Իմ ամուսինը՝ Օսիպ Մանդելշտամը։ Նադեժդա Մանդելշտամ

Մանդելշտամի մեջ մի գրամ ասկետիզմ չկար, իսկ ցանկություններ՝ ինչքան ուզես: Նրան միշտ ձգում էր հարավը, նա սիրում էր մեծ լուսավոր սենյակներ, մի շիշ չոր գինի ճաշին, լավ կարված կոստյում, ոչ թե Մոսկվոշվեյի անբարետես կարվածքները, իսկ կարևորը՝ կարմրաթուշ բուլկի՝ մեր տենչանքի առարկան առաջին, դեռ անսովոր քաղցից հետո: Նա կարգուկանոն էր սիրում և համառորեն դասավորում իրերը, որոնք ես շաղ էի տալիս ամբողջ սենյակով մեկ: Հաճախ եմ նկատել  տղամարդկանց մոտ շիզոֆրենիայի հասնող կիրք կարգուկանոնի հանդեպ, բայց Մանդելշտամը պարզապես հետևում էր սենյակին, իսկ այ ես բոհեմական շունչ էի ուզում սփռել: Փոխարենը՝ փոշին ես էի սրբում, անգամ՝ պահարանների մեջ…

Читать далее

Նոբելյան բանախոսություն։ Մարիո Վարգաս Լյոսա

Գովք գրականությանն ու պատրանքին

Ես կար­դալ սո­վո­րել եմ հինգ տա­րե­կա­նում, Կո­չա­բամ­բա­յի (Բո­լի­վի­ա) լա Սալ­յե­ի վար­ժա­րա­նում, եղ­բայր Խուս­տի­նի­ա­նո­յի դա­սա­րա­նում: Դա է եղել իմ կյան­քի ամե­նան­շա­նա­կա­լի իրա­դար­ձու­թյու­նը: Գրե­թե յո­թա­նա­սուն տա­րի անց ես հս­տակ հիշ­ում եմ, թե ինչ­պես այդ հրաշ­քը՝ նկա­րա­զարդ գր­քե­րի բա­ռե­րի վեր­ծա­նու­մը, հարս­տաց­րեց իմ կյան­քը՝ կոտ­րե­լով ժա­մա­նա­կի և տա­րա­ծու­թյան պատ­նեշ­նե­րը և թույլ տա­լով ինձ քսան մղոն ստորջր­յա ճամ­փոր­դու­թյուն կա­տա­րել կա­պի­տան Նե­մո­յի հետ, խար­դախ Ռիշ­ել­յե­ի ժա­մա­նակ­նե­րում դ’ Ար­տան­յա­նի, Աթո­սի, Պոր­տո­սի և Արա­մի­սի հետ պայ­քա­րել թա­գու­հուն սպառ­նա­ցող խար­դա­վանք­նե­րի դեմ, կամ՝ Ժան Վալ­ժան դար­ձած՝ քարշ գալ Փա­րի­զի կո­յու­ղի­նե­րում՝ Մա­րի­ու­սի ան­հա­ղորդ մար­մի­նը շա­լակս առած:

Читать далее

Ամենքին մի Քիմեռ։ Շառլ Բոդլեր

Անհատակ և գորշ մի երկնքի տակ, փոշեպատ, անուղի, անխոտ, անտատասկ ու անեղինջ մի դաշտավայրում հանդիպեցի ես բազմաթիվ մարդկանց, որ քայլում էինք կորացած: Նրանցից յուրաքանչյուրը իր մեջքին մի վիթխարի Քիմեռ էր կրում. ծանր՝ ինչպես ալրով կամ ածխով լի մի պարկ, կամ էլ՝ հռոմեացի զինվորականի սարսափազդու հանդերձանք:

Читать далее

Խորության փնտրտուք։ Պատրիկ Զյուսքինդ

Շտուտգարտցի մի երիտասարդ կնոջ, ով նաև լավ էր նկարում, մի քննադատ, ոչ մի վատ բան նկատի չունենալով և ցանկանալով քաջալերել նրան նրա առաջին ցուցահանդեսին, ասաց.

— Դուք տաղանդավոր եք և այն, ինչ անում եք, շատ հաճելի է, սակայն դեռ բավարար խորություն չունեք։

Читать далее

Գնդապետն ասում է՝ սիրում եմ։ Սերգեյ Դովլաթով

– Մեր աշխարհն անհեթեթ է,-ասում եմ կնոջս,ու մարդու թշնամին տնեցիք են իր:
Կինս բարկանում է, չնայած կատակով եմ ասում:
Ի պատասխան լսում եմ.
– Քո թշնամին էժանանոց պորտվեյնն ու ներկված շիկահերներն են:
– Ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ: Քանզի Քրիստոս ուսուցանում էր սիրել թշնամիներին:
Այս խոսակցությունը շարունակվում է արդեն քսան տարի: Համարյա քսան տարի…
Ես Ամերիկա եկա ապահարզանի երազանքով: Բաժանվելու միակ պատճառը կնոջս ծայրահեղ անվրդովությունն էր: Նրա հանգստությունը սահման չունի:
Ապշեցուցիչ է, թե ինչպես կարող են մարդու մեջ մեկտեղվել հանդարտությունն ու հակակրանքը…
Մենք ծանոթացանք վաթսուներեք թվին: Բանն այսպես եղավ:
Ես առանձին մուտքով սենյակ ունեի: Պատուհանները նայում էին աղբանոցին: Համարյա ամեն օր ընկերներս հավաքվում էին ինձ մոտ:
Մի անգամ արթանացա կեսգիշերին: Տեսա անլվա ամանների կույտը սեղանին ու շուռ տված բազկաթոռը: Չուզելով մտաբերեցի նախորդ օրվա անցուդարձը: Հիշում եմ՝ երեք անգամ վազեցի օղի բերելու: Ինչ-որ մեկը այսպես արտահայտվեց.
«Գնանք Ելիսեեւյան: Մինչեւ էնտեղ երեք հարյուր մետր է, հետ գալն էլ՝ մոտավորապես էդքան…»:
Սկսեցի միտք անել թափթփած սենյակում նախաճաշելու մասին:
Հանկարծ զգում եմ՝ մենակ չեմ: Բազմոցին, սառնարանի ու ռադիոլայի արանքում, քնած մարդ կա: Շրշյուններ ու հոգոցներ են լսվում: Հարցրի.
– Դուք ո՞վ եք:
– Ասենք թե՝ Լենան,պատասխանեց անսպասելիորեն հանգիստ կանացի ձայնը:
Մտքի մեջ ընկա: Լենա անունը այնքան էլ հաճախ չի հանդիպում: Ծանոթներիս մեջ գերակշում էին Թամարաներն ու Լարիսաները: Հարցրի.
– Իսկ ի՞նչ կարգավիճակում եք էստեղ, Լե՛նա: Ավելի պարզ՝ ո՞րն է ձեր սոցիում էռ ակտումը:
Լռություն տիրեց: Հետո հանգիստ կանացի ձայնն ասաց.
– Ինձ Գուրեւիչն է մոռացել…
Գուրեւիչը գրքի շուկայի ծանոթներիցս էր: Երկու տարի անց նստացրին:
– Ո՞նց թե՝ մոռացել է:
– Գուրեւիչը հարբել էր, տաքսի կանչեց…
Սկսեցի ինչ-որ բան մտաբերել:
– Դարչնագույն շորո՞վ էիք:
– Ընդհանուր առմամբ՝ հա: Կանաչ շորով: Գուրեւիչը պատռեց: Ինչ-որ մեկի գիմնաստյորկայով եմ քնել:
– Բանակիս բլուզն է: Այսպես ասած՝ մասունք: Գնալիս հանեք:
– Էստեղ ինչ-որ շքանշան կա:
– Մարզական կրծքանշան է,ասում եմ:
– Ի՜նչ էլ ծակում է… Չթողեց քնեմ…
– Նրան,-ասում եմ,-կարելի է հասկանալ…
Վերջապես հիշեցի այդ կնոջը: Նիհար, գունատ, մոնղոլական աչքերով:
Այդ ընթացքում լույսը բացվեց:
– Շրջվեք,-խնդրեց Լենան:
Մռութս ծածկեցի թերթով: Ակուստիկան անմիջապես փոխվեց: Օրիորդը գնաց դեպի դուռը: Ոտնաձայնից դատելով՝ իմ վելվետե հողաթափերն էր հագել:
Դուրս եկա ծածկոցի տակից: Օրը տարօրինակ ու խորհրդավոր էր սկսվում:
Հետո՝ անճարակ իրարանցում միջանցքում: Ոչ այնքան բարակ ազդրերիս փաթաթած ցամքոց: Ծնկներին չհասնող զինվորական վերնաշապիկ…
Ոչ առանց դժվարության ճանապարհ տայինք իրար: Ես մտա լոգարան: Ցնցուղից հետո իմ կյանքում հարաբերական պարզություն է հաստատվում:
Դուրս եմ գալիս երեք րոպեից, սեղանին սուրճ է, թխվածք, ջեմ: Չգիտես ինչու՝ դոնդողաձուկ…
Այդ ընթացքում Լենան արդեն հագնվել էր. Օձիքի անտիկ բացվածքը՝ Ֆիմա Դուրեւիչի անսանձ զգայականության հետքը՝ սազում է նրան:
– ճիշտ որ,-ասում եմ,-կանաչ է…
Դեսուդենից խոսելով՝ նախաճաշեցինք: Ամեն ինչ լավ էր, թեթեւ ու նույնիսկ հաճելի: Ընդհանրական խելագարության ինչ-որ ուղղվածությամբ…
Լենան վերցրեց պայուսակը, կոշիկները հագավ ու ասում է.
– Ես գնացի:
– Շնորհակալ եմ հաճելի առավոտի համար:
Հանկարծ լսում եմ:
– Վեցի կողմերը կգամ:
– Լավ,-ասում եմ…
Մի դեպք հիշեցի: Ընկերոջս հետ գալիս ենք բաղնիքից: Միլիցիոները կանգնեցրեց: Լարվեցինք, հարցնում ենք.
– Ի՞նչ է պատահել:
Իսկ նա ասում է.
– Չե՞ք հիշում՝ երբ է տպվել Ախմատովայի «Համրիչը»:
– Հազար ինը հարյուր տասնչորս թվին: «Հիպերբորեյ» հրատարակչություն, Սանկտ-Պետերբուրգ:
– Շնորհակալ եմ: Կարող եք գնալ:
– Ո՞ւր,-հարցնում ենք:
– Ուր կուզեք,-պատասխանում է: Ազատ եք…
Ինձ այն ժամանակ ապշեցրեց առօրեականության ու խելագարության խառնուրդը: Ու հիմա էլ մոտավորապես այդպիսի զգացողություն էր:
– Կգամ,-ասում է,-վեցի կողմերը…
Իսկ ես հինգ անց կեսին ժամադրության եմ: Ընդ որում, նույնիսկ ոչ կնոջ հետ, այլ՝ Բրոդսկու: Հետո՝ բանկետ ինչ-որ մեկի պաշտպանության առթիվ:
Զանգում, հետաձգում եմ ժամադրությունը: Տաքսիով սլանում եմ տուն: Երեւի, մտածում եմ, պետք է երկրորդ բանալի պատվիրել:
Սպասում եմ: Գալիս է վեցին մոտ: Բացում է մթերապայուսակը, իսկ այնտեղ պահածոներ են, ձու, ձուկ:
Դուք,-ասում է,-ձեր գործերով զբաղվեք: Իսկ ես ուտելիք կպատրաստեմ:
Այդ պահին մի խելագար միտք ծնվեց: Հանկարծ ու՝ ինչ-որ մեկի հետ շփոթում է: Որեւէ հարազատ ու թանկ մարդու հետ: Հանկարծ ու՝ աշխարհի խենթությունն այսքան հեռու է գնացել…
Ընթրեցինք: Նստեցի գրելու: Լենան ամանները լվաց: Միացրեց հեռուստացույցը:
Հեռուստացույցս երկու տարի չէր աշխատում: Ու հիմա հանկարծ աշխատեց, ոնց որ նոփ-նոր լիներ…
Սկսեցի ինչ-ինչ փոփոխություններ նկատել: Լվացարանի գլխին արտասահմանյան սրվակներ հայտնվեցին: Իմ զգեսաապահարանում թավշակաշվե ինչ-որ բան կախվեց: Սառնարանի կողքին հաստատվեցին բաց դարչնագույն կարճաճիտք կոշիկները: Նույնիսկ բնակարանի հոտն էր փոխվել:
Իջավ երեկոն: Լենան ասում է.
– Ձեզ թե՞յ, թե՞ սուրճ:
-Թեյ:
Ինչ-որ քաղցրաբլիթներով թեյ խմեցինք: Սինչ այդ երեսուն տարի կլիներ՝ քաղցրաբլիթ չէի կերել…
Նայեմ՝ գիշերվա մեկն է: Երեւի արդեն պետք է քնել: Լենան ասում է.
– Սպասեք խոհանոցում:
Նստել՝ ծխում եմ: Կարդացի անցած երեքշաբթվա թերթը: Մտնում եմ սենյակ՝ քնած է: Նույն բազմոցին: Միայն թե գիմնաստյորկայիս փոխարեն՝ ինչ-որ վարդագույն բանով:
Պառկեցի: Ականջ եմ դնում՝ ոչ մի ձայն: Գոնե կոտրատվեր մի քիչ՝ քնի մեջ շարժվեր…
Սպասեցի տասը րոպե ու ես էլ քնեցի:
Առավոտյան՝ ամեն ինչ սկզբից: Թեթեւ իրարանցում, ցնցուղ ու կաթով սուրճ:
– Այսօր,-ասում է,-կուշանամ… Կգամ տասնմեկից հետո: Այնպես որ, չանհանգստանաք…
Գնացի խմբագրություն: Այնտեղից՝ ժուռնալիստների միության բար: Ինչ-որ շվեդուհու հետ ծանոթացա, հյուրանոց էր կանչում: Մի գլուխ կրկնում էր.

– Կազա՛կ, ինձ ռուսական օղի լցրու…
Ընկերներս պատրաստվում էին գնալ ինչ-որ ավանգարդիստի ընդհատակյա համերգին: Ընդորում, բավական տարօրինակ ավանգարդիստ էր, եթե կարելի է այդպես արտահայտվել: Պառկած էր թավջութակ նվագում… Մի խոսքով՝ լիքը գայթակղություններ: Իսկ ես տուն եմ շտապում: Շտապում եմ իմ խելագարանոցը:
Երեկոյան սպասեցի գա ու ասում եմ.
– Լե՜նա, եկեք խոսենք: Կարծում եմ՝բացատրվելու կարիք կա: Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Ես մի քանի նրբանկատ հարց ունեմ: Թույլ կտա՞ք՝ առանց ձեւականությունների:
– Լսում եմ,- ասում է:
Իսկ դեմքը հանգիստ է ամբարտակի պես:
Հարցնում եմ.
– Դուք, ի՞նչ է, ապրելու տեղ չո՞ւնեք:
Օրիորդը մի քիչ նեղացավ: Ավելի ճիշտ՝փոքր-ինչ զարմացավ.
– Ինչի՞ չունեմ: Բնակարան ունեմ Ամառանոցայինում: Իսկ ինչո՞ւ եք հարցնում:
– Չէ , բան չկա… Ինձ թվաց… Կարծում էի… էդ դեպքում՝մի հարց էլ: Զուտ ընկերական… Հազար ներողություն… Գուցե ես ձեզ դո՞ւր եմ գալիս:
Լռություն տիրեց: Զգում եմ, որ կարմրում եմ: Վերջապես ասաց.
– Ձեր դեմ բողոք չունեմ:
Այդպես էլ ասաց. բողոք, ասում է, չունեմ:
Ավելի ծանր լռություն տիրեց: Ինձ համար ծանր: Նա տոգորված էր անվրդովությամբ: Հայացքը՝պաղ ու պինդ, ճամպրուկի անկյունակի պես:
Այստեղ մտքի մեջ ընկա: Գուցե նրա հանդարտությունը սեռային տարբերակումից բա՞րձր է: Տղամարդու հանդեպ կենսաբանական հակումից բարձր: Մշտաբնակության բուն գաղափարից բարձր…
Ինչ կա որ, մտածում եմ: Համենայն դեպս, նկատելի մարդ եմ, անզուսպ: Բավական շատ եմ խմում: Ավելորդ բաներ խոսում: «Գերմանական ալիքն» է ինձ հիշատակել… Գուցե այս ֆանտաստիկ տիկնոջը կցելեն սկսնակ այլախոհի՞ն…
Մտածում եմ՝ասեմ, կսկսի գոռալ: Իսկ եթե իրավացի եմ՝ավելի բարձր…
Լսում եմ.
– Չէ՜, վարսավիրանոցում եմ աշխատում…
Ու հետո.
-Եթե էլ հարցեր չկան, եկեք թեյ խմենք:
Ամեն ինչ հենց այդպես էլ սկսվեց: Ցերեկները վազվզում էի՝որեւէ ձախ գործ գտնեմ: Վերադառնում էի անտրամադիր, նվաստացած ու չար: Լենան հարցնում էր.
– Ձեզ թե՞յ, թե՞ սուրճ:
Համարյա չէինք խոսում: Ընդամենը կարճ գործնական տեղեկատվության փոխանակում էր: Օրինակ, նա հայտնում էր.
– Ձեզ ինչ-որ Բեսկին էր զանգել:
Կամ.
– Որտե՞ղ եք պահում լվացքի փոշին:
Իմ գործերը նրան չէին հետաքրքրում: Ես էլ ոչինչ չէի հարցնում:
Խելագարությունն ամենօրյա, առտնին, կայուն ձեւեր առավ:
Ապրելակերպս մի քիչ փոխվեց: Երկրպազուհիներս ավելի ու ավելի քիչ էին զանգում: Ասենք, ի՜նչ զանգել, երբ անվրդով կանացի ձայն է պատասխանում:
Մենք բացարձակապես անծանոթ էինք իրար:
Լենան աներեւակայելիորեն լռակյաց ու հանդարտ էր: Բայց դա փչացած բարձրախոսի ճնշող լռություն չէր: Ոչ էլ հակատանկային ականի սպառնալից հանդարտություն: Ծառասաղարթին անտարբեր ականջող արմատի լուռումունջ խաղաղություն էր…
Անցավ մի շաբաթ: Շաբաթ երեկոյան չդիմացա: Ասում եմ… Չէ՜, գոռացի.
– Լե՜նա: Լսեք: Թույլ տվեք լրիվ անկեղծ լինել: Մենք ամուսնական կյանք ենք վարում… Բայց առանց ամուսնական կյանքի գլխավոր տարրի… Տնտեսություն ունենք… Դուք լվացք եք անում… Բացատրեք՝ի՞նչ է նշանակում այս ամենը… Քիչ է մնում խելագարվեմ…
Լենան ինձ հառեց անվրդով, բարյացակամ հայացքը.
– Ես ձեզ խանգարո՞ւմ եմ: Ուզում եք գնա՞մ:
– Չգիտեմ՝ինչ եմ ուզում: Ուզում եմ հասկանամ… Սերը հասկանում եմ: Անառակությունը հասկանում եմ… Ամեն ինչ, բացի այս կանոնակարգված խելագարությունից… Եթե պետանվտանգության գործակալ լինեիք, ամեն ինչ կարգին կլիներ… Նույնիսկ կուրախանայի… Դրա մեջ տրամաբանություն կնշմարվեր… Իսկ էսպես…
Լենան լռեց-լռեց ու ասում է.
– Եթե պետք է, ասեք՝կգնամ:
Հետո՝մոնղոլական աչքերը մի քիչ խոնարհելով.
– Եթե ձեզ դա է պետք, խնդրեմ:
– Այսինքն՝ի՞նչը:
Թարթիչներն ավելի իջան: Ձայնն ավելի հանդարտ էր հնչում: Ես լսեցի.
– Ինտիմ շփման իմաստով:
– Չէ՜,- ասում եմ,- ինչի՞ համար…
Մի՞թե կհամարձակվեմ, մտածում եմ, այդպես կոպիտ խռովել այս հանդարտությունը:
Երկու շաբաթ էլ անցավ: Եվ ինձ փրկեց օղին: Քեֆ էի անում մի առաջադիմական խմբագրությունում: Տուն եկա գիշերվա մեկի կողմերը: Ու, ոնց ավելի լավ արտահայտվեմ՝ կորցրի զգաստությունս… Ոտնձգեցի… Գնացի ապագա կալանավոր Գուրեւիչի խոտոր ճանապարհով…
Իմ նետած քարը պառկեց օվկիանոսի հատակին:
Դա սեր չէր: Առավել եւս՝րոպեական թուլություն: Քաոսից պաշտպանվելու փորձ էր:
Մենք նույնիսկ «դու»-ի չանցանք:
Իսկ մի տարի անց ծնվեց աղջիկս՝ Կատյան: Այդպես էլ ծանոթացանք…
Որպես ամուսին՝ ես կասկածելի ձեռքբերում էի: Տարիներ շարունակ մշտական աշխատանք չունեի: Օժտված էի որակազրկված ցլամարտիկի խունացած արտաքինով:
Պատմվածքներս չէին տպում: Ավելի ու ավելի չար ու պակաս զգուշավոր էի դառնում: Յոթանասուն թվի ամռանը առաջին ձեռագրերս գնացին Արեւմուտք:
Օտարերկրյա ծանոթներ հայտնվեցին: Նստում էին մինչեւ ուշ գիշեր: Հաճույքով օղի էին խմում՝վրայից լյարդութոքի երշիկ ծամելով:
Կոմունալ հարեւան Տիխոմիրովը սպառնալից քրթմնջում էր.
– Ա՜յ թե ծանոթներ ունեք: Իսկը Սինյավսկի ու Դանիէլ…
Նույն տարվա աշնանը ինձ նորից հիշատակեցին արեւմտյան ռադիոկայանները:
Լենային իմ պատմվածքները չէին հետաքրքրում: Նրան ընդհանրապես չէր հետաքրքրում գործունեությունը որպես այդպիսին: Այդ սահմանափակությունն ինձ նրա անսահման հանգստության մասն էր թվում:
Իմ կյանքում, այսպիսով, իշխում էին երկու հակամարտող տարերքներ: Ձախից մոլեգնում էր սաղմնավորվող նոնկոնֆորմիզմի օվկիանոսը: Աջից քաղքենիական բարօրության անդրդվելի հարթությունն էր փռվել:
Այդպես էլ սոթ տալով՝դեգերում էի երկու օվկիանոսների արանքում՝ նեղլիկ հողաշերտով:
Լենան այդ ընթացքում հեռացավ իր վարսավիրանոցից: Աշխատանքի տեղավորվեց «Սովետական գրող» հրատարակչությունում, որպես սրբագրիչ: Ինձ համար անակնկալ էր: Չգիտեի էլ, որ այդքան գրագետ է: Ինչպես որ շատ այլ բաներ չգիտեի: Ու մինչ օրս էլ չգիտեմ…
Մի տարի անց նա կոնֆլիկտ ունեցավ իշխանությունների հետ: Բանն այսպես եղավ:
Հրատարակչությունը տպել էր Ախմատովայի գիրքը: Չէր ճարվում: Աշխատակիցներին սահմանափակ թվով օրինակներ հասան: Ոմանց ընդհանրապես անտեսեցին: Այդ թվում՝կնոջս:
Լենան գնաց հրատարակչության տնօրենի մոտ: Արտահայտեց իր բողոքը: Կոնդրաշովն ի պատասխան, ձայնն իջեցնելով, ասաց.
– Քաղաքական բարդ ենթատեքստը չեք ընկալում: Տպաքանակի մեծ մասն ուղարկվել է արտասահման: Մենք պարտավոր ենք փակել բուրժուական քարոզչության բերանը:
– Իմ բերանը փակեք,- խնդրել էր Լենան…
Այդպես մեր միջեւ այլախոհական մասնակի փոխըմբռնում հաստատվեց:
Տարիներն անցնում էին: Մեր աղջիկը մեծանում էր: Իմ ճապոնական տրանզիստորը նկատի ունենալով՝ասում էր.
– Ես քո «բիբիսին» պատուհանի գոգին եմ դրել…
Աղքատ էինք ապրում, հաճախ վիճում էինք: Ես ափերից
դուրս էի գալիս, կինս լռում էր:
Լռությունը մեծ ուժ է: Այն, որպես կենսաբանական զենք, պետք է արգելել…
Ես շարունակ բողոքում էի հեռանկարի բացակայությունից: Լենան ասում էր.
– Երկու հազար պատմվածք գրի: Կարող է գոնե մեկը տպե՞ն…
Մտածեցի՝ի՞նչ է խոսում: Ինձ ի՞նչ օգուտ մի պատմվածքից:
Նույնիսկ նեղացա:
Իզուր…
Տարբեր էին մեր ընդգրկումներն ու համամասնությունները: Ես շեշտը դնում էի միավորի վրա: Լենան շեշտադրում էր քանակությունը:
Նա իրավացի էր: Հաղթել կարելի է միայն քանակով: Ամբողջ համաշխարհային պատմությունը դա է ապացուցում…
Ես այնքան քիչ գիտեի կնոջս մասին, որ շարունակ զարմանում էի: Ինձ ապշեցնում էր նրա հանդարտության ցանկացած խաթարում…
Մի անգամ լաց եղավ, որովհետեւ նվաստացրել էին տնային կառավարչությունում: Անկեղծ ասած՝նույնիսկ ուրախացա: Ուրեմն ինչ-որ բան կարող է նրա կիրքն արթնացնել…
Բայց դա հազվադեպ էր պատահում: Առավել հաճախ անդրդվելի էր…
Յոթանասունական թվերին սկսվեց վտարանդությունը: Մեկնում էին մեր մտերիմ ընկերները: Այդ թեմայով անվերջանալի խոսակցություններ էին գնում: Իսկ ես շարունակ պնդում էի.
– Էնտեղ ի՞նչ ունեմ անելու: Հայրենի տնից փախչելն անհեթեթ է: Եթե գրականությունը դատապարտելի զբաղմունք է, ուրեմն բանտն է մեր տեղը…
Լենան լռում էր: Կարծես ավելի լռակյաց էր դարձել:
Օրերը ձգվում էին անվերջանալի տրտում կերուխումով, հաճախակի հրաժեշտներով ու գիշերային զրույցներով…
Լավ եմ հիշում այդ փետրվարյան օրը: Լենան աշխատանքից եկավ ու ասում է.
– Վերջ… Գնում ենք… Զզվեցի՜նք…
Փորձեցի առարկել: Խոսում էի հայրենիքի մասին, Աստծո, սոցիալական բարձր ճնշման առավելությունների, լեզվական ու գուներանգային ներդաշնակության… Նույնիսկ կեչիները հիշատակեցի, ինչը ինձ մինչ ի մահ չեմ ների…
Բայց Լենան արդեն գնացել էր ինչ-որ մեկին զանգելու:
Ես բարկացա ու մի ամսով մեկնեցի Պուշկինյան արգելոց: Վերադառնում եմ՝Լենան ինչ-որ թղթեր է տալիս ստորագրելու: Հարցնում եմ.
– Արդե՞ն:
– Հա,- ասում է,- ամեն ինչ որոշված է: Փաստաթղթերն արդեն մոտս են: Վստահ եմ, որ մեզ բաց կթողեն: Հնարավոր է՝երկու շաբաթվա ընթացքում:
Շփոթվեցի: Չէի մտածել, որ այդքան արագ կկատարվի: Ավելի ճիշտ, հույս ունեի, թե Լենան կսկսի համոզել ինձ:
Չէ՞ որ ես ատում էի սովետական վարչակարգը: Չէ՞ որ իմ պատմվածքները չէին տպում: Չէ՞ որ ես էի համարյա այլախո- հը…
Մինչեւ վերջին օրը մի տեսակ կարկամած էի: Մեքենայաբար կատարում էի անհրաժեշտ գործողությունները: Դիմավորում ու ճանապարհում էի հյուրերին:
Եկավ մեկնելու օրը: Օդանավակայում ահագին մարդ էր հավաքվել: Գլխավորապես իմ՝խմել սիրող ընկերները:
Հրաժեշտ տվինք իրար: Լենան կատարելապես անվրդով էր թվում: Իմ ազգականներից մեկը նրան սեւ աղվեսի մորթի նվիրեց: Հետո երկար ժամանակ երազիս տեսնում էի աղվեսի երախաբաց կերպարանքը…
Աղջիկս անճոռնի էժանագին կիսակոշիկներով էր: Մոլորված տեսք ուներ: Այդ տարի ընդհանրապես տգեղ էր:
Հետո նրանք նստեցին ավտոբուս:
Սպասեցինք՝երբ օդ կբարձրանա ինքնաթիռը: Բայց ինքնաթիռներն իրար հետեւից թռչում էին: Ու դժվար էր հասկանալ՝որն է մերը…
Կարոտել սկսեցի օդանավակայանից վերադառնալիս: Արդեն տաքսիում խմում էի շշից: Վարորդն ասում էր.
– Կռացեք:
Ես պատասխանում էի.
– Կռացած՝չի՜ գալիս…
Այդ ժամանակից կյանքս փոխվեց: Ինձ պատեց անհանգստությունը: Մտածում էի միայն վտարանդվելու մասին: Խմում ու մտածում էի:
Լենան բացիկներ էր ուղարկում: Ասես գաղտնագրված զեկուցագրեր լինեին.
«Հռոմը մեծ, գեղեցիկ քաղաք է: Ցերեկները շոգ է լինում: Երեկոները երաժշտություն կա: Կատյան լավ է: Գները համեմատաբար ցածր են…»:
Բացիկները լեցուն էին հանգստությամբ: Մայրս կարդում ու վերընթերցում էր: Բոլորը փորձում էին ինչ-որ զգացմունքներ գտնել: Բայց ես գիտեի, որ ապարդյուն է…
Հետագա իրադարձությունները շարադրում եմ կետագծով:
Պորտաբուծության ու որջ պահելու մեղադրանք… Քննիչ Միխալյովը… Ինչ-որ աղոտ ծեծուջարդ միլիցիայում… «Գերմանական ալիքի» հաղորդումների շարքը… Կալանավորում ու դատ Տոլմաչովյան փողոցում… Ինը օր Կալյաեւի բանտում… Անսպասելի ազատություն… ՕՎԻՐ…
ՕՎԻՐ-ի գնդապետը քաղաքավարի ու բարեկամաբար ասաց.
– Պետք է մեկնեք: Ձեր կինը մեկնել է, ու վաղուց ձեր ժամանակն էլ է…
Զուտ հակադրվելու համար առարկեցի.
– Մենք,- ասում եմ,- գրանցված չենք:
– Գա ձեւականություն է,- լայն ժպտաց գնդապետը,- իսկ մենք ձեւապաշտներ չենք: Դուք նրանց սիրում եք, չէ՞:
– Ո՞ւմ՝նրանց:
– Ձեր կնոջն ու աղջկան… Իհարկե, սիրում եք…
Կնոջս ու աղջկաս հանդեպ սերն այղպիսով դարձավ փաստ: Ու դա վկայեց ՆԳ գնդապետը…
Ես փորձում էի կողմնորոշվել: Աշխարհում կար երկու իրական բեւեռ: Հստակ, հարազատ, խեղդող՝«այստեղ», եւ անհայտ, խորհրդավոր, կիսաֆանտաստիկ՝«այնտեղ»: Այստեղ տառապագին կյանքի անծայրածիր հեռաստաններն էին՝բարեկամների ու թշնամիների շրջանում: Այնտեղ՝միայն կինս, նրա անվրդով հանգստության պստիկ կղզյակը:
Իմ բոլոր հույսերն այնտեղ էին: Չգիտեմ՝ինչի էի ՕՎԻՐ-ի գնդապետի գլուխը տանում…
Վեց շաբաթ անց մենք Ավստրիայում էինք: Վիեննան ասես Լենինգրադի շրջաններից լիներ: Ինչ-որ տեղ՝Ֆոնտանկայի ու Սադովայայի արանքում:
Քաղաքային բնապատկերի միակ լուրջ բաղադրիչը գետն էր: Երրորդ թե չորրորդ օրը պարզվեց, որ Դանուբն է:
Տեղավորվեցինք «Ծովակալ» հյուրանոցում: Մայրս օրեր շարունակ Սոլժենիցին էր կարդում: Ես ինչ-որ բան էի գրում վտարանդական հանդեսների ու թերթերի համար: Գերազանցապես նկարագրում էի գոյություն չունեցող այլախոհական սխրանքներս:
Այդ ընթացքում Լենան արդեն տեղափոխվել էր Ամերիկա: Նրա նամակներն ավելի ու ավելի համառոտ էին դառնում.
«Մեքենագրուհի եմ: Կատյան դպրոց է գնում: Համեմատաբար անվտանգ թաղամաս է: Տանտերը՝համակրելի տարեց ամերիկացի: Անունն է էնդրյու Կովալենկո…»:
Մինչեւ ամառ մնացինք Ավստրիայում: Վիեննան միջանցիկ փուլ էր Լենինգրադի ու Ամերիկայի միջեւ: Հավանաբար այդպիսի տարածությունը հնարավոր է միայն երկու ցատկով հաղթահարել:
Վերջապես ստացանք ամերիկյան փաստաթղթերը: Յոթ ժամն օվկիանոսի վրայով ինձ հավերժություն թվաց: Տարածության մեջ, որպես այդպիսին, չափազանց քիչ հետաքրքրություն կա:
Ինքնաթիռն ամերիկյան տարածք էր: Ուղեկցորդուհիներն իրենց անկախ էին պահում:
Քենեդու անվան օդանավակայանում սպասում էին մեր բարեկամները: Նշանավոր լուսանկարիչ Կուլակովը՝կնոջ ու որդու հետ: Ողջունելով՝անմիջապես սկսեցին փնովել Ամերիկան:
– «Տոյոտա» կառնես, ծերուկ,- ասում էր Կուլակովը,- իսկ ավելի լավ է՝«Ֆոլքսվագեն»: Ամերիկյան մեքենաները զիբիլ են:
Ես հարցրի.
– Իսկ ո՞ւր են Լենան ու Կատյան:
Կուլակովն ինձ տվեց երկտողը.
«Տեղավորվեք: Մենք առողջարարական ակումբում ենք: Կգանք ժամը ութի կողմերը: Ուտելիքը սառնարանում է: Լենա»:
Գնացինք տուն՝Ֆլաշինգ: Շրջակա հորիզոնական բնապատկերն ասես Մոսկվայի կայարանի շրջոնքը լիներ: Երկնաքերները բացակայում էին:
Մայրս դուրս նայեց պատուհանից ու ասում է.
– Լրիվ դատարկ փողոց…
– Փողոց չի,- առարկեց Կուլակովը,- հա՛յվեյ:
– Ի՞նչ է նշանակում հայվեյ,- հարցրեց մայրս:
– Մեծուղի,- պատասխանեցի ես:
Լենան զբաղեցնում էր ոչ բարձր աղյուսաշեն տան առաջին հարկը: Կուլակովը օգնեց՝ ներս տանենք ճամպրուկները: Հետո ասաց.
– Հանգստացեք: Եվրոպայում արդեն գիշեր է: Իսկ վաղը կզանգեմ…
Ու գնաց:
Իհարկե, չէի սպասում, որ ամերիկյան գրողների պատվիրակությունը կդիմավորի: Բայց գոնե Լենան, մտածում էի, կարո՞ղ էր գալ օդանավակայան…
Մենք հայտնվել էինք դատարկ բնակարանում: Երկու սենյակներում հատակին ներքնակներ էին: Շուրջբոլորը հագուստ էր թափթփած:
Մայրիկը բացեց սառնարանն ու ասում է.
– Պանիրը համարյա նույնն է, ոնց որ մեզ մոտ…
Հանկարծ անտանելի հոգնություն զգացի: Պառկեցի ծածկոցի վրա ու սկսեցի ծխել: Իրականության ուրվագծերն անգթորեն աղոտանում էին:
Ո՞վ եմ ես ու որտեղի՞ց: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Եվ ինչո՞վ կվերջանա այս ամենը…
Նոր կյանքը չափազանց շարքային էր թվում մեծ փոփոխությունների համար:
Ու նաեւ մտածում էի.
«Ինչպե՞ս է ծագում մարդկային մտերմությունը: Ի՞նչ է պետք մարդկանց՝հարազատություն զգալու համար…»:
Արթնացա վաղ առավոտյան: Պատուհանից այն կողմ օրորվում էին ճյուղերը: Կողքիս մարդ կար: Հարցրի.
-Ո՞վ է:
– Լենան,- պատասխանեց հանգիստ կանացի ձայնը:
Ու շարունակեց.
– Ո՜նց ես չաղացել: Առավոտները պետք է վազել:
– Էլ վազելու տեղ,- ասում եմ,- գործնականում չունեմ… Կնախընտրեի էստեղ մնալ: Հուսամ՝կարելի՞ է:
– Իհարկե, եթե մեզ սիրում ես…
– Գնդապետն ասում է՝սիրում եմ:
– Սիրում ես, ուրեմն մնա: Մենք դեմ չենք…
– Սե՞րն ինչ կապ ունի,-ասացի ես:
Հետո ավելացրի.
– Սերը դեռահասների համար է… սա սեր չի, այլ ճակատագիր… Ի դեպ, ո՞ւր է Կատյան:
– Ներքնակին, տատիկի հետ…
Հետո Լենան ասաց.
-Շրջվի:
Մռութս ծածկեցի ամերիկյան թերթով:
Լենան վեր կացավ, հագավ խալաթն ու հարցնում է.
-Քեզ թե՞յ, թե՞ սուրճ:
Այստեղ հայտնվեց Կատյան: Բայց դա արդեն ուրիշ թեմա է:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Ամպիկը։ Ջեյմս Ջոյս

Ութը տարի առաջ էր, որ ընկերոջը ճանապարհեց Նորթ– Ուոլ նավահանգստից եւ բարի ճանապարհ մաղթեց նրան։ Գալահերը հաջողության էր հասել։ Դա անմիջապես երեւում էր նրա ճանապարհորդական տրամադրությունից, լավ կարված զոլավոր կոստյումից եւ անբռնազբոսիկ տոնից։ Քչերն ունեն նրա տաղանդը և թերևս ավելի քչերն են, որ նման հաջողությունից հետո չեն փչանում։ Գալահերը բարի նպատակներ ուներ և արժանի էր հաղթանակի։ Այդպիսի ընկեր ունենալն ինչ֊որ բան նշանակում էր։

Читать далее

Ես ես եմ: Հրանտ Մաթևոսյան

..Մեր էպոսն ինձ համար ուղղակի հայ ողջ մշակույթի գագաթն է: Հենց Փոքր Մհերի ճյուղը: Ժողովրդի, ասացողի, ասացողների մտավոր զորությունը, կարծես, չի զորել՝ ծեփելու, կերտելու, ծավալելու, ուռուցիկ դարձնելու էն գլխավորը, որ մի անգամ հանճարի միտքը կռահել է: Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն:

Читать далее

Մոժդե՞, թե՞ ազատություն։ Աբուզար Հեդայաթի 

Այս երեք տարվա ընթացքին, ինչ ապրում եմ Մոժդեի հետ, թեկուզ մի անգամ թթու խոսք չեմ ասել նրան: Նրա համար կարևորություն ունեցող օրերից և ոչ մեկը չեմ մոռացել, այդ օրերից ամեն մեկը նշում եմ որևէ մտերմիկ ու պարզ հանդիսությամբ: Ամեն անգամ կինո կամ թատրոն դիտելու կամ էլ ինչ-որ բան գնելու համար հարցնում եմ իր կարծիքը: Երբեք ոչ մեկին չեմ հրավիրում մեր տուն՝ առանց նախապես իր հետ դասավորելու, իսկ ճամփորդությունները միայնակ չեմ ծրագրում: Նույնիսկ մի անգամ էլ չի պատահել, որ ասեմ, թե ինչ ճաշ եփի. ի’նչ էլ պատրաստի, ուտում եմ ախորժակով, թեկուզ բերանիս համ չտա: Երբ էլ հարցնում է՝ ի՞նչ եփեմ, պատասխանում եմ՝ մի բան, որ հեշտ լինի:

Читать далее

Լավագույն հաճախորդը։ Անրի Թրուայա

Բախտի բերմամբ Եվթերպոս ամուսինների խանութը գտնվում էր ունեւորների գերեզմանոցի մոտերքում։ Խանութի փայտյա ճակատը ծածկված էր աչք շոյող մուգ կանաչ յուղաներկով։ Աջ կողմի ցուցափեղկի վերեւում ոսկե տառերով գրված էր․ «Րոպեական ծաղկեպսակ․ մարգարիտ, պելուլոիդ, ռոդոիդ, ցինկապատ մետաղ», ձախ կողմի ցուցափեղկի վերեւում՝

Ինչ իմաստ ունի չափչփել Փարիզը
Մի ծաղկեպսակ գնելու համար։
Լավագույն ընտրություն, շատ հարմար գնով,
Կարող են ընձեռել Եվթերպոսները։

Читать далее

Գրքի տոն

  1. Ֆարենհայթ 451, Ռեյ Բրեդբերի, վիպակ — Մարիետ սիմոնյան
  2. Նորվեգական անտառ, Հարուկի Մուրակամի, վեպ -Թամար Ղահրամանյան
  3. Վերոնիկան որոշում է մեռնել — Պաուլու Կոելյու, վիպակ- Արմենուհի Հովակիմյան
  4. Սիրելու արվեստ — Էրիխ Ֆրոմ — Անահիտ Ավագյան
  5. Սիրո քառասուն կանոնները, Էլիֆ Շաֆաք, վեպ- Սոֆյա Այվազյան
  6. Երեկվա աշխարհը, Ստեֆան Ցվայգ — Ելենա Սարգսյան
  7. Մարտակումբ, Չաք Փոլընիք- Տաթև Աբրահամյան
  8. Սիրային նամակներ /ընտրանի/ -Հռիփսիմե Առաքելյան
  9. Տափաստանի գայլը: Հերման Հեսսե -Նունե Այդինյան
  10. Խատուտիկի գինի, Ռեյ Բրեդբըրի — Շահբազյան Քրիստինե
  11. Ոզնու նրբագեղությունը, Մյուրիել Բարբերի — Արևիկ Ներսիսյան
  12. Արվեստի մասին, Հովհաննես Թումանյան — Արմինե Մովսիսյան
  13. Սիրելու արվեստ — Էրիխ Ֆրոմ- Անահիտ Հովսեփյան
  14. Մի նեղացրեք մարդուն, Լեոնիդ Ենգիբարյան -Սոֆյա Մամյան
  15. Դեմիան, Հերման Հեսսե — Արմինե Աբրահամյան
  16. Ծռմռված տունը, Ագաթա Քրիստի — Երանուհի Խլղաթյան
  17. Շրի Շանկարաչարյա, Վիվեկա Չուդամանի -Մերի Սարգսյան
  18. Մտածել ինչպես Շեռլոկը, Դանիել Սմիթ -Անահիտ հարությունյան
  19. Ռեքվիեմ Հուդայի համար,Մարկ Արեն -Արևիկ Մուրադյան
  20. Դեմիան, Հերման Հեսսե- Նունե Մովսիսյան
  21. Հազար չքնաղ արևներ, Խալեդ Հոսեյնի -Մարինե Ամիրջանյան
  22. Մայրիկ, ես սիրում եմ քեզ, Վիլյամ Սարոյան — Սիդոնյա Վիրաբյան
  23. Սրճարան աշխարհի եզրին, Ջոն Ստրելեք -Մարիամ Մանասյան
  24. Հույն զոռբան — Նիկոս Կազանձակիս-Կարինե Պետրոսյան
  25. Պաուլու Կորելյու, Ալքիմիկոսը֊ Դիանա Գևորգյան
  26. Տղամարդու ներսում, Թամրիկո Շոլի֊ Սյուզան Սարգսյան