Ակումբի մասին

IMG_7738

Գրական ակումբի բլոգը

Գրական ակումբը տարատարիք մարդկանց խումբ է, ով սիրում է ընթերցել, քննարկել իր ընթերցածը, լսել այլոց կարծիքները տվյալ ստեղծագործության մասին, բանավիճել, լինել համարձակ իր կարծիքներում, փորձել դուրս գալ մտավոր կաղապարներից, ազատ, անկաշկանդ շարադրել իր մտքերը: Մարդիկ են, ովքեր ցանկանում են լինել միասին՝ հեծանվի վրա, լողավազանում, մի խոսքով՝ ապրել և խոսել  գրականությունից:

Գրական ակումբը ենթադրում է քննարկումներ, բանավեճեր, սիրած հեղինակների, ստեղծագործությունների ներկայացումներ, հանդիպում ժամանակակից գրականության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բացօթյա քննարկումներ կազմակերպելու նպատակով հեծանվաերթեր, ճամփորդություններ, արշավներ և այլն:

Գրական ակումբի անդամ կարող է դառնալ ինչպես կրթահամալիրում սովորող, աշխատող, այնպես էլ կրթահամալիրի սահմաններից դուրս գտնվող այն ընթերցասեր անձը, ով առկա կամ հեռակա մասնակցում է ակումբի աշխատանքներին, քննարկումներին, բանավեճերին  հանդես է գալիս ամենատարբեր նախաձեռնություններով, առաջարկություններով, առաջարկում է նախագծեր և իրականացնում է դրանք, իր գրառումներն անում է ակումբի բլոգումև ֆեյսբուքյան տարածքում:

Նպատակը

  • գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք
  • ստեղծել ընթերցասեր մարդկանց համագործակցություն՝ հնարավորություն տալով ընթերցված նյութը առավել համակողմանի քննարկելու և առավել խորությամբ ընկալելու
  • համաշխարհային գրականության դասական ստեղծագործությունների միջոցով հնարավորություն տալ հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը
  • խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման զարգացմանը
  • զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը
  • օգտագործել ՏՀՏ-ն` որպես գրական-գեղարվեստական բազմաբնույթ շտեմարանի   հետ շփման ամենամատչելի  և  արդյունավետ միջոց
  • արդի գրականության ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով ծանոթ լինել ժամանակակից գրականությանն ու զարգացման ուղղություններին և հեռանկարին:

Խնդիրները

  • ստեղծագործությունների ընտրությունը կատարել հիմնականում դասական գրականությունից
  • ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որ հասանելի լինեն ակումբի անդամի մտքին և բավարարեն հոգևոր պահանջները
  • հասկանալի դարձնել հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը
  • գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով
  • որպես ընթերցանության նյութ՝ օգտագործել նաև ինտերնետային համապատասխան կայքերը:

Կազմակերպումը

  • Կազմակերպել քննարկումների ամենատարբեր ձևաչափեր։
  • Քննարկում-բանավեճերը կազմակերպել ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս։
  • Ակումբի անդամին հնարավորություն տալ անկաշկանդ ինքնարտահայտվելու համադրելու և հակադրելու իր աշխարհայացքն ու մտորումները, զգացողություններն ու ընկալումները, լսել այլոց կարծիքները։
  • Առաջարկել համացանցային գրական կայքեր` ըստ ակումբի անդամի նախասիրության, ընթերցելու և ներկայացնելու համար
  • Խրախուսել նախաձեռնությունները:

Գրական ակումբն ունենում է առցանց կամ առկա հանդիպումներ՝ շաբաթը մեկ անգամ, մեկ ժամ տևողությամբ։ Գրական ակումբն իր նյութերը հրապարակում է Գրական ակումբի բլոգում,  ֆեյսբուքում, կազմակերպում նաև  ֆեյսբուքյան առցանց քննարկումներ։

Գրական ակումբի աշխատանքը համարվում է նաև վերապատրաստում՝ բանասեր նոր դասավանդողների համար։

Գրական ակումբի գործունեության ցուցանիշներն են ակումբի պարապմունքների թիվը, սոցցանցերում ակումբային նյութերի տարածումը, սոցցանցում դրանց քննարկման մեջ ներառված ընթերցողների թիվը, ակումբի անդամների հրապարակումները, այլ անձանց ներգրավումը։