Դեղձանիկը՝ նվեր: Էռնեստ Հեմինգուեյ

gty_ernest_hemingway_sr_140213_33x16_1600

Գնացքն արագ սլանում էր երկար կարմրաքար մի տան կողքով՝ բոլորված պարտեզով ու չորս սաղարթախիտ արմավենիներով, որոնց շուքի տակ սեղանիկներ կային ծվարած։ Ճանապարհի մյուս կողմում ծովն անհուն իր թևերն էր տարածել։ Հետո ավազաքարե ու կավե դարալանջեր էին գնացքին ընդառաջ վազում, իսկ ծովն այլևս կարճ մի ընթացք էր հայտնվում հեռու ներքևում՝ ժայռերի ներքո։

— Ես սրան Պալե՛րմոյից առա,- ասաց ամերիկուհին։- Մենք էնտեղ ընդամենը մի ժամ մնացինք, դա կիրակի առավոտն էր։ Ծախողն ուզում էր, որ դոլարով վճարեմ, ու նրան մեկուկես դոլար տվեցի։ Իսկապես լավ է երգում, չէ՞։

Գնացքում բավական շոգ էր, շոգ էր նաև ննջավագոնում։ Բաց պատուհանիկից զեփյուռ անգամ չէր փչում։ Ամերիկուհին իջեցրեց վարագույրն, ու ծովն այլևս չէր երևում՝ անգամ հեռվից։ Ննջավագոնի ապակեպատ դռան միջից երևում էին միջանցքն ու բաց պատուհանիկը, իսկ դրանից դուրս փոշեթաթախ ծառեր էին, ցոլացող ճամփա ու խաղողի հարթ այգիներ՝ գորշավուն բլուրներ թիկունքին…

Բազմաթիվ երկնաբերձ ծխնելույզներից սողացող ծուխը ձգվում էր Մարսելի ուղղությամբ, գնացքը դանդաղեցրեց ընթացքն ու անհամար ռելսուղիներից մեկն ընտրելով՝ մոտեցավ կայարանին։ Մարսելում այն կանգնեց քսանհինգ րոպե, և ամերիկուհին «Դեյլի Մեյլ»-ի մի համար գնեց, կես շիշ էլ հանքային ջուր։ Նա մի քիչ զբոսնեց կառամատույցին՝ հեռու չգնալով աստիճանահարթակից, քանի որ Կաննում, ուր տասներկու րոպե ժամանակ ունեին, գնացքն առանց ազդանշանի էր շարժվել, ու կինը հազիվ էր հասցրել վագոն բարձրանալ։ Նա փոքր-ինչ խուլ էր ու վախենում էր, թե գուցե շչակը հնչի, ու ինքը չլսի հանկարծ։

Գնացքը դուրս եկավ Մարսելի կայարանից, ու հիմա արդեն սկսեցին երևալ ոչ միայն սլաքներն ու գործարանների ծուխը, այլև, եթե ետ նայելու լինես, քաղաքը, նավահանգիստը՝ թիկունքին քարակոփ բլուրներ, և վերջալույսի հրե ցոլքեր՝ ջրի երեսին։ Աղջամուղջի մեջ գնացքն առաջ էր սլանում, հետո անցավ դաշտում վառվող մի ագարակատան կողքով։ Ճամփեզրին մեքենաներ էին կանգնած, իսկ տան անկողինն ու կահ-կարասին փռված էին դաշտով մեկ։ Մարդիկ խռնվել-նայում էին բոցերի մեջ կորած տանը։ Մութն ընկնելուց հետո գնացքը ժամանեց Ավինյոն։ Ուղևորները իջնում-բարձրանում էին։

Փարիզ վերադարձող ֆրանսիացիները կրպակներից գնում էին օրվա լրագրերը։ Կառամատույցին սևամորթ զինվորներ էին կանգնած։ Նրանք բարձրահասակ էին՝ դարչնագույն համազգեստ հագած, իսկ դեմքերը էլեկտրասյան լույսի ներքո մի տեսակ փայլ էին արձակում։ Խիստ թուխ էին նրանք ու այնքան բարձրահասակ, որ չէին կարող տեսնել, թե վագոններից ներս ինչ է կատարվում։ Գնացքը դուրս սողաց Ավինյոնից՝ կառամատույցն ու սևամորթներին թողնելով հեռվում։ Զինվորների մեջ մի կարճահասակ սպիտակամորթ սերժանտ կար։

Ննջարանում ուղեկցողը քնելու երեք տեղ բացեց մեզ համար։ Ողջ գիշեր ամերիկուհին աչք չփակեց, քանի որ գնացքը ճեպընթաց էր ու խենթի պես էր սլանում․ նա վախենում էր գիշերային այդ արագությունից։ Տիկնոջ անկողինը պատուհանի մոտ էր։ Պալերմոյից գնված դեղձանիկի՝ շորով ծածկած վանդակը միջանցք տարան՝ լվացարանի մոտ, որ միջանցիկ քամու տակ չընկնի։ Միջանցքում կապույտ լապտեր էր վառվում, և ամբողջ գիշեր գնացքը խենթի պես առաջ էր սլանում, իսկ ամերիկուհին բաց աչքերով ասես սպասում էր ինչ-որ աղետի։

Առավոտյան, երբ գնացքն արդեն Փարիզի մատույցներում էր, ամերիկուհին դուրս ելավ լվացարանից՝ շատ թարմ ու, չնայած անցկացրած անքուն գիշերին, առողջատես-միջահասակ սովորական մի ամերիկուհի։ Վրայի շորը քաշելով և վանդակը արևահայաց կողմ կախելով՝ տիկինը ուղղվեց դեպի վագոն-ռեստորան՝ նախաճաշելու։ Երբ կրկին ննջարան եկավ, անկողինն արդեն հավաքել, նստոց էին դարձրել, դեղձանիկը թափ էր տալիս փետուրները պատուհանից հորդող արևի շողերի ներքո, իսկ գնացքն ավելի ու ավելի էր մոտենում Փարիզին։

— Նա արև սիրում է,- ասաց ամերիկուհին։ — Ա՛յ, հիմի, մի քիչ հետո, կերգի արդեն։

Դեղձանիկը թափ տվեց իրեն և կտուցը խրեց փետուրների մեջ։

— Միշտ էլ թռչուն սիրել եմ,- ասաց ամերիկուհին։-  Ես նրան աղջկաս համար եմ տուն տանում… Ա՛յ, հրես, երգում է։

Դեղձանիկը ճռվողեց, և վզի փետուրները տնկվեցին, հետո կտուցը կախեց ու կրկին սկսեց քրքրել փետուրները։ Գնացքը սլանում էր կամրջով, հետո դուրս եկա-անցավ խնամքով մշակված մի անտառի միջով։ Իրար ետևից առկայծել սկսեցին Փարիզի արվարձանների լույսերը։ Այնտեղ զնգալով տրամվայներ էին անցնում, իսկ պատերին Belle Jardinière[1], Dubonnet[2] և Pernod[3] գովազդող ցուցանակներ կային։

Այն ամենը, ինչի մոտով անցնում էր գնացքը, ասես անոթի մարդուն հրավիրող կանչ լիներ։

Սկզբի մի քանի րոպեներին ականջիս չէր հասել ամերիկուհու և կնոջս զրույցը։

— Ձեր ամուսի՞նն էլ է ամերիկացի,- հարցրեց տիկինը։

— Այո՛,- ասաց կինս։- Երկուսս էլ։

— Կարծում էի՝ անգլիացի եք։

— Օ՜, ոչ։

— Միգուցե ձեզ էդպես է թվացել ճարմանդների՞ս պատճառով,- ասացի ես։ Ես, այն է, ուզում էի ասել՝ տաբատակալներիս, բայց դա լեզվիս ծայրին անմիջապես փոխեցի ճարմանդի, որ անգլիացու կերպս պահեմ։ Նա իրոք որ խուլ էր՝ շուրթերի շարժումով էր կարդում, իսկ ես նրա կողմը չէի էլ նայում։ Հայացքս թափառում էր պատուհանից դուրս։ Տիկինը շարունակում էր զրուցել կնոջս հետ։

— Ինչքա՜ն եմ ուրախ, որ ամերիկացի եք։ Ամերիկացիներից է ամենալավ ամուսինը դուրս գալիս,- ճռվողում էր նա։- Էդ պատճառով էր, գիտե՞ք, որ Եվրոպայից հեռացանք։ Աղջիկս Vevey[4]-ում սիրահարվել էր մեկին։- Նա լռեց։- Նրանք ուղղակի գժի պես էին սիրում իրար։- Նա կրկին լռեց։- Ես, իհա՛րկե, նրան հեռացրի էդտեղից։

—  Իսկ հիմի՝ ո՞նց, էդ բոլորն անցա՞վ նրա մոտ,- հարցրեց կինս։

— Չե՛մ կարծում՝ թե,- ասաց ամերիկուհին։- Ո՛չ մի բան չի ուտում, իսկի չի քնում։ Էնքան եմ փորձել մի բան անել, բայց ոնց որ թե նրան ո՛չ մի բան էլ չի հետաքրքրում։ Ամեն ինչի հանդեպ լրիվ անտարբեր է դարձել։ Հո չէի՞ կարող թողնել, որ օտարերկրացի ուզեր։- Նա դադար տվեց։- Ընկերներիցս մեկն ինձ մի անգամ ասաց, որ ոչ մի օտարերկրացի չի կարող ամերիկուհու համար հարմար ամուսին լինել։

— Ո՛չ,- ասաց կինս։- Կարծում եմ, որ՝ ոչ։

Ամերիկուհին հմայված նայում էր կնոջ ճամփորդական վերարկուին, ու պարզվեց, որ նա մի քսան տարի է, ինչ հագուստ է պատվիրում Rue Saint Honoré[5]—ի միևնույն սրահում։ Նրանց մոտ կան տիկնոջ չափսերը, իսկ ծանօթ vendeuse[6]-ն, որ լավ գիտի նրա ճաշակը, շորեր էր ընտրում նրա համար և ուղարկում Ամերիկա։ Ինքն ու աղջիկը գալիս էին փոստատուն, որ իրենց տան մոտ էր, Նյու Յորքի կենտրոնում, իսկ մաքսատուրքն այնքան էլ մեծ չէր, որովհետեւ տեղում էին բացում հագուստը գնահատելու համար․ դրանք միշտ էլ հասարակ էին լինում՝ առանց ոսկերիզի կամ թանկարժեք տեսք տվող զարդարանքի։ Այժմյան vendeuse Թերեզայից առաջ մի ուրիշը կար, Ամելի անունով։ Այս երկուսն են միշտ եղել այդ ամբողջ քսան տարիների ընթացքում։ Couturier[7]-ն էլ այդ բոլոր տարիներին նույնն է եղել։ Միայն գներն են աճել։ Թեև, ինչ խոսք, արժույթի այսօրվա կուրսով դա ոչ մի արժեք էլ չունի։ Հիմա նրանց մոտ իր դստեր չափսերն էլ կան։ Աղջիկն արդեն լրիվ չափահաս է, ու հազիվ թե չափսերը փոխելու հարկ լինի։

Գնացքն արդեն մոտենում էր Փարիզին։ Ամրությունները հողին էին հավասարեցված, սակայն այդպես էլ այդտեղ բուսականություն չէր աճել։ Բազմաթիվ վագոններ էին կանգնած ռելսերին՝ դարչնագույն փայտե վագոն-ռեստորաններ և նույն գույնի ննջավագոններ, որ երեկոյան հինգին Իտալիա պիտի մեկնեին (եթե առաջվա պես հինգին են շարժվում), դրանց վրա ցուցանակներ կային՝ «Փարիզ-Հռոմ»․ այդտեղ էին նաև կտուրին նստոց ունեցող արվարձանային գնացքներ, որոնք սովորական օրերին երկու անգամ լցվում էին ուղևորներով մոտերքում առկայծում էին անցնող տների ճերմակ պատերն ու անթիվ-անհամար պատուհանները։ Ամեն ինչ շուրջը մի տեսակ անոթի էր թվում։

— Ամերիկացիները աշխարհում ամենալա՛վ ամուսիններն են,- կնոջս ասում էր ամերիկուհին։ Ես արդեն իջեցնում էի ճամպրուկները։- Միայն ամերիկացիների՛ հետ մարդ պիտի ամուսնանա։

— Իսկ դուք Vevey-ից վաղո՞ւց եք դուրս եկել,- հարցրեց կինս։

— Էս աշնանն արդեն երկու տարի կլինի։ Դե հրե՛ս, ես էլ էս դեղձանիկը նրան նվեր եմ տանում։

— Իսկ էդ երիտասարդը, որին ձեր աղջիկը սիրում էր, շվեցարացի՞ էր։

— Այո՛,- ասաց ամերիկուհին։- Շա՛տ լավ ընտանիքից էր։ Ապագա ինժեներ։ Նրանք հենց էնտեղ՝ Vevey-ում էլ ծանոթացել էին։ Ժամերով զբոսնում էին իրար հետ։

— Ես Vevey-ը լա՛վ գիտեմ,- ասաց կինս։- Մենք էնտեղ ենք մեր մեղրամիսը անցկացրել։

— Իսկապե՞ս։ Պիտի որ հրաշալի ժամանակ եղած լինի։ Ի՛նչ խոսք, մտքովս անգամ չէր անցնի, թե աղջիկս կսիրահարվի նրան։

— Դա հրաշալի՜ տեղ էր,- ասաց կինս։

— Այո՛,- ասաց ամերիկուհին։- Իսկապես լավն է, չէ՞։ Էնտեղ որտե՞ղ էիք մնում։

— «Երեք թագ» հյուրանոցում,- ասաց կինս։

— Էդ էնքա՜ն լավ, հին հյուրանոց է,- ասաց ամերիկուհին։

— Այո՛,- ասաց կինս։- Մենք մի շատ լավ սենյակ ունեինք, իսկ աշնանն էնտեղ ուղղակի՛ հոյակապ էր։

— Դուք աշնա՞նն էիք էնտեղ։

— Այո՛,- ասաց կինս։

Մենք անցնում էինք երեք վագոնների կողքով, որոնք վթարի էին ենթարկվել։ Վագոնների պատերը ջարդոտված էին, կտուրները՝ ջախջախված։

— Նայե՛ք հապա,- ասացի ես։- Վթար է եղել։

Ամերիկուհին պատուհանից դուրս նայեց ու տեսավ վերջին վագոնը։
— Հենց ա՛յ սրանից էի վախենում ամբողջ գիշեր,- ասաց նա։- Երբեմն ահավոր կանխազգացում եմ ունենում։ Էլ սրանից հետո գիշերային ճեպընթաց չեմ նստի։ Պիտի ուրիշ տեսակի հարմար գնացքներ էլ լինեն, չէ՞, որ արագ են գնում։

Այստեղ գնացքը մտավ Gare de Lyons[8]-ի ծածկարանի տակ, հետո կանգ առավ, և բեռնակիրները վազեցին պատուհանների ուղղությամբ։ Ես պատուհանից հանձնեցի ճամպրուկներն, ու մենք դուրս ելանք աղոտ լուսավորված երկար կառամատույց, իսկ ամերիկուհին սեփական անձը հանձնեց Cook[9]-ի ճամփորդական բյուրոյի գործակալներից մեկի խնամքին, որն էլ դիմեց նրան․

— Մի րոպե, մադա՛մ, ձեր անունը ցուցակում հիմա կգտնեմ։

Բեռնակիրը մոտեցրեց սայլակն ու վրան դարսեց իրերս, և կինս ու ես հրաժեշտ տվեցինք ամերիկուհուն, որի ազգանունը Cook-ի գործակալը արդեն գտել էր մեքենագրված թղթերի կույտի մեջ, ու հետո թղթերը կոխեց գրպանը։

Մենք բեռնակրի ետևից գնացքի կողքով երկար ցեմենտե կառամատույցով վար իջանք։ Կառամատոյցի ծայրին՝ մուտքի մոտ, հսկիչը վերցնում էր տոմսերը։

Մենք Փարիզ էինք վերադառնում, որ սկսենք մեր ամուսնալուծության գործընթացը։

  1. Belle Jardinière (ֆր․) — խոշոր քառահարկ խանութ Փարիզի Սամարիտեն փողոցի վրա
  2. Dubonnet (ֆր․) — ապերատիվ /խմիչք/
  3. Pernod (ֆր․) — անիսոնի օղի
  4. Vevey (ֆր․) — Վեվե, քաղաք Շվեյցարիայում
  5. Rue Saint Honoré (ֆր․)- Սենտ Օնորե, փողոց Փարիզում
  6. J vendeuse (ֆր․)- վաճառողուհի
  7. Couturier (ֆր․) — ձևարար վարպետ
  8. Gare de Lyons (ֆր․) — Լիոնի կայարան, Փարիզի երկաթուղային կայարաններից մեկը
  9.  Cook (անգլ․) — Կուկի ֆիրման, ճամփորդական բյուրո

Թարգմանությունը՝ Նինա Ա. Ջաղինյան

 

 

Խեղճուկրակ արաբը: Վիլյամ Սարոյան

saroyanԽոսրով քեռիս, ինքը զայրացկոտ և արտակարգ տխուր մարդ, մի տարի բարեկամացավ հին երկրից գաղթած կարճահասակ մարդու հետ, որ ներքուստ ժայռի նման հանդարտ էր, և որի տխրությունը արտահայտվում էր ծնկից փոշու հատիկ թռցնելով ու երբեք չխոսելով։

Այս մարդը արաբ էր, անունը՝ Խալիլ։ Ութ տարեկան տղայից խոշոր չէր նա, բայց, ինչպես իմ Խոսրով քեռին, շատ խոշոր բեղեր ուներ։ Վաթսունը անց էր հավանաբար։ Չնայած բեղերին, սակայն, նա հոգով ավելի երեխայի, քան հասուն մարդու նման լինելու տպավորություն էր թողնում։ Աչքերը երեխայի աչքեր էին, բայց ասես լցված էին տարիների հուշերով, երկար տարիների, որոնց ընթացքում բաժանված էր եղել խորապես սիրելի բաներից, ինչպես գուցե իր բնիկ երկրից, իր հորից, մորից, եղբորից, իր ձիուց կամ մի որևէ այլ բանից։ Читать далее