Իլարիոն Ալֆեև։ Մահվան դատապարտյալի վերջին օրը

Նվիրվում է 1937 թվականի նոյեմբերի 19-ին Բուտովյան բանտում գնդակահարված սուրբ նահատակ Կոնստանտին Լյուբոմուդրովի հիշատակին

Դեռ որքա՞ն էր մնացել ապրելու։ Մի քանի օ՞ր։ Մե՞կ օր։ Մի քանի ժա՞մ։ Ստորգետնյա, մեկ հոգու համար նախատեսված բանտախցում նստած՝ նա կորցրել էր ժամերի հաշիվը։ Վերջին երեք օրերն ամենից տառապալիցն էին։

Ցերեկները անբացակայելի կերպով գտնվում էր բանտախցում, որտեղ ցերեկվա լույսը չէր թափանցում։ Տալիս էին հաց եւ անհամ վրիկ։ Հնարավոր չէր նստել կամ պառկել այլ տեղում, քան միայն սառը բետոնի վրա, քանի որ միակ բացովի մահճակալն առավոտյան շղթայով ամրացրել էին պատին եւ այդպես մնալու էր մինիեւ ուշ երեկո։ Գիշերները երկար ժամեր տեւող հարցաքննություններ էին, որոնց ընթացքում քննիչը փորձում էր «անկեղծ խոստովանություն» կորզել այն հանցագործությունների համար, որոնք չէր կատարել, ստիպել մատնել հանցակիցներին, որոնք չկային։ Ու այդ ամենը սպառնալիքների՝ ռետինե մականով մեջքին տեղացած հարվածների ուղեկցությամբ։ Հարցաքննությունները սկսվում էին օրավարտի ազդանշանից հետո, երբ կարելի էր պառկել բացովի մահճակալի վրա եւ հասցնել մի քանի րոպե աչք փակել։ Ավարտվում էին հարցաքննությունները մեկ կամ երկու ժամ առաջ այն բանից, երբ խլացնող կերպով կշրխկար դռան կողպեքն ու «Վեր կաց» գոռալով ներս կմտներ բանտապահը, որպեսզի բանտարկյալին նետեր մահճակալից, եթե նա դեռ չէր հասցրել վեր թռչել, եւ մահճակալը նորից շղթայով ամրացնել պատին։
Զարմանալի էր, սակայն հոգեպես հանգիստ էր։ Թվում էր, թե առաջիկայում մահապատժի ենթարկվելու միտքը պետք է տագնապեցներ նրան կամ շփոթմունքի մեջ գցեր։ Սակայն այն նույնիսկ ուրախացնում էր։ Նախկինում, երբ գտնվում էր ազատության մեջ, մշտապես վախեցնում էր ձերբակալված լինելու վտանգը։ Ճամբարում եւ աքսորում վախեցնում էր անորոշությունը։ Սակայն հիմա ամեն բան մնացել էր հետեւում։ Մնում էր սպասել մինչեւ վրա կհասներ վերջին րոպեն։
«Աստված իմ, օգնիր»,- հառաչեց նա։
Մի քանի ամիս առաջ, երբ թաքնվում էր ծանոթների բնակարանում՝ Մոժայսկում, նրան բերեցին նոր-նոր լույս տեսած «Հակախորհրդային տրոցկիստական կենտրոնի դատավարությունը» գիրքը։ Նախկինում հայտնի բոլշեւիկներ, ընդհանուր առմամբ տասնյոթ մարդ, դատվում էին ԽՍՀՄ Գերագույն Դատարանի Ռազմական կոլեգիայի կողմից «հայրենիքի դավաճանության, լրտեսության, դիվերսիաներ իրականացնելու, վնասարարության, ահաբեկչական գործողությունների նախապատրաստությունների մեղադրանքով։ Գիրքը պարունակում էր դատական զեկույցը, հարցաքննությունների նկարագրություններն ու ամբաստանյալների ասած վերջին խոսքերը։ Նրանք բոլորն էլ ընդունել էին իրենց մեղքը, թեեւ հարցաննությունների ժամանակ տված ցուցմունքներում խճճվում էին եւ հակասում միմյանց։ Հատկապես ապշեցնող էր նրանց ասած վերջին խոսքերը․
-Ես չափազանց սուր եմ գիտակցում իմ հանցագործությունները,- ասել էր նրանցից մեկը,- եւ չեմ համարձակվում խնդրել, որ ինձ վերաբերվեք ներողամտությամբ։ Ես նույնիսկ ներում խնդրել չեմ համարձակվում ձեզանից։
-Մենք պատասխան ենք տալու խորհրդային օրենքի ողջ խստությամբ` համարելով, որ ձեր դատավճիռը, ինչպիսին էլ այն լինի, արդարացի է,- ասել է մյուսը։
-Ես ամբաստանյալի վերջին խոսքի իրավունքից օգտվում եմ ոչ թե պաշտպանվելու համար,- ասել էր երրորդը։- Ուզում եմ այստեղ ասել, որ ամբողջությամբ ընդունում եմ արդարացիությունը այն ամենի, ինչ երեկ ասաց քաղաքացի դատախազը՝ հայրենիքի, սովետների երկրի, կուսակցության դեմ գործած իմ ծանրագույն հանցագործությունների մասին։
-Ես դարձա անիծյալ եւ մերժված որդին աշխատավոր զանգվածների,- ասել էր դատապարտյալներից մեկը։
-Դատարանն իմ հանդեպ վճիռ կկայացնի եւ որքան էլ լինի խիստ իմ հանդեպ, ես այն կընդունեմ որպես վաստակած եւ կհամարեմ, որ արժանի եմ։
Որոշները ներկայացրել էին մեղմացուցիչ հանգամանքներ, խնդրել պահպանել իրենց կյանքը, սակայն յուրաքանչյուրն իր պարտքն էր համարել խոստովանել, որ հանցագործություններ է կատարել եւ նախապես հայտարարել, որ համաձայն է դատավճռի հետ, որը կկայացվի իր նկատմամբ։ Իսկ մեկն էլ ուղղակի խնդրել էր, որ իրեն գնդակահարեն։
— Կարեկցանք չեմ խնդրում։ Ոչ էլ խնդրում եմ իմ հանդեպ ներողամտորեն վարվել։ Պրոլետարական դատարանը չպետք է եւ չի կարող իմ կյանքը խնայել։ Հիմա ես ուզում եմ մեկ բան՝ կանգնել մահապատժի վայրում եւ իմ արյամբ մաքրել հայրենիքի դավաճանի բիծը։
Այն ժամանակ, դեռ ազատության մեջ, նա կարդում էր այդ գիրքը, որպեսզի հասկանար, թե ինչպես պետք է իրեն պահեր դատարանում, եթե ձերբակալվեր։ Նրան վախեցնում էր խոշտանգումների եւ կտտանքների վտանգը։ Նա հասկանում էր, որ նման խոստովանական ցուցմունքներ եւ դատարանի կայացրած որոշման հանդեպ այդօրինակ նախապես արված համաձայնվողական հայտարարությունները ձեռք էին բերվում միայն «ֆիզիկական ազդման միջոցների» օգնությամբ։
Մտածելով սպասվող դատական գործընթացի մասին` նա չգիտես ինչու պատկերացնում էր, որ դատավարությունը լինելու է հանրային, որ դատարանում նա միակ մեղադրյալը չի լինելու, որ հարցաքննություններն անցկացնելու են դատախազն ու պաշտպանը հերթականությամբ, ինչպես դա եղել է տրոցկիստների դատավարության ժամանակ։ Նա փորձում էր պատկերացնել իրեն, թե հոգեւորականներից էլ ում կհանդիպի ամբաստանյալների նստարանին, եւ փորձում էր ձեւակերպել այն փաստարկները, որոնք առաջ էր քաշելու հօգուտ սեփական պաշտպանության։
Սակայն նման եւ ոչ մի բան չեղավ։ Ամեն բան տեղի ունեցավ բանտի շենքում մի ոչ մեծ սենյակում։ Նրան հերթականությամբ հարցաքննեցին երկու քննիչներ, առանց հասարակության ներկայության, առանց վկաների։ Մեկը տարեց էր, ակնոցով, ճաղատացող, ինտելեգենտի դեմքով, որ քաղաքավարի կերպով էր դիմում եւ ուներ մեղմ ձայն։ Մյուսը՝ մոտ երեսուն տարեկան էր, ուներ փքված տեսք։ Նրա վրայից տղամարդկային քրտինքի թունդ հոտ էր գալիս։ Նա առանձնապես չէր քաշվում արտահայտություններում։ Հենց նա էր գործի դնում ռետինե մականը, փորձելով ամբաստանյալից խոստովանություն կորզել։
Սակայն մեղադրանքը ոչ մի բան չխոստովանեց, նույնիսկ մականի հարվածների ներքո․
-Ի՞նչ միջոցներով եք ապրել սկսած 35 թվականից մինչեւ ձերբակալությունը,- հարցրեց երիտասարդ քննիչը
-Ապրել եմ իմ խնայողությունների, դստերս օգնության եւ հավատացյալների տված ողորմության հաշվին։
-Քննությունն ունի նյութեր, որ դուք զբաղվել եք մուրացկանությամբ։ Ցուցմունք տվեք այդ մասին։
-Մուրացկանությամբ չեմ զբաղվել։
-Պատմեք հավատացյալների շրջանում ձեր ծավալած հակախորհրդային գործունեության մասին։
-Հակախորհրդային գործունեությամբ ես չեմ զբաղվել, քանի որ լոյալ եմ տրամադրված խորհրդային իշխանության հանդեպ։
-Քննությունը տիրապետում է նյութերի առ այն, որ դուք մշտապես ասել եք, որ խորհրդային իշխանությունը հալածում է կրոնն ու հոգեւորականությանը, առանց մեղքի՝ աքսորում է հոգեւորականներին եւ արգելում է հավատացյալներին աղոթել։
-Այդ ամենը ես հերքում եմ։
-Ներկայացրեք ձեր ծանոթների շրջանակը։
-Ես ծանոթներ չունեմ ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Մոժայսկում։
Նրանց տվեցին «վկաների» ցուցմունքները, որ ծանոթանա։ Նրանցից մեկը, որ նույնպես քահանա էր, գրել էր․ «Նա իր բազմաթիվ հետեւորդների բնակարաններում գաղտնի կերպով եկեղեցական պաշտամունքներ եւ այլ եկեղեցական ծիսակատարություններ է կատարել։ Լյուբոմուդրովին հաճախ կարելի էր տեսնել եկեղեցում, որտեղ նա իր շուրջն էր հավաքում հավատացյալ պառավներին, որոնց նա մշակում էր հակախորհրդային ոգով, պատմում նրանց այն մասին, թե ինչպես էր ապրել աքսորում, եւ նաեւ այն մասին, որ իբրեւ թե ինչպիսի ծանր պայմաններ են եղել դատապարտյալների համար։ Նա ասում էր, որ դատապարտյալները հազիվ քարշ են տալիս իրենց քաղցած գոյությունը, նրանց ստիպում են կատարել ուժերից վեր աշխատանք, որի հետեւանքով նրան մեռնում են։ Բացի այդ, Լյուբոմուդրովը տարածում էր հակահեղափոխական սադրիչ խոսակցություններ, որ իբր թե կրոնի եւ հոգեւորականության հանդեպ հալածանքներ են իրականացվում։
-Այսպիսով,- ասաց քննիչը,- ձեր հակահեղափոխական գործունեությունը հաստատված է վկաների ցուցմունքներով։
-Վկայի,- ուղղեց Լյուբոմուդրովը։-Իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ կեղծ վկայի, քանի որ ոչ մի հակահեղափոխական գործունեությամբ էլ ես չեմ զբաղվել։
-Մենք այլ վկայություններ էլ ունենք։ Ահա, ձեզ կարդամ դրանցից մեկը․ «Առավել բացահայտ իր հակախորհրդային մտքերը Լյուբոմուդրովը արտահայտել է կրոնավորների ու հավատացյալների իր մերձավոր շրջապատում՝ ճաշկերույթների եւ ընթրիքների ժամանակ, որոնք նրա կողմից կազմակերպվել են յուրաքանչյուր պաշտամունքից հետո եւ անպայման ուղեկցվել գինարբուքով։ Լյուբոմուդրովի առաջին բաժակաճառերը եղել են «հանուն խորհրդային կարգերի շուտափույթ վերացման», իսկ վերջինները եղել են նախկին ռուս ցարերի «հոգիների հանգստյան համար»։ Մոտավորապես 1925 թվականին, ես՝ որպես ավագ սարկավագ, հարցերցի նրան, թե «արդյոք չի վախենում իշխանությունից, որ նման հակախորհրդային կերպով է արտահայտվում»։ Լյուբոմուդրովը դրան պատասխանել է․ «Նրանք, այսինքն՝ խորհրդային իշխանությունները, խորամանկ են, իսկ ես նրանցից ավելի խորամանկ եմ»։ Աքսորից վերադառնալուց հետո ես հանդիպեցի նրան մոտավորապես անցյալ տարվա վերջին։ Նա եկել էր Զնամենիայի եկեղեցի, որտեղ ես ծառայում եմ որպես ավագ սարկավագ եւ գանգատվեց, որ իրեն, որպես հավատացյալների շրջանում հայտնի ավագերեցի լավ տեղ կնշանակեին, սակայն «Լյուբյանկան» խառնվում է այդ ամենի մեջ եւ չի թույլ տալիս, որ իր գործերը կարգավորվեն»։ Լյուբյանկան, փաստորեն, խանգարում է ձեր կարիերայի՞ն։
-Ոչ մի նման բան չեմ ասել, հակախորհրդային զրույցներ չեմ վարել։
-Ահա, շարունակությունը լսեք․ «ԽՍՀՄ նոր Սահմանադրության հրատարակումը Լյուբոմուդրովը սկզբում գնահատեց, որ խորհրդային իշխանությունը վախեցել է արտասահմանից եւ ժողովրդին ավելի շատ ազատություններ է տվել, այդ թվում նաեւ մեզ՝ հոգեւորականներիս։ Դրանով հանդերձ, Լյուբոմուդրովը նույնիսկ ասում էր այն մասին, որ պատրաստվում է կազմակերպել մոտ հինգ հազար հավատացյալի, որոնք իբրեւ թե քվեարկելու էին իր օգտին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընտրություններում։ Վերջին անգամ, երբ ես տեսա նրան, մոտ երկու ամիս առաջ էր դա, Լյուբոմուդրովը արդեն հակառակ ձեւով էր մեկնաբանում Սահմանադրությունը․ «Դա միայն արտասահմանի «աչքերին են թոզ փչել», իսկ իրականում ոչ մի ազատություն եւ իրավունք էլ մեզ չեն տվել»։ Առաջարկում էր ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, կամ քվեարկել առավել մոտ թեկնածուի օգտին, ինչպիսին Բուխարինն է»։
Լյուբոմուդրովը լսում էր։ Նա լավ էր ճանաչում այն ավագ սարկավագին, որի անունով ստորագրված էր այդ ցուցմունքը, եւ չէր կարող պատկերացնել, որ նա կարող էր նման բան գրած լինել։ Կամ նրանից ցուցմունքները կտտանքների գնով են կորզել, կամ էլ քննիչն ինքն է հորինել ու տվել է, որ ավագ սարկավագն այն ստորագրի։
-Այս ամենը ես հերքում եմ,- ասաց նա, երբ կարդացողն ընդմիջեց։- Ոչ մի նման բան չի եղել։ Ես նման բան չեմ ասել։
-Նաեւ գրում են, որ դուք պահել եւ տարածել եք կրոնական գրականություն։ Իսկ կրոնական գրականությունն իր բովանդակությամբ, արդեն հակախորհրդային եւ հակահեղափոխական է։
-Ոչինչ բացի Աստվածաշնչից, ես ինձ մոտ չեմ պահել։ Ոչ մի հակախորհրդային գրականություն չեմ տարածել։
-Դուք գիտեք, թե ինչ է սպառնում ձեզ հակահեղափոխական գործունեության համար,- ասաց քննիչը ձայնը բարձրացնելով։- Հիշեցնում եմ, որ ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի 10-րդ կետը․ «Խորհրդային իշխանությունը տապալելու, խարխլելու կամ թուլացնելու կամ առանձին հակահեղափոխական հանցագործություններ կատարելու կոչեր պարունակող ագիտացիա կամ պրոպագանդա կատարելը, ինչպես նաև նույն բովանդակությամբ գրականության տարածումը կամ արտադրությունը կամ պահպանումը, ենթադրում է ազատազրկում առնվազն վեց ամիս ժամկետով։ Նույն գործողությունները, օգտագործելով զանգվածների կրոնական կամ ազգային նախապաշարումները, ենթադրում են սույն օրենսգրքի 58-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված սոցիալական պաշտպանության միջոցներ»: Գիտե՞ք, թե ինչ միջոցների մասին է խոսքը։
-Ոչ։
-Գնդակահարություն, իսկ մեղամցուցիչ հանգամանքների առկայության պարագայում՝ բանտարկություն առնվազն երեք տարի ժամանակով»։ Դուք ձեր հակահեղափոխական պրոպագանդայի ընթացքում կիրառել եք զանգվածների կրոնական նախապաշարումները, դրա համար ձեզ սպառնում է սոցիալական պաշտպանության առավելագույն միջոցը։ Սակայն հակասովետական գործունեության անկեղծ խոստովանությունը, զղջումը եւ հանցակիցների բացահայտումը հանդիսանում են մեղմացուցիչ հանգամանքներ։ Ձեզ ընդհանրապես կարող են արդարացնել եւ ազատ արձակել, եթե քննության հետ լեզու գտնեք։
Սակայն հոգեւորականը ամեն ինչ հերքեց եւ ոչ մի անուն չհայտնեց՝ հասկանալով, որ իրեն չեն արդարացնի եւ չեն ազատի։ Նա հենց սկզբից իր համար պաշտպանության այդ գիծն էր ընտրել։ Օգնել էր «Հակախորհրդային տրոցկիստական կենտրոնի դատավարությունը» գրքի ընթերցանությունը։ Ինչ էլ ասես կամ խոսես, միեւնույնն է՝ գնդակահարելու են։ Եւ խնդիրն էլ այն չէր, որ հոգեւորականն ինքն իր մասին բան խոսեր, կարեւորում էին, որ մյուսներին մատներ։
Համոզվելով, որ հոգեւորականը պատրաստ չէ խոստովական ցուցմունք տալու, քննիչն անակնկալ կերպով փոխում է հարցաքննության տակտիկան։ Նա հանկարծ մի կողմ է դնում թղթերը եւ տոնայնությունը զայրացկոտից փոխելով ավելի մեղմ՝ վստահություն շահելու միտված տնայնության, հարցրեց․
-Դո՞ւք նկատել եք, որ մենք առանձնահատուկ վերաբերմունք ունենք ձեր հանդեպ։
-Ո՛չ,- պատասխանեց հոգեւորականը։
-Իզո՛ւր, այ դա իզուր։ Կարող էիք չէ նստել քրեական հանցագործների եւ ռեցիդիվիստների հետ։ Իսկ մենք ձեզ առանձին բանտախուց ենք հատկացրել։ Ու դա այն դեպքում, երբ բանտը լեփ լեցուն է։
Ակնհայտ էր այն, որ ակնկալվում էր, որպեսզի հարցաքննվողը երախտագիտություն կհայտնի հոգացողության համար։ Սակայն նա լռում էր, եւ սպասում, թե ինչ էր լինելու հետո։
Իսկ հետո քննիչն առաջարկեց, որ Լյուբոմուդրովը հրաժարվի քահանայական կոչումից, ազատ արձակման եւ արտոնյալ պայմաններով աշխատանքի տեղավորման դիմաց։
-Արդեն մի քանի նախկին տերտերներ գիտակցել են կրոնական նախապաշարմունքների վնասակարությունը եւ դրանց անհամատեղելիությունը սոցիալիստական կարգերի հետ։ Նրանք հրաժարվել են իրենց կոչումից, հրաժարվել են հավատքից, դարձել են ազնիվ սովետական քաղաքացիներ եւ աշխատում են արտադրությունում։ Ոչ մեկը նրանց չի մեղադրում նախկինում ծավալած հակահեղափոխական գործունեության համար։
-Ես հակահեղափոխական գործունեությամբ չեմ զբաղվել, իսկ քահանայական կոչումից երբեք չեմ հրաժարվի,- պատասխանեց Լյուբոմուդրովը։
Մինչ երեկ նրան դեռ թվում էր, որ հարցաքննություններն առանց վկաների ներկայության, կրում են նախապատրաստական բնույթ են կրում, իսկ հիմնական հարցաքննությունը տեղի է ունենալու դատարանի դահլիճում։ Սակայն երեկ քննիչը, նա որ ավելի տարիքով էր, կարդաց նրան մեղադրական եզրակացությունը, որում թվարկված էին նրա հանցագործությունները․
-․․․ Վերադառնալով աքսորից՝ վերսկսել է իր հակահեղափոխական գործունեությունը, իր շուրջն հավաքելով ռեակցիոն տրամադրված հավատացյալներին, որոնց շրջանում տարածել է տարատեսակ հակահեղափոխական, սադրիչ խոսակցություններ, անցկացրել դրամական հանգանակություններ՝ հակահեղափոխական գործունեության համար աքսորյալներին օգնելու համար։ Իր համախոհների բնակարաններում գաղտնի կերպով անցկացրել է ծիսակատարություններ, անցկացրել հակախորհրդային պրոպագանդա։ Վերոշարադրյալի հիման վրա՝ ամբաստանյալ Կոնստանտին Պավելի Լյուբոմուդրովը մեղադրվում է ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն։
Դա հենց այն «գնդակահարության» հոդվածն էր, որի մասին նախօրեին հայտնել էր երիտասարդ քննիչը։ Հոգեւորականն հասկացավ, որ այլեւս որեւէ բանի սպասելու իմաստ չկա։ Ու թեեւ ֆորմալ առումով դա միայն մեղադրական եզրակացություն էր, սակայն նա հասկացավ, որ իրականում այն հենց իր դատավճիռն էր։ Ուստիեւ հենց դրա համար նա այսօր կարող է սովորականից ավելի երկար մնալ մահճակալին պառկած։ Բանտախցում ժամացույց չկար, ցերեկվա լույսն այնտեղ չէր թափանցում, իսկ էլեկտրական լամպը վառվում էր անդադար, ուստիեւ հասկանալ, թե օրվա որ ժամն է, կարելի էր միայն պարզել բանտապահի՝ բանտախուց հազվադեպ այցելություններով։ Ըստ զգացողությունների, առավոտյան ժամը վեցից մի փոքր էր անց, կամ էլ արդեն ժամը ութն էր, կամ ինը։
Նա վեր կացավ, լվացրեց դեմքը սեղանին դրված բաժակի ջրով, մի քանի ումպ արեց։ Ըստ հիշողության ասաց առավոտյան աղոթքները։ Այնուհետեւ նորից պառկեց մահճակալին։ Մեջքը դեռ ցավում էր մականի հարվածներից, իսկ գլուխը ցավում էր բանտախցի հեղձուկ գարշահոտ օդից, կոյուղու հորից եկող հոտից։ Ուզում էր մաքուր օդ շնչել, տեսնել արեւը, երկինքը։
Հանկարծ հիշեց ահռելի ցորենի դաշտը, որով նա, դեռեւս բոլորովին մանչուկ, քայլում էր հոր ձեռքը բռնած։ Ոսկե հասկերը իր հասակից բարձր էին, եւ ինքը ստիպված էր դրանք մի կողմի վրա քաշել իր՝ ազատ մնացած մեկ ձեռքով։ Իսկ գլխավերեւում կապույտ երկինքն էր՝ սպիտակ ամպերով, եւ պայծառ արեւը, որ նույնքան ոսկեգույն էր, որքան ցորենի հասկը։
Ահա իրենք երկուսով մոտենում են հարազատ գյուղին, որտեղ հայրը որպես սաղմոսասաց էր ծառայում տեղի եկեղեցում, որ Սուրբ Գեորգ Զորավարին էր նվիրված։ Գյուղում երեսուն տուն կար, եւ մեծ տոներին գյուղի ողջ բնակչությունը հավաքվում էր եկեղեցում, իսկ Ս․ Գեորգի ուխտի տոնին՝ նաեւ հարեւան գյուղերից էին գալիս։ Եթե ստացվում էր, որ ժամերգություններ էին կատարվում սովորական օրերին, ժողովուրդ քիչ էր լինում, երբեմն՝ ընդհանրապես ոչ մեկը չէր լինում՝ բացի ծեր Տեր Հորից, սաղմոսասացից եւ փոքրիկ Կոստյայից, որ մեկ հոր կողքին էր կանգնում, մերթ՝ Տեր Հոր կողքին՝ խորանում։
Կոստյան սիրում էր եկեղեցական արարողությունները։ Մտածում էր, որ երբ կմեծանա, սաղմոսասաց կդառնա հոր նման։ Հետաքրքրությամբ էր նաեւ սլավոներեն գրքերը։ Երբ մի փոքր մեծացավ, սովորեց դրանով կարդալ։
-Խելացի երեխա ունես,- հորն ասում էր ծեր քահանան՝ շոյելով տղայի գլուխը։
Ընտանիքում, ուր չորս երեխաներ կային, Կոստյան կրտսերն էր։ Ապրում էին եկեղեցու մոտ, կանաչ ներկված փայտե տանը, որի լուսամուտներն ունեին սպիտակ շրջակալներ եւ խորդենիներ կային։ Բոլոր երեխաները քնում էին մեկ սենյակում, որը գտնվում էր ռուսական մեծ վառարանի մոտ, իսկ մեկը կարող էր վառարանի վերեւի վերնաթախտին քնել։ Հաճախ այդ արտոնությունը բաժին էր ընկնում կրստերին։ Վառարանի վրա հատկապես քացր էր քնում։ Գիշերվա ընթացքում ողջ մարմինը տաքանում էր եւ առավոտյան չէր ուզում վեր կենալ։
Հիշում էր հարազատ գյուղի եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունը։ Արդեն քսաներկու տարեկան էր, ավարտել էր ճեմարանը, փոխարինել էր հորը սաղմոսասացի պաշտոնում եւ դասավանդում էր տեղի դպրոցի տարրական դպրոցում։ Հասնացուն տասնինը տարեկան էր։ Նա քահանայի թոռնուհին էր, թեմի օրիորդաց դպրոցի շրջանավարտ։ Մանկուց գիտեին իրար, իսկ պատանեկան տարիքում ամենամոտ մարդիկն էին մեկմեկու համար։
Պսակադրության ողջ արարողության ժամանակ հարսնացուն արտասվեց, իսկ իր հոգում այնքան ուրախություն կար եւ այնքան լուսավոր էր։ Հետո հարցրեց, թե ինչու էր արտասվում եւ արդյոք սիրում է իրեն։
-Կոստենկա, սիրում եմ քեզ, սակայն զգում եմ մի տեսակ, որ քիչ ենք միասին լինելու,- պատասխանեց նորահարսն ու նորից արցունքները հոսեցին նրա աչքերից գունատ այտերն իր վար։
Այնուամենայնիվ, Աստված նրանց վեց տարի միասին ապրելու հնարավորություն տվեց։ Նա մահացավ ծննդաբերության ժամանակ, իր ձեռքերի վրա թողնելով նորածին մանկանը՝ թերաճ դստերը, որին անվանեցին Սոնյա։ Այդ ժամանակ արդեն քահանա էր դարձել եւ ստիպված էր մանկան համար լինել եւ հայր, եւ մայր։
Ինչպես եւ ինչու դարձավ քահանա։ Մանկուց սիրում էր եկեղեցին, սակայն չէր մտածում քահանայության մասին։ Մտքերը պատանեկության տարիներին սաղմոսասացից այն կողմ չէին սավառնում։ Հնուց ի վեր այդպես էր Ռուսաստանում․ ոչ միայն հոգեւորականությունն էր առանձին դասակարգ, այլ նաեւ հոգեւորականների դասակարգի ներսում տարբեր աստիճանները ժառանգաբար անցնում էին հորից որդուն։ Հետեւաբար, քահանայի որդին, որպես կանոն ,դառնում էր քահանա, սարկավագինը՝ սարկավագ, սաղմոսասացինը՝ սաղմոսասաց։ Իհարկե այդ կանոնից կային բացառություններ, սակայն Կոնստանտին Լյուբոմուդրովը ենթադրում էր, որ կընթանա արդեն բացված արահետով։ Դրա համար էլ, ավարտելով ճեմարանը, մնաց սաղմոսասաց հայրենի գյուղում եւ կրոնի ուսուցիչ՝ տարրական դպրոցում։ Աշխատանքը սիրում էր, երեխաների հետ կարողանում էր աշխատել։
Ամեն բան փոխվեց, երբ թեմում նոր առաջնորդ եկավ։ Նրա նշանակման մասին նախ իմացան «Թեմական տեղեկագրից»։ Մինչեւ Յարոսլավլ նշանակվելը, վերջինս ինը տարի ծառայել էր Ամերիկայում, իսկ մինչեւ այդ՝ Լեհաստանի Խոլմշչինայում։ Ի՞նչ է փոխվելու թեմում նոր առաջնորդի գալով։ Նոր առաջնորդին սպասում էին ոմանք երկյուղով, մյուսները՝ հուսավառ։ Երկաթուղային կայարանի կառամատույց նրան դիմավորելու էին գնացել թեմի ողջ հոգեւոր դասը, ճեմարանի եւ հոգեւոր կրթարանների ուսուցիչներն ու ուսանողները, տեղի պաշտոնյաները, հասարակ ժողովուրդը։ Մի քանի հազար մարդ լարված նայում էր վագոնի դռանը, որով ժամանել էր Սրբազանը։ Կոնստանտինը դիմավորողների առաջին շարքերում էր։
Դուռը բացվեց եւ դռան արանքում երեւաց նոր առաջնորդի բարձրահասակ բարեկազմ ֆիգուրը։ Իր կոչման համար համեմատաբար երիտասարդ, լայնաթավ մորուքով, երկար մազերով, որ իջնում էր ուսերից էլ ներքեւ, բարեհամբույր ժպիտով, պանագեն կրծքին, գավազանը ձեռքին՝ Տիխոն արքեպիսկոպոսը, որ արտաքինից դատելով, մոտ հիսուն տարեկան կլիներ, բոլոր հավաքվածների վրա բարենպաստ տպավորություն գործեց։ Դեռեւս աստիճաններից չիջած, նա օրհնեց ժողովրդին երկու ձեռքով, եւ բոլորը ծունկի իջան, իսկ տղամարդիկ հանեցին գլխարկները։ Այնուհետեւ նա քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղղվեց դեպի կայարանի շենքը։ Բազմությունը դեռ երկար ժամանակ չէր ցրվում։
Նոր առաջնորդի գալով՝ թեմում հոգեւոր կյանքը աշխուժացավ։ Ամեն առավոտ նա ընդունում էր ժողովրդին եւ նրա մոտ կարող էր մտնել ցանկացած մեկը, ով ուզում էր։ Գալուց հետո նա ցանկություն է հայտնել ծանոթանալ հոգեւորականության եւ թեմական կառույցների աշխատակիցների հետ։ Մեկ ու կես ամիս անց հասավ նաեւ Կոնստանտին Պավլովիչի հերթը։ Նրան կանչեցին հոգեւոր կոնստիստորիա՝ Սրբազանին ներկայացնելու համար։
Կոնսիստորիա հասել էր նշանակված ժամից մեկ ժամ շուտ եւ նստել ընդունարանում։ Դիմացը դրված սեղանիկին «Թեմական տեղեկագրի» թարմ համարն էր, որտեղ հընթացս կարդաց․ «Նորին Բարձր Սրբազնությունը խնդրում է, որ իրեն անանուն մատնագրեր չգրեն, քանի որ այդպիսի գրություններին ոչ միայն նշանակություն չեն տրվելու, այլ նաեւ դրանք նրա կողմից չեն ընթերցվելու ․․․ իսկ ներկայանալիս էլ խնդրվում է նրան խոնարհումներ չանել»։ Մեկ ու կես ժամ անց, մտնելով աշխատասենյակ, խոնարհումներ չարեց, ինչպես ավելի վաղ ընդունված էր. խոնարհվել մինչեւ գոտկատեղն ու ընդունել օրհնությունը։ Սրբազանը դիմավորեց բարեհամբույր կերպով։ Սկսեց հարցնել մանկության, պատանեկության, ուսման, այն մասին, թե ինչպես են ընթանում դասերը նախնական դպրոցներում։ Հետաքրքրվեց ընտանեկան դրութամբ եւ բնակարանային պայմաններով։ Զրույցի ժամանակ ուշադրությամբ թերթում էր անձնական գործը։ Վերջապես հարցրեց․
-Ապագայի ի՞նչ պլաններ ունեք։
-Կուզենայի շարունակել ծառայել որպես սաղմոսասաց եւ դասավանդել երեխաներին,- ասաց Կոնստանտինը։
-Իսկ ես կուզենայի, որպեսզի դուք քահանա դառնայիք,- արտասանեց Սրբազանը հանգիստ, բայց հաստատակամ։
Կանստանտինի համար դա լրիվ անսպասելի էր, նա բոլորովին չէր սպասում իրադարձությունների նման շրջադարձի։
-Դե ինչ,- հարցերց Սրբազանը մեկ րոպե ընդմիջելուց հետո,- «Շնորհակալ եմ, ընդունում եմ եւ համաձայն եմ՝ ընդդեմ ոչինչ չասելով» ։
-Ինչպես կօրհնեք, Սրբազան,- ասաց Կոնստանտինը՝ թեմակալ առաջնորդի առաջարկից ապշած։
-Հիմա բարդ ժամանակներ են՝ հունձնք առատ է, մշակները՝ քիչ,- ասաց առաջնորդը։- Ինձ պետք են Եկեղեցուն նվիրյալ քահանաներ, որոնք նաեւ ունակ են լուսավորչական աշխատանք ծավալելու։ Իսկ դուք, ինչպես տեսնում եմ, Եկեղեցին սիրում եք, եւ ձեր մասին արձագանքները դրական են։ Այնպես որ, ձեռնադրվելու համար խնդրագիր ներկայացրեք։
Այդ զրույցից կարճ ժամանակ անց նշանակվեց նրա սարկավագական ձեռնադրության օրը։ Այն տեղի ունեցավ Մեծ Ռոստովի Սուրբ Ծննդյան վանքում։ Կոնստանտինն այնտեղ եկավ նախօրեին, որպեսզի խոստովանություն կատարի թեմի խոստովանահոր մոտ եւ ուխտադրություն անի։ Առաջնորդը նույնպես նախօրոք էր եկել։
Տիխոն Սրբազանը արարողությունն անցկացնում էր հանդիսավոր, սակայն շատ պարզ կերպով, առանց ձեւականությունների, ավելորդ թատերականության։ Բացականչություններն ասում էր բարձրաձայն եւ հասկանալի, աղոթքները կարդում էր բարձրաձայն, նույնիսկ այն աղոթքները , որ Սրբազանները սովորաբար ցածրաձայն են կարդում։
Ամենից շատն այդ արարողությունից Կոնստանտինի համար հիշվեց առաջին անցումը Արքայական դարպասներից ներս։ Այդքան տարիներ նա մտել էր խորան կողքի դռնով, իսկ հիմա, երբ նրան տարան որպես արքա, կենտրոնական դռնից, երբ նա առաջին անգամ շրթունքներով հպվեց Սուրբ Սեղանին, սիրտը լցվեց անսովոր, աստվածային ներկայության զգացումով։ Ասես ինչ-որ խորհրդավոր արթմնի վիճակում նա երեք անգամ պտտվեց Սուրբ Սեղանի շուրջը, հետո ծնրադրեց ՝ ձեռքերը խաչաձեւ դնելով անկյունին, գլուխն էլ հենելով ձեռքերին։ Ու երբ Սրբազանը իր երկու ձեռքերը դրեց նրա գլխին, զգաց դրանցից եկող ջերմություն։ Կարծես կայծակի ճայթյուն լիներ նրա համար Սրբազանի այն խոսքերը, որոնք վերջինս կիսաձայն արտասանեց նրա ականջին հակվելով․
-Աղոթիր, որ Տերը քեզ ուժ տա լինելու Նրա արժանի սպասավորը, հաղթահարելու բոլոր փորձությունները եւ լինելու Նրան հավատարիմ ցմահ։
Իսկ հետո արդեն բարձրաձայն ասաց․
-«Աստվածային շնորհը, որ մշտապես բժշկում է տկարներին եւ լրացնում այն ինչ պակաս է, կոչում է Կոնստանտինին, բարեկրոն կիսասարկավագին սարկավագության։ Աղոթենք նրա համար, որ Սուրբ Հոգու շնորհն ու օրհնությունն իջնի նրա վրա»։
Այնուհետեւ Սրբազանը կարդաց աղոթքներ երգչախմբի մեղմ երգեցողության ներքո, իսկ ձեռնադրվողը շարունակում էր մեկ ոտքով ծնրադրած մնալ Սուրբ Սեղանի մոտ։ Դողում էր ողջ մարմնով։ Ցայդ նման ոչ մի բան նա չէր զգացել։ Սուրբ Սեղանը, նրան թվում էր, թե բոցավառվում է, ինչպես հենց նոր թեժացրած ռուսական վառարան, եւ քրտինքն հոսում էր նրանից։ Փորձաշրջան անցնելու համար նրան թողեցին նույն վանքում։ Սարկավագական սպասավորությունը նա հավանում էր եւ նույնիսկ խնդրեց վանամորը, որ տարեց կին էր՝ խիստ դեմքով եւ տիրական շարժուձեւով, փոխանցել Սրբազանին, որ չշտապի իր քահանայական ձեռնադրության հարցում եւ թույլ տա, որ սարկավագություն անի երկու երեք տարի։ Խնդրանքը փոխանցվում է թեմակալ առաջնորդին եւ մերժվում։
Սարկավագական ձեռնադրությունից երկու ամիս անց ձեռնադրվում է քահանա Սպասո-Պրեոբրաժենյան Սեւաստանյան կանանց վանքում։ Այդ վանքը գտնվում էր Սոխոտ գյուղի մեջ, Պոշեխոնյան գավառի՝ հյուսիս-արեւմուտքում։ Նման հեռավոր վայր հասնելը ճանապարհների բացակայության պայմաններում, այնքան էլ դյուրին բան չէր։ Սրբազանը ժամանեց ձիասայլով։ Նրան մուտքի մոտ աղ ու հացով դիմավորեցին եւ միանձնուհիների գեղեցկահնչուն երգեցողության ներքո նա ուղեւորվեց տաճար։
Չգիտես ինչու՝ քահանայական ձեռնադրությունը Հայր Կոնստանտինի հիշողության մեջ ավելի քիչ էր տպավորվել։ Երկու ոտքով ծնրադրելով Սուրբ Խորանի առաջ, նա արդեն չէր դողում, ինչպես նախորդ անգամ, եւ քրտինք չէր հոսում նրա վրայից։ Սակայն նույն ջերմությունը զգում էր Սրբազանի ձեռքերից եւ այնպիսի զգացողություն ուներ, որ երկնքից կրակ է իջնում, երբ նա կարդում էր ձեռնադրյալին անարատ քահանայություն շնորհելու մասին աղոթքը։ Բայդ դրա փոխարեն ամբողջ կյանքի համար հիշեց Սրբազանի խոսքերը, որ նրան ասվեց արարողությունից հետո․
-Հիմա դու էլ Կոնստանտին Պավլովիչը չես, այլ Հայր Կոնստանտինը եւ արդեն կյանք չէ, որ ապրելու ես, այլ վարք, ու էլ աշխատանք չէ, որ անելու ես, այլ ծառայություն։ Դու այլեւս այն անդամալույծը չես, որ ավազանի մոտ սպասում է, որ բժշկվի, այլ առաքյալ եւ բարեկամը Քրիստոսի, ով խիզախորեն քարոզում էր Ավետարանը Աստծո ժողովրդի։ Քեզ սպասելու են բազում փորձություններ, սակայն Աստծո շնորհի զորությունը օգնելու է քեզ, որ հաղթահարես դրանք։ Կարեւորը, որ աղոթքի մեջ չթուլանաս, ներշնչանք առ Աստծո Սուրբ Սեղանից, քո տաղանդների եւ կարողությունների վրա հույսդ մի դիր, այլ ամեն բանում օգնություն խնդրիր Աստծուց։ Քահանայական ծառայությունն ավելին է, քան մարդկային ոժերը եւ փորձությունները, որոնք ուղարկվում են քահանային, երբեմն լինում են նրա ուժերից վեր։ Սակայն դու ոչ մի բանից մի վախեցիր, ոչ մեկից մի վախեցիր, բացի Աստծուց, ոչ մի բանի համար հոգուդ մեջ մի ծռվիր ետ, Աստված չի թողնի քեզ։
Գիտեր արդյոք նա այն ժամանակ՝ թեմակալ առաջնորդի այդ խրատը լսելիս, թե որքան փորձություններ էին սպասում իրեն։ Եւ արդյոք կհամաձայներ այդ ծառայությանը, եթե իմանար։ «Այո,- պատասխանեց նա ինք իրեն,- կհամաձայներ»։ Երբեք հետագայում ոչ մի ակնթարթ չի ափսոսացել այն բանի համար, որ քահանա է դարձել։ Եւ հիմա էլ, մահվան վճռի ի կատար ածմանը սպասելիս, նա չէր ափսոսում, որ հենց այդ կյանքն էր ապրել եւ ոչ թե այլ։
Դռան կողպեքի շրխկոցը նրան շեղեց հիշողություններից։ Բանտապահը բացեց փոքրիկ պատուհանիկը եւ դրա միջով ներս հրեց վրիկով ափսեն։
-Ժամը քանի՞սն է,- հարցրեց բանտարկյալը։
-Երկուսն անց կես,- պատասխանեց բանտապահը։
Երբ պատուհանը աղմուկով փակվեց, բանտարկյալը աղոթեց, խաչակնքվեց եւ սկսեց ուտելը։
Վրիկն իրենից ներկայացնում էր եռացրած ջուր, որի մեջ լողում էին հնդկաձավարի հատիկները։ Հայր Կոնստանտինը դանդաղ ուտում էր վրիկը։ Քաղցի զգացողությանը արդեն սովորել էր։ Այն ուղեկցել էր նրան վերջին տարիներին, եւ բանտային վրիկի ամանը կարող էր միայն կարճ ժամանակով բթացնել այդ զգացողությունը։ Սակայն եթե դանդաղ ուտես վրիկը, ապա կուշտ լինելու զգացումը մի փոքր ավելի երկար կձգվեր։
Հիշեց մի դեպք ճեմարանական ուսումնառության շրջանից։ Ուսանողները որոշել էին բողոքել այն բանի համար, որ ուտելիքը, իրենց կարծիքով, բավարար կերպով չէր կշտացնում։ Գանգատվելու համար գնացել էին ճեմարանական ղեկավարությանը, իսկ հետո էլ՝ թեմի առաջնորդի մոտ։ Կոնստանտինը հրաժարվեց միանալ բողոքավորներին։ Ճաշը ներառում էր ձվով եւ կաղամբող կարկանդակ, մսով շչի, ոչխարի մսի տապակա, մեկ բաժին սպիտակ հաց կարագով, եւ թեյ՝ շաքարով։ Նույնիսկ ժպտաց, հիշելով այդ ճաշը, որ առաջ էր բերել ճեմարանականների զայրույթը։
Ճեմարանում էր հենց, որ առաջին անգամ լսեց «հեղափոխություն» բառը։ Որոշ համադասարանցիներ հրապուրվել էին հեղափոխական գաղափարներով եւ բարձի տակ պահում էին Մարքսի «Կապիտալը», խոսում էին այն մասին, որ պետք է գահընկեց անել ցարին, եւ երկրում իշխանությունը տալ ժողովրդին։ Սակայն չէր հասկանում ոչ այն ժամանկ եւ ոչ էլ այժմ, թե ինչպես է դա լինում՝ իշխանությունը ժողովրդին տալը։ Նրան այդ ողջ պրոպագանդան կեղծիք էր թվում։ Մանկությունից ի վեր հիշում էր առաքելական թղթի հետեւյալ խոսքը․ «Աստծուց երկյուղ ունեցեք, արքաներին հարգեցեք»։ Նրա համար ցարին հարգելը նույնքան բնական էր, որքան Աստծուց երկյուղ ունենալը։
Ցարին կյանքում մեկ անգամ էր տեսել՝ Ռոմանովների արքահայան 300-ամյակի տարում, երբ ցարական ընտանիքը այցելել էր Յարոսլավլ։ Արեւոտ այդ մայիսյան օրը քաղաքի ողջ բնակչությունը՝ մեծից փոքր, դուրս էին եկել փողոց, որպեսզի հանդիպեին «Ռուսաց հողի տիրակալի» հետ։ Հայր Կոնստանտինը այդ ժամանակ արդեն Յարոսլավլի թեմի Ռոստովյան գավառի գյուղական եկեղեցու հովիվ էր, եւ մյուս հոգեւորականների հետ, երկու շարք բռնած, կանգնած սպասում էր Նորին Մեծությանը՝ Յարոսլավլի Տիրամոր Ննջման տաճարում։
Նորին Մեծությունը տաճար մտավ ցարական ընտանիքի անդամների եւ փոքրաթիվ շքախմբի ուղեկվությամբ։ Հագել էր շքահանդեսային համազգեստ, որին ուներ աքսելբանտ։ Ֆուրաժկան ձախ ձեռքում էր։ Երեք անգամ խաչակնքվեց։ Հետո առաջացավ դեպի կենտրոնական հատված եւ հպվեց Փրկչի եւ Աստվածամոր սրբապատկերներին։ Հայր Կոնստանտինին զարմացրեց Ցարի դեմքի առողջ արեւայրուքը։ Կայսրուհին, ընդհակառակը, գունատ էր, մեծ իշխանուհիները՝ նույնպես։ Իսկ գահաժառանգ-ցեսարեւիչը, որին ձեռքերի վրա էր պահում հաղթանդամ դայակը ու կոզակական համազգեստ էր կրում, բոլորովին գունատ եւ հիվանդոտ տեսք ուներ։
Ողջույնի խոսք ասելիս արքեպիսկոպոսը նկատելիորեն հուզվել էր։ Սակայն ձայնն հնչում է աշխույժ եւ հանդիսավոր։
-Բարեպաշտ տիրակալ։ Դեռեւս չեն լռել զատկական ուրախ երգասացությունները եւ ողջ արարչությունը տոնում է Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, իսկ մեզ մոտ հանդիսավոր եւ լուսավոր տոն է, քանի որ Յարոսլավլն ուրախանում ու ցնծում է, ցարի արդարացի, խոնարհ եւ ազատարար ազատարար ցարի այցելությամբ։ Նշանավոր օրեր են վրա հասել, քանզի Ռուսաստանը տոնում է Ռոմանովների արքայատան գահակալության երեք հարյուր ամյակը։
Սրբազանն հիշեցրեց Նորին Մեծությանը, որ երեք հարյուր տարի առաջ, հենց Յարոսլավլում էր ձեւավորվել Մինինի եւ Պոժարսկու գլխավորությամբ աշխարհազորը, որն ազատել է Ռուսաստանը լեհերի լծից։ Այստեղ էլ Կոստրոմայից, որպես ցար ընտրվելուց հետո ժամանել է Ռոմանովների արքայատան առաջին գահակալը՝ Միխայիլ Ֆյոդորովիչը։ Այստեղից են ուղարկվել նրա առաջին ցարական հրամանները, այստեղ՝ վանական խցի անդորրի մեջ, երիտասարդ ցարի հոգում ծնվել են ռուս ժողովրդի երջանկության եւ բարօրության հետ կապված մտքերը։ Եւ այսօր քաղաքը ողջունում է Նորին Մեծությանը իր օգոստափառ ընտանիքի հետ՝ Տիրոջն աղոթելով ցարի եւ նրա ժողովրդի բարօրության համար։
Ով կմտածեր այն ժամանակ, տեսնելով մարդկանց դեմքերի ուրախությունն ու հիացմունքը, արցունքները նրանց աչքերին, որ չորս տարուց քիչ ժամանակ էր մնացել գահակալելու բարեպաշտ եւ ինքնակալ Տիրակալ Նիկոլայ Ալեքսանդրովիչին։ Ով կմտածեր, որ ցարական ամբողջ ընտանիքը, ներառյալ տասներեքամյա ցեսարեւիչը, կգնդակահարվեն։ Ով կկարողանար կանխագուշակել հալածանքները, որոնք սանձազերծվելու էին Եկեղեցու դեմ՝ բոլշեւիկների իշխանության գալուց անմիջապես հետո։
Հեղափոխության ժամանակ Հայր Կոնստանտինը Մոսկվայի հոգեւոր ճեմարանի տնտեսն էր։ Ճեմարանը գտնվում էր Տրոիցե-Սերգիեւյան մեծ վանքում։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում ապահովել ճեմարանին պարենով, սպիտակեղենով, դեղորայքով, գրենական պիտույքներով, փայտանյութով։ Նա նաեւ պետք է հետեւեր շենքերի ներքին եւ արտաքին բարեկարգ վիճակին։
Փետրվարյան հեղափոխությունից կարճ ժամանակ անց Եկեղեցում սկսվեցին փոփոխություններ։ Տասնյոթի մայիսին որոշում կայացվեց, որ եկեղեցական պատասխանատու պաշտոնները պետք է լինեն ընտրությամբ, եւ բազմաթիվ բարձրաստիճան եկեղեցականների, որոնց նշանակել էր Սրբազան Սինոդը, փոխարինելու եկան նորերը, որոնք ընտրվել էին հոգեւորականության եւ աշխարհականաց ժողովների կողմից։ Մոսկվայի թեմ եկավ արքեպիսկոպոս Տիխոնը, ում Հայր Կոնստանտինը հիշում էր Յարոսլավլից։
Ճեմարանը եւս զերծ չմնաց այդ փոփոխություններից։ Ուսյալ եւ գիտնական արքեպիսկոպոս Ֆյոդորին, որ Ճեմարանի ռեկտոր էր նշանակվել Սրբազան Սինոդի կողմից, փոխարինելու եկավ աշխարհական Ալեքսանդր Պավլովիչ Օռլովը, որն այդ պաշտոնին ընտրվել էր ճեմարանի պրոֆեսորների կողմից։ Քանի որ Ճեմարանի կանոնադրությունը պահանջում էր, որ ռեկտորը պետք է հոգեւորական լիներ, Օռլովը ձեռնադրվեց սարկավագ, իսկ հետո՝ քահանա եւ միանգամից նրան շնորհվեց ավագերեցի կոչում։ Նա հարմարվող, մեղմ բնավորությամբ մարդ էր, որ կարողանում էր գտնել ոսկե միջինը՝ ճեմարանի ներսում «պրոգրեսիստ» եւ «ռեակցիոն» խմբերի միջեւ վեճերում։ Այդ հարմարվողականության համար էլ նրան ընտրել էին։
Ճեմարանի նյութական վիճակի վրա հեղափոխական իրադարձություններն ազդեցին ամենավնասակար կերպով։ Ճեմարանի ֆինանսավորումը հետեւողականորեն կրճատվում էր փետրվարյան հեղափոխությունից հետո, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո էլ բոլորովին դադարեցվեց։ Հենց որ նոր բոլշեւիկյան իշխանությունն ընդունեց «Եկեղեցու եւ պետության, դպրոցն էլ եկեղեցուց բաժանման մասին» դեկրետը, ճեմարանից մեկը մյուսի հետեւից սկսեցին վերցնել շինությունները։ Տասնութ թվի աշնանը ուսանողների տրամադրության տակ մնացին միայն չորս կրթական լսարաններ, իսկ մնացյալը զբաղեցրեց Ռազմական էլեկտրատեխնիական ակադեմիան։ Հայր Կոնստանտինը որոշ ժամանակ ստիպված էր իրականացնել երկու հաստատությունների տնտեսի պարտականությունները։ Սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող եւ արդեն տասնինը թվի Մեծ Պահքին Հոգեւոր ճեմարանի դասերը տեղափոխվեցին Մոսկվա։
Հայր Կոնստանտինին Տիխոն պատրիարքը նախ նշանակեց Մեծ Օրդինկայում Տիրոջ Պայծառակերպության տաճարի սպասավորող քահանա, ապա վանահայր։ Այս տաճարն առավել հայտնի է «Բոլոր ողբացյալներին ուրախություն պարգեւող» Սուրբ Տիրամոր տաճար, համանուն սրբապատկերի պատվին։
Մեծ Օրդինկան փողոց է Զամոսկվոռեչիեում, որը իր անվանումով պարտական է այն բանին, որ ինչ-որ ժամանակ նրանով է անցել Մոսկվայից դեպի Ոսկե Հորդա ճանապարհը։ Արդեն մոնղոլական տիրապետության ժամանակ այստեղ վաճառականական թաղամաս է եղել եւ կառուցվել է տաճար Վարլաամ Խուտինսկու պատվին, որը նովգորոդյան սուրբ էր, հայտնի իր բազմաթիվ հրաշագործություններով։ Տասնյոթերորդ դարի վերջին տաճարում տեղադրել են «Բոլոր ողբացյալների ուրախություն պարգեւող» Տիրամոր սրբապատկերը, որը դարձել է մոսկովյան գլխավոր սրբավայրերից մեկը։ Տաճարը բազմաթիվ անգամներ ընդարձակվել եւ վերակառուվել է։ Վերջին անգամ վերակառուվել է 19-րդ դարի քսանական տվականներին՝ միտրոպոլիտ Ֆիլարետ Մոսկվացու օրոք։
Հայր Կոնստանտինի հիշողության մեջ ընդմիշտ դաջվել է տաճարում գտնվելու իր առաջին օրը։ Նա մտել էր այնտեղ ծիսակատարության ժամանակ։ Ողջ ձախակողմյան հատվածը լի էր մարդկանցով։ Ծեր քահանան աղոթք էր կարդում Տիրամոր հրաշագործ պատկերի առաջ։ Երբ սկսում են երգել Տիրամորը նվիրված շարականը, ողջ ժողովուրդը ծունկի է գալիս, ու սկսում խաչակնքվել։ Տաճարում ներկա գտնվող բոլոր մարդիկ միավորվել էին հանուն տառապող հայրենիքի, իրենց եւ իրենց հարազատների համար կատարվող աղոթքով։
Դժվար ժամանակներ էին, շատերն էին քաղցում, մթերքները խանութներ բաց էին թողնում քարտերով։ Ձմռանը փայտանյութի պակաս կար, պատահում էր՝ չէին կարողանում վառելափայտ ճարել։ Երբեմն հաղորդության ժամանակ սկիհը սառչում ու կպչում էր շրթունքներին, իսկ բաժակի մեջ լցված ջուրն արագորեն վերածվում է սառցակտորի։ Քահանայական զգեստները ստիպված էին լինում հագնել վերարկուի վրայից, սակայն դա էլ քիչ էր օգնում։ Երկու ժամ Պատարագն անցկացնելուց հետո մինչեւ ոսկորները սառչում էին, ու հետո արդեն դժվարությամբ տաքանում երիցատանը՝ տաք թեյի սեղանի շուրջ։
Դստեր հետ ապրեց երիցատանը այնքան ժամանակ, քանի այն չբռնագրավեցին։ Դրանից հետո սատիպված անընդհատ տեղափոխվում էր տեղից տեղ, քանի որ իր անկյունը չուներ Մոսկվայում։ Քսան տարվա ընթացքում մոտ երեսուն անգամ օթեւան փոխեց։ Ապրեց փակվող վանքերի խցերում, ծխականների բնակարաններում, օտարների մերձմոսկովյան ամառանոցներում, այլ քահանաների բնակարաններում, հանրակացարաններում, նույնիսկ՝ լքված շինություններում։ Ծխական հավատացյալները շարունակում էին հոգ տանել, սակայն նրանցից յուրաքանչյուրի համար էլ կյանքը բարդանում էր։ Ոմանց ձերբակալում էին ու տանում անհայտ ուղղությամբ։ Մասնավոր բնակարանները վերցնում էին ու դարձնում պետական սեփականություն, եւ «խտացնում» էին այլ բնակիչներով։ Ստիպված էին տեղից տեղ փոխադրվել նաեւ այն պատճառով, որ բնակվելը որեւէ տեղում առանց համապատասխան գրանցման արգելվում էր, իսկ քահանան Մոսկվայում չէր կարող գրանցում ունենալ։
Երեսուներկու թվին նրան ձերբակալեցին խմբակային գործի շրջանակներում, որով անցնում էր մոտ ութսուն մարդ, հիմնականում՝ հոգեւորականներ։ Նրանց բոլորին մեղադրեցին այն բանում, որ «խմբավորվել են Մոսկվա քաղաքի եկեղեցիների շուրջ, հավատացյալների շրջանում հակախորհրդային ագիտացիա էին իրականացնում եւ ամեն տեսակի սադրիչ խոսակցություններ տարածում ․․․»։ Մեղադրանքում ասվում էր, որ «միանձնուհիների եւ հոգեւորականության կողմից կազմակերպվել էր լայն ճյուղավորում ունեցող դրամական հանգականություներ կատարելու ցանց։ Հավաքում էին նաեւ մթերքներ հավատացելոց շրջանում, որպեսզի կարողանային օգնել աքսորյալ հոգեւորականներին։ Այդ հոգեւորականների հետ մշտական նամակագրական կապ էր պահվում»։ Հիսուներկու անձ դատապարտվեց տարբեր պատժաչափերով բանտարկության կամ աքսորի։ Հայր Կոնստանտինին ուղարկեցին Ալմա-Աթա։
Բանտախցի դռան փականը շրխկաց, ծանր դուռը բացվեց եւ ներս մտավ բանտապահը։ Ծոցից հանեց չորս տակ ծալված թուղթ եւ մատիտի կտոր։ Լյուբոմուդրովը դեռեւս երեկ էր խնդրել նրան, որ նամակ փոխանցեր՝ նրան տալով ճմրթված հինգ ռուբլիանոցը՝ ողջ խնայողությունները, որ ուներ։
-Ահա, գրեք,- ասաց բանտապահը։
-Որքա՞ն ժամանակ ունեմ։
-Մի քիչ։
-Իսկ ծրար կտա՞ք։
-Ծրար չկա, հասցեն վերեւում գրեք։
Նա գիտեր, թե ում է գրելու, բայց չգիտեր, թե որ հասցեն է ավելի լավ, որ գրի։ Վերջին անգամ նա դստեր հետ հանդիպել էր երկու ամիս առաջ՝ Մոժայսկում, որտեղ թաքնվում էր, որ չձերբակալվեր։ Եթե հիմա գրի իրական հասցեն, նրան կարող է ձերբակալեն։ Մի փոքր տատանվելուց հետո նա գրեց Յարոսլավլի ազգականների հասցեն՝ խնդրելով, որ նամակը հանձնեն դստերը։ Իհարկե, նա բոլորովին վստահ չէր, որ այդ նամակը երբեւէ տեղ կհանսնի։
«Իմ թանկագին Սոնեչկա»,- գրեց նա եւ հանկարծ աչքերն արցունքոտվեցին։ Նա վաղուց չէր լացել իսկ հիմա լացը պոռթկաց։ Մի քանի ակնթարթում աչքերի առաջ անցավ ողջ համատեղ կյանքը։ Նա հիշեց, թե ինչպես ընդունեց դստերը մանկաբարձ կնոջ ձեռքից, ինչպես էր նրա համար ստնտու փնտրում, ինչպես էր դուստրը առաջին քայլերն անում եւ սովորում խոսել։ «Հայրիկ»,- առաջին խոսքն էր, որը դուստրն ասել էր։ Իսկ «մայրիկ» ասում էր՝ ցույց տալով պատից կախված լուսանկարը։ Մանուկ հասակում այնքան էր կապված հորը, որ ամեն անգամ, երբ վերադառնում էր աշխատանքից, ուզում էր, որ հայրը գրկի, իսկ երբ հայրը գնում էր, արտասվում էր։
Վերջին շրջանում նրանք հազվադեպ էին տեսնվում։ Սակայն երբ հանդիպում էին, զգում էր, որ դստերից ավելի մոտ աշխարհում ոչ ոք չուներ։ Հիշում էր, իհարկե, որ ամեն բան չէ, որ կարելի է գրել, ու մանրակրկտորեն էր ընտրում բառերը․ «Սպասվում եմ վճռին։ Երեւի թե մենք հիմա էլ հաճախ չենք հանդիպի։ Ինչ էլ որ ինձ հետ կատարվի, հիշիր, սիրելի դստրիկ, որ ես միշտ քեզ սիրել եմ ու սիրելու եմ։ Մի մոռացիր աղոթել ինձ համար, ինչպես որ ես եմ քո համար աղոթում ամեն օր։ Երբեք մի տրտմիր ինձ համար ու մի սգա։ Չկորցնես առ Աստված հավատքը։ Նրա հետ ամենուր եւ միշտ այնքան թեթեւ է։ Հանձնում եմ քեզ Երկնային Թագուհու ձեռքը։ Թող որ Նա հիմա լինի եւ մոր, եւ հոր փոխարեն»։ Սիրտը վշտից ու ցավից կտոր-կտոր էր լինում։ Սակայն եւ հասկանում էր, որ երբ արդեն այն աշխարհ գնա, երկուսի համար էլ հեշտ կլինի։ Երկրի վրա ոչինչ այլեւս նրան չէր պահում, իսկ իր բացակայությունը գուցե փրկեր դստեր կյանքը։
Բանտապահը մտավ նամակի հետեւից։
-Այսօր ամսի քանիսն է,- հարցրեց Հայր Կոնստանտինը։
-Նոյեմբերի տասնութը,- պատասխանեց բանտապահը։
«Ինչ հետաքրքիր է, Վարլաամ Խուտինսկու հիշատակի օրվա նախօրեն է,- մտածեց հոգեւորականը։-Հիմա երեւի գիշերային հսկում է իրականացվում։
-Դուք իրոք կփոխանցեք,- հարցրեց՝ գրելով ամսաթիվն ու ստորագրելով։
-Խոստանում եմ ձեզ,- ասաց բանտապահն ու առաջին անգամ նրա դեմքին ինչ-որ մարդկային նշույլ երեւաց։
Բանտապահը վերցրեց նամակը, գրեց ծոցագրպանն ու դուրս եկավ՝ աղմուկով փակելով դուռն իր հետեւից։
Կրկին լռություն։ Որքան էր մնացել սպասելու։ Երբ կհայտարարեն վճիռը։ Զգում էր, որ արդեն ուշ երեկո է, եւ կարելի էր պառկել քնելու, եթե հստակ կանխազգացություն չունենար, որ գիշերն իր հետեւից գալու են։ Սկսեց կարդաց երեկոյան աղոթքները․
-«Տեր, մի զրկիր ինձ Քո երկնային բարիքներից։ Տեր, ազատիր ինձ հավիտենական տանջանքներից։ Տեր եթե ես մեղք եմ գործել մտքով կամ խոսքով կամ գործով, ներիր ինձ ․․․ Տեր Հիսուս Քրիստոս, գրիր ինձ կենաց գրքում եւ շնորհիր ինձ բարի վախճան»։
Նրա մտքերն ուղղված էին դեպի հավիտենություն։ Ինչ էր իրեն սպասում այնտեղ։ Գրելու էր արդյոք Տերն իր անունը կենաց գրքում, թե ջնջելու էր իրեն այդ գրքից։ Կկարողանար արդյոք արդարանալ Ահեղ դատաստանի ժամանակ։ Վերջին ժամանակների համար չէր կարողանում հիշել ոչ մի արժանիք գործ, որ կատարած լիներ։ Անվերջանալի թափառումներ մի տեղից մյուսը, երկար շաբաթներ ու ամիսներ առանց Աստծո տաճարի, առանց պաշտամունքի ․․․
Բանտախցի լռության մեջ արտասանում էր աղոթքի ծանոթ բառերը։ Դրանք ընկնում էին սրտի խորքն ու հալվում ինչպես մոմը․
-Մարդասեր Տեր, միթե այս մահիճն ինձ համար դագաղ է լինելու, թե դեռեւս իմ տարաբախտ հոգին կլուսավորես ցերեկվա լույսով։ Քանի ահա դագաղը կանգնած է իմ առաջ եւ մահն առջեւս է։ Քո դատաստանից եմ Տեր ես վախենում, եւ անվերջանալի տառապանքներից, սակայն չարիք գործել չեմ դադարում, եւ միշտ զայրացնում եմ Քեզ՝ իմ Տիրոջը, Քո Ամենասուրբ Մորը, բոլոր երկնային զորություններին եւ իմ սուրբ պահապան հրեշտակին։ Գիտեմ Տեր, որ արժանի չեմ Քո մարդասիրությանը, այլ արժանի եմ ամենայն տառապանաց եւ դատապարտումի։ Սակայն, Տեր, ուզում եմ, թե ոչ, փրկիր ինձ։ Եթե արդարին փրկում ես, չկա ոչինչ մեծ, եւ եթե սուրբին ողորմում ես, չկա ոչինչ զարմանալի, քանզի նրանք արժանի են Քո ողորմածությանը, սակայն Քո հրաշալի ողորմածությունը ցույց տուր ինձ, մեղավորիս, եւ դրանում հայտնիր մարդասիրությունդ, ու թող չգերակշռի իմ չարիք Քո անճառելի բարությանն ու գթասրտությանը, եւ ինչպես ուզում ես, իրագործիր իմ փրկությունը։
Նստեց մահճակալի վրա․ «Կմեռնեմ արդյոք այս գիշեր, թե դեռ մեկ օր էլ կա,- մտածում էր նա։- Արժանի չեմ ես Աստծո ողորմածությանը, այլ արժանի եմ Ահեղ դատաստանի։ Սակայն չկա ոչ մի զարմանալի բան արդարի փրկության մեջ։ Սակայն Աստծո գթաստրության հրաշքը կլինի մեղավորի փրկությունը, ինչպիսին ես եմ ․․․»։
Իր համար աննկատ կերպով քնով անցավ ՝ թիկունքով սառը պատին հենված։ Արթնացրեց դռան փականի շրխկոցը ու բացվող երկաթե դռան ըճռռոցը։ Ներ մտավ մի բարձրահասակ մարդ՝ ՆԳԺԿ համազգեստ հագած։ Գոտուց ատրճանակի պահելու պատյան էր կախված։
-Դուրս արի,- ասաց նա բարձր ձայնով։
Հայր Կոնստանտինը շփոթված նայեց, վեր կացավ մահճակալից, ցնցվեց ու նորից նստեց։
-Արագ,- հրամայեց զինվորականը։
Լյուբոմուդրովը վեր կացավ, վրան գցեց տուլուպն ու վերցրեց գլխարկը։ ՆԳԺԿ աշխատակիցը հրեց մեջքից։ Դուրս եկան մռայլ միջանցք։ Քահանան դժվարությամբ էր շարժվում, եւ աշխատակիցը ողջ ընթացքում հրում էր նրան։
-Դե, գնա, արագ, արագ։
Մյուս դռներից նույնպես մարդկանց էին դուրս բերում։ Նրանց բոլորին տանում էին դեպքի շենքի ելքի դուռը։ Բանտի բակում, որ լավ լուսավորված էր լուսարձակներով, հավաքվել էին բավականին մեծ թվով բանտարկյալներ։ Մի քանի փակ ֆուրգոններ էին կանգնած «Հաց» մակագրությամբ։ Բանտարկյալներից ոմանք ցածրաձայն խոսում էին իրար հետ։
-Գուցե այլ բանտ են տեղափոխում,- հարցնում էր մեկը։
-Ավելի շուտ՝ գնդակահարության են տանում,- պատասխանում էր երկրորդը։
-Եղբայրք, միթե իրոք գնդակահարում են,- ասում էր երրորդը։- Ինձ բայց սխալմամբ են է բռնել։ Եղբորս փոխարեն։ Հասկանում եք, նույն ազգանուններն ունեինք, նա աշխատում էր գործարանում, իսկ ես ․․․
-Լռություն,- գոռաց պահակներից մեկը եւ ուժով հարվածեց խոսողի բերանին։ Վերջինս լռեց։
Լյուբոմուդրովը ագահորեն թարմ աշնանային օդ էր շնչում եւ սպասում, թե ինչ էր լինելու հետո։
Բանտարկյալների բազմության մեջ նա մի դեմք տեսավ, որը նրան ծանոթ թվաց։ Փորձեց հիշել, թե որտեղ կարող էր ինքն այդ բարձրահասակ մարդուն տեսնել, որ հետ ընկած այտեր ուներ, խորը կնճռոտ դեմ եւ ալեհեր երկար մորուք։ Հայացքներն հանդիպեցին։ Նա էլ ճանաչեց։
-Լյուբոմուդրո՞վ,- հարցրեց
-Այո։
-Կոնստանտի՞ն։
-Այո։
-Ես եպիսկոպոս Նիկիտան եմ։ Հիշում եք, ես ձեզ հանձնեցի գործերը Հոգեւոր ճեմարանում։ Ես նախքան ձեզ վարում էի տնտեսի պաշտոնը մի քանի ամիս։
Միայն այդ պահին Լյուբոմուդրովը հասկացավ, որ իր առաջ մի մարդ է, ում նա ճանաչել էր որպես քահանան Ֆյոդոր Դեկտորսկի։ Հեղափոխությունից հետո նա վանականության ուխտեր էր կատարել եւ դարձել Նիկիտա, ապա արդեն հասել էր եպիսկոպոսության աստիճանի, որոշ ժամանակ օգնել Տիխոն պատրիարքին որպես փոխանորդ։ Հյուծված տեսքով ծերունու մեջ հնարավոր չէր ճանաչել երբեմնի բարձրահասակ, բարեկազմ ու թիկնեղ հոգեւորականին, որ ուներ առատ ալիքաձեւ մազեր։ Այդպիսին էր նա եղել, երբ ծանոթացել էին։ Թվում էր, թե ոչ թե մի քսան տարի էր անցել, կամ մի քիչ շատ, այլ հիսուն տարի։
-Ահա, թե որտեղ հանդիպեցինք,- ասաց Լյուբոմուդրովը։
-Եկեք ֆուրգոնում իրար կողք նստենք,- ասաց եպիսկոպոսը։-Խոսելու ժամանակ կլինի։
-Եկեք։
Նրանք լռեցին, սակայն շարունակում էին կանգնել կողք կողքի։ Երկարատեւ սպասումից հետո հնչեց հրամանը՝
-Բարձրանալ մեքենաները։
Բանտարկյալները սկսեցին բարձրանալ ֆուրգոնները։
-Ո՞ւր եք տանելու,- ֆուրգոնի թափքի մեջ թռչելով՝ պահակին հարցրեց բանտարկյալներից մեկը։
-Սանիտարական մշակում է,- պատասխանեց վերջինս։
-Միթե բաղնիք։
Պահակը չպատասխանեց։
Բանտարկյալներն իրար հետեւից բարձրանում էին թափք եւ թափքում ավելի ու ավելի նեղվածք էր դառնում։ Այն բանից հետո, երբ մի քանի շարք տեղադրված փայտե նեղ նստարանները լցվեցին, բանտարկյալները սկսեցին մեկմեկու ծնկների նստել, իսկ ոմանք էլ նույնիսկ նստեցին հատակին, նստարաններին տեղավորվածների ոտքերի մոտ։ Վերջապես ֆուրգոնը շարժվեց։ Սկզբում ընթանում էր դանդաղ եւ հարթ՝ քաղաքի ասֆալտած փողոցներով։
Թափքում մեռելային լռություն էր։ Յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր, եւ դրանք այնքան էլ ուրախ մտքեր չէին։ Շատերն արդեն կասկածում էին, որ իրենց գնդակահարության են տանում եւ վախենում էին խոստովանել, ուստիեւ ճնշված լռում էին։ Հետո քիչ-քիչ սկսեցին խոսել։ Երբ մարդկանց ձայների գըվվոցը բավականին ուժգնացավ, եպիսկոպոսը կիպ հպվեց Լյուբոմուդրովին ու ականջին ասաց.
-Հայր Կոնստանտին, մեղքերի թողություն շնորհեք ինձ։
-Քրիստոս աներեւույթ կերպով ներկաէ եւ լսում է քո խոստովանությունը։
Եպիսկոպոսը սկսեց թվարկել մեղքերը եւ քահանան հստակ գիտակցեց, որ այդ ֆուրգոնում, մահվան դատապարտված բանտարկյալների կողքին գտնվում է Քրիստոսը։ Քրիստոսի ներկայության զգացողությունն այնքան ուժգին էր, որ ինչ որ պահի դադարեց լսել եպիսկոպոսի շշնջոցը՝ ամբողջովին կլանվելով այդ զգացումով։ Մութ գիշերվա մեջ, փակ ֆուրգոնով նրանք մոտենում էին իրենց Գողգոթային, եւ Քրիստոսն իրենց կողքին էր։ Բեռնատարն այդ ժամանակ սկսեց ուժգին ցնցվել։ Ակնհայտ է, որ դուրս էին եկել քաղաքից ու ընթանում էին գրունտային ճանապարհով։
Լյուբոմուդրովին այդ ժամանակ անակնկալ կերպով մի մարդ դիմեց, որը նստած էր աջ կողմում։ Մթության մեջ հնարավոր չէր դիմագծերը տարբերել, սակայն կարելի էր հասկանալ ձայնից, որ երիտասարդ չէ։
-Ո՞րտեղից ես ծնունդով,- հարցրեց նա Հայր Կոնստանտինին։
-Յարոսլավլից եմ։
-Տերտեր ես։
-Քահանա եմ։
-Ու ճիշտ է, որ ձեզ գնդակահարում են։ Դուք եւ հեղափոխությունը նույն ճամփով չեք գնում։ Դուք մարդկանց գլուխներն ամեն տեսակի հիմարություններով եք լցնում, իսկ խորհրդային իշխանություններին չեք հավատում։
-Իսկ դո՞ւք հավատում եք։
-Իսկ ես հավատում եմ։ Ես կուսակցությունում եմ տասնչորս թվից։ Ահա այս ձեռքերով եմ հեղափոխություն արել։ Լենինն անձամբ գիտեր։
-Բա էլ ինչո՞ւ են ձեզ մեզ հետ տանում,- հարցրեց Լյուբոմուդրովը։
-«Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»,- հեգնանքով ասաց նա։-Առանց սխալների եւ խոտորումների հեղափոխություն չի լինում։ Սակայն ես գիտեմ, որ պատմությունը մեզ կարդարացնի, իսկ ահա ձեզ՝ ոչ։
Լյուբոմուրդովը չէր ուզում այլեւս շարունակել խոսակցությունը, սակայն ամեն դեպքում հարցեց։
-Ի՞նչ է ձեր անունը։
-Միխայիլ։
-Մկրտված եք։
-Մկրտված եմ, բայց Աստծուն չեմ հավատում։
-Կաղոթեմ ձեզ համար։
Նա լռեց ու հետո ցածրաձայն ասաց․
-Շնորհակալություն։
Անցել էր առնվազն երկու ժամ այն պահից, երբ ֆուրգոնը դուրս էր եկել Տագանյան բանտի դարպասից, իսկ նրանք գնում էին ու գնում։ Խոսակցությունները իրենք իրենց ավարտվեցին։ Բոլորը ուժգին ցնցվում էին, այս ու այն կողմ թափվում։ Ինչ-որ մեկի մոտ սրտխառնոց կար, ինչ-որ մեկը փնթփնթում էր, սակայն բանտարկյալների մեծ մասը լուռ նստել էին՝ մեկմեկու հպված։ Վերջապես բեռնատարը կանգ առավ եւ բանտարկյալներին սկսեցին իջեցնել թափքից։ Ցատկելով ձյան վրա՝ Լյուբոմուդրովը ընկավ եւ նույն պահին էլ լսել պահակի գոռոցը․
-Վե՛ր կաց։
Վեր կացավ ու մեջքին խզակոթով ուժգին հարված ստացավ։
-Դե, գնա՛։
Նա քայլեց պահակի ցույց տված ուղղությամբ, դեպի երկարավուն փայտե բարաքը։ Այնտեղ էին գնում նաեւ մյուս բանտարկյալները։ Գիշերը պարզկա էր։ Օդը սառն էր եւ թարմ։
-Ո՞ւր են մեզ տանում,- հարցրեց բանտարկյալներից մեկը։
-Սանմշակման,- պատասխանեց պահակը։-Դե, քայլի, մի հետ ընկիր։
Տագանյան բանտից չորս բեռնատարներով բերված բանտարկյալների անկանոն բազմությունը մտավ բարաք, որտեղ արդեն այլ բանտարկյալներ էլ կային, որոնք հավանաբար այլ բանտերից էին բերվել։
Մտնելով բարաք եւ առաջ գնալով՝ Լյուբոմուդրովը նայեց շուրջը։ Բազմաթիվ բանտարկյալներ կային, հիմնականում տարբեր տարիքի տղամարդիկ՝ ծերերից մինչեւ համարյա երեխաներ։ Նրանց մեծ մասի դեմքերը հյուծված էին, աչքերը՝ վախեցած։ Բոլորը բանտարկյալների բուշլատներով էին կամ հնությունից գունաթափված վերարկուներով, ոմանք գլխարկներով էին։
Դիտելով շուրջը՝ Լյուբոմուդրովը նկատեց մարդկանց, որոնք արտաքինից իրեն հոգեւորականների էին հիշեցնում։ Մյուսներից տարբերվում էին միայն մորուքներով։ Շատ բանտարկյալների մոտ, բանտում երկար ժամանակ մնալու ընթացքում մորուք կամ ցցամազեր էին աճել։ Սակայն «հոգեւորականներից» մոտ մի բան էլ կար որ թույլ էր տալիս նրանց ճանաչել գրեթե անսխալ կերպով։ Աստիճանաբար նրանք սկսեցին խմբվել բարաքի պատերից մեկի տակ։ Կարծես թե ոչ մեկը չէր էլ հետաքրքրվում, թե ինչ էր տեղի ունենում առջեւում։ Իսկ այնտեղ մեկ շարքով սեղաններ էին դրված, որոնց վրա բանտարկյալների անձնական գործերն էր։ Ամեն սեղանի մոտ նստած էր ՆԳԺԿ համազգեստով մի մարդ, որը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով ասում էր բանտարկյալի ազգանունը։ Վերջինս մոտենում էր, կանգնում մի քանի րոպե, նրա հետ ինչ որ բան էին խոսում, իսկ հետո պահակը տանում էր նրան բարաքից՝ կողքային դռնով։
Հոգեւորականները ցածր ձայնով ներկայանում էին մեկմեկու, ոմանք պատմում իրենց պատմություններ․
-Վանահար Վարլաամ, ծառայել եմ Վիսոկոպոտրետրովսկի Չուդովոյի վանքում, հետո Մոսկվայի տարբեր տաճարներում։ Երեք տարի աքսորի մեջ եմ եղել Ղազախստանում։ Վերջին շրջանում ծառայել եմ Մոսկվայի մարզում։
-Ի՞նչ համար են ձեզ բռնել։
-Դպրոցի մոտով էի անցնում, մի տղա վազելով մոտեցավ ինձ ու հարցրեց, թե որտեղից է առաջացել մարդը։ Նրանց ուսուցիչը ասել էր՝ կապիկից։ Դե ես էլ ասացի՝ Աստծուց։ Դրա համար էլ ձերբակալել են։
— Գավրիիլ աբեղա։ Բելառուսից եմ, երկու տարի անցկացրել եմ Աթոսում, երեք տարի՝ աքսորում։ Վերջին շրջանում ծառայել եմ Մոսկվայում։ Մեղադրել են ֆաշիստական ագիտացիայի մեջ։
-Ավագերեց Արսենի Տրոիցկի, ծառայել եմ Մերձմոսկովյան շրջանում։
-Վանահայր Պյոտր, նույնպես Մերձմոսկովյան շրջանից եմ։
-Քահանա Վլադիմիր Մորոզով, Վորոնեժից եմ։
Բոլորի մեղադրանքները նման էին՝ հակախորհրդային ագիտացիա, կրոնական պրոպագանդա, մասնակցություն հակահեղափոխական հոգեւորականների խմբերի գործունեությանը, Եկեղեցու հալածանքների մասին սադրիչ խոսակցությունների տարածում։
Հայր Կոնստանտինը նույնպես ներկայացավ։
-Եղբայրներս, մեզ բոլորիս այսօր գնդակահարելու են,- ասաց եպիսկոպոս Նիկիտան։-Առաջարկում եմ խոստովանել մեռնելուց առաջ։ Կմեռնենք առանց Ս․ Հաղորդության, բայց գոնե խոստովանած կլինենք։
Զույգ-զույգ բաժանվեցին, բայց ամեն դեպքում մնացին կողք կողքի։ Նրանցից մեկը հնածիսադավան հոգեւորական էր, որ ուներ թավ մորուք։ Նա սկսեց խոսել Հայր Կոնստանտինի հետ։ Ներկայացավ որպես Երազմ Իվանովիչ Պչելին։
-Իսկ ի՞նչ է իրոք գնդակահարում են,- հարցրեց նա։
-Կարծում եմ, որ այո՛,- պատասխանեց Լյուբոմուդրովը։
-Տեր Հիսուս, ողորմիր մեզ,- ասաց հնածիսադավան հոգեւորականը՝ երկու մատով լայն խաչակնքվելով։
Դա աննկատ չմնաց։
-Այդ ի՞նչ ժողով է,- գոռաց պահակներից մեկը։- Հլա շուտ ցրվեք տերտերական մնացուկներ։ Աղոթք են այստեղ կազմակերպել։
Խզակոթով սկսեց հարվածել հոգեւորականներին։ Հայր Կոնստանտինն այնպիսի ուժգին հարված ստացավ, որ ընկավ ներքեւ։ Նրան օգնեց, որ վեր կենա մի կին՝ ուղիղ դիմագծերով, եւ կարճ կտրած մազերով։
-Արյուն է գալիս, ահա վերցրեք, սրբեք։
Նա թաշկինակ տվեց։
-Շնորհակալ եմ,- ասաց։- Քանի տարեկան եք։
-Քսանչորս։
-Ինչի՞ համար եք այստեղ։
-Գերմանուհի եմ,- կարճ պատասխանեց կինը։
Առջեւում շարունակում էին բարձրաձայն ազգանուններ հայտարարել եւ կողային դռնով տանել բանտարկյալներին։ Բարաքում մնացած մարդկանց թիվը նվազում էր։ Իսկ դրսում լսվում էին կրակոցներ, երբեմն միանգամից մի քանի հատ։
-Լյուբոմուդրով,- գոռացին առջեւում։
Նա մոտեցավ սեղաններից մեկին, որ դրված էր կենտրոնում՝ ուղիղ Ստալինի դիմանկարի տակ։ Սեղանի մոտ նստած էր մի մարդ՝ ՆԳԺԿ համազգեստ հագած։ Կողքին կանգնած էր զինված հակար։
-Լյուբոմուդրով Կոնստանտին Պավլովի՞չ,- հարցրեց աշխատակիցը։
-Այո,-պատասխանեց։
Նայեց անձնական գործի լուսանկարին, հետո բանտարկյալին։
— Ծննդյան թվականը։
— Հազար ութ հարյուր յոթանասունինը։
— Ծննդյան ամսաթիվը։
— Հուլիսի քսանյոթ։
—Ծննդյան վայրը։
— Յարոսլավլի նահանգի, Ռոստովյան գավառի Գեորգիեւսկոյե գյուղ։
— Սոցիալական ծագումը։
— Սաղմոսասացի զավակ եմ։
— Գործունեության տեսակը։
— Քահանա եմ։
ՆԳԺԿ աշխատակիցը թերթում էր անձնական գործի թերթերը։ Մի պահ հիշեց, թե ինչպես ապագա Տիխոն պատրիարքը թերթում էր իր անձնական գործը, երբ առաջարկում էր քահանա դառնալ։
— Բնակությանդ վերջին վայրը։
— Մշտական բնակության վայր չունեմ։
— Որտեղի՞ց եք եկել։
-Տագանյան բանտից։
Ստուգումն ավարտեց։
Ստալինը ժպտալով նայում էր դիմանկարից տարեց քահանային ու բոլոր նրանց, որ կանգնած էին նրա հետեւում՝ սպասելով իրենց հերթին։
-Տարե՛ք,- կարգադրեց ՆգԺԿ աշխատակիցը։
Պահակը սեղանի մոտից վեր կացավ, մոտեցավ քահանային, բռնեց ուսերից եւ ուղղորդեց դեպի անկյունի մոտի դուռը։
Դուռը տանում էր դեպի մի ոչ մեծ, չջեռուցվող սենյակ, որն ասես նախասրահ լիներ։ Այնտեղ կանգնած էին յոթ զինված պահակներ եւ նույնքան էլ բանտարկյալներ։ Անկյունում անկանոն ձեւով հագուստեղեն ու կոշիկներ էին կույտ արած։
Լյուբոմուդրովի հետեւից բերեցին եւս երկուսին։ Բանտարկյալներին կանգնեցրեցին շարքով եւ պահակները սկսեցին նրանց խուզարկել։ Բանտարկյալներից մեկի բուշլատի գրպանում հայտնաբերեցին ձեռքի ժամացույց։ Պահակն այն դրեց իր գրպանը։
Երբ բոլորին խուզարկեցին, պահակը կարգադրեց․
— Դեմքով դեպի՛ պատը։
Բանտարկյալները շրջվեցին։
— Հանվել մինչեւ ներքնազգեստը։ Բանտարկյալները սկսեցին հանվել։ Նրանցից մեկը, որ դեռեւս պատանի էր, մնաց վարտիքով եւ բրդյա կոֆտայով։
— Ես ասացի՝ մինչեւ «ներքնազգեստը», հանիր կոֆտադ,- գոռաց նրա վրա պահակը։
— Ես ներքնազգեստ չունեմ։
— Հանիր ասում եմ քեզ,- գոռաց պահակն ու հարվածեց նրա գլխին ատրճանակի խզակոթով։
Տղան հանեց կոֆտան եւ մնաց միայն վարտիքով, որը բռնել էր ձեռքերով։ Նա շատ նիհար էր ու խիստ դողում էր։ Հազիվ տասնվեց տարեկան կլիներ։
«Աստված իմ, նրանց ինչի համար»,- մտածեց Լյուբոմուդրովը։ Միայն ներքնազգեստով էր ու սկսեց մսրել։ Ցուրտն աստիճանաբար ավելի ու ավելի շատ էր զգալի դառնում նրա համար։ Երբ նրանց դուրս բերեցին, արդեն լուսանում էր։ Արեւելքում ամպերն արդեն վարդագունել էին։
Բանտարկյալները գնում էին նոյեմբերի կոխկրտած ձյան վրայով։ Ոմանք ծակ բրդե նասկիներով էին, ոմանք ոտաշորով, մյուսները՝ բոբիկ։ Յուրաքանչյուրի հետեւից մեկ պահակ էր գնում՝ անընդհատ մեջքից հրելով։
Հանկարծ բանտարկյալներից մեկը սկսեց փախչել։
-Կանգնի՛ր, թե չէ կկրակեմ,- գոռաց պահակը, հանեց ատրճանակն ու մի քանի կրակոց արձակեց։
Փախուստի դիմածն ընկավ։ Մյուսները շարունակում էին քայլել։ Պահակներն անընդհատ հրում էին նրանց։ Հայր Կոնստանտինն անընդհատ աղոթքներ էր շշնջում։ Նրանց տարան խորը փորված եւ երկար խրամի ծայրը, որի հատակին, լուսաբացի մշուշվի մեջ լավ նկատվում էին իրար վրա ընկած դիակներ։ Պահակները հանեցին ատրճանակները եւ կիպ հպեցին բանտարկյալների ծոծրակներին։ Լսվեցին կրակողներ։ Սպանվածները մեկը մյուսի հետեւից ընկնում էին փոսը։
Այդ գիշեր Բուտովյան հրաձգարանում գնդակահարվեց 189 մարդ, որոնցից տասը ուղղափառ հոգեւորականներ էին։ Նրանցից հինգն արդեն սրբադասված են՝ եպիսկոպոս Նիկիտա Դելեկտորսկին, ավագերեց Արսենի Տրոիցկին, վանահայր Վարլաամ Նիկոլսկին կուսակրոն քահանա Գավրիիլ Գուրը եւ քահանա Կոնստանտին Լյուբոմուդրովը։
«Բուտովյան մահվան ֆաբրիկան» աշխատել է ընդհուպ մինչեւ 1950-ական թվականներ, սակայն առավել շատ թվով մահապատիժներ այնտեղ իրականացվել են երեսունյոթ թվի օգոստոսից մինչեւ երեսունութի հոկտեմբերը։ Այդ ժամանակամիջոցում ընդհանուր առմամբ գնդակահարվել է 20761 մարդ։ Գնդակահարվածներից տարիքով ամենափոքրը եղել է 14 կամ 15 տարեկան, ամենամեծը եղել է միտրոպոլիտ Սերաֆիմ Չիչագովը՝ 82 տարեկան։ Նա արդեն չէր կարողանում քայլել ու մահապատժի վայր նրան տարել են սայլակով։ Գնդակահարվածների ոսկորները ցայսօր գտնվում են Բուտովյան հրաձգարանում, հողի բարակ շերտի տակ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Ար․ Յանի

Միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցական, գրող, կոմպոզիտոր, աստվածաբան, կրոնական գործիչ, դիվանագետ։ Ներկայումս՝ Ռուս եկեղեցու Հունգարիայի թեմի առաջնորդ։ Կրում է Բուդապեշտի եւ Հունգարիայի միտրոպոլտի տիտղոսը։ Մինչ այդ եղել է Վոլոկոլամսկի միտրոպոլիտը։ Ծնվել է Մոսկվայում՝ 1966 թվականի հուլիսի 24-ին, ստեղծագործող մտավորականի ընտանիքում։ Աշխարհիկ անունով՝ Գրիգորի Վալերիեւիչ Ալֆեեւ։ Հայրը՝ Վալեիրի Գրիգորիեւիչ Դաշեւսկին եղել է ֆիզ-մաթ գիտությունների դոկտոր, օրգանական քիմիայի ոլորտում ուսումնասիրություններ կատարող գիտնական։ Մայրը՝ Վալերիա Ալֆեեւան լրագրող է, բանաստեղծուհի, արձակագիր։ Միտրոպոլիտ Ալֆեեւը ստացել է երաժշտական կրթություն, ուսանել Մոսկվայի Գնեսինի անվան երաժշտական դպրոցում, Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ Ալեքսեյ Նիկոլաեւի դասարանում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Եկեղեցական ծառայությունը սկսել է 1987 թվականից։Որպես եկեղեցական ուսանել է Լոնդոնի Օքսֆորդի համալսարանում։ Աստվածաբանության դոկտոր է։ Ռուս Ուղղափառ եկեղեցում զբաղեցրել է տարբեր վարչական, հովվական պաշտոններ, եղել Ռուս եկեղեցու Ավստրիայի թեմի առաջնորդը, կրելով՝ Վիեննայի եւ Ավստրիայի արքեպիսկոպոս տիտղոսը, 2009-2022 թթ հանդիսացել է Ռուս եկեղեցու Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահը, այդ ընթացքում նաեւ հանդիսացել է Ռուս եկեղեցու Սրբազան Սինոդի անդամ։ Նույն ժամանակահատվածում նաեւ ղեկավարել է Ռուս եկեղեցու ասպիրանտուրան եւ դոկտորանտուրան։ Ավելի քան 1000 հրապարակումների, 30 մենագրության եւ մի քանի երաժշտական կոմպոզիցիաների, 80 վավերագրական կինոնկարների, հեղինակ է։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների պատվո շքանշանների եւ գիտական պատվո կոչումների։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s