հետո նավակն ուղղեց հրվանդանի կողմը։ Մարջըրին չէր երերում նավակի մեջ, մինչև որ այն չհպվեց ափին։

Նրանք նավակը քաշեցին ափին մոտ, ու Նիքը բարձրացրեց դեռ կենդանի պերկեսներով լի մի դույլ։ Ձկները լող էին տալիս ջրի երեսին։ Նիքը բռնեց երեք հատ, պոկեց գլուխներն ու մաշկահան արեց, մինչդեռ Մարջըրին դույլի մեջ ափլփում էր, վերջապես մի հսկա պերկես բռնեց, մաշկահան արեց։ Նիքը նայեց աղջկա բռնածին։

— Չե՞ս ուզում լողաթևը հանել,— ասաց նա։— Խայծի համար հարմար կլինի, բայց ավելի լավ է մեջը թողնես։

Նա մաքրած պերկեսները մեկիկ-մեկիկ պոչի մասից կախեց կեռից։ Ամեն մի կարթաձողի ծայրին կպած երկու կեռ ստացվեց։ Հետո Մարջըրին թիավարելով նավակը հանեց ջրանցքի մոտից՝ ատամների մեջ կարթալարը պահած ու անընդհատ նայելով Նիքի կողմը, որ ափին կանգնած՝ ձողը ձեռքին, լարն անց էր կացնում կոճի միջով։

— Համարյա թե եղավ,— ձայն տվեց նա։

— Թողնեմ ընկնի՞,— ետձայնեց Մարջըրին՝ ձեռքի մեջ պահելով լարը։

— Հա՛, բա ի՞նչ։ Թող գնա՛։— Մարջըրին նավակից դուրս նետեց լարն ու նայեց, թե ոնց է խայծը իջնում ջրի մեջ։

Աղջիկը թիավարելով մոտեցավ ու նոյնկերպ երկրորդ լարը ձգեց։ Ամեն անգամ Նիքը փայտի մի հաստ կտոր էր ամրացնում կարթաձողի կոթին, որ պինդ պահի, ու նեցուկ դարձնում անկյունին՝ մի փոքրիկ կտորով։ Նա երերում էր պինդ ձգված թոկին, այնպես որ այն թուլացավ հենց այն տեղում, ուր խայծն էր ջրանցքի ավազների խորքում, ու շրխկացնելով պտտեց կոճը։ Մի կարմրախայտ հայտնվեց խորքում ու խայծը կուլ տվեց՝ քաշելով թելը կոճից ու ստիպելով վերջինիս ուժգին զնգալ։

Մարջըրին թիավարելով մի փոքր մոտեցավ հրվանդանին, այնպես, որ հանկարծ չդիպչի թոկին։ Նա պինդ ձգեց թիակներն ու շարունակեց մոտենալ ափին։ Մանրիկ կոհակները խայտում էին նավակին զուգընթաց։ Մարջըրին դուրս թռավ նավակից, ու Նիքը քաշեց-, հասցրեց այն ափի խորքը։

— Ի՞նչ է եղել,— Նի՛ք,— հարցրեց Մարջըրին։

— Չգիտե՛մ,— ասաց Նիքը՝ փայտ բերելով կրակի համար։ Նրանք խարոյկ արեցին հոսանքի բերած փայտով։ Մարջըրին գնաց նավակի կողմն ու մի ծածկոց բերեց։ Երեկոյան զեփյուռը ծուխը փչում էր հրվանդանի ուղղությամբ, ուստի աղջիկը ծածկոցը փռեց խարույկի ու լճի մեջտեղում։

Մարջըրին նստեց ծածկոցին՝ մեջքով դեպի կրակն ու սպասեց Նիքին։Տղան մոտեցավ ու նստեց նրա կողքին՝ ծածկոցի վրա։ Նրանց ետևում տարածված էր հրվանդանի նորահաս անտառը, իսկ դեմը ծովախորշն էր՝ Հորթընս Քրիքի գետաբերանով։ Դեռ լրիվ չէր մթնել։ Կրակի լույսը ձգվում էր հեռու։ Մուգ ջրի վրա, անկյունագծով, երևում էին երկու պողպատե կարթաձողերը։ Կրակի լույսը փայլատակում էր կոճերի վրա։

Մարջըրին բացեց ընթրիքի զամբյուղը։

— Ոնց որ թե ուտել չեմ ուզում,— ասաց Նիքը։

— Դե լա՛վ, կե՛ր, Նի՛ք։

— Լա՛վ։

Նրանք լուռ կերան ու սկսեցին նայել երկու կարթաձողին ու ջրի վրա ընկած կրակի լույսին։

— Էսօր լուսին է լինելու,— ասաց Նիքը։ Նա հայացքը գցեց ծովածոցից այն կողմ ձգված բլուրներին, որոնք սկսել էին ընդգծվել երկնքի ֆոնին։ Բլուրներից վեր, գիտեր, որ լուսինն է հայտնվելու։

— Գիտե՛մ,— ասաց Մարջըրին ուրախ։

— Դու ամե՛ն ինչ գիտես,— ասաց Նիքը։

— Է՜, Նիք, լա՛վ էլի, վե՛րջ տուր։ Խնդրում եմ, էդպես մի՛ արա, էլի։

— Չե՛մ կարող,— ասաց Նիքը։— Դու որ անում ես՝ քեզ ամեն բան հայտնի է։ Հենց ցա՛վն էլ դրանում է։ Հո գիտե՛ս դա։

Մարջըրին ոչինչ չասաց։

— Քեզ ամե՛ն բան սովորեցրել եմ։ Դու դա գիտե՛ս։ Համենայն դեպս բա՞ն կա, որ չգիտես։

— Ա՛հ, վե՛րջ տուր,— ասաց Մարջըրին։— Հրե՜ն լուսինը։

Նրանք նստել էին ծածկոցին՝ առանց իրար հպվելու, և դիտում էին լուսնի բարձրանալը։

— Հիմար բաներ պե՛տք չի ասել,— ասաց Մարջըրին։— Իսկականից ի՞նչ է եղել։

— Չգիտե՛մ։

— Գիտե՛ս, ո՞նց չգիտես։

— Չէ՛, քեզ ասում եմ։

— Դե լա՛վ, ասա՛։

Նիքը շարունակ նայում էր բլուրների վրայով մոտեցող լուսնին։

— Չէ՛, սա այլևս հանաք չի՛։

Նա վախենում էր նայել Մարջըրիին։ Հետո նայեց։ Աղջիկը նստած էր՝ մեջքով դեպի իրեն։ Տղան նայեց նրա մեջքին։

— Սա էլ հանաք չի՛։ Չէ՛։

Աղջիկը ոչինչ չասաց։ Տղան շարունակում էր խոսել։

— Էնպես եմ զգում, ոնց որ մեջս ամեն ինչ գրողի ծոցն անցած լինի։ Չգիտե՛մ, Մա՛րջ։ Չգիտե՛մ ինչ ասեմ։

Նա շարունակ նայում էր աղջկայ թիկունքին։

— Էլ սեր չկա՞,— ասաց Մարջըրին։

— Չէ՛,— ասաց Նիքը։ Մարջըրին վեր կացավ։ Նիքը նստած էր՝ գլուխն ափերի մեջ առած։

— Գնամ նավակի ետևից։— Մարջըրին ձայն տվեց․ — կարող ես ոտքով ետ դառնալ հրվանդանում թափառելուց հետո։

— Լա՛վ,— ասաց Նիքը։— Նավակն արձակեմ, բերեմ։

— Կարիք չկա՛,— ասաց աղջիկը։ Նա արդեն շարժվող նավակի մեջ էր՝ լուսնի լույսը ջրերին։ Նիքը ետ դարձավ ու պառկեց կրակի մոտ՝ երեսը թաղած ծածկոցի մեջ։ Լսվում էր, թե ինչպես էր Մարջըրին թիավարում։

Նա այնտեղ երկար պառկած մնաց։ Դեռ պառկած էր, երբ պարզ լսելի դարձավ անտառի միջով քայլող Բիլի ոտնաձայնը։ Զգաց, որ նա մոտենում է կրակին։ Բիլը ևս չկպավ նրան։

— Խելո՞ք գնաց,— ասաց Բիլը։

— Հա՛,— ասաց Նիքը պառկած՝ դեմքը ծածկոցի մեջ թաղած։

— Տեսարան-բան սարքե՞ց։

— Չէ՛, ոչ մի տեսարան։

— Ո՞նց կաս։

— Է՜, հեռո՛ւ գնա, Բի՛լ։ Հեռացի՛ր, գոնե միառժամանակ։

Բիլը զամբյուղից մի սենդվիչ հանեց և քայլ արեց՝ նայելու կարթաձողերին։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s