Ավետարան ըստ Հավլաբարի։ Աղասի Այվազյան

Հղումը՝ այստեղ։

Հավլաբարից ամեն ինչ երեւում է։ Ամբողջ Թիֆլիսը իր ծակուծուկով՝ Շեյթան բազարը, Երեւանյան հրապարակը, Սապնի քուչան, Նարիղալան, Սուրբ-Սարգիսը, Սիոնը, հունական եկեղեցին… Հավլաբարից երեւում են պարոն Խատիսովի, Մելիք-Կազարովի տները, Թամամշեւի քարվանսարայը, Տեր-Օսիպովի, Զուբալովի թատրոնները, Գոգիլովի բաղնիքը… Հավլաբարից երեւում են տիկին Սալոմկայի խաժ աչքերը, մադամ Սուսաննայի ճերմակ ոտքերը, քալբատոնի Մերիի՝ ֆունիկուլյորին միշտ ուղղված, նրան հավասար պահած հպարտ կուրծքը… Հավլաբարից երեւում են չարչի Մարտիրուզի ներքնակի մեջ հավաքած փողերը, բմբուլի գող Սոփոյի ճերմակ մազերը, Լոքո Սաքոյի կարկատանները… Հավլաբարից, տո՛, երեւում է Կոջորը, Բորչալոն, Շավնաբադին ու… Փարիզը։Հավլաբարից երեւում են Թիֆլիսի հարսանիքներն ու թաղումները, հիվանդություններն ու երազները… Հավլաբարից երեւում են Թիֆլիսի դարդերը։ Ու թե դարդերը շատ են տանջում քեզ, Հավլաբարից երեւում է Սարկիսովի գինու պադվալը՝ որտեղ «հարբելը արժե մի աբասի»։ Նշանակում է՝ ոչ թե գինին արժե մի աբասի, այլ դարդեր խեղդելու գինը մի աբասի է։ Խմիր ինչքան կարող ես։ Հարբելը արժի մի աբասի։ Գիտեն, որ դարդերը շատ են Թիֆլիսում, Հավլաբարի շուրջն ու Հավլաբարում… Հավլաբարում մարդիկ թասիբ են պահում, նամուսի համար իրար աչք են հանում, իրար սպանում են, իրենք իրենց են սպանում… Ու սիրում են սպանելու չափ, ատելու չափ, փախչելու չափ… Ու եթե սիրելուց դարդակոխ են լինում, ճարի մի աբասի ու գնա Սարկիսովի գետնափոր գինետունը։

Կինտո Գորելոն սիրեց բայղուշ Օլային ու ամեն գիշեր հավաքում էր քառասուն դուդուկչի ու Հավլաբարում երգ երգում, Սայաթ-Նովա երգում, Բեսիկի երգում, որ բայղուշ գեղեցկուհու դեմքին մի թեթեւ ժպիտ երեւա, մի քիչ նայի իր կողմը թախծոտ աչքերով…

Քառասուն դուդուկի հնչյունները տարածվում էին Թիֆլիսի վրա՝ ինչպես շռայլ, մեծ քեֆի սեղանին՝ ընդարձակ ծածկոցը։ Եկեղեցիների խաչերը ուռենիների նման օրորվում էին նրանց հնչյունների ուժից…

Սերը ման էր գալիս Հավլաբարում, եւ ո՞վ գիտե, թե որտեղի՞ց էր դուրս գալու էդ բեմուրազը, ո՞ւր էր մտնելու։ Մեկին աշխարհի տերն էր դարձնում, մյուսին մասխարա շինում. վրան ղեինի նման կախում էր դաֆ ու քամանչա, ուսերին նստեցնում սոխակ ու բլբուլ, ու էդ մասխարան, որ ման էր գալիս, ձայնը գցում էր Հավլաբարով մեկ, նշանակում է՝ Թիֆլիսով մեկ։ Ոմանց՝ սիրուց դաղվածներին, շատ էր սիրում Հավլաբարը, գլխի վրա էր պահում, ոմանց ցեխն էր կոխում, աչքով-աչք չուներ։ Դե արի ու սիրի պարոն Ասատուրյանին՝ Միրզա Ասատուր Խանին, երբեմնի ամենապատվավոր մարդուն Հավլաբարում, որ փիլիսոփա էր, ամեն ինչ գիտեր, Դիոգինեսից էր պատմում, ամեն ինչ տեսել էր աշխարհի երեսին, մազերը ճերմակ, ոնց որ Հավլաբարի մաքրությունը, աչքերը կապույտ, ոնց որ Հավլաբարի երազանքը, բոյ-բուսաթով, ոնց որ Հավլաբարի բարձրությունը Թիֆլիսի վրա։ Խելոքներից խելոքը, գիտուններից գիտունը, ման եկող գրադարան. Սոլոլակում խոսում էր հայերեն, Վերայում խոսում էր վրացերեն, վանքի բակում խոսում էր գրաբար, Սիրաչխանայի արհեստավորների հետ՝ աշխարհաբար, Դվորցովայի վրա՝ ռուսերեն, թուրքի մեյդանում՝ պարսկերեն, Կիրիչնոյում՝ գերմաներեն, հավլաբարցիների հետ՝ Հավլաբարի լեզվով։ Բայց թե սերը ինչ լեզվով կպավ նրան, ոչ ոք գլուխ չէր հանում։ Հավլաբարը հաստատ համոզված էր, որ Միրզա Ասատուրը էդ լեզուն չգիտեր ու էդ լեզվով չպիտի խոսեր։ Բայց արի տես, որ էդ լեզվով էլ խոսեց, երանի թե չխոսեր։ Խայտառակ եղավ Հավլաբարում, Հավլաբարն էլ չէր կարող պարծենալ նրանով։ Ախր, ափսո՜ս, կար ժամանակ, հավլաբարցիները հատուկ, պարտադրաբար գդակ էին դնում, որ Ասատուր խանին հանդիպելիս՝ գլուխը մերկացնեն, ուրիշ ո՞նց կարող էին իրենց հարգանքը հայտնել։ Ու հիմա՜… Միակն էր Հավլաբարում ու գնաց խառնվեց բոլոր դարդիմանդներին։ Հիմա էլ ինչի մասին հարցնես նրան, երբ ինքը խորհրդի կարիք ունի։ Բա, իհարկե… Տո, պարոն Ասատուր, ջուղայեցի Միրզա Ասատուր խանի որդի, որ ծնվեցիր Հավլաբարի ամենահին ու պատվավոր տան մեջ, իսկական հավլաբարցի, Հավլաբարի խելքն ու խիղճը, հետո գնացիր Գերմանիա, ուսում առար, սրբի պես ապրեցիր, Էջմիածնում Աստծո Բանը սովորեցիր, Վենետիկում՝ փիլիսոփայություն ու մարդու դարդի պատմությունը… որ հիմա էդպես հեշտ կորցնենք, ինչ-որ մի պեպլած, սիրունիկ մունդռեկ մեր ամագն ու սերը հարամացնի՞։ Հետո հայրդ մեռավ, ողորմած Միրզա Ասատուր Խան ավագը, Հավլաբարը սուգուշիվանի մեջ էր. նրա դագաղի տակ մտան բոլոր ղարաչոխելիները, ուսուցիչներն ու դերասանները, կինտոները Մցխեթի բաղերը՝ ծաղիկները՝ հողով-մողով, քոքով-բանով, տանում էին առջեւից, ինքը՝ Գաբրիել աղա Սունդուկյանցը, գլխարկը հանած, գալիս էր ետեւից։ Ման ածեցին Հավլաբարում, հետո մի քանի անգամ պտտեցրին Թիֆլիսում, հետո նորից բերեցին Հավլաբար ու հողին հանձնեցին Մեծ Խոջիվանքում։ Մաա՜շ…

Իսկ դու ի՞նչ արեցիր, Ասատուր Խան, Հավլաբարի որդեգիրն ու հայրը, Հավլաբարի ակադեմիան, մի՞թե գիտությունները կամ լեզուները հերիք չարեցին, որ քեզ բացատրեին, թե սերը քո բանը չէր… Դու ուրիշ ես, քո ճերմակ մազերով, աստծո թայը, Հավլաբարի հայրը։ Հետո՝ ո՞նց սիրեցիր։ Գոնե ծեսով ու ադաթով, քեզ հարմար՝ ճերմակ մազերով կնոջ, ասենք թեկուզ, օրիորդ Փառանձեմին։ Թե չէ՝ լածիրակի մեկը, չգիտես որտեղի՞ց եկած, թքեց Հավլաբարի վրա ու մի օր կատվի նման, գաղտագողի մտավ քո տունը ու փորը ուռած դուրս եկավ։ Մաա՜շ…

Ասում էին՝ գրբաց Վառոն սեւ գիր էր արել նրան խայտառակելու համար։ Վառոյին հանգիստ չէր տալիս Ասատուր Խանի համբավը։ Հանաք-մասխարա հո չի՞. Վառոն գուշակել էր Ամերիկայի պրեզիդենտի մահվան թվականը, թագավոր Նիկոլայ Երկրորդի Թիֆլիս գալը ու, նույնիսկ Հավլաբար գալը։ Ու տանը, իր սենյակի պատին կպցրել էր Հավլաբարում կանգնած Նիկոլայ Երկրորդի լուսանկարը։ Այսինքն՝ երկու լուսանկար առանձին-առանձին. մեկի վրա թագավորն էր ոտից-գլուխ, մյուսը Հավլաբարի պատկերն էր։ Թե ոնց էր հարմարեցրել, ոչ ոք չգիտեր, ու չէին էլ հարցնում։ Վառոյի համար դա ինչ դժվար բան էր։ Թե ինչպես եղավ, որ ոչ ոք չտեսավ թագավորին Հավլաբարում, Վառոն ջղային ծիծաղով բացատրում էր՝ «տո, մունդռեկներ, գիշերով եկավ, որ ձեր ղալմաղալը չլսի… Մաա՜շ»։

Ու հիմա, էդ Ասատուր Խանը, իր գերմաներենով, իր կապույտ աչքերով, ուզում էր Վառոյի հացը խլել։ «Ես եմ արել,-հաստատում էր Վառոն։-Գիր եմ արել, որ խելքը հացի հետ ուտի, նա էլ կերել է»։ Հավլաբարցիները չգիտեին՝ հավատա՞լ, թե՞ չէ, ու ասացին՝ «Դե հիմա էլ գիր արա, որ խելքի գա»։

Երկար ժամանակ Հավլաբարը խռոված էր պարոն Ասատուրից. գլուխները բաց էին ման գալիս, որ հանդիպելիս գդակներ չհանեն, խուսափում էին նրա տնից, շուկայում գները բարձրացնում էին նրան տեսնելիս… Բայց, այնուամենայնիվ, աչքի պոչով հետեւում էր Հավլաբարը իր նախկին կուռքին ու ամեն անգամ ափսոսանքով «ախ» քաշում։

Նրանց աչքի առաջ ծնվեց Ցեցիլիայի աղջիկ-երեխան, փորքրիկ Վարդը՝ Վարդուհին, Վարդոն, Վարդուշը, Վարդիկը… Իսկական հավլաբարցի, Հավլաբարի ծնունդ… Հավլաբարը տեսավ, թե ինչպես սիրունացավ, ջահելացավ Ասատուր Խանը, թե ինչպես եկեղեցում պատարագի ժամանակ ուղիղ ձգվում էր ու նայում վեր, գմբեթի տակ կուտակված լույսի եւ աղոթքի խառնուրդին…

Ու լցվում էին աչքերը հավլաբարցիների։

Կիրակի օրերը դուրս էր գալիս ճերմակահեր Ասատուր Խանը փոքրիկ Վարդիկի հետ, ու նրա ձեռքից բռնած ման էր գալիս Հավլաբարում, ու թվում էր Քրիստոսն է իջել իր դստեր հետ։ Մի նոր ավետարան ըստ Հավլաբարի։

Ինչքան կարող էր խռով մնալ Հավլաբարը, ու նա հանձնվեց։ Ոնց կարող է Հավլաբարը չհասկանալ սերը, ինքը սիրո ծնունդ։ Ինչ արած, թող էս մեկն էլ էսպես լինի… Ինչ անենք, որ Ցեցիլիան չի բռնում Հավլաբարի ճաշակին, ի՞նչ անենք, որ մի քիչ մազալո է էդ բոլորը…

Եվ Հավլաբարը նորից սկսեց գդակները հանել Ասատուր Խանի առջեւ, նորից ժպտալ նրան եւ, ամենագլխավորը, պահել-պահպանել աչքի լույսի նման նրա սերը, նրա ընտանեկան պատիվը։ Էդպես է Հավլաբարը, բացսիրտ ու խանդոտ, Ասատուր Խանի ընտանիքն իր ընտանիքն է, եւ եթե ընդունել է իր գիկն արդեն, պիտի տիրություն անի, կյանքը չխնայի նրա համար։ Ու ամեն անգամ Ասատուր Խանին ու Վարդիկին տեսնելիս՝ հրճվում էր Հավլաբարը ու զարմանում, թե ոնց կարող էին չտեսնել նման գեղեցկություն… Ախր, Հավլաբարը էսպես էլ կարող է սիրել, էս ձեւով էլ կարող է սիրել… Ու ամեն կիրակի կինտոները թաբախով խառ թութա էին բերում փոքրիկ Վարդիկին, թատրոնի դերասանները ծաղկեփունջ էին բերում փոքրիկ Վարդուհուն, ղարաչոխելիները Քուռ գետից մուրծա էին բերում փոքրիկ Վարդոյին… Իրենց աչքի լույսն էր Ասատուրի պատիվը, հարգանքով էին բարեւում մադամ Ցեցիլիային, արգելավար հայացքով էին ուղեկցում նրան ու նայում մնացածի աչքերին, որ չլինի հանկարծ անժուժկալ մի պեծ երեւա մեկի մեջ… Վայն եկել է ու տարել այդ աչքունքի տիրոջը։ Հավլաբարցիները որ ծեծում էին՝ աստված հեռու պահի… Եվ Հավլաբարը պատվախնդիր ու խանդոտ էր նաեւ, եւ երեխայի սիրտ ուներ։ Մի անգամ Հավլաբարի թատրոնի բեմից դուրս բերեցին Յագոյին ու Մետեխի ժայռից գլխիվայր գցեցին Քուռը։ Իսկ հետո նույնպիսի ջանասիրությամբ ու կրքով փրկեցին Յագոյի դերակատար Սեղբոսյանին։ «Ի՞նչ եք անում… Դուք հո գիժ չեք…»-ջուրը կոկորդում բլթբլթացնելով՝ լաց էր լինում Սեղբոսյանը. «Վա՜,-զարմացավ Հավլաբարը…-չես հասկանո՞ւմ… Մենք խեղդեցինք Յագոյին ու փրկեցինք դերասանին։ Սրանից էլ պարզ բա՞ն»։ Սեղբոսյանը մտածեց եւ համաձայնեց։ Իմաստո՜ւն Հավլաբար, գի՜ժ Հավլաբար…

Ու էս Հավլաբարը, որ դրսում հետեւում էր տղամարդկանց աչքերին՝ չլինի հանկարծ ոչ պնդակարգ հայացք ուղղվի մադամ Ցեցիլիային, որ միշտ թիկնապահ էր նշանակում մեկ Ղոչի Գեւոյին, մեկ Ստրիժկա Շավոյին, տեսավ ու սիրտը բռնեց. «Վա՜յմե, ես մեռնեմ, էս ինչ է…»։ Ցեցիլիան Հավլաբարից դուրս է գալիս ու գնում Գալավինսկի, Մուշտայիդ, տո՛, Նախալովկա։ Ի՞նչ գործ ունի դուրսը, ինչ անենք, որ Հավլաբարը Թիֆլիսումն է. բայց ի՞նչն է պակաս Հավլաբարում. բազար ես ուզում՝ խնդրե՛մ, եկեղեցի ես ուզում՝ խնդրե՛մ, թատրոն ես ուզում՝ համեցե՜ք…

Եվ շատ բան իմացավ էս նամարդ աշխարհից Հավլաբարը ու դարդ արեց, մտածեց, Սարկիսովի պադվալում նստեց մի քիչ ու որոշեց. «Ցեցիլիան պիտի թողնի Հավլաբարը, պիտի ռադ էղնի»։ Ու բռնեց Հավլաբարը Ցեցիլիային հանցանքի մեջ, պատին դեմ արեց, նեղը գցեց։ Պիտի մաքուր մնա իրենց Ասատուր Խանը, էնպես պիտի անել, որ չկոտրվի Ասատուր Խանը, որովհետեւ Հավլաբարը գիտե, որ եթե մարդ կոտրվում է, ինքն իր խղճին, նամուսին զիջում է, կուլ է տալիս ամոթը, հետո քանդվում է նա եւ կամաց-կամաց կուլ է տալիս ամեն ինչ. դեռ թույլ է տալիս մի խաբեբայություն, հետո կուլ է տալիս մի ուրիշ անվայել քայլ, ու ինքն էլ արդեն սուտ կարող է խոսել… Կփլվի նրա աստվածային հիմքը, կիջնի Ասատուր Խանը, կկորցնի երկնային կերպարանքը ու կդառնա, աստված ոչ անի, Յալլա Ստեպկոյի նման։ Աշխարհը կքանդվի, ախր… Ճշմարիտ, մաքուր, արդար, աստծո կերպարանքով մարդ էդպես հեշտ չի ստեղծվում… Որ քանդվեց՝ պրծա՜վ…

Սուտը չպիտի մոտենա Ասատուր Խանին։ Մենք գիտենք, ինքն էլ պիտի իմանա, որ ծաղրուծանակի առարկա չդառնա ամբողջ Հավլաբարի համար։ Արժեքը կկորցնի ինքը, եւ նրա ճշմարտությունը ծիծաղելի կլինի, ստից վատ կերեւա…

Ու խոսեց Ցեցիլիայի հետ Հավլաբարը, ու Ցեցիլիան ճար չուներ այլեւս, հանձնվեց, խոստացավ ամեն ինչ անել իրենց ուզածով։ Բայց Ցեցիլիան էլ պակաս չէր ու, երբ Ասատուր Խանին պատմեց իր արկածները հավլաբարցիների ներկայությամբ՝ ասելով «ըհը, էս էիք ուզո՞ւմ», հետո, երբ կարծես ամեն ինչ վերջացավ, Ցեցիլիան մի հայացքով չափեց բոլորին ու պայթեցրեց. «Երեխա՛ն էլ քոնը չի»։ Հավլաբարցիները շվարեցին՝ «Վա՜յ»։ Ու նրանց «վայը» ամպի պես կախվեց Հավլաբարի վրա։ Ախր, Հավլաբարն էլ ամեն տեղից էր երեւում՝ Գալավինսկուց, Վերայից, Նարիղալայից, տո՛, Նախալովկայից… «Վայը» կախվեց Հավլաբարի վրա, ու բոլորը վեր նայեցին, հիմա պիտի տրաքտրաքեր ամպը, ու կարկուտ գար, «վայերի» կարկուտ», տխրության կարկուտ, ու ծեծեր կեղտոտ Հավլաբարը, թասիբ կորցրած Հավլաբարը։ Մեր կյանքը, մեր Մարիամ Աստվածածինը, Քրիստոսի զավակը՝ Վարդիկը, դառնում էր բազարի աղջիկ, առեւտրի որդի…

Ասատուր Խանը դեռ տխրեց Ցեցիլիայի մասին իմացածից, հետո հանգիստ ասաց. «Վարդիկը իմ աղջիկն է»։

Զարմանքի մի «աո՜ւֆֆֆ» արձակեցին հավլաբարցիները։

«Էդ ո՞նց, աղա Ասատուր…-հարցրեց Հավլաբարը։-Ախր, ինքն է ասում»։
«Ինքը չգիտի»…-ասաց Ասատուր Խանը, եւ նրա աչքերը պարզ էին, եւ բոլորը գիտեին, որ նա սուտ չի կարող ասել։
«Ինչպե՞ս թե՝ ես չգիտեմ»,-ջղայնացավ Ցեցիլիան։
«Դու չգիտես»,-ասաց Ասատուր Խանը, եւ Ցեցիլիան շվարեց, դեռ լրբորեն ծիծաղեց, հետո, վարանոտ նայելով Հավլաբարին, անզորությունից լաց եղավ։
«Լավ միտք արա, Ասատուր Խան…-ասաց նամուսի համար մեռած հավլաբարցի Դավիթը։-Որ ինքն է ասում… մի բան գիտի, ախր»…
«Ոչ, նա չգիտի»…-ժպտաշուրթ եւ բացերես ասաց Ասատուր Խանը, եւ Դավիթը սսկեց ու մտքի մեջ ընկավ։

Այդպիսի մտքեր մեկ-մեկ այցելում էին նրան, բայց նա վախենում էր ինքն իրեն հավատալ։ Այդ մտքերը իր ծնողների, իր պապերի, իր հեռու նախնիների մասին էին։ Եվ բոլոր հավլաբարցիների մեջ կային այդպիսի մտքեր։ Եվ բոլորը սիրում էին մեկին, իսկ այդ մեկը մարդու որդի էր եւ իր հարազատն էր։ Եվ նրանք սիրով էին ղեկավարվում՝ գտնելու համար իր մարդուն։ Սերն էր ճշմարտությունը, միակ ապացույցը նրանց արյունակցության։

Ասատուր Խանը համոզված էր, եւ բոլորը հասկացան, որ նա մի ուրիշ բան գիտի մանկաբարձի գիտցածից վեր, մարմնի սովորական ու հասարակ օրենքներից այն կողմ։

«Լաց մի լինի,-սփոփեց Ասատուր Խանը Ցեցիլիային։ Ու Ցեցիլիան էլ հավատաց նրան, եւ ամբողջ Հավլաբարը, բոլորը ուշադիր նայեցին Վարդիկին ու տեսան, որ նա իսկապես Ասատուրի աղջիկն է, գեղեցիկ աղջիկը, ճշմարիտ աղջիկը, սուրբ աղջիկը, հրաշք աղջիկը։ Նրանք տեսան, թե ինչպես է սիրում Ասատուրը Վարդիկին. այդ մեծ սերը, որ սուտ չէր կարող լինել, եւ սերը ամեն ինչ բացատրում էր։ Իսկ որ Ասատուր Խանը սիրում էր Վարդիկին, ու Վարդիկը սիրում էր նրան, բոլորը տեսնում էին։ Որովհետեւ հոր եւ աղջկա սերը լուսավորվում էր ծերունազարդ Ասատուր Խանի եւ մանկամարդ Վարդիկի արանքում, ինչ տարածություն էլ գրավեր այդ արանքը։ Եթե, ասենք, Վարդիկը Հավլաբարի մի ծայրում էր գտնվում, իսկ Ասատուր Խանը՝ մյուս, լուսավորվում էր նրանց միջեւ ընկած ամբողջ Հավլաբարը։

Աղբյուրը՝ Գրանիշ

Նամակ հորս` Գաբրիել Գարսիա Մարկեսին


Մարկեսի որդին` Ռոդրիգո Գարսիա Մարկեսը կինոգործիչ է:

The New York Times
Մայիսի 6, 2020

Գաբո,
Ապրիլի 17-ը մահվանդ վեցերորդ տարելիցն էր, և աշխարհը, ինչպես միշտ, լի էր մարդկանցով, որոնք վարվում են ապշեցուցիչ ու ստեղծագործ անգթությամբ, վսեմ մեծահոգությամբ ու զոհողությամբ և հաճախ այս ամենի միջակայքում:
Մի բան է նոր` համավարակը: Ինչքան գիտենք` այն ծագել է շուկայում, ու հենց այդտեղ էլ ցատկ արել կենդանուց դեպի մարդը: Վիրուսի համար սա գուցե փոքր քայլ է, իսկ իրականում` մեծ թռիչք: Երևույթը անկանխատեսելի արագությամբ այնքան զարգացավ, որ բնական ընտրությունից փոխակերպվեց փոքր, սակայն անհագ հրեշի: Բայց ինչ անարդար է վիրուսը հիշատակել նման բառերով, ու ես ցավում եմ, եթե խոսքերս վիրավորական հնչեցին: Այն պարզապես չի հանդուրժում մեր մեջ եղած որևէ հատուկ հիվանդություն: Եվ քանի որ կարողանում է, վերցնում է ու տանում: Մենք կարող հասկանալ սա, չէ՞ որ չունի որևէ անձնական շահախնդրություն:

Читать далее

Ով կարողանում է սիրել, երջանիկ է: Հերման Հեսսե

Քննարկմանը միացեք այս հղումով:
Որքան ավելի էի տարիք առնում և իմ կյանքում գտած փոքր բավականությունները ինձ սկսում էին անհամ թվալ, այնքան ավելի պարզ էր դառնում, թե որտեղ պետք է փնտրեմ երջանկության ու կյանքի աղբյուրը։ Ես իմացա, որ սիրված լինելը ոչինչ է, սիրելը, սակայն, ամեն ինչ։ Եվ ես ավելի ու ավելի էի հակված տեսնելուն, որ այն, ինչը մեր լինելիությունը արժեքավոր ու ուրախալի է դարձնում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր զգացմունքները և հույզերը։ Որտեղ էլ երբևէ Երկրի վրա ինչ-որ բան եմ տեսել, որը կարելի էր «Երջանկություն» անվանել, ապա այն կազմված է եղել հույզերից։ Читать далее

Սիմոնի թաղումը: Նարինե Աբգարյան

Հանդիպման հղումը:
Այինանց Սիլվիայի ամուսինը մահացավ: Չես ասի, թե նրա մահը մարդկանց համար անակնկալ էր. ախր Սիմոնը ութսունից հաստատ ավելի էր, ավելի ճիշտ՝ իննսունից մի տարի պակաս: Սակայն վշտացան անխտիր բոլորը. Սիլվիայի մարդը ընկերության համար հոգի էր տալիս ու բոլորի սիրելին էր:
Նա թափով ու բուռն կյանքով էր ապրում, ոչ մի բանից զուրկ չէր մնում, ուտում էր՝ ոնց որ վերջին անգամը լիներ, խմում էր՝ ասես վաղվանից «չոր օրենք» էին հաստատելու և խմիչքի համար մահապատժի էին ենթարկելու: Այդ պատճառով Սիմոնը նախաճաշում էր գինով (որպեսզի առույգ լինի), ճաշում թթի օղիով (կանխելու համար այրոցը), ընթրում էր հոնի օղիով (որպեսզի ամուր քնի): Читать далее

Հայը և հայը: Վիլյամ Սարոյան

Միացեք այս հղումով:

Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.

-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես:

Չգիտեմ` ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա°յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա: Читать далее

Թե ինչպես«անհետացավ» բանաստեղծությունը։ Հովհաննես Գրիգորյան

maxresdefault-1-12Գրական թերթ», 1970, 6 նոյեմբերի

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ հայ ժողովրդի մշակույթի վիճակը, եթե մենք մյուս ազգերից փոխ չառնեինք ջութակը: Եվ երբ այժմ ջութակը կատարում է կոմիտասյան «Կռունկը», մենք ասում ենք` չկա ավելի ազգային բան, քան սա: Եվ բոլորովին չենք հիշում, որ ջութակը հայկական, ուրեմն նաև ազգային գործիք չէ:

Ոչ ոք չի կարող պնդել, որ հայերն են գրել առաջին բանաստեղծությունը: Ուրեմն սխալ կլիներ նաև կարծել, որ բանաստեղծություն գրելը ազգային երևույթ է: Վերցրե՞լ ենք ուրիշից. ճիշտ ենք արել: Читать далее

Գրական նամականի։ Երեք սիրային նամակ

Մոնտեսքիոյի նամակը Մարկիզուհի դը Գրավին

250px-Montesquieu_1

Եվ չկա օր, որ ես չմտածեմ այս խորը լռության մասին։ Միայնությունը, որտեղ ես գոյատևում եմ, ինձ վիշտ ու խորը թախծանք է բերում։ Դեռ յոթ կամ ութ ամիս ես ստիպված եմ մնալ այս երկրում պատվի և որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար․ես քաջ գիտակցում եմ, թե որքան թանկ պետք է վճարեմ այս ժամանակի համար։
Սա իմ վերջին նամակը կլինի, ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։ Միայն մի խնդրանք ունեմ․ հավատա՛, որ ես քեզ դեռ սիրում եմ, թերևս սա միակ բաննէ, որ ես տակավին կարող եմ քեզնից ակնկալել։
Այրի՛ր այն բոլոր գրածներս, որ գիտես։ Ես երդվել եմ այլևս երբեք չգրել, քանի որինձ չհաջողվեց պահպանել այն միակ մարդուն այս աշխարհում, որին ես կցանկանայի դուր գալ։
Անվստահություննը, որն ինձ այս պահին համակել է, ամենածանրն է այն բոլոր դժբախտություններից, որոնցից ես վախենում եմ։ Տիկի՛ն, միայն կխնդրեմ սովորեցնել ինձ հասկանալ մի բան, որն ինձ ամբողջ կյանքում կհետաքրքրի։ Ինձ ուղղված Ձեր վերջին նամակն այնքան քնքույշ էր, ես այն հարյուր հազար անգամ վերընթերցեցի․ ես երբեք գլխի չէի ընկնի, որ այն վերջինը կլիներ։ Читать далее

Մարգարեն: Ջեբրան Խալիլ Ջեբրան

Մասնակցության հղումը տԵս այստեղ:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.

_ Ասա’ մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես
տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում և
խոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև
և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց:
Այո, տաճարի պուրակում և ամրոցի ստվերում ես տեսել եմ,
թե ձեզանից ամենաազատներն ինչպես են իրենց ազատությունը
կրում որպես լուծ և ձեռնաշղթաներ:
Եվ իմ սիրտն արյունում էր, քանզի դուք
կարող եք ազատ դառնալ միայն այն ժամանակ,
երբ նույնիսկ ազատություն փնտրելու բուն ցանկությունն իսկ
բեռ կդառնա ձեզ համար և դուք կդադարեք ազատության մասին
խոսել որպես փնտրվող ու ձեռք բերվող բանի:
Դուք այն ժամանակ չեք դառնա իսկապես ազատ,
երբ ձեր օրերն ու ձեր գիշերները ազատ կլինեն կարիքից ու վշտից:
Այլ այն ժամանակ՝ երբ ձեր կյանքը գոտևորված կլինի
դրանցով, բայց դուք դրանցից վեր կբարձրանաք
մերկացած, առանց շղթաների:
Եվ ինչպե՞ս դուք վեր կբարձրանաք օրերից ու գիշերներից՝
եթե ձեր ըմբռնման արշալույսին չպոկեք այն կապանքները,
որոնցով դուք շղթայել եք ձեր միջօրեն:

Читать далее