Կատուն անձրևի տակ: Էռնեստ Հեմինգուեյ

hemingway-1957
 Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կային: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:

Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրաևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:

Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:

— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:
Թարգմ. Վ. Ավետիսյան
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s