Նվիրվում է Շվեյցարիային: Էռնեստ Հեմինգուեյ

Hemingway-1957Միստր Ուիլլերի զվարճությունները Մոնտրեում

Կայարանի բուֆետում տաք էր ու լուսավոր։ Ջանադրաբար մաքրված փայտե սեղանները փայլում էին․ դրանց վրա թղթե տոպրակներով աղի գալեթներ էին դրված։ Աթոռները քանդականախշ էին, ժամանակի ընթացքից՝ մաշափայլ, բայց և այնպես՝ հարմար նստատեղով։ Պատից կախված էր փայտե փորագրանախշ մի ժամացույց, իսկ սենյակի խորքում բուֆետի դիմհարն էր։ Դրսում ձյուն էր գալիս։ Ժամացույցի տակի սեղանի մոտ երկու բեռնակիր մաճառ էին խմում։ Երրորդ բեռնակիրը մտավ ներս ու ասաց, որ Սեն-Մորիսից ժամանող արևելասիմպլոնյան ճեպընթացը մեկ ժամ կուշանա։ Միստր Ուիլլերի սեղանիկին մոտեցավ մատուցողուհին։
— Ճեպընթացը մեկ ժամ ուշանում է, սը՛ր,— ասաց նա։— Միգուցե սո՞ւրճ խմեիք։
— Իսկ չե՞ք կարծում, որ հետո չեմ քնի։
— Ներեցեք, ի՞նչ,— հարցրեց աղջիկը։
— Բերե՛ք սուրճը,— ասաց միստր Ուիլլերը։
— Խնդրե՛մ, սը՛ր։
Մատուցողուհին խոհանոցից բերեց սուրճը, իսկ միստր Ուիլլերը շրջվեց պատուհանի կողմն ու սկսեց դիտել ձյան հուշիկ ընթացքը լուսավառ կառամատույցին։
— Դուք էլի՞ ինչ-որ լեզուներ գիտեք, բացի անգլերենից,— հարցրեց նա մատուցողուհուն։
— Իհա՛րկէ, սը՛ր։ Գերմաներեն, ֆրանսերեն, նաև՝ տեղական բարբառներ։
— Որևէ բան կխմե՞ք հետս։
— Ո՛չ, ի՜նչ եք ասում, սը՛ր։ Հաճախորդների հետ մեզ չի թույլատրվում։
— Միգուցե սիգա՞ր ծխեք։
— Ո՛չ, ի՜նչ եք ասում, սը՛ր։ Ես չեմ ծխում։
— Լա՛վ է,— ասաց միստր Ուիլլերը։ Նա կրկին պատուհանից դուրս նայեց, խմեց սուրճն ու սկսեց ծխել։
— Fräulein!,— կանչեց նա։ Մատուցողուհին մոտեցավ սեղանիկին։ — Ի՞նչ կցանկանայիք, սը՛ր։
— Ձե՛զ,— ասաց նա։
— Կատա՞կ եք անում, սըր։
— Ո՛չ։
— Այդ դեպքում պե՛տք չի նման բաներ ասել։
— Եկեք ժամանակ չկորցնե՛նք,— ասաց միստր Ուիլլերը։
— Գնացքի գալուն մնացել է քառասուն րոպե։ Եթե ինձ հետ վերև գաք, ձեզ հարյուր ֆրանկ կտամ։
— Ինչպե՜ս կարելի է էդպիսի բաներ ասել, սըր։ Ես բեռնակի՛ր կկանչեմ։
— Ինձ բեռնակիր հարկավոր չի,— ասաց միստր Ուիլլերը։— Ինձ ո՛չ բեռնակիր է հարկավոր, ո՛չ ոստիկան, ո՛չ էլ ծխախոտ ծախող։ Ինձ դո՛ւք եք հարկավոր։
— Եթե դուք էս ամենին վերջ չտաք, սը՛ր, ստիպված կլինեք հեռանալ էստեղից։ Էստեղ նման խոսակցության տեղ չի։
— Բա էդ դեպքում ինչի՞ եք էստեղ կանգնել։ Եթե կանգնած չլինեիք, ես ձեզ հետ չէի կարող զրույցի բռնվել։
Մատուցողուհին հեռացավ։ Միստր Ուիլլերը սկսեց հետևել՝ արդյո՞ք աղջիկը բեռնակիրներին կմոտենա։ Չմոտեցավ։
— Mademoiselle![1],— ձայնեց նա։
Մատուցողուհին մոտեցավ։
— Մի շիշ սիոնյա՛ն, խնդրեմ։
— Հիմա՛, սը՛ր։
Միստր Ուիլլերը նայեց նրա ետևից։ Երբ կինը վերադարձավ ու գինին դրեց նրա առջև՝ սեղանիկին, տղամարդը նայեց ժամացույցին։
— Ես ձեզ երկո՛ւ հարյուր ֆրանկ կտամ,— ասաց նա։
— Խնդրո՛ւմ եմ, վե՛րջ տվեք, սը՛ր։
— Երկու հարյուր ֆրանկ՝ ահագին փող է։
— Վե՛րջ տվեք էդպես խոսելուն։— Հուզմունքից կինը շփոթել սկսեց օտար բառերը։ Միստր Ուիլլերը հետաքրքրությամբ դիտում էր նրան։ — Երկու հարյուր ֆրա՛նկ։ — Ի՜նչ նողկալի մարդ եք։
— Բա էլ ինչի՞ եք էստեղ կանգնած։ Եթե էստեղ չլինեիք, ձեզ հետ խոսքի չէի բռնվի։ Մատուցողուհին հեռացավ և ուղղվեց բուֆետի սյան կողմը։ Միստր Ուիլլերը խմեց գինին ու ժպտաց ինքն իրեն։
— Mademoiselle!,— փոքր-ինչ հապաղելով կանչեց նա։
Մատուցողուհին ձևացրեց, թե չի լսում։
— Mademoiselle!,— կրկին ձայնեց տղամարդը։
Մատուցողուհին մոտեցավ։
— Ձեզ որևէ բա՞ն է հարկավոր։
— Էն էլ ինչքա՜ն։ Ձեզ երե՛ք հարյուր ֆրանկ կտամ։
— Դուք գարշելի՛ եք։
— Երեք հարյուր շվեյցարակա՛ն ֆրանկ։
Կինը հեռացավ։ Միստր Ուիլլերը նայեց նրա հետևից։ Դռների մեջ հայտնվեց բեռնակիրը։ Այն նույնը, որին միստր Ուիլլերն իր ուղեբեռը հանձնեց։
— Գնացքը գալիս է, սը՛ր,— ասաց նա ֆրանսերեն։
Միստր Ուիլլերը վեր կացավ տեղից։
— Mademoiselle!,— կանչեց նա։
Մատուցողուհին մոտեցավ սեղանիկին։
— Ինչքա՞ն պիտի վճարեմ գինու համար։
— Յո՛թ ֆրանկ։
Միստր Ուիլլերը հաշվեց ութ ֆրանկ և դրեց սեղանին։ Հետո վերցրեց գլխարկը, հագավ վերարկուն և բեռնակրին հետևելով բարձրացավ կառամատույց, որին դեռ ձյուն էր իջնում։
— Au revoir[2], Mademoiselle!,— ասաց նա։
Մատուցողուհին նայեց նրա ետևից։ «Ա՛յ քեզ այլանդակ,— մտածեց նա։— Այլանդակ ու՝ ինչքան էլ գարշելի։ Նման դատարկ բանի համար երե՜ք հարյուր ֆրանկ։ Քանի անգամ եմ դա ձրի արել։ Տեղ էլ չկա ախր էստեղ։ Եթե գոնե մի փոքր ուղեղն աշխատեր, կհասկանար, որ տեղ չկա էստեղ։ Հա՛մ տեղ չկա, հա՛մ էլ ժամանակ։ Երե՜ք հարյուր ֆրանկ։ Համա՜ թե տարօրինակ են, հա՜, էս ամերիկացիք»։ Իր բեռների մոտ, կառամատույցի ասֆալտին կանգնած, ձյան փաթիլների միջով հայացքն ուղղելով դանդաղ մոտեցող գնացքի լույսերին՝ միստր Ուիլլերը խորհում էր այն մասին, թե այդ զվարճությունն ինչքան էժան նստեց վրան։ Ճաշից բացի նա ընդամենը ութ ֆրանկ ծախսեց գինու և թեյանվերի վրա։ Գուցե թե յոթանասունհինգ սենթն էլ էր բավարար։ Իզո՛ւր չսահմանափակվեց յոթանասունհինգ սենթով։ Մեկ շվեյցարական ֆրանկը համարժեք է հինգ ֆրանսիականի։ Միստր Ուիլլերը ուղևորվում էր Փարիզ։ Նա շատ հաշվենկատ էր, և կանայք նրան չէին հետաքրքրում։ Այս կայարանում նա առաջներում էլ էր եղել ու գիտեր, որ վերևում ոչ մի նման շինություն էլ չկա։ Միստր Ուիլլերը կյանքում երբեք ռիսկի չէր դիմում։ 

Միստր Ջոնսընը վերևում մտերմիկ զրույց է անում

Կայարանի բուֆետում տաք էր ու լուսավոր։ Ջանադրաբար մաքրված փայտե սեղանները փայլում էին․ Մի քանիսի վրա ճերմակ ու կարմիր շերտերով ծածկոցներ կային, իսկ մյուսներին՝ ճերմակ ու կապույտ շերտերով․ դրանց բոլորի վրա զամբյուղներ էին դրված, մեջը՝ թղթե տոպրակներով աղի գալեթներ։ Աթոռները փայտից էին՝ փորագրանախշ, ժամանակի հևքից՝ մաշափայլ, բայց և՝ հարմար նստոցով։ Սրահի պատից ժամացույց կար կախված, խորքում՝ բուֆետի ցինկապատ սյունն էր, իսկ պատուհանից դուրս հուշիկ իջնում էր ձյունը։ Ժամացույցի տակի սեղանիկին երկու բեռնակիր նստած գինու մաճառ էին ըմպում։

Սրահ մտավ երրորդ բեռնակիրն ու ասաց, որ Սեն-Մորիսից ժամանող արևելասիմպլոնյան ճեպընթացը մեկ ժամ ուշանում է։ Միստր Ջոնսընի սեղանին մոտեցավ մատուցողուհին։

— Ճեպընթացը մեկ ժամ ուշանում է, սը՛ր,— ասաց նա։— Միգուցե սո՞ւրճ կուզեիք։

— Եթե դժվար չի։

— Ներեցեք, ի՞նչ,— հարցրեց մատուցողուհին։

— Լա՛վ, մի բաժակ սուրճ տվեք։

— Խնդրե՛մ, սըր։

Կինը սուրճը բերեց խոհանոցից, իսկ միստր Ջոնսընը շրջվեց պատուհանի կողմն ու սկսեց հետևել լուսավառ կառամատույցին իջնող ճերմակ ձյան ընթացքին։

— Ասում եք, ուրիշ լեզունե՞ր էլ գիտեք, բացի անգլերենից, հա՞,— հարցրեց նա մատուցողուհուն։

— Իհա՛րկե, սըր։ Գիտեմ գերմաներեն, ֆրանսերեն, նաև՝ տեղական բարբառներ։

— Որևէ բան կխմե՞ք։

— Ո՛չ, ի՜նչ եք ասում, սը՛ր։ Հաճախորդների հետ չի թույլատրվում։

— Միգուցե՝ սիգա՞ր։

— Ո՛չ, ի՜նչ եք ասում, սը՛ր,— ժպտաց կինը։— Ես չեմ ծխում։

— Ես է՛լ,— ասաց միստր Ջոնսընը։— Բայց դե հիմար սովորություն է, ի՞նչ արած։

Մատուցողուհին հեռացավ սեղանից, իսկ միստր Ջոնսընը ծխեց ու սկսեց սուրճ խմել։ Պատի ժամացույցով տասից տասնհինգ էր պակաս։ Իր ժամացույցը մի քիչ առաջ էր։ Գնացքը պիտի այստեղ լիներ տասն անց երեսունին, իսկ մի ժամ ուշացումը նշանակում է՝ տասնմեկն անց երեսուն։ Միստր Ջոնսընը մոտ կանչեց մատուցողուհուն։

— Signorina!։

— Ի՞նչ եք ցանկանում, սը՛ր։

— Չէի՞ք համաձայնի հետս մի քիչ զվարճանալ,— հարցրեց միստր Ջոնսընը։

Մատուցողուհին կարմրեց։

— Ի՜նչ եք ասում, սըր։

— Մտքիս վատ բան չկա՛։ Դուք ինձ չէի՞ք ընկերակցի՝ գնանք-տեսնենք գիշերային Վիեննան։ Եթե ուզում եք, կարող եք ձեր ընկերուհուն էլ բերել։

— Ես չե՛մ կարող հեռանալ էստեղից,— ասաց մատուցողուհին։— Ախր ծառայության մեջ եմ։

— Գիտե՛մ,— ասաց Ջոնսընը։— Բայց միգուցե որևէ մեկին ձեր փոխարեն կանգնեցնե՞ք։ Քաղաքացիական պատերազմի տարիներին էդպես նույնիսկ զորացրվածների հետ էր պատահում։

— Ո՛չ, սըր։ Ես անձա՛մբ պիտի էստեղ լինեմ։

— Անգլերենը որտե՞ղ եք սովորել։

— Բերլիցի դասընթացներին, սը՛ր։

— Ինձ պատմե՛ք այդ մասին,— ասաց Ջոնսընը։— Երևի էնտեղ իսկական անբաններ էին սովորում, հը՞։ Երևի թե կպչում էին ավելորդ քնքշություններով… Դրանց մեջ շա՞տ էին պճնամոլները։ Երևէ հանդիպե՞լ եք Սքոթ Ֆիցջերալդին։

— Ներեցեք, ի՞նչ ասացիք։

— Կուզեի իմանալ՝ ուսանողական տարիները արդյոք համարո՞ւմ եք ձեր կյանքի լավագույն շրջանը։ Իսկ անցյալ աշնանը Բերլիցի դասընթացները ի՞նչ թիմ էին հանել։

— Կատա՞կ եք անում, սը՛ր։

— Մի քի՛չ,— ասաց Ջոնսընը։— Դուք հրաշալի՛ աղջիկ եք։ Դե, ինչ, չե՞ք ուզում մի քիչ հետս զվարճանալ։

— Ո՛չ, ո՛չ, սը՛ր։ Էլի՞ ինչ-որ բան բերեմ։

— Այո՛,— ասաց Ջոնսընը։— Խնդրեմ, բերե՛ք գինիների տեսականին։

— Ա՛յս րոպեին, սը՛ր։

Տեսականին ձեռքին Ջոնսընը ուղղվեց դեպի այն սեղանը, ուր նստած էին բեռնակիրները։ Վերջիններս նրան նայեցին։ Երեքն էլ տարեց մարդիկ էին։

— Wollen Sie trinken?[3],— հարցրեց Ջոնսընը։ Նրանցից մեկը գլխով արեց ու ժպտաց։

— Oui, monsieur[4]։

— Եվ ի՞նչ պիտի խմենք։ Connais vous des champagnes?[5]

— Non, monsieur[6]։

— Faut les connaître[7],— նկատեց Ջոնսընը։— Fräulein!,— ձայն տվեց նա մատուցողուհուն։— Մենք շամպայն ենք խմելու։

— Որի՞ց կկամենաք, սըր։

— Ամենալա՛վը,— ասաց Ջոնսընը։— Էստեղ ո՞րն է ամենալավը,— դիմեց նա բեռնակիրներին։

— Le meilleur?[8],— հարցրեց այն մեկը, որն առաջինը խոսել սկսեց։

— Անպայմա՛ն։

Բեռնակիրը գրպանից հանեց ոսկերիզ ակնոցն ու սկսեց աչքի անցկացնել խմիչքի տեսականին։ Նրա մատները դանդաղ իջան խմիչքի անունների և գների մեքենագրված չորս տողերի վրայով։

— «Sportsman»[9],— ասաց նա։— «Sportsman»՝ ամենալավը սա՛ է։

— Համաձա՞յն եք, պարոնա՛յք,— հարցրեը Ջոնսընը մյուս բեռնակիրներին։ Նրանցից մեկը գլխով արեց։ Մյուսը ֆրանսերեն ասաց․

— Անձամբ չեմ փորձել, բայց դրա մասին շատ եմ լսել։ Լա՛վ գինի է։

— Մի շիշ «Sportsman»,— ասաց Ջոնսընը մատուցողուհուն։ Նա գնին նայեց՝ տասնմեկ շվեյցարական ֆրանկ։— Դե լավ, երկու շիշ։ Ոչի՞նչ, որ ես ձեզ հետ նստեմ,— հարցրեց նա «Sportsman» առաջարկող բեռնակրին։

— Խնդրե՛մ։ Այ էստե՛ղ նստեք։— Բեռնակիրը ժպտաց նրան։ Հետո հանեց ակնոցն ու դրեց պատյանը։— Հո monsieur֊ի ծնո՞ւնդը չի էսօր։

— Չէ՛,— ասաց Ջոնսընը։— Դե առանձնապես տոնելու բա՛ն էլ չկա։ Կինս ապահարզան է պահանջել ինձնից։

— Ի՞նչ եք ասում,— ասաց բեռնակիրը։— Չի՛ կարող պատահել։— Մյուս բեռնակիրը օրորեց գլուխը։ Երրորդը, ինչպես երևում է, լսողի դերում էր։

— Դե՛, դա սովորական բան է, իհա՛րկե,— ասաց Ջոնսընը։ Ոնց որ, ասենք, գնաս ատամնաբույժի մոտ առաջին անգամ, կամ թե ջահել աղջկա լուրջ տկարության պես մի բան, բայց դե էդ ամե՛նը ինձ հունից հանեց։

— Դե՛, դա լրի՛վ հասկանալի է,— ասաց բեռնակիրներից ավագը։— Հասկանում եմ ձեզ։

— Պարոնա՛յք, ձեզնից որևէ մեկը ամուսնալուծված կա՞,— հարցրեց Ջոնսընը։ Նա արդեն դադարեց միտումնավոր աղավաղել բառերը ու հիմա խոսում էր սահուն ֆրանսերենով։

— ՉԷ՛,— ասաց «Sportsman»֊ը կարևորող բեռնակիրը։— Էստեղ ամուսնալուծություններ քիչ են լինում։ Ի՛նչ խոսք, պատահում են էդպիսի տղամարդիկ, բայց՝ քիչ։

— Մեզ մոտ ուրի՛շ է,— ասաց Ջոնսընը։— Համարյա թե բոլորը բաժանվում են։

— Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ,— հաստատեց բեռնակիրը։— Էդ մասին թերթում կարդացել եմ։

— Ես ի՛նքս մի քիչ ուշացա էդ հարցում,— շարունակեց Ջոնսընը,— առաջին անգամն է։ Իսկ ես արդեն երեսունհինգ տարեկան եմ։

— Mais vous êtes encore jeunu[10],— ասաց բեռնակիրը։— Monsieur nʼа que trente cinq ins[11],— բացատրեց նա մյուս երկուսին։ Նրանք ի պատասխան գլխով արեցին։

— Նա բոլորովին ջահել է,— ասաց նրանցից մեկը։

— Իսկ դուք իրո՞ք առաջին անգամն եք բաժանվում,— հարցրեց բեռնակիրը։

— Իրո՛ք,— ասաց Ջոնսընը։— Բացե՛ք, խնդրեմ, շիշը, mademoiselle։

— Իսկ բաժանվելը թա՞նկ է նստում։

— Տասը հազար ֆրանկ։

— Շվեյցարակա՞ն։

— Չէ՛, ֆրանսիական։

— Ըհը՛։ Ուրեմն, շվեյցարականով կանի երկու հազար։ Համենայն դեպս՝ էժան չի։

— Հա՛։

— Ինչի՞ համար է պետք դա անել։

— Որովհետև պահանջում են էդ։

— Իսկ ինչի՞ են պահանջում։

— Որպեսզի ուրիշ մեկի հետ ամուսնանան։

— Ախր դա հիմարությո՛ւն է։

— Լիովի՛ն համաձայն եմ,— ասաց Ջոնսընը։

Մատուցողուհին չորսի համար էլ գինի լցրեց։ Նրանք բարձրացրին բաժակները։

— Prosit![12],— ասաց Ջոնսընը։

— A votre santè, monsieur[13],— ասաց բեռնակիրը։

Մյուս երկուսն էլ ավելացրին․— Salut։

Շամպայնը հենց քաղցր մրգաջրի համ ուներ։

— Էդ ի՞նչ է, շվեյցարական սովորո՞ւյթ է, որ ուրիշ լեզվով եք պատասխան տալիս,— հարցրեց Ջոնսընը։

— Չէ՛,— ասաց բեռնակիրը։— Ֆրանսերեն մի տեսակ ավելի քաղաքավարի է ստացվում։ Բացի էդ էլ, չէ՞ որ էս ֆրանսիական Շվեյցարիան է։

— Բայց դուք գերմաներեն եք խոսում։

— Հա՛,— մեր գյուղում գերմաներեն են խոսում։

— Պա՛րզ է,— ասաց Ջոնսընը։— Ուրեմն դուք ոչ մի անգամ չե՞ք բաժանվել։

— Չէ՛։ Էդ շատ թանկ բան է։ Հետո էլ՝ ոչ մի անգամ ամուսնացած չեմ եղել։

— Ահա թե ի՜նչ,— ասաց Ջոնսընը։— Իսկ էս պարոնա՞յք։

— Նրանք՝ հա՛։

— Գո՞հ եք, որ ամուսնացած եք,— հարցրեց Ջոնսընը երկրորդ բեռնակրին։

— Ինչ ասացի՞ք։

— Լա՞վ է, որ ամուսնացած եք։

— Oui․ Cʼest normal[14]։

— Է՛դ է որ կա,— ասաց Ջոնսընը։— Et vous, monsieur[15]։

— Ça va[16],— ասաց երրորդ բեռնակիրը։

— Pour moi,— ասաց Ջոնսընը։— Ça ne va pas[17]։

— Monsieur֊ը պատրաստվում է բաժանվել կնոջից,— բացատրեց առաջին բեռնակիրը։

— Օ՜,— ասաց երկրորդ բեռնակիրը։

— Ըհը՛,— ասաց երրորդը։

— Դե՛,— ասաց Ջոնսընը,— թեման, երևում է, սպառվեց։ Ձեզ հետաքրքիր չի իմ վշտերը լսել,— դիմեց նա առաջին բեռնակրին։

— Չէ՛, ինչի՞,— առարկեց բեռնակիրը։

— Եկե՛ք մի ուրիշ բանից խոսենք, հը՞։

— Խնդրե՛մ։

— Ինչի՞ մասին։

— Սպորտով զբաղվո՞ւմ եք։

— Չէ՛,— ասաց Ջոնսընը։— Իսկ, ա՜յ, կինս մարզուհի է։

— Իսկ դուք ո՞նց եք զվարճանում։

— Ե՞ս, գրող եմ։

— Լա՞վ գին են տալիս դրան։

— Չէ՛, բայց հետո, երբ արդեն հայտնի ես դառնում՝ հա։

— Հետաքրքի՛ր է։

— Չէ՛,— ասաց Ջոնսընը,— բոլորովին էլ հետաքրքիր չի։ Շա՛տ եմ ցավում, պարոնայք, բայց պիտի հրաժեշտ տամ ձեզ։ Խնդրում եմ, երկրորդ շիշն էլ միասին խմեք։

— Բայց չէ՞ որ գնացքը երեք քառորդ ժամից շուտ չի գա։

— Գիտե՛մ,— ասաց Ջոնսընը։

Մատուցողուհին մոտեցավ, և նա վճարեց գինու ու ճաշի համար։

— Գնո՞ւմ եք, սըր,— հարցրեց կինը։

— Այո՛,— ասաց Ջոնսընը։— Ուզում եմ մի քիչ քայլել։ Ճամպրուկներս էստեղ եմ թողնում։

Նա հագավ վերարկուն, գցեց շարֆն ու դրեց գլխարկը։ Կառամատույցին թանձր փաթիլներով իջնում էր ձյունը։ Նա ետ նայեց և պատուհանից տեսավ երեք բեռնակիրներին, որոնք դեռ նստած էին սեղանի մոտ։ Մատուցողուհին նրանց բաժակները լցնում էր բացված շշի տակի մնացած գինին։ Չբացված շիշը նա ետ տարավ։ «Դրանցից նրանք մի երեք ֆրանկ կամ թե ավել հանում են»,— մտածեց Ջոնսընը։ Նա շրջվեց ու սկսեց քայլել կառամատույցի երկայնքով։ Երբ բուֆետում էր նստած, իրեն թվում էր, թե հոգու ցավը կբթանա, եթե սկսի խոսել այդ մասին, բայց չէ, այդպես չեղավ, այ, հոգու խորքում ինքը մի տեսակ վատ էր զգում։

Աշխարհագրական ընկերության անդամի որդին Տերիտեում

Տերիտե կայարանի բուֆետում չափից դուրս տաք էր․ բուֆետը՝ վառ լուսավորված, սեղանիկները՝ փայլելու աստիճան մաքուր։ Դրանց վրա՝ զամբյուղների մեջ, թղթե փաթեթներով աղի գալեթներ կային, ինչպես նաև՝ կարտոնե տակդիրներ՝ գարեջրի գավաթների համար, որ դրանց պստիկ տակերը փայտի վրա հետք չթողնեն։ Սեղանները փայտից էին, փորագիր, ժամանակի հևքից՝ մաշափայլ, բայց և՝ շատ հարմար նստոցներով։ Պատին ժամացույց կար, սենյակի խորքում բուֆետի սյունն էր, իսկ դրսում ձյուն էր գալիս։ Ժամացույցի տակ, սեղանիկի մոտ մի ծերունի սուրճ էր ըմպում ու կարդում երեկոյան լրագիրը։ Ներս մտավ բեռնակիրն ու ասաց, որ արևելասիմպլոնյան ճեպընթացը Սեն-Մորիսից մեկ ժամ ուշացումով է ժամանում։ Միստր Հերիսի սեղանիկին մոտեցավ մատուցողուհին։ Միստր Հերիսը հենց նոր էր ավարտել իր ճաշը։

— Ճեպընթացը մեկ ժամ ուշանում է, սը՛ր,— ասաց նա։— Միգուցե սո՞ւրճ կխմեիք։

— Ինչպես հարմար եք գտնում։

— Ներեցե՛ք, ի՞նչ,— հարցրեց մատուցողուհին։

— Այո՛, բարի՛ եղեք,— ասաց միստր Հերիսը։

— Խնդրե՛մ, սը՛ր,— ասաց կինը։

Մատուցողուհին խոհանոցից բերեց սուրճը։ Միստր Հերիսը սուրճի մեջ շաքար գցեց, խառնեց գդալով և շրջվելով դեպի պատը՝ սկսեց դիտել ձյան հուշիկ ընթացքը լուսավառ կառամատույցին։

— Բացի անգլերենից դուք ուրիշ լեզունե՞ր էլ գիտեք,— հարցրեց նա կնոջը։

— Իհա՛րկե, սըր։ Գիտեմ գերմաներեն, ֆրանսերեն, նաև՝ տեղական բարբառները։

— Դրանցից ո՞րն է ձեզ առավել դուր գալիս։

— Դրանք իրար խիստ նման են, սը՛ր։ Չեմ կարող ասել, թե դրանցից որևէ մեկն է ինձ ավելի դուր գալիս։

— Կուզեի՞ք որևէ բան խմել, ասենք՝ գինի կամ մի գավաթ սուրճ։

— Ոչ, ի՜նչ եք ասում, սը՛ր։ Հաճախորդների հետ մեզ չի թույլատրվում։

— Իսկ միգուցե սիգա՞ր կկամենաք։

— Ո՛չ, ի՜նչ եք ասում, սը՛ր,— ծիծաղեց կինը։— Ես չեմ ծխում։

— Ես էլ,— ասաց Հերիսը։— Ես համաձայն չեմ Դեյվինդ Բելասկոյի հետ։

— Ներեցեք, ի՞նչ ասացիք։

— Բելա՛սկո։ Դեյվիդ Բելա՛սկո։ Նրան միանգամայն հեշտ է ճանաչել, քանի որ նրա վերնաշապկի բոլոր օձիքները մի տեսակ առաջ են տնկված։ Բայց ես համաձայն չեմ նրա հետ։ Բացի այդ էլ՝ նա հիմա հանգուցյալ է։

— Կարո՞ղ եմ գնալ, սը՛ր,— հարցրեց մատուցողուհին։

— Անկասկա՛ծ,— ասաց Հերիսը։ Նա առաջ հակվեց ու սկսեց պատուհանից դուրս նայել։

Սրահի խորքի սեղանիկին նստած ծերունին ցած դրեց ձեռքի լրագիրը։ Նա նայեց միստր Հերիսին, հետո վերցրեց սուրճի գավաթն ու քայլերն ուղղեց նրա կողմը։

— Խնդրում եմ ներե՛ք անհանգստացնելու համար,— ասաց նա անգլերեն,— մտքովս անցավ, թե միգուցե դուք «Ազգային աշխարհագրական ընկերության» անդամ եք։

— Նստեցե՛ք, խնդրե՛մ,— ասաց Հերիսը։

Ծերունին նստեց նրա կողքին։

— Միգուցե մի գավա՞թ էլ սուրճ խմեիք կամ թե՝ լիկյոր։

— Ո՛չ, շնորհակալ եմ,— պատասխանեց տարեց ջենտլմենը։

— Այդ դեպքում թույլ տվեք ձեզ մի գավաթ կիրշ հյուրասիրել։

— Թերև՛ս։ Սակայն թույլ տվեք ե՛ս հյուասիրեմ ձեզ։

— Ո՛չ, թույլ տվեք՝ ես։— Հերիսը կանչեց մատուցողուհուն։

Ծեր ջենտլմենը ծոցագրպանից հանեց լայն ռետինե կապով կաշվե դրամապանակը։ Թուլացնելով կապը՝ նա միջից մի քանի քարտ հանեց, ընտրեց դրանցից մեկն ու պարզեց Հերիսին։

— Ահա՛ իմ անդամատոմսը,— ասաց նա։— Դուք Ամերիկայում ճանաչո՞ւմ էիք միստր Ֆրեդերիկ Ջորջ Ռասըլին։

— Կարծես՝ չէ։

— Ինձ թվում էր, թե այնտեղ նա շատ հայտնի դեմք է։

— Իսկ նա որտեղի՞ց է։ Ո՞ր քաղաքից։

— Իհա՛րկե Վաշինգտոնից։ Մի՞թե Ընկերության գլխավոր խորհուրդն այնտեղ չի գտնւում։

— Երևի թե էնտե՛ղ է։

— Երևի՞։ Դրանում համոզված չե՞ք։

— Ես արդեն վաղուց է, ինչ Նահանգներում չեմ եղել,— ասաց Հերիսը։

— Ուրեմն դուք Ընկերության անդամ չե՞ք։

— Ո՛չ։ Բայց հայրս անդամակցում է դրան արդեն քանի՜ տարի։

— Այդ դեպքում երևի ճանաչում է Ֆրեդերիկ Ջորջ Ռասըլին։ Նա Ընկերության ղեկավարներից է։ Համարձակվում եմ ձեզ հիշեցնել, որ հենց միստր Ռասըլն է ինձ երաշխավորել։

— Հաճելի է դա լսել։

— Շա՛տ ափսոս, որ Ընկերության անդամ չեք։ Բայց ձեր հայրը հո՞ կարող էր ձեզ երաշխավորել։

— Թերև՛ս,— ասաց Հերիսը։— Հենց որ վերադառնամ՝ դրանով կզբաղվեմ։

— Իսկապես խորհուրդ կտայի այդ անել։ Իհա՛րկե, ամսագիր կարդում եք։

— Անկասկա՛ծ։

— Տեսե՞լ եք այն համարը, որ ամբողջովին նվիրված է հյուսիսամերիկյան ֆաունային՝ գունավոր նկարազարդումներով։

— Այո՛։ Այդ համարն ունեմ, Փարիզում է։

— Իսկ Ալյասկայի հրաբուխների համայնապատկերով համա՞րը։

— Բացարձա՜կ սքանչելիք։

— Ես գերագույն հաճույքով էի դրա մեջ դիտում Ջորջ Շայրըս Երրորդի արած վայրի կենդանիների լուսանկարները։

— Այո՛։ Իսկապես հոյակա՛պ գազանիկներ էին։

— Ներեցե՛ք, ո՞նց ասացիք։

— Հիանալի՛ նկարներ էին։ Էդ շատ սիրելի Շայրըսը…

— Դուք նրան սիրելի՞ եք համարում։

— Մենք հին ընկերներ ենք։

— Ահա՜ թե ինչ։ Ուրեմն ծանո՞թ եք Ջորջ Շայրըս Երրորդի հետ։ Հավանաբար հետաքրքի՞ր մարդ է։

— Էն էլ ո՜նց։ Էդպիսի հետաքրքիր մարդկանց հաճախ չես հանդիպի։

— Իսկ Ջորջ Շայրըս Երկրորդի՞ն էլ գիտեք։ Նա է՞լ է էդպիսի հետաքրքիր մարդ։

— Ո՛չ, նա էնքան էլ հետաքրքիր չի։

— Իսկ ես կարծում էի, թե նա, երևի, շատ հետաքրքիր մարդ է։

— Պատկերացրեք, որ՝ ոչ։ Գիտե՞ք, նույնիսկ մի տեսակ տարօրինակ է։ Նա բոլորովին էլ էդպիսին չի։ Շատ հաճախ զարմանում էի, թե ոնց է, որ էդպես է։

— Հը՜մ,— ասաց տարեց մարդը,— Ա՛յ, ինձ թվում էր, թե այդ ընտանիքում բոլորն անխտիր հետաքրքիր պիտի լինեին։

— Իսկ դուք հիշո՞ւմ եք Սահարա անապատի համայնապատկերը,— հարցրեց Հերիսը։

— Սահարա անապատի՞։ Դա չէ՞ որ մի տասնհինգ տարի առաջ էր։

— Միանգամայն ճի՛շտ է։ Է՛դ նկարը հատկապես շատ էր հորս դուր եկել։

— Մի՞թե ավելի ուշ շրջանի համարները նրան ավելի քիչ էին դուր գալիս։

— Ո՛չ, երևի ո՛չ պակաս։ Բայց Սահարայի հենց ա՛յդ պատկերը նրան անչափ դուր էր գալիս։— Հոյակա՛պ լուսանկար է ստացվել։

— Բայց կարծում եմ, որ դրա գեղարվեստական արժեքը ստվեր է գցում գիտականի վրա։

— Ա՛յ, դա արդեն չգիտեմ,— ասաց Հերիսը։— Էդ քարայրը և ուղտով արաբը ծնկած աղոթելիս՝ դեմքով դեպի Մեքքա…

— Հիշո՛ւմ եմ, արաբը կանգնած էր այդպես՝ ուղտի սանձը բռնած…

— Իհա՛րկե ճիշտ եք,— ասաց Հերիսը։— Ես էդ խառնեցի գնդապետ Լոուրենսի գրքի հետ։

— Բայց Լոուրենսի գիրքը կարծես Հաբեշստանին է նվիրված։

— Անտարակո՛ւյս,— ասաց Հերիսը։— Նկարի արաբը ինձ մի տեսակ էդ գիրքը հիշեցրեց։

— Գնդապետը, թերևս, շատ հետաքրքիր անձնավորություն է։

— Անկասկա՛ծ։

— Հիմա նա ինչո՞վ է զբաղված, տեղյակ չե՞ք։

— Թագավորական օդային նավատորմի շարքերն է համալրել։

— Նրա ինչի՞ն է դա պետք։

— Սի՛րտն է ուզել, ա՛յ թե ինչ։

— Տեղյակ չե՞ք, նա «Ազգային աշխարհագրական ընկերության» անդա՞մ է, թե՞ ոչ։

— Ա՛յ, էդ մեկը չեմ կարող ասել։

— Նա շատ օգուտ կարող էր տալ Ընկերությանը։ Հենց նման մարդիկ են մեզ հարկավոր։ Ես նրան ուրախությամբ կերաշխավորեի, եթե կարծում եք, որ նրա թեկնածությունը հավանության կարժանանա։

— Օ՜,— ես դրանում համոզվա՛ծ եմ։

— Ես Վեվեյից մի գիտնականի, մեկ էլ իմ լոզանցի գործընկերոջն եմ երաշխավորել, ու երկուսն էլ ընտրվել են։ Կարծում եմ, որ եթե գնդապետ Լոուրենսին երաշխավորեմ, այն հաստատ հավանության կարժանանա։

— Հոյակա՛պ միտք է,— ասաց Հերիսը։— Դուք էստեղ՝ կայարանի բուֆետում հաճա՞խ եք լինում։

— Այստեղ գալիս եմ ճաշից հետո՝ մի գավաթ սուրճ խմելու։

— Համալսարանո՞ւմ եք դասավանդում։

— Ես արդեն պրակտիկ աշխատանքով չեմ զբաղվում։

— Իսկ ես, ա՛յ, գնացքի եմ սպասում,— ասաց Հերիսը։— Հիմի Փարիզ եմ գնում, հետո էլ Հավրով՝ Նահանգներ։

— Ես ո՛չ մի անգամ Ամերիկայում չեմ եղել։ Բայց շա՜տ կուզենայի գեթ մի անգամ հայտնվել այնտեղ։ Միգուցե դեռ հնարավոր լինի այնտեղ Ընկերության նիստերին մասնակցել։ Շատ ուրախ կլինեմ ծանոթանալու ձեր հայրիկի հետ։

— Նրան, երևի, հիացմունք կպատճառեր այդ ծանոթությունը, բայց նա անցյալ տարի մահացել է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինքնասպան եղավ։

— Շա՛տ ցավալի է այդ լսել։ Չեմ կասկածում, որ դա, իրո՛ք, մեծ կորուստ է ոչ միայն մերձավորների, այլև գիտական աշխարհի համար։

— Գիտական աշխարհը տոկուն կերպով տարավ այդ կորուստը։ Ահա՛ իմ քարտը,— ասաց Հերիսը։— Սրանք անվանս սկզբնատառերն են՝ Է․ Դ․, իսկ նրանն էլ Է․ Ջ․ է։ Համոզված եմ, որ նրան անպայման մեծ հաճույք կպատճառեր էդ ծանոթությունը։

— Ի՛նձ համար էլ խիստ հաճելի կլիներ դա։

Տարեց ջենտլմենը դրամապանակից հանեց այցեքարտն ու մեկնեց Հերիսին։ Այնտեղ գրված էր․

Դ-ր Սիգիզմունդ Վայեր

Փիլիսոփայության դոկտոր

Ազգային աշխարհագրական ընկերության անդամ

Վաշինգտոն, Կոլումբիա, ԱՄՆ

— Ես շա՛տ խնամքով կպահեմ սա,— ասաց Հերիսը։

  1. Jump up↑ mademoiselle (ֆր․)— օրիորդ
  2. Jump up↑ Au revoir (ֆր․) — ցտեսություն
  3. Jump up↑ Wollen Sie trinken? (գերմ․) — Խմել ուզո՞ւմ եք։
  4. Jump up↑ Oui, monsieur (ֆր․)— Այո՛, պարոն։
  5. Jump up↑ Connais vous des champagnes? (աղավաղված ֆր․)— Շամպայնի տեսակներին ծանո՞թ եք։
  6. Jump up↑ Non, monsieur (ֆր․) — Ո՛չ, պարոն։
  7. Jump up↑ Faut les connaître (ֆր․)— Պիտի իմանալ։
  8. Jump up↑ Le meilleur? (ֆր․) — Ամենալա՞վը։
  9. Jump up↑ «Sportsman» (անգլ․)— գինու անուն։
  10. Jump up↑ Mais vous êtes encore jeunu (ֆր․)— Դե դուք դեռ ջահել եք։
  11. Jump up↑ Monsieur nʼа que trente cinq ins (ֆր․)— Պարոնն ընդամենը երեսունհինգ տարեկան է։
  12. Jump up↑ Prosit! (անգլ․)— Ձեր կենա՛ցը։
  13. Jump up↑ A votre santè, monsieur (ֆր․)— Ձեր կենա՛ցը, պարոն։
  14. Jump up↑ Oui․ Cʼest normal (ֆր․)— Այո՛, նորմալ է։
  15. Jump up↑ Et vous, monsieur (ֆր․)— Իսկ ձեզ մոտ ո՞նց է, պարոն։
  16. Jump up↑ Ça va (ֆր․)— Ամեն ինչ լավ է։
  17. Jump up↑ Ça ne va pas (ֆր․) — Իսկ ինձ մոտ՝ ոչ։

Թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s