Ֆեռեյրինայի վայրը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Կյանքում առաջին անգամ նա դիետա էր պահում` հետևելով բժշկի բոլոր խորհուրդներին: Նույնիսկ` մարզանք, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ափսոսացել էր` անգլիական արտադրության մեքենա չունենալու համար:
— Իսկ ինչո՞ւ հենց անգլիական:
— Որովհետև ղեկն աջ կողմում է: Բացում ես դուռն ու արդեն մայթին ես: Այլևս մեքենայի շուրջ պտտվելու կարիք չկա…

Читать далее

Վագրերը՝ տասներորդ օրը:Զաքարիա Թամիր

Զաքարիա Թամերն առավել հայտնի է իր կարճ պատմվածքներով։ Նրա պատմվածքների թեման հաճախ մարդկանց անտարբեր վերաբերմունքն է միմյանց նկատմամբ։  Երբեմն նա այլաբանական ձևով նկարագրում է Սիրիայի և արաբական աշխարհի քաղաքական և սոցիալական խնդիրները։ Թամերը հրատարակել է պատմվածքների 11 ժողովածու, երգիծական հոդվածների 2 ժողովածու և բազմաթիվ մանկական գրքեր։

Անտառները մնացին հեռվում, սակայն վանդակում բանտարկված վագրը այդպես էլ չկարողացավ մոռանալ դրանք, զայրացած նայեց տղամարդկանց, ովքեր շրջապատել էին իր վանդակը, և ում աչքերը հետաքրքրությամբ և առանց վախի զննում էին իրեն։ Նրանցից մեկը խոսում էր հրամայական շեշտ կրող հանգիստ ձայնով․
— Եթե իսկապես ուզում եք տիրապետել իմ մասնագիտությանը՝ վարժեցնելու գործին, ապա ոչ մի վայրկյան չպետք է մոռանաք, որ ձեր հակառակորդի ստամոքսը ձեր առաջին նպատակակետն է, և կտեսնեք, որ դա միևնույն ժամանակ և՛ դժվար, և՛ հեշտ առաքելություն է։ Հիմա նայեք այս վագրին, նա չար ու ինքնահավան է, շատ հպարտ է իր ազատությամբ, ուժով ու հզորությամբ, սակայն նա կփոխվի ու կդառնա փոքր երեխայի պես հանդարտ, նուրբ ու հնազանդ։ Հետևե՛ք, թե ինչ է կատարվելու ուտելիք ունեցողի և չունեցողի միջև, ու սովորե՛ք։
Տղամարդիկ շտապեցին ասել, որ իրենք վարժեցնելու մասնագիտությանը նվիրված աշակերտներ կլինեն։ Վարժեցնողն ուրախ ժպտաց, ապա դիմեց վագրին՝ ծաղրական տոնով հարցնելով․
— Ինչպե՞ս է մեր թանկագին հյուրը։
Վագրն ասաց․
— Ուտելու բան բե՛ր ինձ, արդեն ուտելուս ժամը եկել է։
Վարժեցնողը կեղծ զարմանքով ասաց․
—Մի՞թե դու, լինելով իմ բանտարկյալը, ինձ հրամայում ես։ Ա՜յ քեզ ծիծաղելի վագր։ Դու պետք է հասկանաս, որ այստեղ միայն ես իրավունք ունեմ հրամաններ արձակելու։
Վագրն ասաց․
—Ոչ ոք չի կարող հրամայել վագրերին։
Վարժեցնողն ասաց․
—Բայց դու հիմա վագր չես, դու անտառներում էիր վագր, հենց հայտնվեցիր վանդակում, արդեն պարզապես ստրուկ ես, կենթարկվես իմ հրամաններին և կանես այն, ինչ ցանկանամ։
Վագրը վճռական ասաց․
—Ոչ ոքի ստրուկը չեմ լինի։
Վարժեցնողն ասաց․
—Դու ստիպված ես ինձ հնազանդվել, որովհետև ես եմ, որ ուտելիք ունեմ։
Վագրն ասաց․
—Չեմ ուզում քո ուտելիքը։
Վարժեցնողն ասաց․
—Ուրեմն քաղցած մնա, ինչպես ցանկանում ես։ Ես չեմ ստիպի քեզ անել այն, ինչ չես ուզում։ – Եվ դիմելով իր աշակերտներին՝ ավելացրեց․- կտեսնեք՝ ինչպես կփոխվի․ բարձր գլուխը չի կշտացնի սոված ստամոքսը։
Վագրը քաղց զգաց, ափսոսանքով հիշեց օրերը, երբ առանց կապանքների, քամու պես սլանում էր՝ հետապնդելով իր զոհերին։
Հաջորդ օրը վարժեցնողն ու իր աշակերտները շրջապատեցին վագրի վանդակը։ Վարժեցնողն ասաց․
—Քաղցած չե՞ս։ Հաստատ տանջող ու ցավեցնող քաղց ես զգում։ Ասա՛, որ քաղցած ես, և կստանաս ուզածդ միսը։
Վագրը շարունակում էր լուռ մնալ։ Վարժեցնողն ասաց․
—Արա՛ այն, ինչ ասում եմ, հիմար մի՛ եղիր, խոստովանի՛ր, որ սոված ես, և անմիջապես կկշտանաս։
Վագրն ասաց․
—Ես սոված եմ։
Վարժեցնողը ծիծաղեց և ասաց իր աշակերտներին․
—Ահա նա ընկավ ծուղակը, որից չի փրկվի։
Հրամաններ տվեց, և վագրը շատ միս ստացավ։
Երրորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․
—Եթե այսօր ուզում ես ուտելիք ստանալ, ապա կանես այն, ինչ կպահանջեմ քեզնից։
Վագրն ասաց․
—Չեմ ենթարկվի։
Վարժեցնողն ասաց․
—Մի՛ շտապիր, իմ պահանջը շատ պարզ է․ դու հիմա այս ու այն կողմ ես գնում քո վանդակի մեջ, երբ ասեմ քեզ՝ կանգնիր, դու պետք է կանգնես։
Վագրն ինքն իրեն ասաց․ «Դա իսկապես չնչին պահանջ է, չարժե, որ հակառակվեմ ու քաղցած մնամ»։
Վարժեցնողը դաժան ու հրամայական տոնով բղավեց․
—Կանգնի՛ր։
Վագրն անմիջապես քարացավ, վարժեցնողն ուրախ ձայնով ասաց․
—Կեցցե՛ս։
Վագրն ուրախացավ, ախորժակով կերավ, իսկ վարժեցնողն ասաց իր աշակերտներին․
—Մի քանի օրից թղթե վագր կդառնա։
Չորորդ օրը վագրն ասաց վարժեցնողին․
—Ես քաղցած եմ, պահանջիր ինձնից, որ կանգնեմ։
Վարժեցնողն ասաց աշակերտներին․
—Ահա, սկսեց սիրել իմ հրամանները։
Ապա շարունակեց՝ իր խոսքերն ուղղելով վագրին․
—Այսօր չես ուտի, եթե չկրկնօրինակես կատուների մլավոցը։
Եվ կրկնօրինակեց կատուների մլավոցը։ Վարժեցնողը խոժոռվեց և դատապարտող ձևով ասաց․
—Քո կրկնօրինակումն անհաջող էր։ Մի՞թե մռնչոցը համարում ես մլավոց։
Վագրը կրկին կրկնօրինակեց կատուների մլավոցը, սակայն վարժեցնողը կրկին դեմքը խոժոռեց և ասաց դժկամությամբ․
—Լռի՛ր, լռի՛ր։ Կրկնօրինակումդ դարձյալ անհաջող է։ Այսօր կթողնեմ քեզ, որ վարժվես մլավել կատուների պես, իսկ վաղը կքննեմ քեզ։ Եթե հաջողվի, կուտես, եթե ոչ, չես ուտի։
Վարժեցնողը դանդաղ քայլերով հեռացավ վագրի վանդակի մոտից, իսկ նրա աշակերտները փսփսալով և ծիծաղելով հետևեցին նրան։ Եվ վագրն աղաչանքով կանչեց անտառներին, սակայն դրանք հեռու էին։
Հինգերորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․
—Հիմա, եթե հաջողությամբ կրկնօրինակես կատուների մլավոցը, կստանաս թարմ մսի մեծ կտոր։
Վագրը նմանակեց կատուներին, վարժեցնողը ծափահարեց և ուրախ ասաց․
—Հիանալի է, դու մլավում ես, ինչպես կատուն փետրվար ամսին։
Ապա մսի մի մեծ կտոր նետեց։
Վեցերորդ օրը հազիվ էր վարժեցնողը մոտեցել վագրին, երբ վերջինս շտապեց կրկնօրինակել կատուների մլավոցը, սակայն վարժեցնողը մնաց մռայլ, խոժոռված հոնքերով, իսկ վագրն ասաց․
—Ահա, ես մլավեցի կատուների նման։
Վարժեցնողն ասաց․
—Կրկնօրինակիր ավանակի զռոցը։
Վագրը դժգոհությամբ ասաց․
—Ես վագր եմ, որից վախենում են անտառի կենդանիները։ Նմանակեմ ավանակի՞ն։ Կմեռնեմ, բայց պահանջդ չեմ կատարի։
Վարժեցնողն առանց բառ արտասանելու հեռացավ վագրի վանդակից։
Յոթերորդ օրը վարժեցնողը հանդարտ, ժպտացող դեմքով մոտեցավ վագրի վանդակին և ասաց․
—Չե՞ս ուզում ուտել։
Վագրն ասաց․
—Ուզում եմ ուտել։
Վարժեցնողն ասաց․
—Միսը, որ պետք է ուտես, իր գինն ունի․ ավանակի պես զռա՛, ուտելիք կստանաս։
Վագրը փորձեց հիշել անտառները, չհաջողվեց։ Սկսեց զռալ փակ աչքերով, իսկ վարժեցնողն ասաց․
—Զռոցդ հաջող չէր, բայց ես, քեզ խղճալով, մսի կտոր կտամ։
Ութերորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․
—Ես ճառ կասեմ, երբ ավարտեմ, հիացած կծափահարես։
Վագրն ասաց․
—Կծափահարեմ։
Վարժեցնողն սկսեց ճառը և ասաց․
—Հայրենակիցնե՛ր, նախկինում բազմաթիվ առիթներով պարզաբանել ենք մեր դիրքորոշումը ճակատագրական բոլոր խնդիրների վերաբերյալ, և այս բացահայտ վճռական դիրքորոշումը չի փոխվի, ինչքան էլ որ թշնամական ուժերը դավադրություններ կազմակերպեն, մենք կհաղթենք մեր հավատով։
Վագրն ասաց․
—Չհասկացա՝ ինչ ասեցիր։
Վարժեցնողն ասաց․
—Դու պետք է հիանաս այն ամենով, ինչ ասում եմ, և հիացմունքով ծափահարես։
Վագրն ասաց․
—Ներիր ինձ, ես անգրագետ եմ, քո բառերը հիասքանչ են, ես կծափահարեմ ինչպես ցանկանում ես։
Վագրը ծափահարեց, իսկ վարժեցնողն ասաց․
—Ես չեմ սիրում կեղծավորություն և կեղծավորներին, այսօր կզրկեմ քեզ ուտելիքից՝ որպես պատիժ։
Իններորդ օրը վարժեցնողը եկավ՝ բերելով մի կապոց խոտ, և նետեց այն վագրին, ապա ասաց․
—Կե՛ր։
Վագրն ասաց․
—Սա ի՞նչ է։ Ես մսակեր եմ։
Վարժեցնողն ասաց․
—Այսօրվանից ի վեր ոչինչ չես ուտի խոտից բացի։
Երբ վագրի քաղցը սաստկացավ, փորձեց ուտել խոտը, բայց համը վանեց նրան, և զզվանքով հեռացավ խոտից։ Սակայն կրկին մոտեցավ դրան, սկսեց քիչ-քիչ ընտելանալ համին։
Տասներորդ օրը անհետացավ վարժեցնողը, աշակերտները, վագրը, վանդակը․ վագրը դարձավ քաղաքացի, իսկը վանդակը՝ քաղաք։


Թարգմանությունը արաբերենից՝ Սեդա Տիգրանյանի

Աղբյուրը՝ Գրանիշ

Կեսան և Մորիտոն։ Ակուտագավա Րյունոսկե

Գիշեր է: Մորիտոն, ցանկապատի ետևից դիտելով նորալուսինը, տրորում է թափված տերևները և սուզվում մտքերի մեջ:

Արդեն լուսինը դուրս է եկել: Ես միշտ սպասել եմ նրա դուրս գալուն, բայց այժմ այս պայծառությունն ինձ սարսափի է մատնում: Երբ մտածում եմ, որ այս գիշերվա մեջ կորչելու եմ և վաղը դառնալու մարդասպան, մարմնովս սարսուռ է անցնում: Պատկերացրե՛ք՝ այս ձեռքերը արյունով կարմիր են ներկված լինելու: Այդ ժամանակ ես ինքս ինձ ինչքան ատելի կթվամ: Եթե սպանեի մեկին, որին ատում եմ, այսքան չէի տառապի, բայց այս գիշեր ես պետք է սպանեմ մի մարդու, ում չեմ ատում:

Читать далее

Հայ գրականության գալիք օրը։ Վահան Տերյան

Հղումը տե՛ս այստեղ:

Հայ գրականության կրիզիսը և արժեքների վերագնատությունը: Հայ գրականության հիմնական գաղափարները: Կրոնական ստեղծագործությունը և կղերական հանրայնությունը: Ազգային ուտիլիտարիզմը հայ կրիտիկայի մեջ և գեղարվեստական ստեղծագործությունը: Կուլտուրական ազգ և ազգային կուլտուրա: Հայ գեղարվեստական գրականության էտապները:

Читать далее

Դժվար ճանապարհը: Հերման Հեսսե

Հանդիպման հղումը:

Ձորի պռնկին, քարայրի մթին խորշի մոտ անվճռական կանգնեցի ու, հայացքս հետ ուղղելով, շրջվեցի։

Արևը շողում էր այդ կանաչ, գողտրիկ աշխարհում, մարգագետինների վրա օրորվելով՝ ցոլում էին գորշավուն ծաղկագլխիկները։ Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։ Եվ հավանաբար ես խելագար էի, որ ամեն ինչ թողել ու ցանկանում էի լեռները բարձրանալ։

Читать далее

Աներևույթ թագավորությունը (հեքիաթ)

Գյուղից մի քիչ ծուռը, սարալանջին, մի փոքրիկ տնակում, իր ծեր հոր հետ ապրում էր ջահել Իերգը։ Ունեցած հողերն ուղիղ էնքան էր, ինչքան որ հարկավոր էր անկարոտ ապրելու համար։ Հենց տան կողքից սկսվում էր կաղնի ու հաճարի ծառերի թավ ու պառավ անտառը, իսկ տան առաջին ընկած էր մի հին, կոտրած ջաղացքար։ Էն հին, կոտրած ջաղացքարին նստողի աչքին սքանչելի տեսարան էր բացվում դեպի հովիտը, դեպի հովիտով վազող գետը ու դեպի սարերը, որ բարձրանում էին գետի մյուս կողմը։ Իերգը, իր գործը դաշտում վերջացնելուց հետո, իրիկունները սիրում էր նստել էս քարի վրա, արմունկները ծնկներին տված ու գլուխը հենած ձեռներին՝ նա ժամերով նստում էր ու անձնատուր էր լինում իր ցնորքներին։

Читать далее

Աղոթք։ Ակսել Բակունց

Միայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում:
Ընդունիր Տեր, իմ աղոթքը — սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը:

Читать далее

Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք: Շառլ Ազնավուր

Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում
պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել ֆրանսիացի մեծ
խոհարարներին շարքերը, ինչը բավական չափազանցեցված է: Խոհարարությունը միշտ էլ եղել է
իմ կիրքը, եթե հիշենք այն գազօջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ՝ թոշակի անցնելու
կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են:
Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեզ բան պատրաստելու համար:

Читать далее

Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան։ Փիրըլ Ս․ Բաք

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:

Читать далее

Կիրակոսը: Աղասի Այվազյան

1892 թ.-ի նոր տարվա օրը Էրզրումի մեր տանը 27 հոգի ենք եղել, 1916 թ.-ի ամանորին՝ 3 հոգի, 1920 թ.-ի նոր տարվա օրը՝ արդեն Երևանում մեր տանը, միայն մեկն էր ինքն իր նոր տարին շնորհավորել… Եվ այն է, ուր որ է այդ մեկն էլ պետք է չլիներ, երբ նորից դարձել են երկուսը… Երկրորդը մայրս էր, որ չգիտես որ սոված գյուղից եկել կանգնել էր հորս շեմքին, ու գաղթականը գաղթականին ասել էր. «Շնորհավո՜ր նոր տարի…»:

Читать далее