Օրագրություններ։ Ալբերտ Քամյու

*******
Երկու ընկերուհիներ. երկուսն էլ շատ հիվանդ: Բայց մեկի մոտ նյարդերն են. առողջացումը  միշտ էլ հնարավոր է: Մյուսը թոքախտ է՝ վերջին փուլում: Ոչ մի հույս:
Մի անգամ՝ կեսօրին: Թոքախտավորն ընկերուհու սնարի մոտ: Նա.
– Տեսնո՞ւմ ես, մինչ օրս անգամ իմ ամենավատ նոպաների ժամանակ ինչ-որ բան իմ մեջ մնում էր: Կյանքի հույսը չափազանց կառչուն  է: Այսօր ինձ թվում է, որ այլևս պետք չէ ոչինչ հուսալ: Ես այնքան հոգնած եմ, որ թվում է՝ երբեք վեր չեմ կենա:

Այդժամ մյուսը, վայրի, հրճվալից փայլատակումն աչեքրում, վերցնում է նրա ձեռքը. «Օ՜: Մենք մեծ ճամփորդության կմեկնենք միասին»:
Նրանք՝ թոքախտից մեռնողը և մյուսը՝ գրեթե բուժված: Նա ճամփորդություն է իրականացրել Ֆրանսիայում՝ բուժման նոր մեթոդ փորձելու համար:
Եվ [մեռնողը] մեղադրում է նրան դրա համար: Նա նրան մեղադրում է , ըստ երևույթին, իրեն լքելու համար: Իրականում նա տառապում է նրանից, որ [ընկերուհուն] համարում է բուժված: Նա խելագար մի հույս էր փայփայում, որ միայնակ չի մեռնելու, որ իր հետ կտանի և իր թանկագին ընկերուհուն: [Եվ արդ] պետք է մեռնի միայնակ: Եվ այդ իմանալով՝ իր ընկերությունը սնուցանում է սարսափելի ատելությամբ:
*****
Փոթորկալից երկինք օգոստոսին: Հրկիզող քամիներ: Սև ամպեր: Արևելքում, սակայն, կապույտ, նուրբ, թափանցիկ մի շերտ: Անհնար է դրան նայել: Նրա ներկայությունը տառապանք է աչքերի և հոգու համար: Բանն այն է, որ գեղեցկությունն անտանելի է: Այն մեզ հուսահատեցնում է, մեկ րոպեի հավերժություն, որը մենք, սակայն, ցանկանում ենք ձգել-երկարեցնել ժամանակի ողջ երկայնքով:
*****
Ամեն անգամ ինձ նվիրում են ընկերության մասնիկները, զգացմուքնների պատառիկները, և երբեք ամբողջ զգացմունքները, ամբողջ ընկերությունը

Այցելության եմ գնում ինձնաից տարիքով ընկերոջը, որպեսզի ամեն ինչ պատմեմ: Ծայրահեղ դեպքում այն մասին, ինչը շնչահեղձ է անում: Բայց նա շտապում է: Խոսակցություն ամեն ինչի և ոչնչի մասին: Ժամանակն անցնում է: Եվ ահա ես՝ ավելի միայնակ ու ավելի դատարկ: Այս հիվանդոտ իմաստնությունը, որը ես փորձում եմ կառուցել, կարող է ցիրուցա՛ն լինել շտապող ընկերոջ հպանցիկ ասված ցանկացած բառից. «Չծիծաղե՛լ, չլացե՛լ » … և կասկածանքներն ինքս իմ և ուրիշների վերաբերյալ:
*******
Մարտ
Օրը՝ ամպերով և արևով հատանցված:  Ցուրտը՝ դեղին փայլփլուքներով: Ես պետք է ժամանակի ամեն օրվա օրագիր պահեմ: Այս գեղեցիկ երեկվա թափանցիկ արևը: Ծովախորշը թրթռուն լույսի՝ հանց թաց շուրթեր: Եվ ես աշխատել եմ ամբողջ օրը:
*****
Գրենյեն կոմունիզմի մասին. «Ամբողջ հարցը սա է. արդարության գաղափարի համար պե՞տք է բաժնեգրվել հիմարություններին»: Կարող ենք պատասխանել «Այո». դա գեղեցիկ է: «Ոչ». դա ազնիվ է:

Հավասար պայմաններում. քրիստոնեության հիմնախնդիրը: Մտահոգո՞ւմ են արդյոք հավատացյալին ավետարանների հակասությունները և Եկեղեցու անզսպությունը: Հավատալ նշանակում է ընդունե՞լ Նոյյան Տապանը, նշանակում է պաշտպանե՞լ Ինկվիզիցիան կամ դատարանը, որը դատապարտեց Գալիլեյին:

Բայց, մյուս կողմից, ինչպե՞ս հաշտեցնել կոմունիզմը և զզվանքը: Եթե ես փորձում եմ ծայրահեղ դրսևորումները՝ մինչ անհեթեթություն և անպիտանություն, ես ժխտում եմ կոմունիզմը: Եվ այս կրոնական մտահոգությունը…
*****
Երեկ: Արևը կառամատույցի վրա, արաբ լարախաղացները և նավահանգիստը՝ լույսից վեր ցատկող: Թվում է, թե վերջին ձմռանը, որն անցկացնում եմ այստեղ, այս երկիրը շռայլում է ու ծաղկում: Ցրտի ու արևի ամբողջովին պայծառ այս եզակի ձմեռը: Կապույտ սառնամանիքով:

Սթափ գինովությունն ու ժպտացող աղքատություն — հուսահատություն առնական համաձայնության մեջ հունական քարակոթողների: Ինչո՞ւ պետք է գրեմ կամ արարեմ, սիրեմ կամ տառապեմ:   Այն, ինչը կորցրել եմ իմ կյանքում, ըստ էության, ամենակարևորը չէ: Ամեն ինչ անիմաստ է դառնում:

Ո՛չ հուսահատությունը, ո՛չ էլ ուրախությունները, կարծում եմ, հիմնավորված չեն այս երկնքի և նրանից իջնող տոթ պայծառության առջև:

*****
16 մարտի:

Երկարատև զբոսանք: Բլուրներ ծովի հետնախորքին: Եվ նուրբ արև: Մացառներում ամենուր մասրենու սպիտակ ծաղիկներ: Խոշոր հյութեղ ծաղիկներ՝ մանուշակագույն տերևներով: Եվ վերադարձը, կանացի հեզահամբույր ընկերությունը: Երիտասարդ կանանց լուրջ և ժպտացող դեմքերը: Ժպիտներ, կատակներ և ծրագրեր: Մտնում ենք խաղի մեջ: Եվ, չհավատալով դրան, ողջ աշխարհը ժպտում է արտաքուստ և ձևացնում, թե հպատակվել է: Ոչ մի կեղծ նոտա: Ես աշխարհին կապված եմ իմ բոլոր շարժումներով, մարդկանց՝ ողջ իմ երախտագիտությամբ [2]: Բլուրների բարձրությունից տեսանելի են արևի ճնշման ներքո վերհառնող մշուշները՝ վերջին անձրևներից մնացած: Անգամ անտառի միջով իջնող, ինձ այդ խծուծի մեջ ընկղմող, վերևից տեսանվող արևն ու այս զարմանալի օրը, որի մեջ ուրվագծվել են ծառերը: Վստահություն և ընկերություն, արև և սպիտակ տներ, նրբերանգներ՝ հազիվ տարբերակելի, օ՜, իմ անեղծ երջանկություն, որն արդեն մեկնել է, և որն ինձ այլևս չի ազատում երեկոյան մելամաղձությունից, ինչպես երիտասարդ կնոջ ժպիտը կամ ինտելեկտուալ հայացքն ընկերության, որը գիտի հասկանալ:

*

Ժամանակն արագ է հոսում, քանի որ չի տարածվում կողմնորոշիչներով: Այդպես էլ լուսինը զենիթում և հորիզոնին: Ահա թե ինչու պատանեկության տարիներն այդքան երկարատև են, քանի որ դրանք լեփ-լեցուն են, իսկ ծերության տարիներն՝ այդքան կարճատև, քանի որ արդեն որոշարկված են: Օրինակ՝ նկատենք, որ գրեթե անհնար է դիտել սլաքի շրջապտույտը թվացույցի վրա հինգ րոպե ՝ այնքան տևական բան է դա ու զայրացնող:
******
Մարտ:

Գորշ երկինք: Բայց լույսը ներթափանցում է: Հենց նոր՝ ջրի մի քանի կաթիլ: Այնտեղ, ներքևում,  ծովախորշն արդեն մթագնել է: Լույսերը բոցավառվում են: Երջանկությունը և նրանք, ովքեր երջանիկ են: Նրանք ունեն սոսկ այն, ինչին արժանի են:

*****
Մարտ:
Կլինիկա Ալժիրի վերևում: Բավականին ուժեղ քամին բարձրանում է բլուրն ի վեր՝ միախառնելով խոտերն ու արևը: Եվ ամբողջ այս նուրբ և լուսավոր շարժումը, գագաթ չհասած, կանգնում է ոտքերի տակ սև կիպարիսների՝ խիտ շարքերով գագաթ մագլցող: Սքանչելի լույսը, որն իջնում է երկնքից: Ներքևում՝ ծովն առանց խորշոմների, և նրա կապույտ ատամների ժպիտը: Արևի տակ, որն ինձ տաքացնում է միայն մի կողմից, քամու մեջ կանգնած՝ նայում եմ, թե ինչպես են հոսում այս անզուգական ժամերը՝ չկարողանալով մի բառ [անգամ] արտաբերել: Բայց մի խելագար է հանկարծ հայտնվում իր բուժքրոջ հետ: Նա իր թևատակում մի տուփ ունի պահած և առաջանում է լուրջ դեմքով:

– Բարի օր, Մադմուազե՛լ ([դիմելով] երիտասարդ կնոջը, որն ինձ հետ էր): Մըսյո, թույլ տվեք ներկայանալ. մըսյո Ամբրոզինո:

– Մըսյո Կամյու:

– Ա՜հ: Ես մի Կամուի գիտեի: Բեռնափոխադրումներ Մոստագանեմում (Mostaganem) [4]: Անկասկած [ձեր] ազգականը:

– Ոչ:

– Հոգ չէ: Թույլ տվեք մի պահ ձեզ հետ մնալ: Ամեն օր կես ժամով իրավունք ունեմ դուրս գալու: Բայց դրա համար ստիպված եմ հաճոյանալ բուժքրոջը, որ նա համաձայնվի ինձ ուղեկցել: Դուք մադմուազելի ազգակա՞նն եք:

– Այո, մըսյո:

– Ա՛հ: Այդ դեպքում ես ձեզ հայտնում եմ, որ Զատկին մենք կնշանվենք: Իմ կինն ինձ թույլ է տվել: Մադմուազե՛լ, ընդունե՛ք այս մի քանի ծաղիկները: Եվ այս նամակը. սա ձեզ համար է: Նստե՛ք իմ կողքին. ես միայն կես ժամ ունեմ:

– Մըսյո՛ Ամբրոզիո, արդեն գնալու ժամն է:

– Իրո՞ք: Բայց այդ դեպքում ե՞րբ եմ Ձեզ կրկին տեսնելու:

– Վաղը:

– Ա՛հ: Բանն այն է, որ ես միայն կես ժամ ունեմ և եկել էի հենց մի քիչ նվագելու համար:

Մենք հեռանում ենք: Ճանապարհին՝ սքանչելիորեն փայլող կարմիր խորդենիներ: Խելագարն իր տուփից դուրս հանեց երկայնությամբ ճեղքված եղեգնը, որը երեսպատված էր բարակ կաուչուկի կաշվով: Նա դրանից տարօրինակ երաժշտություն է դուրս բերում՝ աղիողորմ և տաք. «Ճամփան անձրևոտ…» : Երաժշտությունը մեզ հետևում է խորդենիների մոտ և հսկայական մարգարտածաղիկների, այս ծովի մոտ՝ անխռով ժպիտով:
Ես բացեցի նամակը: Նրանում մատիտով համարակալված գովազդներ էին՝ կտրտված և խնամքով դասավորված:

***
– Ամեն երեկո նա այդ զենքը դնում էր սեղանին: Ավարտելով աշխատանքը՝ նա հավաքում էր թղթերը, մոտեցնում ատրճանակը և սեղմում էր ճակատին, տրորում քներակները՝ մեղմելով իր այտերի տենդը երկաթի սառնությամբ: Եվ այնուհետև այդպես մնում էր երկար ժամանակ, թույլ տալով մատներին սահել շնիկի երկայնքով՝ ձեռքում ձգանի փականը պահելով այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը չէր լռել շուրջը և այնքան ժամանակ, քանի դեռ, արդեն թմբիրի մեջ, իր ողջ էությամբ չէր կծկվել միայն սառը և աղահամ երկաթի զգացողության մեջ, որտեղից կարող էր մահը դուրս պրծնել:

Այն պահից, երբ ինքնասպան չես լինում, պետք է լռես կյանքի մասին: Եվ նա արթնանում էր՝ բերանը արդեն լիքը դառնահամ թքով, լիզում էր զենքի փողը՝ մտցնելով լեզուն այնտեղ և, խռխռալով անսահման երջանկությունից, զմայլանքով կրկնում.
«Իմ ուրախությունը գին չունի»։

*****
Սոցիալական հարցը կարգավորված է: Հավասարակշռությունը վերականգնված է: 15 օրից ես վերջակետ կդնեմ: — Իմ գիրքը՝ մտածել դրա մասին անընդհատ: Իմ աշխատանքը՝ կազմակերպել՝ առանց սպասելու կիրակիի մեկնարկին:
Անհանգիստ և հուսահատ կյանքի այս տևական շրջանից հետո վերականգնվել նորից: Վերջապես արև, և իմ հևացող մարմինը: Լռել —  հավատալ ինքդ քեզ:

*********
Ապրիլ:
Առաջին շոգ օրերը: Հեղձուկ: Բոլոր   կենդանիներն ուժասպառ են: Երբ օրը թեքվում է դեպի մայրամուտ, քաղաքի վրա տարօրինակ հատկությամբ օդ: Ձայները, որոնք բարձրանում և անհետանում են, ինչպես փուչիկներ: Ծառերի և մարդկանց անշարժություն: Դարատափին՝ մավրիտանուհիներ, որոնք զրուցում են՝ սպասելով երեկոյին: Սուրճը, որը խարկում են, և որի բուրմունքը բարձրանում է նաև: Նուրբ և հուսահատ ժամ: Ոչինչ՝ համբուրելու: Ոչ ոք՝ մոլեգին երախտիքով ծնկներն ընկնելու:

*********
Տոթը կառամատույցում՝ զարհուրելի, ճնշող, որից ընդհատվում է շնչառությունը: Ծանր հոտը կուպրի՝ կոկորդը քերող: Ուժասպառություն և մահվան ցանկություն: [Սա է] ողբերգության իսկական մթնոլորտը և ոչ գիշերը, ինչպես կարծում են:

***********
Զգացմունքները և աշխարհը — Ցանկությունները միախառնվում են: Եվ այս մարմնի մեջ, որը պահում եմ իմ դեմ, ես պահում եմ նաև այս տարօրինակ ուրախությունը, որը երկնքից ծով է իջնում:

*********
Արև և մահ [8]: Ջարդված ոտքով բեռնակիր: Արյան կաթիլները՝ մեկ առ մեկ առափնյա շիկացած քարերի վրա: Դրանց թշշոցը: Սրճարանում նա ինձ իր կյանքն է պատմում: Մյուսները գնացել են, մնացել են վեց բաժակները: Առանձնատուն արվարձանում: Միայնակ, վերադառնում էր միայն երեկոյան՝ իր կերակուրը պատրաստելու համար: Մի շուն, մի որձ կատու, մի էգ կատու, վեց ձագուկներ: Էգ կատուն չի կարող կուրծք տալ: Ձագերը սատկում են մեկը մյուսի հետևից: Ամեն երեկո հանկարծակի   մահ և աղբ: Նաև երկու հոտ՝ միախառված մեզ և մահ: Վերջին երեկո (նա սեղանի վրա երկարում է ձեռքերը, որոնք մեղմորեն հեռացնում, դանդաղ հրում են բաժակները մինչ սեղանի ծայրը): Վերջին կատուն է սատկել: Բայց մայրը միայն կեսը կերավ: Ինչպե՛ս կես-կատու: Մշտապես աղբ: Քամի, որը ոռնում է տան շուրջ: Դաշնամուր՝ չափազանց հեռու: Նա նստած է այդ ավերակների ու թշվառության մեջտեղում: Եվ աշխարհի ամբողջ իմաստը միանգամից կանգնում է կոկորդին: (Բաժակները մեկը մյուսի հետևից ընկնում են, իսկ նա չի դադարում ձեռքերը տարածել): Մնում է այնտեղ մի քանի ժամ՝ վիթխարի զայրույթից ամբողջովին ցնցվելով, առանց խոսքերի, ձեռքերը մեզի մեջ և միտքն իր ընթրիքի մասին, որ պետք է պատրաստի:

Բոլոր բաժակները ջարդված են: Եվ նա ժպտում է: «Հոգ չէ, – ասում է նա հյուրանոցի տիրոջը, –  ամբողջը կվճարվի»:
********
«Դատարկ բան է: Ընդհանուր գաղափարներն են, որ ինձ ավելի շատ վնաս են հասցրել»: — Վազք բեռնատարի հետևից, արագություն, փոշի, ժխոր: Ամբարձիչների (treuils) և մեքենաների մոլեգին ռիթմ, կայմերի պար հորիզոնում, նավաճոճք: Բեռնատարի մեջ: Ցատկ առափնյա անհավասար սալաքարերի վրայով: Եվ սպիտակ ու կավճային փոշու մեջ, արև և արյուն, նավահանգստի անծայր և անիրական զարդարանքի մեջ, երկու երիտասարդ մարդիկ, որոնք հեռանում են ամբողջ արագությամբ և լիաթոք ծիծաղում՝ հանց գլխապտույտ ապրելով:

******

Մայիս:

Չտարանջատվել աշխարհից: Կյանքը չեն վրիպում, երբ այն զետեղում են լույսի մեջ: Իմ ողջ ջանքը բոլոր իրադրություններում, դժբախտություններում, հուսախաբություններում շփումները վերագտնելն է: Եվ անգամ այս տրտմության մեջ որքան ցանկություն սիրելու և որքան արբեցում հենց միայն երեկոյան օդում բլրի տեսքով:

Շփումներ ճշմարտության հետ, բնությունը նախ և առաջ, իսկ ապա նրանց արվեստը, որոնք հասկանում են, և իմ արվեստը, եթե դրան ունակ եմ: Եթե ոչ՝ լույսը և ջուրը և արբեցումը դեռ իմ առջև են, և ցանկության թաց շուրթերը:

Հուսահատության ժպիտ: Անելանելի, բայց անդադար իշխանություն գործոդրող, որը, գիտենք, զուր է: Կարևորը՝ չմոլորվել և չկորցնել այն, ինչն ինքնիրեն քնած է աշխարհում:

Աղբյուրը՝ Գրանիշ

Оставьте комментарий