Ընդմիջված չվերթ։ Անդրե Մորուա։ Վերլուծություններ

14079492_1767106040242121_2693828226448965203_nՔննարկման տեսանյութը

Արմինե Աբրահամյան

Մտորումներ ընթերցումից հետո

Մենք բոլորս այնքա՜ն տարբեր ենք: Տարբեր ենք՝ անկախ սեռից ու տարիքից: Բայց բոլորս նման ենք իրար, շա՜տ նման: Մեր հայացքները, թեկուզ տարբեր, միշտ ուղղված են դեպի անհասնելին, դեպի կատարյալը, «դեպ անհայտը սուրբ»… Որքա՜ն բարձր են մեր ձգտումերը, որքա՜ն կատարյալ են մեր երազանքները և որքա՜ն աղճատված ու անկատար է մեր կյանքը…

Պատրանքնե՞րն են իշխում մեզ, երազնե՞րն են առաջնորդում… Ինչո՞ւ, ինչպե՞ս դրանք իրականություն չեն դառնում: Ի՞նչն է մեզ խանգարում, որ արարենք մեր երազանքը, կյանքի կոչենք այն ու վայելենք: Գուցե իրապես սիրելու կարողությո՞ւնը… Չէ՞ որ բոլորս էլ մեծ ու անանց սիրո մասին ենք երազում… սիրելո՞ւ, թե՞ սիրված լինելու մասին… մտածելու բան է:

Ո՞ւմ ենք մենք սիրում, բացի ինքներս մեզնից ու … ի՞նչն ենք այդքան սրբորեն փայփայում, բացի մեր ցանկություններից ու չիրականացող երազանքներից:

Քանի դեռ բավականաչափ խիզախ չենք, մեր պատրանքներից հրաժարվելու համար, դատապարտված ենք միայնության ու հավերժական փնտրտուքի: Չէ՞ որ, ոչ ոք մեր երազի մարմնացումը չէ, վաղ թե ուշ, մենք առերեսվում ենք իրականությանը՝ կորցնելով մեր հորինած հեքիաթը…

Երբ սերն իրական է, այն կրկին հառնում է, կրկին հաստատվում, նորոգվում, անկումներն ու վերելքները թռիչքի անբաժան մասն են. կարևորն էստեղ ինքնամաքրումն է, ինքնանորոգումը, քանզի սերը հենց կյանքն է, որ կա:

Երբեմն էական չէ, թե այն ում կամ ինչին է ուղղված: Կարևորը սերը չկորցնելն է… «Միշտ պետք է արբած լինել…», միշտ և ցանկացած դեպքում:

Պատմվածքի վերլուծությունը

Պատմվածքը շատ հավանեցի:Մի քանի անգամ ընթերցեցի՝ փորձելով ճանաչել, կրկին ու կրկին հասկանալ հերոսներին, հեղինակի ասելիքը: Պիտի խոստովանեմ, որ և՛ կնոջ, և՛ տղամսրդու կերպարները ցնցեցին ինձ, նույնիսկ ինչ որ հարազատություն տեսա այդքան տարբեր, բայց միևնույն ժամանակ ինձ նման կերպարներում… Ա՜յ քեզ մարդկային կյանքի փնտրտուքի, հոգեվիճակի, բնույթի ամբողջական ներկայացում… Տպավորված եմ: Մի կողմից կերպարները տղամարդու և կնոջ փոխհարաբերություններն էին առերեսում, բացահայում ողջ խորքով ու բազմաշերտությամբ, մյուս կողմից էլ միավորվում էին՝ մարմնավորելով մարդկային կյանքն ու աշխարհահայացքն առհասարակ: Ի վերջո, կարծում եմ, որ պատմվածքի կարևոր ասելիքն այս էր:

Սերը կնոջ կյանքում ամենն է, ու այդ սերը նա փնտրում է հե՛նց տղամարդու մեջ: Չնայած իմաստնությանը, տղամարդկային բնույթի ճանաչողությանը, կինը շարունակում է հավատալ ու փայփայել իր երազանքը, կրկին ու նորովի վստահել տղամարդ էակին և անհրաժեշտ պահին՝ վճռական որոշումներ կայացնել:

Իսկ տղամարդու կյանքում, կինը, կնոջ սերը, նրան նվաճելը կամ պարզապես ամուսնությունը, ինքնահաստատման, ինքնաճանաչման, ոգեշնչման կամ էլ հերթական կարևոր քայլ կատարելու պես մի բան է: Իսկ նման կամ տարաբնույթ հետաքրքրությունները բազմաթիվ են տղամարդու կյանքում: Ազնիվ լինելու դեպքում, նա նույնիսկ կարող է հրաժարվել կնոջ սիրուց, գիտակցելով, որ ի զորու չէ արդարացնել նրա սպասելիքները, ու ոգեշնչման այլ աղբյուրներ գտնել՝ ինչպես այս պատմվածքի հերոսը: Ուզում եմ նշել, որ այս կերպարը, իր ազնվության ու խորհրդավորության շնորհիվ արժանացավ իմ համակրանքին: Նա գիտակցում էր, որ չէր կարող արդարացնել կնոջ սպասելիքները և որոշել էր իր կյանքը նվիրվել արվեստին, ոգեշնչվել գեղեցիկով, բայց ուրիշի հիասթափության պատճառ չդառնալ… Առաջին հայացքից կարող է թվալ, որ նա

վախենում էր իրականությունից, սակայն ավելի խորը նայելու դեպքում ակնհայտ է դառնում, որ տղամարդը կարողացել էր ճանաչել կնոջ էությունը ու գիտակցում էր, որ իր բնույթով պարզապես ունակ չէ երջանկացնել նրան: Գիտեր, որ ամուսնական կյանքում սերն ի վերջո վերածվում է ինքնազոհության, անմնացորդ նվիրումի, իսկ նա պատրաստ չէր հրաժարվել իր հեքիաթից…

Շատ սիրեցի այս ստեղծագործությունը. Օգտակար էր ընթերցել, մտորել: Շնորհակալ եմ, սիրելի տիկին Մարիետ

Նելլի Արղության

«Գրական ակումբ»… Վաղուց չէինք հանդիպել։

Մայիսի 21-ին, ժամը՝ 13։30, Teams հարթակում միացանք «Գրական ակումբ» խմբով։ Քննարկվող նյութը Անդրե Մորուայի «Ընդմիջված չվերթ» ստեղծագործությունն էր։ Ասեմ, որ շատ հավանել եմ ու ընթերցել եմ մի քանի անգամ։ Կային տողեր, որտեղ տղամարդը կարծես արտաբերում էր բարձրյալի կողմից ուղարկված բառերը՝ երբեմն էլ չգիտակցելով այդ բառերի իմաստը։ Նա առեղծվածային մարդ էր։ Այդ մարդկանց տեսակը բացահայտել կդժվարանամ, բայց հերոսը հոգու խորքում ուներ սիրո հանդեպ մեծ սեր և զգուշություն, բայց այդ սերը կանանց մեջ չէր տեսնում, քանի որ համարում էր, որ սուրբ չէ կնոջ սերը։ Նա այդ սերը տեսնում էր հոգևոր երգերի, ստեղծագործությունների, Ավետարանի մեջ։ Նրա համար անաղարտ սերն այդտեղ էր, այլ ոչ թե կնոջ մեջ։

Ես գտնում եմ, որ այդ օրը, կապ չունի, թե կինը ում կհանդիպեր, միևնույնն է, չվերթը կլիներ ընդմիջված։ Ոչինչ պատահական չի լինում, ուրեմն՝ այդպես պիտի լիներ, և նա պիտի զգար դեպի իրեն եկող աստվածային ազդանշանները։ Ես հասկացա, որ այդ կինն ուներ ինքնատիրապետման, զսպվածության չափը կորցնելու խնդիր, որը նրան դեռ շատ կխանգարի, բայց պետք է զգոն լիներ, պետք է նկատեր այն ազդանշանները, որոնք դեպի իրեն էին գալիս, դադար տար, խորհեր, առանձնանար, լռեր , զսպված լիներ և կարողանար կառավարել չափի զգացողությունը։ Օրինակ՝ ինքնատիրապետման հետ կապված տողեր. «Պետք է կարողանալ չկորցնել ինքնատիրապետումը: Ինչու՞ տրվել գետի հոսանքին. չէ՞ որ դուք լողալ գիտեք»։

Անընդհատ մարդ պիտի աշխատի իր վրա՝ չկորցնելով ինքնատիրապետումը, իսկ վերջում հնչեցին այս տողերը. «Անշուշտ, մարդու էությունը չես փոխի, այլ կարող ես միայն աննշան փոփոխությունների ենթարկել»։ Մարդը միայն ինքը կարող է իր վրա աշխատել և փոխել իրեն։ Այս կյանքում շատ բաներ եմ փորձել զգալ ու հասկանալ, անցնել բարդ իրավիճակների միջով, լաբիրինթներով, բայց ոչինչ չպետք է հուսահատեցնի։ Դրանք ազդակներ են, որոնք ոչ բոլորն են զգում։ Դրանք պետք է ընդունել պատվով և դուրս գալ խելամիտ, և հենց այդ ճանապարհին է ամեն ինչ հղկվում։ Իսկ այդ աշխատանքն անընդհատ է՝ ոչ մեկ օրվա կամ մեկ շաբաթվա, որն արեցիր ու վերջ։ Հիմա շատ հետաքրքիր փուլերով եմ անցնում ու էլ ավելի կապվում ու գնում դեպի այն ճանապարհը՝ մտածելով, որ յուրաքանչյուր արարքի համար պատասխանատու եմ, որ ամենակարող չեմ, որ բարերար չեմ, որ պիտի նահանջել սովորեմ, հաղթել ու պարտվել իմանամ, կյանքի վերելքներն ու վայրէջքները, բարձունքները հաղթահարել կարողանամ, գնահատեմ ու շարունակեմ, շնորհակալ լինեմ, որ կամ։ Մենք ո՞վ ենք, որ պիտի քննադատենք, թե ինչ կյանքով էր ապրում այդ կինը՝ թեթևաբարո՞ էր, թե՞ զսպված, կամ տղամարդն ինչպիսի՞ հոգեվիճակում էր։ Նա, չընկալելով կյանքի ազդակները, ընդունեց և շարունակեց իր կյանքը այնպես, ինչպես որոշել էր։ Այսինքն՝ չվերթն ընդմիջեց, բայց մի այլ չվերթով վայրէջք կատարեց այնտեղ, որտեղ որոշել էր հրաժարվել իր կարևոր որոշումից. պարզապես տղամարդկանց անուններն էին տարբեր։ Փորձե’ք շատ լինել ինքներդ ձեզ հետ, խոսե’ք ու հասկացե՜ք ձեզ։ Այս մեկուսացումը հիանալի առիթ է ինքնամեկուսանալու ինքդ քեզ հետ, քո Աստծու հետ։ Այսօրվա «Գրական ակումբին» չէի կարողանում միանալ, քանի որ նախ՝ լույսը անջատեցին, հետո՝ հղումով չէր ստացվում մտնել, բայց նահանջելու փոխարեն օգնության դիմեցի. ստացվեց միանալ։ Ուզում էի, շատ էի ուզում ասելիքս լսելի դարձնել, բայց, արի ու տես, սկսեցի ագռավի պես «կռկռալ»։

Եղե՛ք ուշիմ, գտե՛ք կյանքում այն, ինչն իրականում ձերն է, գտե՛ք ձեզ կյանքում՝ չկառչելով արդեն որոշված, թվացյալ ճշմարտությանը։

Միշտ ժպտացե’ք……

Մերի Սարգսյան

Միշտ հիացել եմ Զոհրապի ու Շանթի գործերում հանդիպած հավերժ կանացիի դիպուկ նկարագրություններով: Ախր որտեղի՞ց են տղամարդիկ այդքան լավ ճանաչում կանանց: Մի՞թե կանայք այդքան հասկանալի են: Մորուայի այս գործն ընթերցելուց հետո հասկացա, որ կանացի մտածողության առեղծվածը տղամարդ գրողները փորձում են քանդել յուրովի` իրենց փորձելով մի պահ պատկերացնել կանացի նուրբ հոգու մի անկյունում: Կինը անկանխատեսելի է ու հաճախ չհասկացված, իսկ առեղծվածայինը միշտ է գրավում: Սա է ստիպում տղամարդ գրողներին շարունակ փորձել գտնել կանանց հաճախ վերագրվող անտրամաբանականի «տրամաբանությունը»:

Երկի հերոսուհու մտորումներն ինձ հիշեցրին նաև զեյթունցյանական Փառանձեմին այս հատվածում. «Սակայն նա ինձ տալիս էր այն, ինչ երբեք չեմ ունեցել` ամրություն: Հասկանու՞մ եք, նա ինձ համար փրկության օղակ էր»: Առհասարակ, հերոսուհին կարծես իր մեջ ամփոփում էր մինչ այս հանդիպածս ամենատպավորիչ կանացի կերպարների ողջ հմայքը: Պետեր Դուն կնոջ կյանքում հայտնվեց անհրաժեշտ պատահականությամբ` հասցնելով նրան ինքնաճանաչման: Նրանց երկխոսություններն ինձ մերթընդմերթ բերում էին կարծիքին, որ Դուն կարծես հերոսուհու ալտեր-էգոն է, էության այն թաքուն կողմը, որից ինքը միշտ խուսափել է լուսավորվել: Պետերի և հերոսուհու երկխոսությունը տեղ-տեղ իրոք նման էր տպավորիչ մենախոսության կամ սեփական ես-ի հետ բանավեճի: Պետերը ուղղորդող գործառույթ ունի երկում: Այդպիսի դեր կատարող կերպարները հաճախ են ժամանակավորապես հայտնվում ու հեռանում հերոսների կյանքից` իրենց գործառույթը կատարելով: Ակամայից հիշեցի Գորկու «Հատակում» պիեսի խորհրդավոր ծերունուն:

Եթե այս ամենը մի կողմ թողնենք, գործը գրավում է սեփական ես-ին ու նրա երազներին հավատարիմ մնալու տպավորիչ գաղափարներով: Մորուան ստիպում է մտածել կարևորի որոնման մասին. «Միակ բանը, որ կարող եմ անել, Ձեր ուշադրությունը գրավելն է այն հարցի շուրջ, որն ըստ իս, կարծում եմ նաև Ձեր կարծիքով, ամենակարևորն է: Վստա՞հ եք, որ չեք սպանի Ձեր մեջ լավագույն երազները»:

«Նա, ով չի փնտրում այն, ինչ մարդիկ երջանկություն են անվանում, ընդունակ է սիրել ուրիշներին այնպես, ինչպես նրանք պետք է սիրված լինեն և դրանում է տեսնում իր երջանկությունը»:

Սիրեցի այս երկը, գրավեց իր նուրբ ու ազդեցիկ շեշտադրումներով: Որքա՜ն գեղեցիկ է բացվում մարդկային հոգու դրաման, որտեղ շարունակ խաղում են զգացմունքներն ու գաղափարները: Որքա՜ն լավն էր Պետերը, որ չմնաց` նմանվելով մյուսներին ու դառնալով սոսկ անխուսափելի ինքնաճանաչման սիրուն ուրվապատկեր: Որքա՜ն նուրբ էր Մորուայի գրիչը գրում այս ամենը: Որքա՜ն սիրուն նվեր էր սերունդներին:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s