Անառակ որդու վերադարձը։ Անդրե Ժիդ

Արթուր Ֆոնտենին

Իմ հոգու խնդության համար, ինչպես հին եռապատկերներում, ես այստեղ պատկերել եմ առակը, որ Տեր մեր Հիսուս Քրիստոսը մեզ զրուցեց: Անորոշ ու շփոթ վիճակում թողնելով ինձ ոգևորող կրկնակի ներշնչանքը՝ ես ոչ մի աստծո, ոչ էլ իմ հաղթանակն եմ ուզում ապացուցել իմ նկատմամբ: Սակայն եթե ընթերցողն ինձանից բարեպաշտություն պահանջի, զուր չի որոնի այս պատկերի մեջ, որտեղ որպես նվիրատու կտավի անկյունում ծունկի եկած, հիշեցնում եմ անառակ որդուն՝ նրա պես ժպտադեմ, դեմքս արցունքով ողողված:

Անառակ որդին

Երբ երկար բացակայությունից հետո, անուրջներից խոնջացած, ինքն իրենից հուսախաբ՝ անառակ որդին կամովին ընտրած զրկանքների մեջ մտաբերում է հոր դեմքը, ընդարձակ սենյակը, որտեղ իր սնարին հակվում էր մայրը, ջրառատ, բայց չորս կողմից պարսպապատ պարտեզը, որտեղից միշտ երազել էր փախչել, տնտեսվար ավագ եղբորը, որին երբեք չէր սիրել, և որը սպասման մեջ դեռևս տնօրինում էր իր ունեցվածքի մի մասը, որ ինքը՝ անառակը, չէր կարողացել վատնել, սրտի խորքում խոստովանում է, թե երջանկություն չի գտել, ոչ էլ կարողացել է երկար ժամանակ ըմբոշխնել այն արբեցումը, որ որոնել է երջանկության փոխարեն: «Ա˜խ,- մտածում է նա,- եթե զայրացած հայրս, որ ինձ մեռած է կարծում, զանց առնի մեղքս ու հրճվի՝ տեսնելով ինձ, ա˜խ, եթե խոնարհաբար վերադառնամ նրա մոտ գլխահակ ու մազերիս մոխիր ցանած, եթե նրա առջև ծնկի չոքելով ասեմ. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ», ի՞նչ պիտի անեմ, եթե ձեռքը մեկնելով՝ ինձ բարձրացնի ու ասի. «Տուն մտիր, որդիս…»: Եվ որդին երկյուղածորեն ճանապարհ է ընկնում:

Читать далее